Հեռախոսի տեղն ու դերը երեխայի կյանքում

Haykuhi Tovmasyan
Codzilla
Published in
3 min readAug 18, 2022

Երկար ժամանակ է, ինչ փորձում եմ հետևել, դիտարկել ու հասկանալ ժամանակակից սարքերի՝ հեռախոսների տեղն ու դերը երեխաների կյանում: Իմ առօրյայում անդադար բախվում եմ մի տեսարանի, որ մայրիկները իրենք են առաջարկում բալիկներին օգտվել հեռախոսից՝ պարզապես նրանց զբաղեցնելու (անշարժ նստեցնելու) համար: Դա կլինի խանութում, բանկի հերթում, հիվանդանոցում, մեքենայի մեջ, տանը, թե այլ վայրում, որտեղ չեն ուզում կամ չեն կարող երեխային իրենք զբաղեցնել կամ ետևից այս ու այն կողմ գնալ: Սա մեծ խնդիր է, կարծում եմ, բոլոր մայրիկների մոտ:

Եկե՛ք հասկանանք, թե որքանո՞վ է դա անվտանգ երեխայի ձևավորվող ու զարգացող օրգանիզմի համար: Առաջին երկու պատասխանը, որ հնչում են գլխումս ու լսում եմ իմ շրջապատի մայրիկներից «դե իհա՛րկե անվտանգ չէ» կամ «դե ես կարճ ժամանակով եմ տալիս» տարբերակներն են:

Եկե՛ք վերլուծենք պատճառները.

1. Երեխան դեռ շատ փոքր է ժամանակի զգացողություն ունենալու համար, նա չի հասկանում սահմանները: Դժվար թե կարողանաք առանց վեճի վերցնել հեռախոսը երեխայի ձեռքից 15 րոպե դրանով զբաղվելուց հետո:

2. Կարող են առաջանալ մի շարք առողջական խնդիրներ.

  • Կարճատեսության առաջացում, քանի որ փոքր էկրանը շատ մոտ են պահում աչքերին:
  • Ողնաշարի խնդիրների առաջացում:
  • Քնի խանգարում. Էկրաններից ստացված լույսը (կապույտ) խանգարում է մելատոնինի (քուն մտնելու և առողջ քունը պահպանելու համար պատասխանատու հորմոն) արտադրությանը: Դրանից բխում է նաև երեխայի զգայուն և անհանգիստ դառնալը:

3. Շատ կարճ ժամկետներում երեխան կախվածություն է ձեռք բերում: Բակային, ինտելեկտուալ կամ ստեղծագործական խաղեր խաղալու փոխարեն նա օգտվում է հեռախոսից, ինչը կարող է հանգեցնել ինքն իր մեջ փակվելուն, ուշ խոսքին և այլն:

4. Հաղորդակցման խնդիրների առաջացում, քանի որ երեխան կորցնում է հետաքրքրությունը իրական կյանքի ու մարդկանց հանդեպ. ինչու՞ ջանք գործադրի խոսի, եթե կարող է արագ հաղորդագրություն ուղարկել:

5. Երևակայության, ստեղծագործական մտքի զարգացման խնդիրներ: Եթե վիրտուալ աշխարհում ամեն ինչ պատրաստ է, ստեղծված է իրենց համար, ինչու՞ հորինել, ստեղծել ինքնուրույն:

6.Գրավոր գրագետ խոսք կառուցելու հմտության խանգարում:

Այսպես դեռ երկար կարող ենք շարունակել վնասակար ազդեցությունների շարքը, բայց եկե՛ք փորձենք լուծել այս խնդիրները, դրանցից խուսափելու կամ վնասը գոնե նվազագույնի հասցնելու համար, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում և քաջ գիտակցում ենք, որ հեռախոսից կտրականապես զրկել երեխային հնարավոր չէ. նույնիսկ մենք՝ ծնողներս, որպես «օրինակ», անընդհատ օգտվում ենք դրանից և լինում են դեպքեր, որ հեռախոսի օգտագործման չարաշահումից երեխան իրեն անտեսված է զգում.

  • Մինչև 3 տարեկան երեխաներին գոնե կարող ենք արգելել, քանի որ նրանք դեռ չեն զգացել խաղերի հմայքը, իսկ մուլտեր կարող են մեծ էկրանով դիտել:
  • Հեռախոս չօգտագործել քնելուց գոնե 2 ժամ առաջ:
  • Օգտագործել ծնողական վերահսկողության հնարավորությունը և վերահսկել հեռախոսից օգտվելու ժամանակը.
  1. նախադպրոցական տարիք՝ օրական ոչ ավելի, քան 30րոպե

2. տարրական դասարանի երեխաներ՝ ոչ ավելի, քան 50րոպե

3. միջին և ավագ դասարաններ՝ ոչ ավելի, քան 2 ժամ

Կարող ենք հեռախոսներում բեռնել ուսուցողական հավելվածներ (տարիքին համապատասխան): Այժմ դրանց ընտրության լայն հնարավորություն կա: Եթե երեխան այնուամենայնիվ օգտվելու է հեռախոսից, գոնե թող ի օգուտ իրեն լինի:

Ի վերջո, ճիշտ է ասված. «Եթե ուզում ես փոխել աշխարհը, ապա սկսիր ինքդ քեզնից»:

Ուրեմն, սիրելի՛ ծնողներ, խորհուրդներ բոլորին.

  • Սկսեք քիչ օգտագործել հեռախոսը երեխայի ներկայությամբ: Դրա փոխարեն ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխայի հետ. շփվեք, խաղեր խաղացեք, գիրք կարդացեք, ուսուցողական մուլտեր դիտեք, զբոսնեք և այլն, իսկ գործերը կսպասեն՝ դրանք միշտ էլ կան ու երբեք էլ չեն վերջանում (ինչքան էլ մայրիկներն ու սկեսուրները հորդորեն գործերը կիսատ չթողնել): Իսկ եթե շատ է ցանկությունը տնային գործեր անելու, ապա երեխային մասնակից դարձրեք այդ ամենին, մանավանդ, որ նրանք սիրում են տնտեսական պարագաներից օգտվել:
  • Երեխային զբաղեցնելու այլընտրանքային շատ տարբերակներ կան, օրինակ խմբակները. լող, պար, սպորտ և այլն:
  • Օգնեք երեխային սովորել էթիկայի ու վարվեցողության կանոնները, որ ավելի հեշտ կարողանա շփվել ու ընկերներ ձեռք բերել:
  • Եթե ունեք հնարավորություն, ապա ձեռք բերեք ընտանի կենդանիներ և թույլ տվեք նրանց խնամքով զբաղվի երեխան:
Photo by Andrew S on Unsplash

ԵՎ վերջապե՛ս, սովորեք «ոչ» ասել. թույլ մի՛ տվեք օգտվել հեռախոսից ուտելիս, հյուրընկալելիս, հյուր գնալիս, քայլելիս՝ պարտադիր բացատրելով:

Շնորհակալություն

Հարգանքներով՝ Հ.Թովմասյան

--

--