Ինչպես նպաստել երեխայի տրամաբանության զարգացմանը

Gohar Khachatryan
Codzilla

--

Երեխան, որն ունի զարգացած տրամաբանություն, ակնhայտ տարբերվում է իր հասակակիցներից։ Նրան ավելի հեշտ են տրվում դպրոցական առարկաները, նա հեշտությամբ է կողմնորոշվում, ճանաչում իրեն շրջապատող աշխարհը, ճիշտ դատողություններ է անում։

Կարևորն այն է, որ գիտակցենք, որ մեր երեխաների տրամաբանության զարգացմանը կարող ենք նպաստել մենք ինքներս, և դրա համար բնավ էլ պարտադիր չէ լինել մանկավարժ, կամ ինչ-որ հատուկ գիտելիքներ ունենալ։ Լավագույն արդյունքի հասնելու համար պետք է սկսել վաղ տարիքից հետաքրքիր խաղերի միջոցով․ այն ինչ հետաքրքրում է երեխաներին, ավելի լավ է հիշվում և մտապահվում նրանց կողմից։

Մեր երեխաների տրամաբանության զարգացմանը կարող ենք նպաստել մենք ինքներս։

Իսկ ի՞նչ խաղեր խաղալ՝

Բանավոր խաղեր՝ բանավոր բառերով խաղերը շատ պարզ միջոց են, որոնց օգնությամբ հեշտությամբ կարելի է զարգացնել երեխաների տրամաբանությունը, ընդլայնել աշխարհայացքը, և ինչո՞ւ ոչ, հարստացնել բառապաշարը։ Ընտրեք այնպիսի խաղեր, որոնց ժամանակ երեխաները պետք է գտնեն ընդհանություններ, մտածեն անալոգներ, խմբավորեն, գտնեն տրամաբանական կապեր։

1․ Երեխաները կսիրեն Այլ կերպիկ խաղը, այն կարելի է ինչպես գնել գրախանութներում, այնպես էլ տանը պատրաստել՝ ընտրելով երեխաների տարիքին և հետաքրքրությունների համապատասխան բառեր

2․ Կարող եք միասին հորինել որևէ հայտնի հեքիաթի նոր զվարճալի ավարտ։

3․ Միասին հորինեք բանաստեղծություն կամ պատմություն, մեկը հորինում է առաջին տողը կամ նախադսությունը, իսկ մյուսը՝ շարունակում է հաջորդ տողը կամ միտքը, այդպես մինչև վերջ։

4․ Այո, ոչ։ Մտքում մի բառ պահեք, իսկ երեխաները թող հարցեր տալով, փորձեն կռահել, թե որ բառն եք պահել։ Նրանք կարող են տալ միայն այնպիսի հարցեր, որոնց կարելի է պատասխանել այո կամ ոչ։

Խաղեր քարտերով կամ առարկաներով՝ Երեխաների մոտ կարևոր տեղում է գտնվում պատկերավոր՝ վիզուալ, մտածողությունը, այդ պատճառով նրանք սիրով կխաղան քարտային խաղեր և զուգահեռ հեշտությամբ կսովորեն նոր հասկացություններ և կզարգացնեն տրամաբանությունը։

1․ Առաջարկեք խաղեր, որտեղ երեխաները պետք է առարկաների խմբեր կազմեն ըստ ձևի, գույնի, տեսակի և այլն։

2․ Լուցկու հատիկներով գլուխկոտրուկներ լուծեք։

3․ Գտեք ելք լաբիրինտներից։ Դուք ևս կարող եք հատակին լաբիրինտ կառուցել ձեռքի տակ ընկած առարկաներով, կամ երեխայի խաղալիքներով։ Այդպես երեխան ավելի հաճույքով կփնտրի ելքը։

4․ Կառուցեք մեքենա, դղյակ, ռոբոտ և այլ պատկերներ ցանկացած առարկաներով և այլն, կոնստրուկտորներ հավաքեք։

Սեղանի խաղեր՝ Այս զվարճանքի բազմաբովանդակության ու սիրելիներին սեղանի շուրջ հավաքելու մասին վստահ եմ տեղեկացված կլինեք։ Գտնել կարող եք գրախանութներում, իսկ տեսակն ընտրել կախված Ձեր ընտանիքի նախասիրություններից։

Տրամաբանական խնդիրներ, հանելուկներ և գլուխկոտրուկներ լուծել՝ Սա լավագույն միջոցներից է երեխայի ոչ ստանդարտ մտածողության և տրամաբանության զարգացման համար։ Եթե Դուք ստաբիլ երեխայի հետ տրամաբանական խնդիրներ և գլուխկոտրուկներ լուծեք, ապա կարճ ժամանակում երեխան կզարմացնի Ձեզ իր նոր ոճի մտածողությամբ և վերլուծությամբ։

Շախմատային խնդիրներ լուծեք։

Շախմատ՝ Գաղտնիք չէ, որ շախմատ խաղալը զարգացնում է հիշողությունը, մտածողությունը, ընդլայնում է տեսադաշտը, նպաստում է հաղթանակի ստրատեգիաներ կառուցելու հմտությանը, նաև հրաշալի մարզում է տրամաբանությունը։ Պարզապես բացի այն, որ ցանկալի է հաճախ շախմատ խաղալ երեխայի հետ, նաև պետք է շախմատային խնդիրներ լուծել։

Ասա պատճառը՝ Երբեմն տրամաբանության զարգացմանը կարելի է նպաստել պարզագույն ինչո՞ւ հարցով։ Թույլ տվեք երեխան մտածի և փորձի բացատրել, թե իր կարծիքով ինչո՞ւ են քամուց տերևները շարժվում, ինչո՞ւ արևի տակ առանց գլխարկ չի կարելի խաղալ, ինչո՞ւ ենք մենք փշաքաղվում երբ մրսում ենք և այլն։

Հետևանքներ՝ Սա զրույցի մեկ այլ թեմա է։ Քննարկեք երեխայի հետ, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս կամ այն երևույթը, ամենապարզից ամենաբարդ իրավիճակներում՝ հարվածել մեկին, շատախոսել, ներողություն խնդրել, ամաչել, բնությունը կեղտոտել և այլն։

Ամենակարևորն այն է, որ ամեն օր աշխատանքով և առօրյա գործերով գերհագեցած առօրյայում գտնեք մի փոքր ժամանակ երեխաների համար և օգտագործեք այն առավելագույնս արդյունավետ։

Հուսով եմ հոդվածս օգտակար կլինի։

Շնորհակալություն

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner