Լսե՛ք մեզ հիմա

2019 թվականին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսեց «Լսի՛ր ինձ հիմա» ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանում զարկ տալ փոդքասթի ոլորտի զարգացմանը։ Արդյունքում ծնվեց երկու տասնյակից ավելի հայալեզու փոդքասթ, որոնք հասանելի են հայկական փոդքասթների առաջին դարանում:

editor
evnmag
6 min readMar 29, 2020

--

Փոդքասթերները համադրում են ռադիոյի դասական ավանդույթներն ու ձայնային սթորիթելինգի նորարարական կանոնները՝ ստեղծելով տարբեր ժանրերով աուդոպատումներ՝ վավերագրությունից և ստեղծարար պատումներից մինչև բանավոր խոսքի, երաժշտության և դաշտային ձայնագրությունների համադրումներ: Իսկ ԵՐԵՎԱՆն այստեղ խոսել է այդ նախագծերից մի քանիսի հեղինակների հետ ու պարզել, թե ինչու է պետք լսել իրենց հիմա։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Նկարազարդումները՝ Kolektiv Design Room
ԵՐԵՎԱՆ #60 | 2020

Լուսինե Զաքարյան | «Բեդովլաթ»

«Բեդովլաթին» հյուր են գալիս տարբեր ժամանակների և իրականությունների բեդովլաթ դեմքեր ու զրից են անում։

Ես սովորում եմ կինոռեժիսուրա և ուսման ընթացքում նկատեցի, որ ձայնի հետ աշխատելն ինձ համար առանձնահատուկ հաճույք է՝ երևակայելու ավելի լայն տարածք է տալիս: Հետո իմացա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փոդքասթային ծրագրի մասին և որոշեցի անպայման դիմել:

«Բեդովլաթը» շատ վանաձորյան է. բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են փոդքասթի վրա, այնտեղից են, և դրանից ստեղծվում է տիպիկ վանաձորյան մթնոլորտ: Մեզ հյուր են գալիս տարբեր ժամանակների ու իրականությունների կերպարներ, խոսում ենք տարատեսակ առօրեական թեմաներից: Մեր փոդքասթը գրավում է մարդկանց նրանով, որ կոտրում է ժամանակի և տարածության մասին պատկերացումները, ու ամեն պահ կարող ենք մոգոնել այն, ինչ ուզում ենք: Այլ փոդքասթներ լսելու ժամանակ երբեմն չի մնում, բայց հայկականներից սիրում եմ լսել «Ականջօղը», «Փնթի խողովակը», «Սև բիբարը» և «Հետքի» փոդքասթները:

Առհասարակ փոդքասթը, ի տարբերություն ուրիշ մեդիա ֆորմատների, ավելի անմիջական է, ստեղծարար ու քիչ ռեսուրսներ է պահանջում: Լսողին ավելի մոտ է փոքասթը, քան կինոն կամ ռադիոն: Մարդն ուզում է, որ հենց իր հետ խոսեն, ուզում է լսել անմիջական զրույցներ:

Լիլիթ Պետրոսյան | «Պոստռաբիզ»

«Պոստ Ռաբիզը» փոդքասթ է ռաբիզի մասին՝ ռաբիզից հետո։

Փոդքասթը ձայնը շոշափելու տեղ է։ Ինձ օգնում է ընկալել, որ երբ խոսում ես, քեզ լսում են ու դա միջոց է։ Նախկինում տարբեր ֆորմատներով եմ ստեղծագործել, երբ, օրինակ, որոշակի հանգավորմամբ մի հատված եմ գրում ու չեմ բարձրաձայնում (գրում եմ մի տեղ կամ մտքումս եմ պահում), քամու պես անցնում գնում է: Իսկ երբ ձայնագրում ես, արձանագրվում է։ Փոդքասթը հնարավորություն է տալիս աշխատելու զգայարանների հետ՝ հմտացնելով լսելու ալիքը։

Իմ փոդքասթը ռաբիզից հետո եկող ենթամշակույթների մասին է՝ դրա ոճային, գաղափարական և երաժշտական տարրերի ուսումնասիրությունն է: Մենք բոլորս կրում ենք ռաբիզի էլեմենտները մեր մեջ կամ էլ դեմ ենք դրանց: Փորձում եմ հասկանալ՝ ինչ է անում այն մեր ցանկությունների, ճաշակի և ականջների հետ, քանի որ միայն երաժշտություն չէ, ապրելակերպ է՝ սկսած խոսելաոճից, ավարտած հագուստի ընտրությամբ և միջավայրով: Սա փոդքասթի հետազոտական հատվածն է, կա նաև պոետիկ մասը: Դժվար է այն կապել պոստ ռաբիզ հասկացության հետ, բայց ընդհանրություններ կան, երկուսն էլ խոհափիլիսոփայական տարրեր ունեն։ Երկուսն էլ նոր ռիթմեր են գտնում: Կարևորության տեսանկյունից կնշեի Ալիկ Սարգսյանի անձնական արխիվին անդրադարձող էպիզոդը։

Պոետիկներից «Թիթեռնիկը» ականջիս հաճելի է։ Ինքս փոդքասթներ լսում եմ: Օրինակ՝ Marxist Poetry-ն կամ Pen and Poet-ը: Նաև լսում եմ իմ ընկերների փոդքասթները։ Ծրագիրն ինձ տվել է ռեսուրսներ անելու այն, ինչ հետաքրքիր է անել։

Ալեքսանդր և Աստղիկ | «Սինեսկոպ»

Փոդքասթ կինոյի և դրա հետ կապված ամեն ինչի մասին:

Սինեփոդքասթը կինոյի մասին ռադիոհարթակ է, որտեղ զրուցում ենք տարբեր ֆիլմերի, ռեժիսորների, հիմնական տենդենցների մասին: Այս ֆորմատում չունենալով վիզուալ պատկերներ օգտագործելու հնարավորություն՝ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ֆիլմերի ձայնային կողմին: Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով մարդկանց հիշողության մեջ:

«Սինեսկոպն» աշխատում է տարբեր ֆորմատներով՝ տեքստեր, հարցազրույցներ, վիդեո էսսեներ: Բայց կարծում ենք՝ հենց փոդքասթը մեզ հնարավորություն կտա մարդկանց համար ավելի հասանելի դառնալու: Մինչ ծրագրի սկսելը մենք մի էպիզոդ թողարկել էինք, բայց քանի որ չունեինք համապատասխան տեխնիկա, ձայնի որակն այդքան էլ լավը չէր: Իսկ ծրագրին մասնակցությունը մեզ տեխնիկայի առումով մեծ հնարավորություններ տվեց: Դասընթացն էլ շատ հետաքրքիր մասնագետ էր վարում ՝ Սքոթ Քերիերը, ով էլ ավելի ոգեշնչեց հենց փոդքասթի միջոցով աշխատելու:

Հիմնականում երկու տիպի թողարկումներ ենք անում ՝ երկար զրույցներ և ձայնային արթ-էքսպերիմենտներ: Մեր ամենասիրելին երևի թե կինոյում ձայնի զարգացման մասին կարճ էպիզոդն է՝ You Ain’t Heard Nothin’ Yet! անունով, որը, իմիջիայլոց, կինոյում առաջին հնչունային նախադասությունից է:

Արամ Պետրոսյան | «Լսեք լսելու մասին»

Ամեն ինչ լսողության խնդրի, այդ խնդիրը կրողների և այդ խնդրի լուծումների մասին։

Մինչ ծրագրին մասնակցելը ես ունեի բլոգ, յութուբյան ալիք, բայց փոդքասթի մասին չէի լսել: Երբ մայրիկս համացանցում պատահաբար տեսավ ՄՆԿ-ի հայտարարությունը փոդքասթի մասին և ցույց տվեց ինձ, առաջին հերթին ինձ գրավեցին «Լսի՛ր ինձ հիմա» բառերը։ Լսողության խնդիր ունեմ, և ինձ միշտ հետաքրքրում են լսելու հետ կապված բոլոր թեմաները։ Մասնակցությունը ծրագրին ինձ շատ բան տվեց՝ նոր ընկերներ ու նաև փորձառություն։ Մինչ այս ես երբեք ժյուրիի առջև չէի հայտնվել, արտասահմանցի մասնագետների հետ չէի աշխատել, նաև հյուրանոցում մենակ չէի մնացել: Մի խոսքով, ահա այդպես ամեն ինչ սկսվեց։ Ժյուրիին դուր էր եկել հենց փոդքասթի միջոցով լսողության խնդիրը ներկայացնելու գաղափարը, և ես մասնակցեցի դասընթացին, ձեռք բերեցի փոդքասթի մասին գիտելիքներ, և արդեն հասցրել եմ հինգ էպիզոդ պատրաստել։

Իմ փոդքասթներից ինձ դուր է գալիս խուլ վարորդների և նրանց իրավունքների մասին էպիզոդը, որը ձայնագրել եմ հայրիկիս հետ: Ի դեպ, այն առայժմ ամենամեծ արձագանք գտած էպիզոդն է՝ մոտ 800 լսում ունի, ինչը, կարծում եմ, շատ լավ է, քանի որ ինչքան շատ մարդիկ իրազեկվեն, այնքան ավելի արագ կլուծվեն խնդիրները։ Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, կան բազմաթիվ խնդիրներ բոլոր տեսակի առողջական խնդիր ունեցող մարդկանց համար, ինչպես նաև՝ լսողական խնդիր ունեցողների համար։ Իմ փոդքասթի միջոցով փորձում եմ բարձրաձայնել այդ խնդիրները և առաջարկել լուծումներ։

Արեգ Առաքելյան | «Փնթի խողովակ»

«Փնթի խողովակը» հայկական ալտերնատիվ սուբկուլտուրաների և դրանց դեմքերի մասին է:

Փոդքասթը վլոգինգի և բլոգինգի մեկ այլ ֆորմատ է: Սկզբում կային մտքեր վլոգ նկարելու, բայց հետո հնարավորություն հայտնվեց փոդքասթինգով զբաղվելու, և որոշեցի այդ ուղղությամբ էլ գնալ:

Իմ փոդքասթը պայմանականորեն կարելի է բնութագրել «այլ մշակույթի մասին»: Բայց ինձ համար շատ կարևոր էր, որ այն հետաքրքիր լինի ոչ միայն ալտերնատիվ երաժշտությամբ ու ենթամշակույթներով հետաքրքրվող մարդկանց, այլ լայն մասսաների համար: Ես կարծում եմ, որ անդերգրաունդ հիմա ըստ էության գոյություն չունի, բայց կան շատ հավես ոչ մեյնթսրիմ երաժիշտներ, արտիստներ, որոնց ես փորձում եմ համախմբել։ Եվ գուցե արդեն սրա արդյունքում մի օր կձևավորվի իսկական հայկական անդերգրաունդ։ Հիմա «Փնթի խողովակում» մարդիկ կարող են մեր անմիջական հարցազրույցներով ծանոթանալ նոր երևույթների ու նոր պերսոնաժների հետ, հասկանան, թե ինչ ա կատարվում մեյնսթրիմից դուրս։

Հիմա փորձում ենք մի քիչ փոխել ֆորմատը, որ ոչ թե ուղղակի հյուր գա մեր մոտ միկրոֆոնի մոտ նստի ու խոսա, այլ մենք գնանք հյուր ու ներկայացնենք հերոսին իրա բնական միջավայրում, ուղղակի տուսվենք հետներն ու էդ վիճակը փոխանցենք։ Դրա համար իհարկե նաև կավելացնենք վիդեոֆորմատը, որ ոչինչ բաց չթողնենք։

Կուշաբե Չոբանյան | «Շունչ»

«Շունչի» շրջանակում WElcome to Հայաստան շարքը պատմում է Հայաստանում ապրող օտարերկրացիների մասին:

Երբ ինձ հարցնում են, թե ի՞նչ է փոդքասթը, ես պատասխանում եմ ՝ իրական միջավայրը զգալու հնարավորություն: Երբ մարդը լսում է փոդքասթ, պետք է փակի աչքերը, կտրվի ամբողջ աշխարհից ու հայտնվի այն միջավայրում, որտեղ տեղի է ունենում գործողությունը: Հետո կարող է բացել աչքերն ու հետ գալ։

Իմ փոդքասթ ալիքը կոչվում է ՇՈՒՆՉ: Ընկերներս գիտեն, որ երբ սկսում եմ խմբագրել ձայնագրությունը, միշտ ասում եմ ՝ այ այստեղ ուզում եմ շնչել, այստեղ շնչելու տեղ չես թողել, շունչս կտրվեց, երաժշտություն ավելացրու, էս մարդը շնչում է, թե չէ… Երբ լսում ես փոդքասթ, պիտի կարողանաս լիարժեք շնչել, այդ պատճառով իմ ալիքը կոչվում է ՇՈՒՆՉ:

Ես սկսել եմ մի շարք, որն անվանել եմ WElcome to Հայաստան՝ առաջին երկու տառերը մեծատառով, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է մենք՝ WE: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, պիտի ունենան մենք-ի զգացողություն, հավատան, որ մեզնից մեկն են ու մենք ուրախ ենք հյուընկալել նրանց այս երկրում: Այս շարքում ես գնում եմ Հայաստանում ապրող արտասահմանցիների տուն: Հետս անպայման վերցնում եմ գաթա, որը ես եմ պատրաստում ու գնում ուղիղ իրենց խոհանոց: Մենք պատրաստում ենք որևէ ազգային ուտեստ (վերջին էպիզոդում իտալական լազանիա էր, քանի որ հյուրերս իտալացիներ էին) ու զրուցում ենք:

Մեր թեման խոհանոցը չէ, ավելին, ուտելիքից չենք էլ խոսում: Մեր զրույցի առանցքում Հայաստան եկած մարդն է, Հայաստանն իր աչքերով տեսնող ու գնահատող մարդը, որը երբեմն իմ երկրի մասին ավելին կարող է պատմել, որովհետև նա օբյեկտիվ է: Մեր զրույցը մարդու իրավունքների, Հայաստանում ներդրումների հնարավորությունների, այս երկրում ապրելու հեռանկարների, հյուրասեր հայերի, տհաճ ու նյարդայնացնող երևույթների մասին է: Սա իմ հյուրերի Հայաստանն է՝ շատ հյուրասեր, վատ երթևեկությամբ, հրաշալի մարդկանցով, ծխախոտի անկառավարելի ծխով, զիլ երիտասարդներով ու ստեղծարար գաղափարներով:

--

--