Հնագույն մեդիայի վերածնունդը. ի՞նչ է փոդքասթինգը

Ռադիոյի վերածնունդը, մեդիաներից ամենաանձնականը, թվային գովազդի ապագան։ Այս և նման սահմանումներով և կանխատեսումներով են մասնագետները բնութագրում ձայնային պատումներ տարածելու նոր տեխնոլոգիան՝ փոդքասթը։ Բայց ի՞նչ է դա, այնուամենայնիվ։

editor
evnmag
4 min readMar 20, 2020

--

Տեքստը՝ Սոնյա Արշակյանի
ԵՐԵՎԱՆ #60 | 2020

Սկսենք սկզբից՝ տեխնոլոգիա

Փոդքասթինգի տեխնոլոգիան չէր լինի, եթե չլիներ դանդաղ ինտերնետը։ 1990-ականներին համացանցը նոր էր ձևավորվում, նույնիսկ ծրագրավորողները վստահ չէին, որ այն երբևէ կարող է մեծ ծավալի ինֆորմացիա փոխանցել՝ որակը չկորցնելով։ Ինտերնետ օգտագործողներն էլ էին դժգոհ. վիդեո ներբեռնելն ավելի երկար էր տևում, քան դիտելը։ Այս իրավիճակը շտկելու համար ամերիկացի ծրագրավորող Դեյվ Վայները 2000 թվականին ստեղծեց ֆայլերի նոր տեսակ՝ RSS (Real Simple Syndication) անունով։ RSS ֆայլը թույլ է տալիս, որ դրանում նոր հրապարակումներն ավտոմատ հասնեն ֆայլը ներբեռնած օգտատերերին։

Իրականում, մինչև 2004-ը փոդքասթներն անվանում էին աուդիոբլոգ։ Մինչև լրագրող Բեն Համերսլին The Guardian-ի հետ հարցազրույցում հնարեց փոդքասթ բառը iPod և Broadcast (թարգմանաբար՝ հեռարձակվել) բառերից։

Որտեղ գտնել և լսել փոդքասթներ

Տեխնոլոգիայի զարգացման համար կարևոր մյուս կետը 2004 թվականին էր, երբ iTunes-ում ստեղծվեց փոդքասթների առաջին դիրեկտորիան, որտեղ հեղինակները ներբեռնում էին իրենց ալիքների RSS-ները՝ դրանք հասանելի դարձնելով iTunes-ից օգտվողներին։ Apple-ի մենաշնորհը հիմա հաղթահարված է. արդեն կան այլ դիրեկտորիաներ և հավելվածներ՝ Google podcasts, Stitcher, TuneIn, Podchaser, Spotify, որոնք ամենահայտնին են և անվճար ներբեռնելի են նաև Android և այլ օպերացիոն համակարգերի համար։ Դրանք թույլ են տալիս ընտրել՝ ինչ ալիքների հետևել. միջին փոդքասթ լսողի փլեյլիստում կա ավելի քան 70 ալիքի բաժանորդագրություն։ Փոդքասթ հավելվածները թույլ են տալիս արագացնել աուդիոն՝ երկար էպիզոդները լսել արագ՝ ըմբռնելիի սահմաններում։ Ինչ վերաբերում է թրաֆիքի ծախսին, ապա ձայնային ֆայլերը բնավ ծախսատար չեն. Յուքոմ ընկերության մասնագետների հաշվարկներով միջինում փոդքասթի մեկ րոպեն կլանում է մոտ 1 ՄԲ, այսինքն սովորական կես ժամ տևողությամբ էպիզոդը կծախսի ընդամենը 30 ՄԲ։

Եվ այնուամենայնիվ, տեխնոլոգիան մնում է փոդքասթների ամենաթույլ կողմը։ Մասնավորապես, չկան որոնման համակարգեր։ Հույսը միայն ռեյտինգներն են և ընկերների խորհուրդները։ Ձեր երազանքի փոդքասթը գուցե կա, բայց հնարավոր է, որ դուք այն երբեք չհայտնաբերեք։

(Ան)անձնական բովանդակություն

Առաջին փոդքասթները դանդաղ, չխմբագրված, անմիջական լեզվով հաղորդումներ էին, երկար զրույցներ կամ հեղինակի մենախոսություններ՝ նեղ թեմաների շուրջ։ Իսկական ձայնային բլոգներ։ Քանի որ փոդքասթային արտադրանքի համար մեծ ռեսուրսներ պետք չեն, հերիք է ընդամենը ցանկություն ունենալ։ Հակառակը, հաճախ ամենահաջողվածները նեղ՝ նիշային, թեմաներով փոդքասթներն են՝ արտադրված էնտուզիաստների կողմից։ Այս նեղ թեմատիկ ալիքներն ունեն փոքր, բայց շատ հստակ և նվիրված լսարան։

Փոդքասթինգով զբաղվելու առաջամարտիկներից էին ամերիկացի լրագրողները՝ հիմնականում Հանրային ռադիոյի փորձով (NPR), որոնք փնտրում էին ստեղծագործական ազատություն։ Չունենալով աշխատավարձ՝ անկախացած լրագրողները հույսը դնում էին հանրության նվիրատվությունների վրա։ Եվ դա աշխատում էր: Օրինակ, 99% Invisible-ի համար քրադֆանդինգով հավաքվեց ռեկորդային 170,000 ԱՄՆ դոլար։

Այնուամենայնիվ, փոդքասթների բումը (դրանց թիվը հասել է 800.000-ի, 2019-ին փոդքասթ լսողների թիվն ավելացել է 14 միլիոնով) ազդել է արտադրության կազմակերպման, ֆինանսավորման և նաև ոճի վրա։ Գրեթե բոլոր հայտնի մեդիա կորպորացիաներն արդեն ունեն իրենց փոդքասթ բաժինը (NYTimes, Vox, Economist և այլն):

Կան փոդքասթների նախագծեր, որոնց վրա աշխատում են տասնյակ կամ հարյուրավոր ձայնային ձևավորողներ, հետազոտողներ, սցենարիստներ, արդյունքում ստեղծում են մանրակրկիտ աշխատված ձայնային պատումներ, որոնք հիշեցնում են հոլիվուդյան ֆիլմեր՝ բերելով հոլիվուդյան եկամուտներ (Serial, Caliphate, S-Town): Այնպես որ, այլևս չի կարելի ասել, որ փոդքասթն անպայմանորեն սիրողական, խոհանոցային զրույցներ են։ Շուկայի կայացումից պրոդյուսերներն ակնկալում են եկամուտներ։ «2019 Podcast Ad Revenue Study» հետազոտության համաձայն՝ մինչև 2021-ը փոդքասթներում գովազդի շուկայի շրջանառությունը կգերազանցի մեկ միլիարդ դոլարը, արդեն իսկ այն կազմում է տարեկան մոտ 911 մլն դոլար։

Արդյոք բոլոր թվային աուդիո ֆայլե՞րն են, որ կարելի է անվանել փոդքասթ։ Շատերը կասեն՝ այո, բայց փոդքասթերները կասեն՝ ոչ։ Փոդքասթի նյութն ավելի անմիջական է, այն ավելի ինտիմ հաղորդակցություն է ստեղծողի և լսողի միջև։

Բառացիորեն փոդքասթերը մտնում է ձեր մարմնի, գլխի, ուղեղի ու նյարդերի մեջ անմիջապես ականջակալներով՝ կտրելով ձեզ միջավայրից ու կենտրոնացնելով պատմողի ձայնի վրա։ Օրինակ, հայտնի հարցազրուցավարներ Քենոն Օբրայենը կամ Գրեմ Նորթոնն իրենց փոդքասթներում թույլ են տալիս լինել ավելի անմիջական, արտահայտել իրենց սուբյեկտիվ կարծիքները, ինչը չեն անում իրենց հեռուստատեսային շոուներում, NBC-ում և BBC-ում, համապատասխանաբար։

Ի տարբերություն հեռարձակվող ռադիոյի՝ փոդքասթի դեպքում լսողն ընտրում է՝ ինչ լսել, ուստի ավելի ուշադիր է լսում։ Սա թույլ է տալիս ավելի մեծ կոգնիտիվ կենտրոնացում ու ավելի բարդ ինֆորմացիայի ընկալում։

Ձոն Ձայնին

Դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի, փիլիսոփա Վալտեր Բենյամինի և այլ մտածողների տարվածությունը ռադիոյով կարելի է վերագրել նրան, որ 20-ականներին այն միակ հեռարձակման տեխնոլոգիան էր։ Իսկ այժմ՝ լայվերի և VR-ի դարում, հին ձայնային մեդիան ընտրելը բացատրություն է պահանջում։

Ժամանակակից փոդքասթերները սիրում են պաշտպանվել այսպես. մեր դոմինանտ զգայարանը տեսողությունն է, սակայն ամենաէմոցիոնալը՝ լսողությունը։ Պատահական չէ, որ երաժշտությունն ամենամեծ էմոցիոնալ ազդեցությունն ունի մարդու վրա։

Այսպես, ձայնը հաղթում է որպես լսողների հետ անմիջականորեն շփվելու, նրանց պատումի ստեղծման մեջ ներգրավվելու գործիք։ Ձայնը նաև ավելի շատ տեղ է բացում ստեղծագործելու համար։

Պատահական չէ, որ փոդքասթինգով տարածվում են ոչ միայն քաղաքական լուրեր, դոկումենտալ պատումներ, այլև գեղարվեստական գործեր՝ աուդիո-դրամա, սաունդ-պոեզիա և այլն։

Այնպես որ չկա փոդքասթինգի՝ որպես ժանրային կատեգորիայի սահմանում։ Ավելին՝ ի՞նչ է փոդքասթը հարցը նման է հայելու: Պատասխանից կարելի է հասկանալ, թե ինչ քաղաքական հայացքներ, նպատակներ և հետաքրքրություններ ունեք, ինչ ինտելեկտուալ հղումների վրա է հիմնված ձեր ճանաչողականությունը և այլն։ Օրինակ, եթե անհատ ստեղծագործող եք, իսկ ձեզ հուզող հարցերը դուրս են մնացել մեյնսթրիմ մեդիայից, ապա փոդքասթինգը հիանալի միջոց է ստեղծելու ինդիվիդուալ մեդիա և հասնելու գաղափարակիցներին։ Եթե գովազդային գործակալ եք, փոդքասթինգը կարող է դառնալ հիանալի բացահայտում. փոդքասթների թեմաները հաճախ hստակ են, և եթե արտադրանքին սազող փոդքասթ գտնեք, կհասնեք թիրախային լսարանին՝ խուսափելով հանրային թանկարժեք ու ռիսկային գովազդի տարածք գնելուց։

Եվ ուրեմն, ուրիշների սրտին հասնելու ամենակարճ ճանապարհը փոդքասթն է։ Բայց սրտից սիրտ կամուրջը կկառուցվի այն դեպքում, եթե իսկապես կարողանանք ուսումնասիրել ձեր սրտի աշխատանքն ու ռիթմը՝ գտնելով այն, ինչն իրոք սիրում եք ու պատրաստ եք կրկնապատկել՝ կիսելով լսարանի հետ: Չէ՞ որ ձայնը հույզ է, իսկ հույզերը չեն խաբում։

--

--