Ինչպե՞ս դարձնել դասապրոցեսն առավել արդյունավետ

Masis Karapetyan
Preezma Software Development Company
7 min readAug 18, 2020

Ողջույն, ես Մասիսն եմ։ Խնդրում եմ հարմար տեղավորվել, որովհետև ես մի քանի օգտակար բաներ ունեմ պատմելու 😉։ Ես ծրագրավորում եմ “Preezma — Reactive Software Development” ծրագրավորման կազմակերպությունում և դասավանդում “Bitschool ծրագրավորման և բիզնես դպրոց”-ում։ Դասավանդման ամբողջ ընթացքում մի շարք բացահայտումներ եմ արել ինձ համար, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն նաև բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ չափով կապ ունեն կրթական ոլորտի հետ (ոչ միայն ՏՏ, այլև մնացած բնագավառներում)։

Մինչ այդ նշեմ, որ եթե դուք չեք դասավանդում, այլ պարզապես ուզում եք սովորել ծրագրավորում, դիմե՛ք Bitschool, և մեզ հետ միասին բացահայտե՛ք ծրագրավորման գաղտնիքները։
Իսկ հիմա եկեք ծանոթանանք այն 9 քայլերին, որոնք կդարձնեն դասապրոցեսն ավելի արդյունավետ։

Պատրա՞ստ եք, դե ինչ, գնացի՜նք․

1․ Վստահություն ձեռք բերեք ուսանողների շրջանում

Քանի որ մարդիկ մեզանից պետք է ինչ-որ նոր բաներ սովորեն, մեր առաջին քայլը նրանց շրջանում վստահություն ձեռք բերելն է։ Իսկ ինչպե՞ս։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է․

  • Թույլ տվեք, որ ուսանողները որոշ չափով ճանաչեն ձեզ (չափը կորոշեք ինքներդ)
  • Եղե՛ք ինքնավստահ (բայց ոչ գոռոզ 😉)
  • Ունեցե՛ք ավելի շատ գիտելիքներ, քան անհրաժեշտ է նրանց փոխանցելու համար (կարծում եմ՝ ավելորդ չէ սա նշելը, որովհետև կան մարդիկ, ովքեր անտեսում են այն)

2․ Ստեղծե՛ք մթնոլորտ

Կարծում եմ՝ շատերին դուր չեն գալիս բուհերում ձևավորված ուսանող-դասախոս ստանդարտ հարաբերությունները։ Ես էլ միշտ դեմ եմ եղել դրան ու համարել եմ այն ոչ արդյունավետ։ Քանի որ մարդիկ դասերի մասնակցում են ինչ-որ բան սովորելու նպատակով, նրանք դա պետք է անեն ոչ թե ստիպված կամ չուզենալով, այլ մոտիվացված ու հաճույքով։ Պետք է ստեղծել մտերմիկ միջավայր, որտեղ ուսանողները չեն նկատի ձեր “գերակայությունը” իրենց նկատմամբ։ Դուք պետք է լինեք ընկեր, ով կօգնի և կուղղորդի նրանց, այլ ոչ թե պարզապես դասախոսություն կարդացող (դրանք տարբեր բաներ են)։

3․ Մի՛ մոռացեք մոտիվացիայի մասին

Սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է ցանկացած գործում։ Հաճախ մոտիվացրեք մարդկանց և նրանք կգնահատեն դա։ Մարդկանց ինչ-որ բան անելու համար մոտիվացնելն ավելի հեշտ ու արդյունավետ է, քան թե նրանց ստիպելը, չէ՞ որ երբ մի բան քո ցանկությամբ ես անում, այն անում ես սիրով և ստանում ես որակյալ արդյունք։

Ծրագրավորում սովորելը բարդ ու ժամանակատար գործընթաց է, ուստի շատ կարևոր է հետևել, որ ոչ ոք չշեղվի ընթացքից ու չհիասթափվի, ոչինչ հեշտ չի տրվում, բայց երբ հասնում ես դրան, հասկանում ես, որ այն այնքան էլ դժվար չէր։ Ես հաճախ եմ ուսանողներիս պատմում իմ անցած ճանապարհի, հանդիպած դժվարությունների մասին, խորհուրդներ տալիս, որ նույն սխալները թույլ չտան ու ավելի արագ հասնեն իրենց նպատակներին, քան ես եմ հասել։ Լինում են նաև զավեշտալի պատմություններ, երբ միասին ծիծաղում ենք ու մոտիվացված շարունակում դասը։

4. Եղե՛ք համեստ

Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք, եղե՛ք համեստ։ Եթե ձեզ հարց են տվել և չգիտեք ճիշտ պատասխանը , խոստովանեք այն։ Այդպիսով դուք ընդհակառակը, ավելի կամրապնդեք ձեր հանդեպ ձևավորված վստահությունը։ Որևէ բան չիմանալը վատ չէ, վատն այն է, երբ ձևացնում ենք, թե գիտենք (վաղ թե ուշ դա բացահայտվելու է, այնպես չէ՞ 🤔)։

Բոլորս էլ միմյանցից բաներ ունենք սովորելու, իսկ այն դեպքերում, երբ ինձ ուղղված հարցի պատասխանը չեմ գտնում, փորձում ենք բոլորս միասին իմանալ, քննարկել, վերլուծել, հաճախ նաև՝ “google” անել։ Պատկերացրեք, թե ի՜նչ հաճելի զգացողություն է, երբ միասին գտնում եք հարցի պատասխանը։ Նախևառաջ, բացի նոր բացահայտում անելուց, այն տալիս է մի արժեքավոր բան ևս․ հարցը տվող ուսանողն իրեն կարևոր ու պատասխանատու է զգում, որովհետև իր շնորհիվ ես նոր բան սովորեցի (իսկ սովորաբար հակառակն է լինում 😅), իր շնորհիվ մյուս ուսանողները նոր բան սովորեցին, որը, հնարավոր է, որ այդպես էլ չիմանային։ Բացի այդ, մեզ մոտ բոլորը գիտեն, որ ծրագրավորումը դինամիկ զարգացող ուղղություն է և միշտ էլ կլինեն այնպիսի բաներ, որ, օրինակ դրանց կտիրապետի սկսնակ ծրագրավորողը, իսկ 10 տարվա փորձ ունեցողը գաղափար անգամ չի ունենա այդ մասին։

5․ Եղե՛ք համբերատար

Պետք է ընդունենք, որ մարդիկ չունեն հավասար հնարավորություններ, ուստի, բոլորը չէ, որ միանգամից կընկալեն նյութը կամ կտիրապետեն տրամադրված ինֆորմացիային։ Պետք է լինել համբերատար ու պատասխանել բոլոր հարցերին (նույնիսկ եթե ստիպված լինեք նույն բանը կրկնել մի քանի անգամ 😒)։ Հաճախ ես նյարդայնանում եմ, որ հասարակ բաները մարդիկ դժվարությամբ են ընկալում, բայց հետո հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ես սովորում էի, որոշ բաներ կարողացել եմ հասկանալ գրեթե մի տարի անց, երբ արդեն բավականին փորձ ունեի 😅😱։ Այնպես որ, պետք է փորձենք մտածել ուսանողի տեսանկյունից, հաշվի առնելով վերջինիս գիտելիքների ու փորձի մակարդակը, բնավորությունը, նախասիրությունները, տրամադրությունը և այլն։

6․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ հարցեր տալ, բայց բոլորն էլ ճիշտ պատասխաններ են ակնկալում

Համաձայն եմ, եթե ուզում ես ճիշտ պատասխան ստանալ, ապա պետք է ճիշտ հարց տալ։ Իսկ ի՞նչ, եթե մեզ սխալ հարց է տրվել 💁‍♂️։ Այդ ժամանակ մենք ենք սկսում հարցեր տալ, ճշտումներ անել, մինչև որ չհանգենք հարցի բուն էությանը։ Սակայն պետք չէ շտապել և անմիջապես պատասխանել հարցին։ Փորձե՛ք ուսանողին տալ հետևյալ հարցը․

Իսկ ո՞րն է քո կարծիքը այդ խնդրի վերաբերյալ, կամ ի՞նչ ես կարծում, ըստ քեզ, ո՞րն է քո հարցի պատասխանը։

Այս դեպքում ձեր փոխարեն մտածում է ուսանողը և ձեր օգնությամբ գտնում պատասխանը։ Այդ ճանապարհով նա զարգացնում է իր վերլուծական մտածողությունը և սովորում է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Սովորաբար մարդիկ իրենց ներսում ծագած մտքերն ու լուծումներն ավելի հեշտությամբ են ընդունում, քան ուրիշների ասածները, նույնիսկ այն դեպքերում, երբ վերջիններս լիովին համընկնում են (ակնհայտ է, որ բոլորս էլ սեփական անձին ավելի ենք վստահում, քան ցանկացած այլ մարդու)։

7․ Կենտրոնացեք ո’չ թե կոնկրետ խնդիրների լուծման վրա, այլ այն բանի վրա, թե ընդհանրապես ինչպես պետք է ճիշտ լուծել խնդիրները

Այստեղ արժե հիշել հին իմաստությունը․

Տու՛ր մարդուն ձուկ, և նա կուշտ կլինի 1 օր, սովորեցրու՛ նրան ձուկ որսալ, և նա կուշտ կլինի ամբողջ կյանքում։

Մենք, անկախ նրանից, թե ինչով ենք զբաղված, մեր ամբողջ կյանքում խնդիրներ ենք լուծում, բայց, ցավոք, թե՛ դպրոցում և թե՛ բուհերում մեզ չեն նախապատրաստում ապագա խնդիրների լուծմանը, փոխարենը մենք սովորում ենք որոշակի խնդիրների լուծումներ, բայց այդպես էլ ձեռք չենք բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանանք լուծել գրեթե ցանկացած խնդիր։

Երբե՛ք մի լուծեք կոնկրետ խնդիրները մարդկանց փոխարեն, սովորեցրեք նրանց ընդհանուր խնդիրների լուծումները և նրանք ինքնուրույն կլուծեն արդեն իրենց հանդիպած ցանկացած խնդիր։ Մի՛ փորձեք անգիր անել ինչ-որ խնդրի լուծումները, փորձե՛ք հիշել և կիրառել վերջինիս լուծման համար կիրառվող ալգորիթմները, մոտեցումները և տեխնիկան, այդպիսով կկարողանաք լուծել գրեթե ցանկացած խնդիր, անգամ այն դեպքերում, երբ վերջիններս որևէ ընդհանրություններ չունեն տվյալ խնդրի հետ։

Խնդիրներ լուծելիս կիրառե՛ք “բաժանի՛ր, որ տիրես” սկզբունքը․

Եվ այսպես, ունենք առաջին հայացքից բարդ ու անհասկանալի մի խնդիր։ Ինչպե՞ս լուծել դա 🤔։ Շատ պարզ․ բաժանում ենք խնդիրը տրամաբանորեն այնքան փոքր մասերի, որոնք որ, որպես առանձին խնդիրներ, ի վիճակի կլինենք լուծելու։ Այսպիսով, քայլ առ քայլ փոքր խնդիրներ լուծելով և դրանք միմյանց միավորելով, պարզում ենք, որ նախնական խնդիրը լուծված է 💡։

Իհարկե, այստեղ չպետք է մոռանալ նաև լուծման ալգորիթմի մասին, այն է՝ մշակել այն քայլերի հաջորդականությունը, որոնք որ կհանգեցնեն խնդրի լուծմանը, վերլուծել և հասկանալ, թե ինչ նախնական տվյալներ են տրված, ինչ վերջնարդյունքներ են պահանջվում և ինչ միջոցներ կարելի է կիրառել վերջնարդյունքներին հասնելու համար։

8․ Ոչ բոլոր նյութերն են ընկալվում նույն կերպ, ուստի ամեն մի նյութ պահանջում է իր ուրույն մոտեցումը

Ես հաճախ նոր նյութը սկսում եմ ներկայացնել ոչ թե հենց բուն թեմայից, այլ բերում եմ ինչ-որ իրավիճակի օրինակ կամ ինչ-որ խնդիր։ Բոլորս համոզվում ենք, որ խնդիրն առկա է և այն պահանջում է լուծում։ Միասին փորձում ենք մեր իմացածի վրա հիմնվելով ինչ-որ լուծում առաջարկել և եթե լուծումները մի քանիսը ստացվեն, ապա շատ ավելի լավ, համեմատում ենք ու գտնում դրանցից ամենաօպտիմալները։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց․․․ Ես սկսում եմ ներկայացնել նոր նյութն ու ցույց տալ, թե ինչպես է լուծվում նույն խնդիրն արդեն նոր մեթոդով։ Համաձայն եմ՝ այստեղ գրեթե միշտ առաջանում է մի փոքրիկ հիասթափություն (երբ այդքան մտածելուց ու որոնումներից հետո միանգամից հասկանում ենք, որ նոր լուծումն ավելի հեշտ է իրականացվում ու ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում 😕), բայց մեթոդի առավելությունն այն է, որ նյութն ավելի լավ է ընկալվում, և վերջում չպարզաբանված հարցեր գրեթե չեն մնում։

Միաժամանակ պարզ է դառնում, թե․

  • ինչ խնդիրներ է լուծում տվյալ մեթոդը (լուծման հետ մեկտեղ ծանոթանում են նաև խնդիրներին, որոնք որ, միգուցե, դեռ չգիտեին)
  • ինչ կիրառություններ ունի ընդհանրապես
  • այլընտրանքային ինչ տարբերակներ կան (նաև թե ինչպես օգտագործել դրանք)
  • ինչ առավելություններ ունի այն իր այլընտրանքային տարբերակների նկատմամբ

9․ Եղե՛ք պահանջկոտ ոչ միայն ուսանողների, այլ նաև ինքներդ ձեր նկատմամբ

Պահանջկոտությունն ու կարգապահությունը բերում են որակի։ Մենք նախևառաջ պետք է ինքներս մեր նկատմամբ լինենք պահանջկոտ, որովհետև մեզանից ավելի շատ պատասխանատվություն է սպասվում, քան ուսանողներից։ Մի՛ դադարեք ամեն օր ինչ-որ նոր բան սովորել, հատկապես, եթե այն կապ ունի ձեր աշխատանքի հետ։

Քանի որ մեր ոլորտը ծրագրավորումն է, ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում կոդի որակին։ Ուրիշի կոդը կարդալով փորձառու ծրագրավորողը կարող է կարծիք կազմել գրողի մասին և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ։ Ընթեռնելի ու կոկիկ գրված կոդը կարող է խոսել մարդու կազմակերպված ու պատասխանատու լինելու մասին։ Հատկապես ամենասկզբում, երբ ուսանողների մոտ նոր է ձևավորվում իրենց ուրույն ձեռագիրը, պետք է հետևողական լինել, որ այն լինի գրեթե անթերի (մի քիչ չափազանցրեցի, իհարկե 😅), հակառակ դեպքում այն փոխելը կլինի շա՜տ դժվար։

Խիստ ուշադրություն պետք է դարձնել նաև գործնական աշխատանքներին, որովհետև դրա շնորհիվ են ամրապնդվում տեսական գիտելիքները։ Անհրաժեշտ է դիտարկել բոլորի առաջարկած լուծումները, որովհետև միևնույն խնդիրը կարող է ունենալ մի քանի լուծումներ, այդ դեպքում հնարավորություն ենք ունենում քննարկելու և համեմատելու տարբեր լուծումներ և, ինչու չէ, նաև ընտրելու դրանցից լավագույնը կամ լավագույնները։

Դե ինչ, հուսով եմ՝ հոդվածն օգտակար եղավ, շնորհակալ եմ հետաքրքրություն ցուցաբերելու և ընթերցմանը ժամանակ տրամադրելու համար։ Վստահ եմ, որ դեռ շատ կետեր էլ դուք կարող էիք ավելացնել, կամ հնարավոր է, որ համամիտ չլինեք իմ մտքերի հետ, բայց սրանք իմ կարծիքով ամենակարևոր սկզբունքներից են, որոնք կդարձնեն դասապրոցեսն ավելի արդյունավետ և հաճելի։

Հաջողություն եմ մաղթում 🤗🤗🤗։

--

--