Ինչպես Օգնենք 4, 5 տարեկան երեխաներին զարգացնել տրամաբանությունը

Gohar Khachatryan
Codzilla
Published in
2 min readApr 20, 2024

Երեխաների մոտ տրամաբանական հմտություններ զարգացնելը ուրախ և հետաքրքիր գործընթաց է։ Այս տարիքի առանձնահատկություններից մեկն այն է, որ երեխաները շատ հետաքրքրասեր են և շատ են սիրում սովորել, դա էլ հիմք է դառնում երեխաների մոտ քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու հմտության զարգացման համար։ Հոդվածում կգտնեք 9 պարզագույն մեթոդ, որոնք Ձեզ կօգնեն զարգացնել Ձեր երեխայի տրամաբանությունը՝

  1. Երկար պատասխան ակնկալող հարցեր տվեք, այնպիսի հարցեր, որոնց չի կարելի պատասխանել այո կամ ոչ։ Խրախուսեք երեխային պատասխանել հարցերին ամբողջական և բովանդակալից, օրինակ. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե ծաղկամանի ծաղիկը երկար ժամանակ չջրենք։» Սա դրդում է նրանց մտածել պատճառահետևանքային կապերի մասին։
  2. Խաղացեք սեղանի խաղեր, լուծեք փազլներ։ Սեղանի խաղերը կօգնենք երեխաներին բախվել խնդիրների հետ և փնտրել լուծումներ։ Սեղանի խաղերը կօգնեն ճանաչել համապատասխանություններ, պլանավորել քայլեր։ Այս տարիքը իդեալական է, որպեսզի երեխայի հետ սկսենք խաղալ աշխարհի ամենահայտնի խաղերը՝ X/O, շախմատ։
  3. Միասին ուսումնասիրությունները և հետազոտություններ կատարեք. զբոսնելիս ուսումնասիրեք Ձեզ շրջապատող առարկաները, կենտրոնացրեք ուշադրությունը Ձեզ շրջապատող առարկաների, բնության մասնիկների վրա և խնդրեք ձեր երեխային դիտարկել իր շրջապատը հարցեր տվեք. «Արի գտնենք այստեղի ամենաբարձր ծառը, ինչո՞ւ ես կարծում, որ այդ ծառն ավելի բարձր է, քան մյուսը», կամ «Ի՞նչ մասերից է կազմված ծաղիկը»: Սա կզարգացնի նրանց դիտորդական հմտությունները և աշխարհի նկատմամբ հետաքրքրասիրությունը:
  4. Խաղացեք խաղեր կապված հաջորդականությունների և դասակարգումների հետ։ Խաղերը, որոնք ներառում են հաջորդականություն (ըստ չափի, քայլերի հաջորդականության) կամ դասակարգման (առարկաների դասակարգում ըստ գույնի, ձևի կամ տեսակի), օգնում են զարգացնել տրամաբանական մտածողությունը: Միասին կերակուր պատրաստելը հիանալի միջոց այս մեթոդի համար:
  5. Կարդացեք միասին և քննարկեք։ Պատմություններ կարդալը և դրանք քննարկելը կարող է բարելավել ըմբռնումը և եզրակացության մտածողությունը: Հարցեր տվեք պատմության վերաբերյալ, օրինակ․ «Փորձի՛ր գուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետո» կամ քննարկեք, թե ինչու է հերոսը տվյալ ընտրությունը կատարել:
  6. Խրախուսեք ստեղծագործական խաղերը։ Վերցրեք իրար հետ կապ չունեցող նյութեր և մտածեք, թե ինչեր կարեի է ստեղծել դրանցով, կամ միասին հորինեք նոր խաղ նոր կանոններով, որտեղ իրար հետ կապ չունեցող առարկաներով կկարողանաք խաղալ։ Հորինեք պատմություններ։
  7. Բարձրաձայն մտածելու մեթոդ։ Բարձրաձայն լուծեք խնդիրները, որպեսզի ձեր երեխան կարողանա լսել ձեր մտքի ընթացքը: Օրինակ՝ «Ես տեսնում եմ, որ խնձորները վերջացել են: Մենք կարող ենք գնալ խանութ կամ կարող ենք այլ միրգ ընտրել: Քո կարծիքով ո՞րն է ավելի լավ»: Սա մոդելավորում է՝ ինչպես տրամաբանելով մոտենալ խնդիրներին:
  8. Հետադարձ կապ տվեք և տոնեք ջանքերը
    Նրանց մտածողության գործընթացի վերաբերյալ դրական արձագանքները, և ոչ միայն պարզապես արդյունքը գրանցելը, խրախուսում են համառություն և աճի հակված մտածելակերպ: Սա չի ենթադրում, որ միշտ և միայն պետք է դրականը նշել, քանի որ այդպես երեխան չի իմանա, թե որտեղ բարելավումներ կատարի։ Տոնե՛ք նրանց ջանքերը և բացատրե՛ք, որ սխալներ թույլ տալը սովորելու մի մասն է:
  9. Ստեղծեք խթանող միջավայր։ Գրքերով, հանելուկներով, խաղերով և այլ ուսումնական նյութերով հարուստ միջավայրը կարող է խթանել հետաքրքրասիրությունը և սովորելը: Սահմանափակեք երեխաների էկրանային ժամանցը զարգացնող և ինտերակտիվ գործունեության հնարավորություն ստեղծող խաղերով։

Այս պրակտիկաների ինտեգրումը ձեր առօրյայի մեջ կարող է էական փոփոխություն մտցնել ձեր երեխայի տրամաբանական մտածողության զարգացման գործում: Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա եզակի է, և այդ հմտությունները զարգացնելը պահանջում է համբերություն և պարբերականություն:

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner