Ամեն ինչ ֆրիլանսի մասին

Էլզա Հովհաննիսյան
Elza Hovhannisyan
Published in
3 min readJan 29, 2020

Ի՞նչ է ֆրիլանսը:

Ինտերնտետ տեխնոլոգիաների զարգացումը և մուտքը մեր առօրյա կյանք իր հետ բերեց բազում նոր հնարավորություններ, որոնցից մեկը ֆրիլանս կամ հեռահար աշխատանքն է: Եթե նախկինում աշխատանքի դիմելիս պետք էր սահմանափակվել սեփական տարածաշրջանում առկա թափուր աշխատատեղերին դիմելով և հարմարվել առաջարկվող աշխատավարձին, ապա ֆրիլանս աշխատանքի դեպքում գործատուին կարելի է գտնել աշխարհի ցանկացած կետից և վարձատրվել ոչ թե տեղական, այլ միջազգային չափանիշներին համապատասխան:

Ո՞վ է ֆրիլանսերի գործատուն:

Ֆրիլանսերը հիմնականում չի հանդիսանում որևիցե կազմակերպության աշխատակից, չի ունենում տնօրինություն և ֆիքսված աշխատանքային ժամերը: Ֆրիլանսերը անհատ է, ով վարձատրվում է իր մատուցած ծառայությունների դիմաց՝ ֆիքսված կամ ժամավճարի տարբերակով: Ընդ որում ,ծառայությունը կարող է լինել թե՛ մեկանգամյա, թե՛ երկարաժամկետ:

Ո՞վ կարող է զբաղվել ֆրիլանսով:

Կա տարածված շատ թյուր կարծիք, թե ֆրիլանսը միայն ծրագրավորողների համար է: Իրականում, ֆրիլանսեր կարող է լինել գրեթե ցանկացած մասնագիտության տեր անձնավորություն՝ կլինի թարգմանիչ, դիզայներ, հաշվապահ թե սննդաբան: Ամեն ոլորտի աշխատակցի հաստիք ֆրիլանս հարթակներում կարելի է գտնել, սակայն,կախված մասնագիտությունից, պահանջարկը կարող է տատանվել:

Ինչպե՞ս և որտե՞ղ գտնել ֆրիլանս աշխատանք:

Ամենահեշտ և տարածված ձևն աշխատանքի որոնումն է մասնագիտացված ֆրիլանս հարթակներում, ինչպիսիք են՝

Upwork.com

Freelancer.com

Guru.com

Fiverr.com և այլն

Հարթակները հանդիսանում են կապող օղակ գործատուի և ֆրիլանսերի միջև, ապահովում են բոլոր վճարային գործընթացները, կանոններին հետևելու դեպքում՝ ֆրիլանսերին տրամադրում են կատարված աշխատանքի համար վարձատրության երաշխավորություն, բայց այս ամենի դիմաց, բնականաբար, պահում են միջնորդավճար՝ ֆրիլանսերի աշխատած գումարից:

Շատ փորձառու ֆրիլանսերները կարող են գտնել հաճախորդներ ուղիղ տարբերակով՝ օգտվելով, օրինակ, LinkedIn-ից:

Որո՞նք են ֆրիլանսի հիմնական թերությունները:

Որքան էլ ֆրիլանս աշխատելու տարբերակը գրավիչ թվա, այն զուրկ չէ թերություններից: Ամենամեծ թերությունը անկայունությունն է: Քանի որ ֆրիլանսերն ու գործատուն կապված չեն որևիցե աշխատանքային պայմանագրով, գործատուն իրավասու է ցանկացած պահի դադարեցնել համագործակցությունն առանց նախօրոք զգուշացնելու, և սա տեղի է ունենում բավական հաճախ:Նոր աշխատանք գտնելը կարող է երկար ժամանակ խլել, և այդ ընթացքում ֆրիլանսերը կրում է ֆինանսական կորուստներ:

Հարկ է նշել նաև, որ ֆրիլանսը չի՛ համարվում աշխատանքային ստաժ և չի՛ նախատեսում որևիցե վճարովի արձակուրդ: Սրանք ևս անհրաժեշտ է դասել թերությունների շարքին:

Ֆրիլանսը պահանջում է շատ մեծ ինքնակազմակերպման հմտություններ, հատկապես եթե աշխատանքը տարվում է միանգամից մի քանի գործատուների հետ: Բավականին բարդ է ճիշտ տնօրինել ժամանակը, երբ աշխատում ես այլ ժամային գոտում բնակվող անհատի հետ: Ժամանակի սխալ տնօրինման դեպքում ֆրիալնսերի կյանքը կարող է վերածվել իսկական քաոսի:

Ինչպե՞ս սկսել զբաղվել ֆրիլանսով:

Եթե վերոնշյալը կարդալուց հետո Ձեզ մոտ առաջացավ ցանկություն փորձել Ձեր ուժերը ֆրիլանս հարթակում, նախ և առաջ խորհուրդ կտամ հստակ որոշել թե կոնկրետ ինչ ծառայություն եք մատուցելու: Ցանկալի է, որ Ձեր ընտրած ծառայությունը լինի շատ նեղ մասնագիտացված: Օրինակի համար ես զբաղվում եմ ՍՄՄ-ով, բայց մասնագիտացած եմ կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների հետ կապված կազմակերպությունների էջերի առաջխաղացմամբ: Ֆրիլանս շուկան բավականին հագեցած է, և հաջողության հասնելու ամենաառաջնային գրավականը հստակ և նեղ մասնագիտական ծառայություններ առաջարկելու ունակությունն է:

Ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ ևս կայանալը հեշտ չէ: Սակայն մեծ ցանկության և քրտնաջան աշխատանքի արդյունքում միանգամայն հնարավոր :)

Եթե հավանեցիք այս փոստը և կցանկանաք տեսնել այլ փոստեր ֆրիլանսի և ՍՄՄ-ի մասին ինձ տեղյակ պահեք և միացեք ինձ ինստագրամում:

--

--