Ինչպե՞ս են արթնանում դինոզավրերը

Gohar Khachatryan
Codzilla
Published in
2 min readMar 18, 2024
Կոձի՛լլա, փոքրի՛կ դինոզավրիկ, բացի՛ր աչքերդ, օրը սկսվել է, լավ գործեր անելու ժամանակն է, արթնացի՛ր։

Լսո՞ւմ եք, թե ինչքան գեղեցիկ են թռչունները երգում։ Իսկ դա նշանակում է, որ լույսը բացվել է, և արդեն առավոտ է։ Դե՜, Կոձի՛լլա, փոքրի՛կ դինոզավրիկ, բացի՛ր աչքերդ, օրը սկսվել է, լավ գործեր անելու ժամանակն է, արթնացի՛ր։ Իսկ Կոձիլլայի աչքերը դեռ փակ են։

Նա դանդաղ բարձրացրեց իր փոքրիկ թաթիկները և տրորեց իր մե՜ծ աչքերը։ Չօգնեց, աչքերը դեռ փակ են։

Հիմա էլ փոքրիկ բթամատերով ներքև ձգեց իր ստորին կոպերը և ցուցամատերով բարձրացրեց իր վերին կոպերը։ Ա՜ հա՜, տեսնում է լույսը, իր սենյակը, լավ է։ Բայց երբ մատիկները հեռացրեց՝ աչքերն անմիջապես փակվեցին։

Է՜ Է՜ Է՜հ, այսպես չի լինի, չէ՞ որ Կոձիլլան էլ է դինոզավրիկ, նա էլ կարող է բարկանալ։ Այսպես, հոնքերը կիտած, աչքերը փակած, քիթիկը տնկած, թաթիկներն էլ առաջ պարզած վեր կացավ անկողնուց և շարժվեց դեպի լոգասենյակ։

Կանգնել է լոգասենյակում, աչքերը փակած՝ պատերն է շոշափում։ Ախ Կոձիլլա, տեսնես ի՞նչ է անում, ծորա՞կն է փնտրում։ Գտա՜վ, ծորակը շոշափելով գտավ։

Փնթփնթալով բացեց ջուրը և թաթիկները պահեց ջրի տակ։ Թաթիկները երբ թրջվեցին, Կոձիլլայի աչքերն իսկույն բացվեցին։ Ուրախացավ Կոձիլլան, իսկ բարկությո՞ւնը, ի՞նչ բարկություն, ո՞վ ասաց, թե նարնջագույն, հսկա չափերով այդ փոքրիկ դինոզավրիկը բարկանալ գիտի։

Նա ագահորեն վերցրեց ջուրը թաթիկների մեջ, որ լվանա իր մեծ դեմքը։ Դե իր դեմքը շա՜տ մեծ է, թաթիկները՝ շա՜տ փոքրիկ։ Լվացվելու համար նա պետք է մի քանի անգամ կրկնի նույն գործողությունը։

Մեկ, նա վերցրեց թաթիկների մեջ ջուրը և լվաց իր աջ թուշիկը։

Երկու, և թաթիկներով ջուրը հասավ դունչիկին։

Երեք, նա լվաց իր ձախ թուշիկը։

Չորս, թաթիկներով ջուրը հասավ ճակատին։

Հինգ՝ քիթիկին։

Վեց, յոթ, լվացվեցին նաև աչքերը։

_Վե՜րջ,- բացականչեց Կոձիլլան, արագ սրբվեց և վազեց խոհանոց։ Ու քանի որ այդտեղ ոչ ոք չկար, ոչ ոք նրան չասաց․

_Կոձի՛լլա, վերադարձի՛ր, ատամնե՛րդ չլվացիր․․․

_Կոձի՛լլա, վերադարձի՛ր, ատամնե՛րդ չլվացիր․․․

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner