100 տարի՝ 100 կյանք

2015 թվականի մարտի 10-ի գիշերը՝ Երևանում արդեն կեսգիշերն անց էր, Նյու Յորքում մեկնարկեց 100 LIVES (100 կյանք) նախագիծը: Ինչպես պարզվեց, այն ունի երկու հիմնական նպատակ՝ պատմել Ցեղասպանությունից փրկված հայերի մասին, որոնք փոխեցին աշխարհը և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր օգնում էին հայերին 1915 թվականի ջարդերի ժամանակ: Գործարար Ռուբեն Վարդանյանի և դերասան Ջորջ Քլունիի զրույցն ուղիղ հեռարձակմամբ դիտում էին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նախագծի երևանյան գրասենյակում: Մեր խնդրանքով հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել 100 LIVES-ի թիմում և ինչու է հպարտ, որ կապ ունի այդ ամենի հետ:

editor
evnmag
4 min readJun 11, 2018

--

Տեքստը՝ Արարատ Միրզոյանի
ԵՐԵՎԱՆ #32, 2015

100 Lives-ի հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը

Ինչպես հայտնվեցի թիմում

Երբ առաջին անգամ ինձ պատմեցին 100 LIVES նախաձեռնության մասին, ներկայացրեցին ծրագրի հիմնական բաղադրիչները, ես շատ էի տպավորվել։ Տպավորվել էի մասշտաբներից, հավակնոտությունից, գաղափարական ընդգրկումից, շեշտադրումներից։ 100 LIVES-ը պատմելու էր Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցույց տրված օգնության պատմությունները՝ դրանով իսկ որոշ նրբերանգներ փոխելով Ցեղասպանության մեր ընկալման մեջ։ Նախաձեռնությունը ներկայացնելու էր Ցեղասպանությունից հետո վերապրած, աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերին՝ վերաձևակերպելով հայի կերպարի ընկալումն աշխարհում։ 100 LIVES-ը հայության ու մարդկության անունից երախտագիտություն էր հայտնելու օտարազգի այն անձանց ու կազմակերպություններին, որոնք հաճախ սեփական կյանքի գնով ջանք չխնայեցին Եղեռնի տարիներին բազմաթիվ հայերի երկրորդ կյանք, երկրորդ հնարավորություն պարգևելու համար։ Ելնելով երախտիքի այս զգացումից՝ նախաձեռնողները սահմանելու էին ամենամյա մի մեծ մրցանակ, որը կխրախուսեր մարդասիրությունը աշխարհի տարբեր անկյուններում։ Այս ճանապարհով ծրագիրը յուրօրինակ կերպով իրար էր կապելու անցյալը, ներկան ու ապագան։

Neilson Barnard/Getty Images for 100 LIVES

100 LIVES-ը պետք է համապատասխաներ մեդիա ոլորտի միջազգային արդի չափանիշներին ու միտումներին։ Այն պետք է հասանե լի լիներ ամենալայն զանգվածներին ու հատկապես երիտասարդներին՝ մնալով մեդիա-ծրագրի հարթությունում, բայց միաժամանակ հիմնված լինելով գիտական ճշմարտությունների վրա։ Անհրաժեշտ էր գործընկերների՝ հետազոտական ինստիտուտների, արխիվների ու անհատ հետազոտողների հետ միասին մշակել այդ փրկության պատմությունները, ստուգել դրանց պատմական հավաստիությունը, ապահովել դրանք փաստաթղթային հենքով և այլն։ Ես պատմաբան եմ, թեկնածուական ատենախոսությունս նվիրված է եղել Հայոց ցեղասպանության հիմնահարցերին, ասպիրանտուրան սովորել եմ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտում, մի քանի տարի աշխատել եմ Հայաստանի ազգային արխիվում։ Եվ ես «սիրա հարվել էի» 100 LIVES-ին առաջին հայացքից։ Այնպես որ, երբ ինձ առաջարկվեց ղեկավարել 100 LIVES-ի հետազոտական թիմը, ես առանձնապես մտածելու բան չունեի։ Սովորաբար, ես զերծ եմ մնում պաթետիկ տեքստերից ու զգացմունքային ձևակերպումներից, բայց այս անգամ թերևս բացառություն անեմ։ Չեմ կարող չասել՝ ես իսկապես հպարտ եմ, որ մասն եմ կազմում 100 LIVES-ի թիմի, որ իմ ներդրումն եմ ունենում մի կողմից հայ ժողովրդի համար կարևոր, մյուս կողմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացման գործում։

Մեկնարկը

100 LIVES նախաձեռնության պաշտոնական մեկնարկը մարտի 10-ին էր։ Մեկնարկի միջոցառումը տեղի էր ունենալու Նյու Յորքում։ Միջոցառման մասնակիցների թվում աշխարհին հայտնի բազմաթիվ անուններ էին, ինչն արդեն իսկ խոսում էր նախաձեռնության կարևորության և հնչեղության մասին։ Այսպես, նախաձեռնության մի բաղադրիչի՝ մարդասիրության «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) մասին ազդարարելու էր հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, ում Not On Our Watch կազմակերպությունն իր առաքելությամբ շատ մոտ է այն արժեքներին ու նպատակներին, որն ունի 100 LIVES-ը։ Երևանյան ժամանակով միջոցառումը տեղի էր ունենալու գիշերը։

100 Lives-ի թիմը հետևում է ուղիղ հեռարձակմանը Նյու Յորքից

Ու չնայած աշխատանքային նախորդող օրերն անցել էին խիստ ծանրաբեռնված, և բոլորն իսկապես հանգստի կարիք ունեին, ոչ մեկս չէինք պատրաստվում բաց թողնել միջոցառմանը հետևելու հնարավորությունը, ինչպես չես կարող բաց թողնել երեխայիդ ծնունդը։ Մեր մի քանի ամիսների տքնաջան, ինչ-որ առումով ընդհատակյա աշխատանքը վերջապես ներկայացվելու էր աշխարհին։ Այդ օրերին Երևանում էր հավաքվել 100 LIVES-ի գրեթե ողջ թիմը՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից։ Որոշեցինք միասին հետևել ուղիղ հեռարձակմանը՝ գրասենյակում։ Զգացմունքային ու հանդիսավո՞ր էր արդյոք պահը։ Միանշանակ՝ այո։ Բայց միաժամանակ՝ բավական լարված ու անհանգիստ։ Ուզում էի, որ միջոցառումն անթերի ընթանա։ Հիշում եմ՝ անգամ նմանատիպ միջոցառումների համար սովորական մի քանի րոպեանոց ձգձգումը, որի ընթացքում հյուրերը նախասրահից անցնում էին դահլիճ ու զբաղեցնում իրենց տեղերը, ինձ նյարդայնացնում էր։ Հիմա, իհարկե, սա ժպիտով եմ հիշում, ու մեկնարկն իսկապես շատ լավ անցավ։ Նախագծի ազդարարումը մեծ արձագանք գտավ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ սփյուռքի հայկական համայնքներում և միջազգային հանրության շրջանում առհասարակ։ Բավական է նշել, որ մեկնարկի միջոցառմանը ծավալուն նյութերով անդրադարձան այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, The Economist-ը, The Huffington Post-ը, Boston Globe-ը, CNN-ը, բազմաթիվ խոշոր եվրոպական լրատվամիջոցներ։

Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը՝ 100 Lives նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ / Neilson Barnard/Getty Images for 100 LIVES

Թիմը

100 LIVES-ի թիմը նման է մի մեծ հայկական գերդաստանի։ Մի մասն այստեղ են՝ հայրենիքում, մյուսները՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Բայց անկախ հեռավորությունից ու ժամային գոտիների տարբերությունից՝ բոլորն անտեսանելի թելերով կապված են միմյանց, միշտ կարող են ակնկալել մյուսների խորհուրդն ու օգնությունը և միշտ պատրաստ են առավելագույնս օգտակար լինել միմյանց։ Նրանք բոլորը վառ անհատականություններ և արհեստավարժ մասնագետներ են, որոնց միավորում են 100 LIVES-ի որդեգրած արժեքները, առաքելությունը, ինչու՞ չէ՝ նախաձեռնության նկատմամբ մեծ սերն ու նվիրումը, ինչպես նաև՝ համատեղ ջանքերով 100 LIVES-ի հաջողությունն ապահովելու ձգտումը:

--

--