Արագ ու պարզ դեսերծիկներ ձեր «ոսկի ձեռքերով»

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readMar 30, 2020

Հա հա, գիտեմ, որ լիքը տարբեր էջեր կան բոլոր հնարավոր սոց․ ցանցերում, որտեղ միլիոնավոր ռեցեպտներ կան համով բաներ սարքելու, բայց այդ բազմազանության մեջ պետք է դեռ ընտրել ու առանձնացնել նրանք, որոնք չեն պահանջի ութսուն յոթ հատ բաղադրիչ, որոնց համար պետք կլինի մի վեց հատ խանութ գնալ էս կարանտինի պայմաններում, կամ էլ ավելի ձեռնտու կլիներ պատվիրելը թե՛ ժամանակի, թե՛ ծախսած գումարի առումով։ Հետո էլ չդառնա էլի, որ որոշում եք կինո նայել, հետո ավելի շատ ժամանակ ծախսում եք ընտրելու ու ռեվյուներ կարդալու, քան հենց կինոյի վրա։

Մի խոսքով՝ ես արդեն ռեվյու արել եմ + մեր տան ռեցեպտների գրքից առանձնացրել եմ մի քանի բաղադրատոմս, որ համապատասխանում է Մաշմելլլոուի բոլոր պարամետրերին

  • պատրաստվում է արագ,
  • պատրաստվում է ահագին հեշտ, նույնիսկ եթե կյանքում ոչինչ չեք թխել, դուխովկան էլ նոր պետք է հասկանաք՝ ոնց ա միանում,
  • դժվար թե սխալվեք կամ համով չստացվի,
  • չի պահանջում թանկուկրակ եսիմինչ բաղադրիչներ։

Առաջինը մալինայով պիրոգով եմ ձեզ հետ կիսվում, որը թեթև ու ոչ շատ քաղցր է։ Հետո երևի խձորովը կլինի, հետո տարբեր պեչենկեք․․․

Ինչ է մեզ պետք

  • 100 գրամ կարագ
  • 50 գրամ շաքարավազ
  • 1 հատ ձու (խմորի համար)
  • 1 հատ ձու (միջուկի համար)
  • 150 գրամ ալյուր
  • 150 գրամ մալինա
  • 200 գրամ թթվասեր
  • 1 ճաշի գդալ օսլա (կրախմալ)
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի

Կստածի մալինային կարող են փոխարինել բալը, հաղարջը և այլ հատապտուղներ։ Եթե թարմ լինեն, շատ ավելի լավ, բայց ես սառեցրած մալինայով էի թխել ու ահագին լավ էր ստացվել։

Ինչպես ենք պատրաստելու

  1. Սկզբից պատրաստում ենք խմորը։ Դրա համար սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը խփում ենք շաքարի հետ, ավելացնում ենք ձուն ու ալյուրը։ Խառնում ենք։
  2. Ֆորմայի հատակին չենք մոռանում ձեթ քսել ու նոր միայն խմորը տարածել ու մի քիչ էլ բործիկներ թողնել։ Դնում ենք սառնարան՝ 20 րոպե սառելու։
  3. Միջուկի համար խառնում ենք ձուն, թթվասերը, օսլան, շաքարի փոշին։ Խառնում ենք ու լցնում սառած խմորի վրա։
  4. Սկսեք մալինաները շարել միջուկի վրա այնպես, որ մի քիչ խորտակվեն։ Հետո դնում ենք վառարան 40 րոպեով 180 աստիճանի վրա։
  5. Պատրաստ պիրոգը թողեք հանգիստ, որ սառի ու վուալյա։

Դե հա, որ զգաք՝ ինչ կարգի հեշտ է իմ բաղադրատոմսերով թխելը, շատ հնարավոր է, դուք էլ ինձ պես կյանքում առաջին անգամ տանը մարզվեք։ Բայց դե էս տխուր իրավիճակում, որ չենք գնում մեր սիրած սրճարանները՝ մեր սիրած դեսերտներ ուտելու, կարող ենք մեզ ու մեր սիրելիների տրամադրությունը բարձրացնել պլյուս հավես ֆոտոներ անել, որ տանը մնացած օրերն արագ անցնեն։

Follow Mashmalllow on Instagram

--

--