Սպիտակ

Արտավազդ Եղիազարյան | His Dudeness | 20 սեպտեմբերի 2018

editor
kinomedia
3 min readJan 25, 2019

--

Եվս մեկ ֆիլմ 88-ի երկրաշարժի մասին, նորից Ռուսաստանից։

Մի քանի տարի հայ հասարակությունը ցնցվում էր ցեղասպանության մասին հերթական մեծ կամ փոքր, հայկական կամ ամերիկայն կամ գերմանական պատմական դրամա նայելով, սպասելով ու քննարկելով (ու՞ր ա Ճոյտի ֆիլմը, ես ձեզ եմ հարցնո՜ւմ) և այդես աննկատ եկավ երկրաշարժի մեծ հոբելյանը։

Երկրաշարժի 30-ամյակին խելացի ռուս կինոշնիկները շուտ էին սկսել պատրաստվել (իսկ մերոնք՝ դեռ չեն սկսել)։ Երեք տարի առաջ առաջին անգամ հայտնվեցին լուրերը երկու զուգահեռ նախագծերի մասին՝ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժի» ու Ալեքսանդր Կոտտի «Սպիտակի»։ Երկուսն էլ ֆինանսավորում էին ստացել պետական ֆոնդերից, երկուսն էլ, բնականաբար, հայկական կապեր ունեին։ Սարիկի հետ զարմանալիորեն որոշեց աշխատել Ռուբեն Դիշդիշյանը։ Դա ավարտվեց աղետի մասին ահասարսուռ մի կիտչով, որը նայելուց մարդ ֆիզիկական ցավ ա զգում, որովհետև էդքան վատ շատ դժվար ա ֆիլմ նկարահանել։ Բայց դե Սարիկի հետ վաղուց ամեն ինչ քիչ թե շատ պարզ ա, իսկ Կոտտը կարող էր զարմացնել։ Եվ ահա, «Սպիտակը» (իսկ Սարիկի ֆիլմը Գյումրիում էր տեղի ունենում) Երևանում է։

Համեմատություններ անելը սխալ ա, բայց էս դեպքում անխուսափելի։ Ուրեմն, եթե Սարիկը իրա միամիտ հալով որոշել էր նկարահանել սրտաճմլիկ պսևդո-հոլիվուդյան ֆիլմ-աղետ, որտեղ բուն աղետը զգալի դերակատարում ունի (փող են ծախսե՜լ, կանաչ ֆոնի վրա կոմպով քանդվող եկեղեցի են նկարե՜լ), ապա Կոտտը նկարահանել ա ավելի կամերային, քչախոս ու քչագույն ֆիլմ։ Ստեղ շենքերի փլուզման disaster porn չկա։ Չի բացառվում, որ զուտ ֆինանսական պատճառներով, բայց օբյեկտիվորեն ֆիլմի կառուցվածքը ոչ էլ պահանջում ա։ Փոխարենը հերոսները մեկուկես ժամ թափառում են Սպիտակի մոխրագույն փլատակների մեջ ու փորձում գտնել կենդանի կամ սպանված բարեկամներին։

Բավական անճոռնի տեսարան, որտեղ ռուս զինվորականը ֆրանսուհի լուսանկարչուհուն ֆրանսերեն (!!!) ասում ա, որ կարդում ա «Պատերազմ և խաղաղությունը»

Հերոսները շատ են, բայց գլխավորը ընտանիքից բաժանված և Մոսկվայում ապրող Գոռն ա, որը երկրաշարժի հաջորդ օրը գալիս ա գտնելու, չեք հավատա, կնոջն ու աղջկան։ (Սարիկի մոտ՝ ռուս հերոսը փնտրում էր Գյումրիում կնոջն ու տղային)։ Կան լիքը երկորդական հերոսներ ու սյուժետային գծեր, որոնց մի մասը սկսվում են օդից ու ցնդում օդում։ Օրինակ՝ բերդից զեկերին ուղարկում են մարդկանց օգնելու, ու վերջ, էդ զեկերից մեկին ենք մենակ տեսնելու հետո ու էն էլ հանգիստ կարայինք չտեսնեինք (բերդի թեման, ի դեպ, հատուկ կամ պատահաբար հղում ա Դմիտրի Կեսայանցի «Աղետին», որը ֆանտաստիկ լավ ֆիլմ ա՝ միակ լավը երկրաշարժի մասին առայժմ)։ Ֆրանսիացի բժիշկն ու իրա հիսթերիկ լուսանկարիչ-աղջիկը նույնպես մենակ խրոնոմետրաժ են լցնում և, դե, ցուցադրում որ ամբողջ աշխարհն էր եկել օգնելու (ի դեպ, տարակուսանք առաջացրեց հայ կանանց ոհմակը, որը հարձակվում ա դիակ լուսանկարող աղջկա վրա, ուղղակի հարձակվում ծեծում են)։ Աշխարհի ընդհանրապես և առանձին մարդկանց բարությունը ցուցադրված ա պարզունակ, տաս-անգամ-տեսած ձևերով։ Հա, ասեցի որ disaster porn չկար, փոխարենը կան բազմաթիվ սպանված մանկական դիակներ։ Իսկ սպանված երեխեքով արցունքները քամելը դաղալություն ա:

Նորից համեմատենք․ եթե «Երկրաշարժը» կինո անվանելը նույնիսկ դժվար ա, ապա «Սպիտակը» որոշ արժանիքներ ունի։ Լավ օպերատորական աշխատանքը ու վիզուալն ընդհանրապես օգնում են լինել հերոսների հետ փլատակների մեջ ու գոնե մի քիչ զգալ էն, ինչ ուզում էր ցուցադրել պարոն Կոտտը։ Բայց հենց մի քիչ խրվում ես վիճակի մեջ, մեկ էլ հերոսները անում են հերթական անհիմն արարքը (որը չես բացատրի նույնիսկ տրավմատիկ ու սթրեսային իրադրությամբ) կամ բլթցնում հերթական բանալ ռեպլիկը, որը չի դառնում ոչ մի նոր բանի բանալի։ Դերասանները, իհարկե, վիզ են դնում, բայց երբեմն խաղալու բան էլ չունեն (տես՝ փոքր աղջկա հետ փլատակների տակ մնացած մորը):

Ֆիլմի բացող տեսարանում մայրն ու աղջիկը ֆոտոստուդիայում են (լուսանկարիչը միայն Կոտտին և աստծուն հայտնի պատճառով լուսանկարում ա կամեռա օբսկուրայով, մոտավորապես մի դար շփոթելով), լուսանկարիչը աղջկան ասում ա՝ «չթարթես»։ Աղջիկը այդուհադերձ թարթում ա, ու էդ պահին պատերը շարժվում են, լույսը հանգում ա ու կադրից դուրս տեղի ա ունենում աղետը։ Եթե թարթեինք ու էդ ակնթարթում անցներ «Սպիտակը», երևի ոչինչ չկորցնեինք։

Դեռ հայտնի չի երբ դուրս կգա, բայց արդեն կա նկարահանված երրորդռուսական կինոնկարը երկրաշարժի մասին։ Մեջը խաղում են Մկոն ու Արմեն Ջիգարխանյանը։

Ենթադրություն. «Աղետը» դեռ երկար ծալած կունենա երկարաշարժի մասին բոլոր ֆիլմերին։

--

--