Երբ քամին կհանդարտվի (𝐒𝐢 𝐋𝐞 𝐕𝐞𝐧𝐭 𝐓𝐨𝐦𝐛𝐞) | 𝟐𝟎𝟐𝟎

editor
his dudeness | կինոմատեան
4 min readApr 13, 2021

2020-ը պիտի հայկական կինոյի համար եթե ոչ բեկումնային, ապա գոնե անհամեմատ վառ լիներ նախորդ տարիներից։ Արտավազդ Փելեշյանը 27 տարվա ընդմիջումից հետո նոր ֆիլմ նկարեց, էն էլ լիամետրաժ։ Մեկնարկից 17 տարի հետո վերջապես ավարտվեց Արամ Շահբազյանի «Չնչիկը» ու հասավ Բուսանի կինոփառատոն։ Հայաստանցի Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինի» պատերազմական պոեմը հասավ Վենետիկի զուգահեռ ծրագիր։ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին կհանդարտվի»-ն ամենամեծ աղմուկով կրակեց․ ներառվեց Կաննի ծրագրում։ Բայց ստեղ արդեն սկսվեց հայիբախտությունը։

Կաննի կինոփառատոնը չեղարկվեց աննասուն քովիդի պատճառով։ Նորան ու իր հայ-ֆրանսիական անձնակազմը պիտի սիրուն շորեր հագած Կրուազետով քայլեին, կարմիր գորվով մտնեին Լյումյեր դահլիճ (իսկ դա շնչակտուր անող առասպելական դահլիճ ա, կինոյի տաճար՝ Դյուդը իր աչքերով ա տեսել), արժանանային լավ կամ վատ, բայց միջազգային լրջագույն մեդիաների ուշադրությանը, փառք ու պատիվ վայելեին, քննարկեին ապագայի մեծ պլաններ։ Բայց ավաղ։ Համենայն դեպս, ֆիլմը ստացավ Կաննի պաշտոնական պիտակը ու պիտի աշնանը մտներ ֆրանսիական վարձույթ՝ էլի մեծագույն հաղթանակ թեկուզ կիսա-, բայց հայկական ֆիլմի համար։ Ու եղավ քովիդի երկրորդ ալիքը, ու փակվեցին կինոթատրոնները։ Իսկ նոյեմբերին պիտի լիներ ուշացած Ոսկե ծիրանը, մեծ շուք, փառք ու պատիվ գոնե հայրենի հողում։ Եվ ի՞նչ։ Շատ լավ էլ գիտենք ինչ․․․

Ի վերջո, ֆիլմը ցուցադրվեց պատերազմից վիրավորված (բայց էդ ժամանակ դեռ կռվող) Հայաստանի համար հանգանակության շրջանակում՝ Ոսկե ծիրանի հատուկ յոթօրյա ծրագրում։ Ու ի՜նչ ձևի ա թռթռում մարդու սիրտը (նույնիսկ ամենացինիկ Դյուդի), երբ մեծ էկրանին հայտնվում են հենց էդ րոպեին գոյատևման կռիվ տանող Արցախի ծով-անտառները, Ստեփանակերտի մաքուր փողոցները ու արցախցիների չարչարված, բայց ամուր հայացքները։

Էդ ամեն ինչ մենք տեսնում ենք քչախոս ֆրանսիացի Ալենի աչքերով, ով գալիս ա Արցախ վոլգա-տաքսիով, որպեսզի աուդիտ անի Ստեփանակերտի նորակառույց օդակայանը։ Առաջին իսկ այցի ժամանակ պուպուշ, կարգապահ եվրոպացի հյուրը ապշած նկատում ա չվերթուղու մեջտեղով անվրդովվ քայլող 8 տարեկան մի տղայիկի։ Զարմանում ա՝ «Էս ո՞նց ա ստեղով անցնում», ուղեկցողը ուսերը թափ ա տալիս՝ «Շատ խելացի ա վարվում, ճանապրհը մեկուկես կիլոմետրով կրճատում ա»։ Էս երկու հերոսներն են փոխեփոխ էկրանին, ամեն մեկը իր հագով պրոբլեմներով, ամեն մեկը իր անելիքներով։

Մեկը զարմանում ա, թե էս արցախցիները ո՞նց են ուզում ինքնաթիռ նստացել ստեղ, երբ սահմանն ու թշնամին էդքան մոտ են, իսկ չվերթուղով անցնում ա ամեն մի խելացի տղա։ Երկրորդը ամբողջ օրը ջուր ա ծախում (ըստ գովազդի՝ ինչ-որ հատուկ աղբյուրից, բայց դե ամեն գովազդի պետք չի հավատալ) ու փող ա հավաքում, որ մահացած ծնողներից մնացած լքված հողում ցորեն աճացնի։ Մեկը քիչ քիչ ընկերանում ա տեղացիների հետ ու սկսում ա կասկածել, որ պետք ա լինել ոչ թե անաչառ, այլ արդար, իսկ երկորրդը մեծանում ա, բախվում ա մեծական կյանքի դժվարություններին։ Ու էդ ամեն ինչ օդակայանի ֆոնին։

Դեռ մինչև ֆիլմի դիտումը, երբ հայնտնի դարձավ, թե ինչի մասին ա ֆիլմը, արդեն ապշեցուցիչ էր, թե ինչ ֆանտաստիկ սիմվոլ ա՝ տիեզերական անարդարությունը ներկայացնելու, իրավիճակի աբսուրդը շեշտելու համար։ Կա հող, կա երկիր, կան մարդիկ, կա օդակայան՝ երկու թեևերը փռած, կարծես փորձում ա գրկել Արցախը ճախրելուց առաջ։ Բայց ինքնաթիռները չեն գնում ու չեն գալիս։ Ու մինչև էդ երկթև անխոս հերոսը չկա աշխարհի օդային քարտեզի վրա, աշխարհի քարտեզի վրա կարծես չկա նաև Արցախը։ Արցախցիները փորձում են բացատրել Ալենին, որ մի՞թե կարելի է գոյություն ունենալ, բայց լինել անտեսված։ Ըստ էության, ձանձրալի Ալենի ուսերին ա դրված էդ հսկա որոշումը՝ սիմվոլիկ առումով վերադարձնե՞լ աշխարհին Արցախը, թե՞ ոչ։ Համենայն դեպս, ֆիլմի գրեթե ողջ ընթացքում Ալենն այդպես ա կարծում․․․

Ֆիլմը կինոարվեստի շլացուցիչ նմուշ չէ, եվրոպական կինոյի համար գուցե քիչ թե շատ անցողիկ մի բան․ մենք նույնիսկ չգիտենք, թե Կաննի որ ծրագում էր լինելու, քանի որ քովիդյան ցուցակը ներկայացվեց ընդհանրացված, նաև դրանում մեծ դեր է խաղացել ֆրանսիական կողմը, որը Կաննի համար միշտ հավելյալ միավոր է։ Բայց հայկական կինոյի համար հաստատ կարևորագույն քայլ էր։ Արցախի հետ էսպես կամ էնպես կապ ունեցող ֆիլմեր բավական շատ են նկարահանվում, բայց հազվադեպ են դրանք լինում ճիշտ չափցված-ձևված, բալանսավորված, ասելիքի ու ձևի ճիշտ համադրությամբ։ «Քամիում» չկա աչք կոխած ողբ՝ այո, արցախցիները լքված են, բայց ոչ կոտրված; չկա դրսի աչքերի համար էկզոտիկայի չափազանցում՝ բարեբախտաբար, սահմանափակվում է «վոլգայով» ու վարդավառով, չկա տեսարժան վայրերի անդադար ցուցադրություն։ Փոխարենը կան նուրբ օպերատորական աշխատանք, խորություն ու բնականություն ապահովող երկրորդական կերպարներ (հատուկ նշենք Վարդան Պետրոսյանի անտուն Արմենին, որը փոքր Էդգարի միակ ընկերն ա), Արցախի ողջ գեղեցկությունը ցուցադրող, բայց ոչ բացիկային վայրերը (ինչպես Անահիտ Աբադի «Եվայի» դեպքում, ստեղ էլ, իհարկե, մեծ դեր են խաղացել համաարտադրող երկրից անձնակազմը՝ էս դեպքում Ֆրանսիայի)։ Վերջապես կա հստակ միտք, ասելիք, հայտարարություն, որի մասին չի աղաղակվում, այլ հանգիստ, վստահ ասվում․ մենք այստեղ ենք, մենք կանք։ Մենք կճախրենք, հենց որ քամին հանդարտվի։

Բայց․․․

Ինչպես հայտնի է, օդակայանը չաշխատեց։ Մնաց անինքնաթիռ, թեևերը փռեց հողին, չթափահարեց, չթռավ։

Գիտենք նաև, թե ոնց իրեն դրսևորեց աշխարհը․ էլի աչքերը փակեց, ձև արեց, իբր Արցախը չկա։ «Երբ քամին կհանդարտվի»-ն ցավալի ու չնախատեսված դիպուկ եղավ էս գրողի տարած 2020-ի համար, որի ընթացքում քամին ոչ միայն չհանդարտվեց, այլև վերածվեց կործանարար փոթորկի։

Նայել/չնայել — նայել (ենթադրաբար հունվարին կցուցադրվի կինոթատրոններում)

--

--