Ինչպե՞ս երեխայի մոտ զարգացնել Մաթեմատիկական խնդիրներ լուծելու կարողությունը

Gohar Khachatryan
Codzilla

--

Անկախ տարիքից և իրավիճակից կյանքի անբաժան մաս է կազմում խնդիրների բախվելը։ Առաջին դասարանից սկսած երեխաներին առաջարկվում է լուծել տարատեսակ խնդիրներ մաթեմատիկայից, և կամաց կամաց ավելանում են նաև այլ առարկաներ իրենց խնդիրների մեծ պաշարով․ երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և այլն․․․ այդ պատճառով կարևոր է երեխաների մոտ ձևավորել այս կարողությունը դեռևս մանկուց, եթե նրանք խնդիրներ լուծելիս ունենան կառուցողական մոտեցում, ապա դժվարությունները հեշտ հաղթահարելի կլինեն ցանկացած առարկայի դեպքում։ Ո՞րն է այն ճանապարհը, որով պետք է անցնենք խնդիրներ լուծելիս՝

1․ Կապել խնդիրը երեխայի առօրյայի հետ։

Նախ խնդիրը լուծելու համար պետք է ունենալ պահանջմունք, ցանկություն․ ի՞նչ կտա ինձ այս խնդրի լուծումը, ի՞նչ կփոխվի դրանից հետո, ինչո՞ւ ես պետք է դրա վրա ժամանակ ծախսեմ։ Այդ պատճառով դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչները հաճախ օրինակներ են բերում, թե կյանքի ինչ իրավիճակում իրենց պետք կգա նման խնդրի լուծումը։

2․ Մոդելավորել խնդիրը։

Խնդիրը լավ պատկերացնելու համար երեխաներին սովորեցնում են նկարել այն, ապա՝ համառոտագրել։ Համառոտագրելու բազում տեսակներ կան։ Դպրոցում սովորաբար երեխաներին սովորեցնում են համառոտագրության տարբեր տեսակներ այն նպատակով, որ երեխաներից յուրաքանչյուրն ընտրի իր համար լավագույն (իր անհատական առանձնահատկություններին համապատասխան) տարբերակը և հետագայում հեշտ կողմնորոշվի։ Դե իհարկե սա նաև այլ հմտություններ է զարգացնում, ընդլայնում է մտահորիզոնը, սովորեցնում, որ նույն խնդիրը կարելի է վերլուծել, ներկայացնել տարբեր եղանակներով (տեքստային, գրաֆիկական, աղյուսակային և այլն)։ Այստեղ կարևոր է հիշել, որ երեխաների ընդունակությունները տարբեր են, և մի մեթոդ յուրացնելու համար յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է տալ այնքան ժամանակ, որքան դրա կարիքը նա ունի ինչը ոչ միշտ է հնարավոր լինում դասապրոցեսի ընթացքում։ Արդյունքում, երեխան ով չի հասցրել լիարժեք յուրացնել մի մեթոդ, ծանոթանում է մեկ այլ մեթոդի հետ, որից իր մոտ առաջանում է խառնաշփոթ և դժվարությունների շղթա։ Նման դեպքերում խնդիրը կարելի է լուծել, եթե անհատական հանդիպումներով տալ երեխային իր համար անհրաժեշտ ժամանակը, պտտվել նմանատիպ խնդիրների շուրջ նմանատիպ մոտեցմամբ այնքան, մինչև երեխան լիարժեք կյուրացնի այն, համագործակցել ծնողի հետ, ուղղորդել երեխային աջակցելու հարցում։

Դժվարություններ ունեցող երեխայի համար լավագույն մոդելավորման տարբերակը նրան նման իրավիճակի մեջ գցելն է, թեկուզ արհեստական, դասասենյակում, թե իր սենյակում, խանութում գնումներ կատարելիս, թե խաղալիքներով դերային խաղեր հորինելով կարելի է խթանել երեխայի մոտ խնդիրներ լուծելու կարողությունը։

3․ Մշակել լուծման ստրատեգիկ պլան։

Բացահայտել այն պակասող տվյալները, որոնց առկայության դեպքում մեկ հարցով խնդիրը կլուծեինք։ Փորձել գտնել տարբեր ճանապարհներ, ընտրել ստրատեգիկ տեսանկյունից լավագույն, մեզ համար նախընտրելի, ձեռնտու լուծումը։

4․ Գտնել խնդրի պահանջը։

Լուծել հետևելով պլանավորված ալգորիթմի քայլերին, գտնել արդյունքը, առանձնացնել պատասխանն ամբողջությամբ։

5․ Ստուգել, արդյո՞ք գտել ենք այն, ինչ փնտրում էինք։

Վերհիշել պահանջը, համեմատել այն արդյունքի հետ։

Ինչպե՞ս օգնել երեխաներին:

1․ Դժվարությունների պատճառ կարող է լինել, որևէ այլ հմտության դեռևս թերի լինելը։ Օրինակ, խնդիր լուծելիս երեխաների համար կարևոր է հստակ իմանալ մաթեմատիկական թվաբանական գործողությունները (+, -, :, *), իմանալ ոչ միայն մեխանիկորեն, այլև հասկանալով, թե ինչ գործողություն է կատարվում, ե՞րբ է դա պետք գալիս, ի՞նչ պայմաններ են պետք որպեսզի այդ գործողույթունը կատարենք և ինչպե՞ս վարվենք, եթե այդ պայմաններից որևէ մեկը բացակայում է։

2․ Պետք է պարզել երեխայի համար ամենամատչելի մեթոդը

3. Որպեսզի երեխայի համար խնդիր լուծելը չդառնա մեխանիկական գործընթաց, ստեղծագործեք, փոփոխեք պայմանը, փոփոխեք տվյալները, ներկայացրեք երեխային այլ իրավիճակ, որի լուծումը պահանջում է նույն ալգորիթմը։ Կարող եք պակասող կամ ավելորդ պայմաններ դնել։ Զարգացած մաթեմատիկական մտածողություն ունեցող երեխաների խնդիրներում ավելացրեք տրամաբանական բաղադրիչ։ Սա նաև կխթանի ոչ ստանդարտ մտածողության զարգացմանը։

4․ Ընտրեք ճիշտ հարցադրումներ։ Պարզաբանելու համար, թե արդյո՞ք երեխան ճիշտ է հասկացել խնդիրը, նկատել է բոլոր նրբությունները, մենք կատարում ենք հարցադրումներ։ Ցանկալի է նախօրոք պատրաստել ստրատեգիկ հարցեր, որոնք կօգնեն երեխային վերհանել բովանդակության կարևոր կողմերը։ Հարցադրումը պետք է՝

․ Լինի նպատակային, ստրատեգիկ։

․ Ձևակերպված լինի հստակ, հասկանալի։

․ Այն պետք է ակնկալի ամբողջական պատասխան, ոչ թե այո կամ ոչ։

Առավելագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում նախօրոք պլանավորել հարցերը

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner