Ռուսական ռաբիզ ֆիլմ հայկական թեմայով. «Երկրաշարժ». 10-ից 3

Դիանա Մարտիրոսյան | newmag.am | 10 նոյեմբերի 2016

editor
kinomedia
3 min readJan 28, 2019

--

newmag-ի կինոքննադատը դիտել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»: Ինչո՞ւ է այն թույլ սյուժեով, պաթետիկ ու ռաբիզ կինո մեծ ողբերգության մասին:

Սարիկ Անդրեասյան անունն առաջացնում է որոշակի ֆիզիոլոգիական ռեզոնանս կինոսերների այն հատվածի մոտ, որին ծանոթ են նրա ոչ այդքան որակյալ կատակերգությունները՝ լի պարզունակ կլիշեներով և երրորդ կարգի կվն-ական գեգերով: Իսկ այն «կինոթատրոն-գնացող-սարիկի-մասին-չիմացող» խմբին, որն ուրախ է միայն նրա համար, որ մենք ունենք Գյումրու և Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ՝ սպասում է հիասթափություն:

Ռուսական մեյնսթրիմի շնաձկային պայմաններում Անդրեասյանն ու իր եղբայրները տարեցտարի գնում են միայն առաջ. օրինակ՝ դեպի Հոլիվուդ, որտեղ նկարահանում են օսկարակիր Էդրիեն Բրոուդիին միջին ու աննկատ մարտաֆիլմում: Եթե Բրոուդիի հետ հոլիվուդյան ֆիլմ, ապա ինչո՞ւ ոչ կիսահայկական պատմական դրամա: Անգամ եթե դու մի քանի տարի առաջ ոչինչ չէիր ուզում լսել գյուղանման երկրի մասին:

«Երկրաշարժը» սկսվում է աղետային օրվա առավոտից, մակերեսային ծանոթացնում է պատմության գլխավոր հերոսների և իրենց խնդիրների հետ, ինչից հետո ցուցադրվում է հատուկ էֆեկտներով էքշն տեսարան և ահա՝ բոլորը փլատակների տակ են, կամ փորձում են փրկել փլատակների տակ մնացածներին:

Դրամատուրգիական խնդիրները կաղում են առաջին իսկ րոպեներից. ներկայացված երկու գլխավոր հերոսներն էլ ընտանիքի հայր, վճռական և ուժեղ Կոնստանտին Բերեժնոյն (Կոնստանտին Լավրոնենկո) ու երիտասարդ, չկայացած ու անմեղ Ռոբերտը (Վիկտոր Ստեփանյան) հակադրված են իրար: Տարիներ առաջ, Կոնստանտինի պատճառով Ռոբերտի ընտանիքն ավտովթարի է ենթարկվել, փրկվել է միայն տղան, իսկ մեղավոր վարորդը` հայտնվել բանտում: Ռոբերտն ամբողջ կյանքում սպասում էր այս հանդիպմանը, բայց անսպասելի աղետը փոխում է ամեն ինչ:

Պաթետիկ ու քաշքշած սյուժե: Սակայն սա է ֆիլմի գերխնդիրն ու սցենարական հիմնասյունը: Կան այլ ընտանեկան մինի-դրամաներ, որոնց լուծումն, իհարկե, ընտանիքի անդամների միացումն ու միասնությունն է, իսկ դա հասկանալու համար պետք է տեղի ունենա ինչ-որ կատակլիզմ, օրինակ՝ երկրաշարժ:

Հայ հանդիսատեսն ուղղակի վերածվում է գերզգայուն ներվի, երբ խոսքը գնում է հայկական թեմատիկայով ֆիլմի էկրանավորմանը, և չի հասկանում, որ սա իր և իր ծանոթների կյանքի արխիվը չէ, այլ գեղարվեստական ֆիլմ, արվեստի գործ: Կինեմատոգրաֆն այսօր, Հայաստանում, վերածվել է ծիծաղեցնելու կամ լացացնելու տուրբո-մեքենայի, և եթե հարցնես լացող կամ ծիծաղող հանդիսատեսին, նա քեզ չի էլ կարող բացատրել, թե ինչն ինչոց է. պարզապես էմոցիաներ: Նույնն, իհարկե, կլինի «Երկրաշարժի» դեպքում: Կգտնվեն մարդիկ, որոնք ձեռքից բաց չեն թողնի թաշկինակները, սակայն դա ֆիլմի ռեժիսոր-սցենարիստների և դերասանների ավանդը չէ. պարզապես հիշողություններ ու էմոցիաներ:

Սարիկ Անդրեասյանն այն կինոգործիչն է, ով խնդիր չունի ռուսական գումարներով հայկական ֆիլմում թույլ, անհետաքրքիր, անգամ մարդասպան և գող հայերին ներկայացնել ֆիլմի իսկական հերոս ռուս պերսոնաժի ֆոնին: Չէ՞ որ նրա նախորդ ֆիլմերում առկա են հիմար, ոչ ինտելիգենտ, սպորտային համազգեստով «աշոտիկներ ու խաչիկներ»: Հետևաբար, ֆիլմը չի կարող ունենալ և ոչ մի ուժեղ ու տպավորիչ կողմ: Միայն ձայանային դրամատուրգիան խախտած սաունդթրեք ու ռաբիզացված ողբերգություն՝ գետնին ընկած տիկնիկներ, խաչեր, «հիսունյոթ» անգամ ցուցադրված կանգնած ժամացույց: Սակայն, օ˜ հիշողություններ, օ˜ էմոցիաներ:

--

--