Ներկայ գտնվենք

Հունիսի 15-ին Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` դեպի Ամիրյան նայող դատարկ հատվածում բացվեց «Ներկայ» ժամանակակից արդյունաբերական դիզայնի ցուցահանդեսը: Այն կգործի մինչև ամսի 24-ը։

editor
evnmag
3 min readJun 22, 2018

--

Տեքստը՝ Կարինե Ղազարյանի
Լուսանկարները՝ Բիայնա Մահարու, Արեգ Բալայանի

7-ին 10 պակաս Հանրապետության հրապարակի կառավարության մասնաշենքերից մեկի մոտ սկսեց հերթ գոյանալ: Շուտով փոքրիկ հերթը կարգին ամբոխի վերածվեց, ու հայտնվեցին ոստիկանները, ստուգելու՝ հո նորից հանրահավաք չէ՞: Բնավ էլ բողոքի ցույց չէր, այլ ժամանակակից դիզայնի երկար սպասված ցուցադրության՝ «Ներկայ» դիզայն նախագծի բացումը:

Ավելի լավ բովանդակություն շենքի այս չօգտագործվող տարածքի համար դժվար է պատկերացնել. BARDI ճարտարապետական ստուդիայի նախագծած ինտերյերում հայաստանցի, ռուսաստանցի և ուկրաինացի երիտասարդ դիզայներների գործերը հիանալի համադրված հակասության մեջ են մտնում խորհրդային ճարտարապետության հետ: Ամենատարբեր ձևաչափերով և նյութերով պատրաստված տարաները, լուսամփոփները, աթոռները ու նույնիսկ մանկական մահճակալը տեսնելիս ափսոսում ես, որ ցուցադրությունը կտևի միայն մինչև հունիսի 24-ը:

Ներկայացված աշխատանքները իսկապես տարատեսակ են. այստեղ կա և մոմի վրա լույս անող մինիմալիստական փայտյա լամպ, և կոնստրուկտորի պես հավաքվող «պուտ-պուտ» գրապահարան, և երկրաչափական մարմինները ամենատաօրինակ կերպով զուգադրող խայտաբղետ ծաղկամաններ: Առաստաղից կախված մեծ չափսի վառ կարմիր կտորը օդի մեջ պատկերում էր «Ներկայի» տարբերանշանը, իսկ փոքր տաղավարների հայելի-պատերը արտացոլում ու բազմապատկում էին լեփ-լեցուն դահլիճը:

«Նախագիծը արդեն երկրորդ տարին է անցկացվում: Այս անգամ այն տարբեր է նրանով, որ նորաձևություն ներկայացված չէ՝ միայն արդյունաբորական և product-դիզայն», — ասում է «Ներկայ» դիզայն նախագծի հիմնադիր և համադրող Էմմա Հարությունյանը: Ներկայացված հավքածուն հենց Էմմայի ընտրությունն է. «Այս իրերը միտված են ցույց տալու, որ դիզայնը շատ բազմազան է, որ ամեն ստեղծագործող իր յուրահատուկ մոտեցումն ունի, և ինչքան տարբեր են այդ մոտեցումները, այնքան ավելի լավ»:

--

--