𝐌𝐢𝐧𝐚𝐫𝐢 | 𝟐𝟎𝟐𝟎

editor
his dudeness | կինոմատեան
2 min readApr 13, 2021

Կորեացիների ընտանիքի բանջարաբոստանային արկածները ռեյգանական Ամերիկայում։

Անցյալ տարի ամերիկացիների սրբութուն Օսկարը տարավ հեռավոր Կորեայում նկարահանված “Մակաբույծը”։ Էս տարվա սկզբում Նեթֆլիքսը հայտարարեց, որ 500 միլիոն բաքս կներդնի կորեական կոնտենտի ստեղծման մեջ։ Մի երկու ամսից շատ Օսկարներ կստանա մի ամերիկյան կինո, որը 80 տոկոսով կորեերեն ա ու պատմում ա մի կորեական ընտանիքի մասին, որը 80-ականներին (էդ ժամանակ Կորեայում կիսաֆաշիստական ռեժիմ էր ու հեչ կայֆ չէր) տեղափոխվում ա Ամերիկա, որ գտնի իրա ամերիկյան երազանքը։

Երազանքը ունի կոնկրետ ձև․ ընտանիքի հայր Ջեյքոբի ուշքն ու միտքը կորեական բանջարեղենի աճեցումն ա ամերիկյան հողի վրա, որ հետո կարողանա էդ ամեն ինչ ծախել էն տասնյակ հազարավոր կորեացիների վրա, որոնք իրա նման փախնում գալիս են Օմերգա։ Մարդը էնքան ա տարված էդ գաղափարով, որ բանի տեղ չի դնում կնոջ, աղջկա ու հիվանդ սրտող տղայի բողոքներն ու դժվարությունները։ Լավ ա գոնե Կորեայից երեխեքին նայելու ա գալիս երեխեքի մորական տատիկը (մի հրաշք տատիկ, որը ճաշ չի եփում, կարդալ չգիտի, բայց կարտ ա խաղում ու երեխեքին կյանք սովորացնում)։

Առաջին հայացքից Minari-ն արդեն բավական հոգնեցրած ամերիկյան երազանքի մասին ա, ու ինչ-որ առումով տենց էլ կա։ Մենակ թե շատ կարևոր են շեշտադրումներն ու ճանապարհը, որով մեզ առաջարկում են անցնել երկու ժամում։ Օրինակ, համարյա բոլոր գործողությունները տեղի են ունենում ընտանիքի նոր առած տանը ու հողամասում՝ Օկլահոմայի չոլերում, քաղաքակրթությունից հեռու՝ իրանք, իրանց հողը, ու իրանց հարաբերությունները (որոնցում ամենահավեսը, իհարկե, տատիկ-թոռ հարաբերություններն են)։ Ջեյքոբի իդեա ֆիքսը արտաքին դետալներով կապված չի հենց Ամերիկայի հետ, այլ պարզ, մարդկային ձգտում ա՝ գոնե մի բանի հասնել կյանքում, թեկուզ եթե էդ մի բանը հողի տակ ջուր գտնելն ա, համով բանջարեղենի աճեցումը ու վաճառքը։

Տեսարաններից մեկում կորեացի տատիկը (որը, ըստ թոռնիկի բնորոշման, “իսկական տատիկ չի”) բացատրում ա, թե ինչ ա մինարին՝ կորեական ավանդական խոտաբույս, որը մի հրաշք ա, իրան սիրում են բոլորը, ինքը օգտակար ա բոլորին։ Այ տենց կինո ա Minari-ն՝ կորեական համեմունքներով, բոլորի համար, շատ օգտակար ու հաճելի։

Նայել/չնայել — նայել

--

--