Փոքրիկ դինոզավրի առաջին հիշողությունները

Gohar Khachatryan
Codzilla
Published in
2 min readJun 12, 2020
Դու կարող ես ինձ կարճ Կոձի անվանել․․․
Տկ-տկ, թրխկ-թխկ, և հսկա ձվի վրա վերջապես ճաք հայտնվեց․․․

Պատկերացնո՞ւմ եք, բացում ես աչքերդ, իսկ շուրջդ ոչ ոք չկա․․․ Շուրջս միայն իմ տան մնացորդներն էին, քարեր և կանաչ, փափուկ, հարթ, տարօրինակ և պարզվեց, որ շատ համեղ, առարկաներ, որոնք դուրս էին գալիս հողի տակից․․․․

Ինձ թվում է՝ դուք հիմա շփոթված եք, բայց պետք չէ անհանգստանալ, հիմա ամեն ինչ կպատմեմ։ Պարզվեց, որ իմ տան մնացորդները այն ձվի մասերն էին, որի մեջ ես երկար ապրել եմ։ Կանաչ, փափուկ, հարթ, տարօրինակ առարկաները սովորական բույսեր ու թփեր էին։ Պարզապես այն ժամանակ ես առաջին անգամ էի տեսնում դրանք, դրա համար այդպես էի նկարագրում։ Մի խոսքով, երբ ծնվեցի և սկսեցի շուրջս ուսումնասիրել, հասկացա, որ ինձ նման ոչ ոք չկա, իսկ ես ոչ մեկի նման չեմ։ Դուք երևի տխրեցիք, իսկ ես ինձ յուրահատուկ էի զգում։

- Բա՜րև, փոքրի՛կ։ Գիտե՞ս, ես իմ աչքերը տեսել եմ ջրի արտացոլանքում։ Դրանք քո թևերի գույնն ունեն։ Մենք բարեկամնե՞ր ենք։

Կարճ ժամանակում ես ծանոթացա մի շարք կենդանիների հետ․ փոքրիկ սկյուռի, որն ինձ ընկույզ հյուրասիրեց (քիչ էր մնում ատամս կոտրեի), փշոտ ոզնու, որին ես պատահմամբ տրորեցի (ոտքս մինչև հիմա ցավում է), աղվեսին, որն ուզում էր համտեսել իմ թմբլիկ պոչը (այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում «համտեսել» բառը, բայց միևնույն է չհամաձայնվեցի), և ուրիշ շատ կենդանիների։ Նրանք շատ բարեհամբույր և հոգատար էին, բայց ինձ ամենաշատը հետաքրքրեցին բարձրահասակ ու գունատ կենդանիները, քանի որ ամեն անգամ ինձ տեսնելիս նրանք մի պահ քարանում էին, հետո զարմանում, հետո աչքերը լայն բացում, գոռում․ «Դի, դի, դի նո զա՜վր» և փախչում։ Շատ տարօրինակ կենդանիներ էին։

Երբ սկսեցի հետևել նրանց և ուսումնասիրել, պարզվեց, որ նրանք լինում են տարբեր հասակի։ Սկզբում ինձ թվում էր, որ ամենացածրահասակներն ամենագլխավորներն էին, քանի որ բարձրահասակները նրանց միշտ ձեռքի վրա էին պահում, բայց երկար ուսումնասիրություններից հետո պարզեցի, որ այդ փոքրիկները պարզապես նոր են ծնվել, դեռ չեն կարողանում քայլել և խոսել մեծերի նման, դրա համար էլ մարդիկ հիմնականում գրկում են նրանց․․․

Իմ նարնջագույն տունը․․․

Մարդկանցից ես շա՜տ բան սովորեցի ու որոշեցի գիտելիքներս փոխանցել մյուսներին, որ բարի գործ կատարեմ։ Իմ նարնջագույն տունը միշտ լի է փոքրիկ երեխաներով։ Ես նրանց շա՜տ բաներ եմ սովորեցնում, իսկ երեխաներն էլ հաճախ կատակում և իրենց փոքրիկ դինոզավրիկներ են անվանում։

--

--

Gohar Khachatryan
Codzilla

Passionate Entrepreneur and Innovator I Co-Founder & CEO at Codzilla I Primary Education Methodologist I Product Manager I Author I Lifelong Learner