Մեդիան բարձրացնում է ձայնը

Մեդիա ոլորտը նոր ֆորմատների անվերջ փնտրտուքների մեջ է: Տպագիր թերթերին և ամսագրերին միացավ ռադիոն, հեռուստատեսությունը, հետո անցանք թվային դաշտ, իսկ վերջին տարիներին հայկական որոշ մեդիա ներկայացուցիչներ ձայն են ձեռք բերել՝ միանալով փոդքասթինգի գլոբալ շարժմանը: Ի՞նչ հավելյալ արժեք ունի այս ձևաչափը և որո՞նք են դրա առավելությունները: Ուսումնասիրել ենք հայկական մեդիաներում ծնված փոդքասթները։

editor
evnmag
4 min readApr 9, 2020

--

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
ԵՐԵՎԱՆ #60 | 2020

Ընտանեկան լեգենդը պատմում է, որ ժամանակին մեր հին տան խոհանոցի պատին կախված էր ռադիոընդունիչ։ Ամբողջ օրը միացած էր, քանի որ առավոտյան վեցի մոտակայքում եթեր էր մտնում առաջին հաղորդումը, և օրը բացվում էր։ Ամեն մարդ անցնում էր իր գործին՝ այդ ամբողջ ընթացքում ականջի ծայրով լսելով այդ նվագարկիչից հնչող խոսակցությունները: Ամեն օր հենց այդ առաջին հաղորդմանը հրավիրում էին օրինակ՝ շարքային քաղաքացի Գուրգենին և քննարկում անասնապահության վերջին նորամուծությունները կամ սովետական հանրապետության քաղաքացու կերպարը։

Հայաստանում թերթի ժամանակաշրջանն էր, և ռադիոն պարզապես տեղեկացված լինելու ևս մեկ հարմար տարբերակ էր: Այսպես բոլորը իրենց տներում, եթե անգամ թերթ կարդալու ժամանակ չէին ունենում, ապա լսում էին այս զրույցները։ Վերջին տարիներին այս նույն ֆորմատը՝ ավելի ժամանակակից բովանդակությամբ և նոր անվանման տակ, վերադարձել է ասպարեզ: Աշխարհում արդեն տևական ժամանակ է, ինչ փոդքասթները լայն ճանաչվածություն են վայելում՝ տալով ամսագրերին և այլ տեքստային ֆորմատներին իրենց նորովի ներկայացնելու հնարավորություն: New York Times, The Guardian, The New Yorker, Time, Forbes և շատ ու շատ այլ առաջատար մեդիա հսկաներ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում փոդքաստինգի բիզնես մոդելի զարգացմանը՝ դարձնելով այն իրենց մշտական բովանդակության կարևոր ճյուղ: Բացելով The New Yorker ամսագիրը՝ առաջին իսկ էջին տեսնում ես իրենց փոդքասթային ալիքի գովազդը, իսկ բովանդակության մեջ առանձին հատված է նախատեսված հենց փոդքասթային նյութերի ներկայացման համար: Քանի որ ոլորտը Հայաստանում դեռ այդքան մեծ զարգացում չի ապրել, նման բան նախաձեռնելը հայկական մեդիա դաշտի համար էքսպերիմենտի նման մի բան է, սակայն իր մի շարք առավելություններով:

Սամսոն Մարտիրոսյանը՝ հեթրական փոդքասթի ձայնագրության ժամանակ

Բերել նոր լսարան

«Հետքի» լրագրող Սամսոն Մարտիրոսյանի խոսքով՝ փոդքասթի ֆորմատն իրենց թույլ է տալիս ավելի լայն լսարաններ ընդգրկել և չսահմանափակվել միայն կատարված հետաքննական նյութերով: Իրենց ընթերցողները միջին և միջինից բարձր տարիքի անձինք են, իսկ փոդքասթային ֆորմատը խոստանում է նոր երիտասարդ լսարան ներգրավել: Նաև թույլ է տալիս քննարկման սեղանի բերել այնպիսի թեմաներ, որոնք բավարար ուշադրության չեն արժանացել կամ «Հետքի» տեքստային նյութերի ֆորմատին չեն համապատասխանում: Երբեմն որոշ հետաքրքիր մանրամասներ տեքստից դուրս են մնում և հենց այդ հատվածները տեղ են գտնում փոդքասթային եթերում: Հետաքննությունը կատարած լրագրողները պատմում են ընթացքի մասին, տրամադրում են հեռախոսազանգերի և զրույցների ձայնագրությունները, այսպես ասած՝ բեքսթեյջը:

Լսելի դարձնել հեղափոխությունը

EvnReport անգլիալեզու լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը պատմում է, որ երբ սկսում էին փոդքասթինգով զբաղվել, բնականաբար, գիտեին, որ Հայաստանում այդ մշակույթը դեռ չկա, բայց դրա հետ մեկտեղ հիշում էին, որ միշտ ունեցել ենք ռադիո լսելու հարուստ փորձառությունը: Այդպես, չվախենալով լինել առաջամարտիկներից մեկը՝ որոշեցին հայ մեդիա դաշտում նորամուծություն անել: Սկզբում բարդ էր, սկսեցին հեռախոսով ձայնագրելուց, իսկ այսօր արդեն հատուկ սարքավորումներ ունեն և առանձին մարդ, որը զբաղվում է այդ ամենով:

EvnReport-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանն ու Մեդիա նախաձեռնությունների տնօրեն Նունե Սարգսյանը

Ստեղծում են առանձին բովանդակություն, հրավիրում հետաքրքիր մարդկանց և ամեն ուրբաթ շաբաթվա ամփոփում են հրապարակում: Բացի այդ, իրենց փոդքասթն անգլիալեզու է, ինչն այսօրվա հայաստանյան շուկայում մեծ առավելություն է: Այս ամենի արդյունքում այսօր հարյուրավոր կիսումներ ունեն, իրենց հետևող սարքավորումների թիվը եռապատկվել է: Այս ամենից զատ, փոդքասթինգի ֆորմատն իրենց թույլ տվեց Թավշյա հեղափոխության ձայնը լինել շատերի համար, ովքեր այդ խառնաշփոթի մեջ ժամանակ չէին ունենում նյութեր կարդալ:

Ավելի էժան, քան վիդեոն

Հայաստանում սրընթաց տարածվում է մեկ ֆայլ ֆորմատ՝ վիդեոն և անգամ շատ փոդքասթներ իրենց էպիզոդները տեղադրում են YouTube-ում, ինչի կարիքն արտասահմանում այլևս չկա: Regional Post ամսագրի տնօրեն Արշակ Թովմասյանի խոսքով՝ չնայած վիդեոյի ակտիվությանը Հայաստանում՝ միևնույն է գնային բավական զգալի տարբերություն կա, և դա ևս մեկ պատճառ է՝ ինչու մարդիկ փոդքասթ տարբերակն են ընտրում, բայց լսարան ձեռք բերելու համար տեղադրում են դրանք YouTube-ում: Իր խոսքով՝ Հայաստանում դեռ չկա փոդքասթինգի բիզնես մոդել, միջոցների արդարացման գնահատում և այլն, «բայց պետք է անենք, որ տեսնենք՝ ուր կբերի», պարզաբանում է Արշակը:

Regional Post-ի թղթակից Մարգարիտ Միրզոյանն ու տնօրեն Արշակ Թովմասյանը

Դիցուք, Regional Post-ի համար փոդքասթի առավելությունն իր արդյունավետությունն է. «Այսօրվա մարդը հաճախ ժամանակ չի ունենում երկար տեքստեր կարդալ և ձայնային ֆորմատով տեղեկատվությունն ընկալելը շատ ավելի հարմար մեթոդ է, — ասում է ամսագրի տնօրենը, — Բացի այդ, փոդքասթինգում չկա սահմանափակում ո՛չ ժամային, ո՛չ բառաքանակի, խմբագրման կարիք չկա, սրբագրելու՝ ևս»: Այստեղ նույնպես փոխվում է ամսագրի լսարանի տարիքային միջին թիվը, քանի որ այս ֆորմատը գրավում է երիտասարդ ունկնդրին:

Լավ լրացում, բայց ոչ փոխարինում

Ազատություն ռադիոկայանին փոդքասթինգը ևս բերում է լսարանի դիվերսիֆիկացիա, այստեղ կրկին տարիքային ցենզը փոխվում է և գալիս է բովանդակային ազատությունը՝ կարող ես պատմողական ոճ թույլ տալ, երբեմն անցնել սլենգային բառերի, ինչը միշտ չէ, որ կարող ես քեզ թույլ տալ այլ ֆորմատներում: Չնայած որ Ազատության բովանդակության շատ մեծ հատված ևս ձայնային է, միևնույն է, ակտիվորեն մուտք է գործել փոդքասթային դաշտ: Ազատության թղթակից Գևորգ Ստամբոլցյանի «Նորագույն պատմություն» շարքի գլխավոր նպատակը ոչ վաղ անցյալում տեղի ունեցած առավել աչքի ընկնող, երբեմն էլ արդեն մոռացության մատնված իրադարձությունները վերհիշելն է: Օգտվելով «Ազատության» 1995–2015 թվականների աուդիոարխիվից, որում տեղ գտած նյութերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 7 հազար ժամը, «Նորագույն պատմությունը» ներկայացնում է այն ուղին, որ անցել է Երրորդ հանրապետությունը վերջին երեք տասնամյակներին։

Գևորգ Ստամբոլցյանը, համեմատելով ռադիոն և փոդքասթը, ասում է, որ չնայած իրենց առաջին տարբերակով շատ են լսում, բայց այդ դեպքում պետք է ճիշտ պահին բռնացնես, մինչդեռ վերջին տարիներին բովանդակային տրաֆիկը հեռախոսներով է շատ անգամ գնում, ինչն էլ դարձնում է փոդքասթը երևի թե ամենահարմար միջոցը:

Անկախ ամեն ինչից, մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու, որպեսզի մեզ անվանենք «փոդքասթային հասարակություն», բայց պետք է հայացքը դեպի առաջ ուղղել ու պատկերացնել ապագայի մեդիա սպառումը: Մեր բոլոր զրուցակիցները միակարծիք են, որ փոդքասթը չի փոխարինի իրենց տեքստային կամ այլ ֆորմատի բովանդակությանը, բայց լավ լրացում կլինի: Ի վերջո, դուք այս ամենի մասին կարդացիք տպագիր ամսագրում:

--

--