Ասեղը դնում ես ու վայելում

Վինիլային ձայնապնակները սովորական առօրյայի մասն էին մի քանի տասնամյակ առաջ և զարմանալի չէ, որ այսօր՝ թվային ամեն ինչի դարում, դրանցից օգտվելը կարող է մի քիչ բարդ թվալ։ Բայց քանի որ վինիլը վերադառնում է, մենք կհիշեցնենք ամենակարևորը՝ ինչով ու ինչպես լսել պնակները, ու ինչի վրա ուշադրություն դարձնել դրանք գնելիս:

editor
evnmag
4 min readFeb 12, 2020

--

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի
ԵՐԵՎԱՆ #58, 2019

Նվագարկիչը

Ցանկացած սկսնակ վինիլիստի առաջին քայլը ճիշտ turntable՝ ձայնարկիչ ունենալն է: Դրանց տասնյակ տեսակներ կան, բայց միևնույն է, անգամ տեխնոլոգիական առաջընթացի դարում, ամենալավը համարվում է հինը, ցանկալի է՝ պապիկից մնացածը: Բնականաբար, գոյություն ունեն նաև պրոֆեսիոնալ ձայնարկիչներ, բայց սկզբնական շրջանում սիրողական turntable-ը ձեզ լիովին բավարար է: Սիրողական մակարդակում լավ նվագարկիչներ են համարվում Crosley, Victrola, Ortofon ընկերությունների վինիլային նվագարկիչները (համացանցում կարելի է գտնել ընդունելի տարբերակներ 60 ԱՄՆ դոլարից սկսած, մինչդեռ պրոֆեսիոնալ սարքերը կարող են անցնել հազարը):

Շատ հաճախ դրանք ունենում են վինտաժային ոճի դիզայն՝ հին, մի քիչ մաշված ճամպրուկի մեջ են վաճառվում, որպեսզի փոխանցեն այն տարիների տրամադրությունն ու վինիլ լսելու ընթացքի յուրահատկությունը: Պարզապես հանում, դնում ես վինիլը, ասեղն իջեցնում վրան և արդեն պատրաստ է:

Ձայնարկչի հիմնական խափանումը գալիս է ասեղից՝ վինիլն առաջինը վնասող և ամենաշուտը փչացող դետալն է: Դրա համար գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել հենց ասեղին: Խորհուրդ են տալիս վերցնել Schur կամ Ortophone ընկերությունների ասեղները:

Պնակը

Առհասարակ վինիլն ինքն իրենով շատ փխրուն չէ, բայց ամեն դեպքում զգուշությունը չի խանգարի: Այստեղ տրամաբանությունը բավական պարզ է՝ որքան շատ են վրայի խազերը, այդքան ավելի վնասված է պնակի ձայնագրությունը: Բնականաբար, խազերի հարցն ունի մեկ այլ կողմ, մասնավորապես այն, որ հին վինիլները չեն կարող խազեր չունենալ (եթե, իհարկե, տարիներով տուփի մեջ չեն մնացել). դրանք պնակին որոշակի ազնվականություն են հաղորդում, բայց միևնույն է, պետք է խնամքով վերաբերվել: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս ծայրերից պահել՝ մատների բարձիկներով, քանի որ մատնահետքերը ևս կարող են ազդել ձայնագրության որակի վրա:

Սկավառակները պարտադիր է պահել արևից և խոնավությունից հեռու, քանի որ դրանք տաքությունից դեֆորմացվում են, դառնում ավելի հեշտ ճկվող, հետևաբար ձայնի և հենց պլաստիկի որակը փչանում է:

Վինիլներն առհասարակ շուտ փոշոտվելու հատկություն ունեն: Մատնահետքեր, փոշի, լաքաներ, քերծվածքներ. բոլորն աղմուկ են ստեղծում, փչացնում ձայնի որակը: Բայց եթե ժամանակ առ ժամանակ խնամվեն, հնարավոր է խուսափել վաղաժամ փչանալուց: Անգամ կարելի է ամեն նվագելուց առաջ և հետո հատուկ խոզանակով կամ չոր շորով անցնել վրայով: Չի կարելի նաև պնակները պահել հորիզոնական դիրքում:

Ի տարբերություն մի շարք այլ կրիչների, վինիլները բավական ծանր են՝ մինչև 220 գրամ, այդ պատճառով էլ վինիլները չի կարելի շարել իրար վրա ու այդպես երկար պահել, քանի որ ամենաներքևում գտնվող պնակները կարող են վնասվել և կրկին ճկվել: Ի դեպ, ամենալավ վինիլները համարվում են 180 գրամանոցները:

Արտադրող

Խորհուրդ են տալիս լեյբլին ևս մեծ ուշադրություն դարձնել վինիլ գնելիս: Վերցրե՜ք Colombia, Polydor, Blue Note կամ Motown. դրանք տասնամյակներով ապացուցված տեխնիկական և բովանդակային որակ ունեն: Դե իսկ սովետականից, բնականաբար, «Մելոդիա», ուրիշը չի էլ եղել, թեպետ այդ նույն ընկերությունն ունեցել է տարբեր գործարաններ՝ Միության տարբեր քաղաքներում: Ամենաորակյալը մոսկովյան «Գրամզապիսն» էր, հատուկ համբավ ուներ Ռիգայի գործարանը, որտեղ օգտագործվում էին եվրոպական սարքավորումներ։ Մյուս կողմից՝ խորհուրդ է տրվում ամեն գնով խուսափել Թբիլիսիի և Տաշքենդի գործարանների արտադրանքից։

Հիմա նաև տարածում են գտել գունավոր վինիլները, բայց արդարության համար ասենք, որ գույնից բացի ոչնչով չեն տարբերվում հասարակ պնակից: Պարզապես ձեր սիրելի երաժշտությունը նաև ավելի գունեղ տեսք կունենա ձայնարկչի վրա պտտվելիս, ուրիշ ոչ մի բան։

Քայլ առ քայլ

Մինչ հատուկ հեղուկով մաքրելը, սկզբից պետք է պնակների համար նախատեսված խոզանակով մաքրել փոշին: Հետո լավ ուսումնասիրել պնակը, նայել ինչ հետքեր են վրան մնացել, քանի որ հաճախ, հատկապես երբ գնում ենք արդեն օգտագործված վինիլ, շատ կարևոր է այդ հատվածները ճիշտ մաքրել, որ երկար ծառայեն: Մնացած լաքաների վրա մի քիչ հեղուկ/սփրեյ ենք ավելացնում և փափուկ կտորով (միկրոֆիբրա կամ բամբակ) շրջանաձև շարժումներով մաքրում մնացած մատնահետքերն ու այլ լաքաները: Լեյբլի հատվածին հեղուկ չպիտի դիպչի, քանի որ շուտ է գույնը գցում:

Միացնում ենք փլեյ կոճակը, ասեղը շատ զգույշ, առանց կտրուկ շարժումների տեղադրում ենք սկավառակի վրա, որպեսզի խազեր չառաջանան, հարմարվում ենք ու վայելում ջերմ վինիլային ելևէջները:

--

--