Լուսանկարը՝ Ազատություն։

Ազատ չի նշանակում արդար

Sam Martirosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
3 min readJun 10, 2019

--

Աբովյանի ընտրություններում հաղթեց Ծառուկյանի «դաբռոն» վայելող անկուսակցական թեկնածուն։ «Իմ Քայլը» դաշինքից թեկնածուի պարտության մասին շատերը ասում են, որ կարևորը ազատ ընտրություններ էին՝ նման բան նախկինում հնարավոր չէր, սխալների վրա էլ կսովորեն, կանցնի կգնա։ Չեմ մտածում, որ կանցնի կգնա, էսպես, առանց հետևանքների։

Փաշինյանը մեկնաբանեց պարտությունը այսպես.

«մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ֊տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ֊տեղ պարտվեն… Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը»։

Ես կարծում էի, որ ազատ ընտրությունների ու արդար ընտրությունների միջև տարբերությունը ակնհայտ է, նաև պետք է ակնհայտ լիներ այն, որ ազատ ընտրություններ դեռ չի նշանակում արդար ընտրություններ։

Ու ընդհանրապես, ազատությունն առանց արդարության փուչ բան է։

Քաղաքական դիլետանտություն է մեղքը բարդել մարդկանց վրա, ովքեր քվեարկել են Վահագն Գևորգյանի օգտին, ասելով, թե շահ են ունեցել կամ տեր չեն կանգնում հեղափոխությանը ու որ հեղափոխությունը Աբովյան չի հասել։ Իսկ «նախկին» օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Ապարանում մայիսի 28-ը տոնող փոխվարչապետ Ավինյանին հասե՞լ է հեղափոխությունը։

Եկեք մտածենք, արդյոք արդար է, որ մարդիկ շարունակում են գտնվել այն իրավիճակում, երբ ԲՀԿ֊ի պրոտեժեին քվեարկելն ավելի ձեռնտու է։ Աբովյանում հասարակությունը այնքան է կապված Ծառուկյանի կապիտալի հետ և՛ տնտեսապես, և՛ անձնական կապերով, որ անդեմ իմքայլական թեկնածուն, ուղղակի լինելով իմքայլական, չէր կարողանալու որևէ բան անել, առավել ևս հաղթել։ Նույնիսկ Փաշինյանի Աբովյան այցից հետո, նույնիսկ իմքայլական պատգամավորների այցից հետո, նույնիսկ աղմկող մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ջանքերից հետո։

Այս ընտրությունների նպատակն էր հաղթել կապիտալին, թափ տալ դրա ազդեցությունն ու ազատել Աբովյանը, բայց կապիտալն այսքան հեշտ չի հանձնվում, հիմնականում դրան չեն հուզում քաղաքական գործիչների վարկանիշն ու ճառերը, քանի որ այն ուղղակիորեն կապ ունի ու վերահսկում է մարդկանց ամենօրյա կյանքը։ Հեղափոխության արդյունքում պետության ղեկին հայտնված ուժը ի՞նչ է անելու, որ մարդկանց ազատի տեղի ֆեոդալների կողմից այդքան հմտորեն գործած սարդոստայնից։

Տրամաբանական կլինի պնդել, որ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը պետք է արդարությունը վերականգի, տարածի, տանի հասցնի քաղաքական և հասարակական կյանքի բոլոր հասանելի ու անհասանելի տեղեր։ Պետք է մարդկանց առօրյան ու կենցաղը ազատագրել, պետք է կենսապայմաններն ազատագրել, պետք է սկսել սրանից։ Ու եթե ստացվի, միտքը կազատագրվի ու վառ կմնա։

Փոխարենը սկսում են մտքից, ասում են՝ «միտքդ վա՜ռ պահի՛ր»։ Փաշինյանի ֊իզմը (նեո)լիբերալիզմն է, իսկ դրա խնդիրը նրանում է, որ այն ամեն ինչ սկսում է մտքից. աղքատությունը՝ մտքում, փոփոխությունը՝ մտքում, հեղափոխությունը՝ մտքում, փոխվիր, որ փոխես։ Իսկ ու՞ր է իրական ու բարդ աշխարհը, ի՞նչ պայմաններ են միտքը վառ պահելու համար, դրանք ընդհանրապես կա՞ն։ Անցած տարի ժողովուրդը դուրս թափվեց ու հեղափոխություն արեց ոչ թե նրա համար, որ միտքն այնքան պայծառ ու վառ էր, որ ստիպեց փողոց փակել ու մերժել հներին, այլ նրա համար, որ առօրյան դարձել էր անտանելի ու արդարությունը անտեսանելի, ելք չկար, կյանքը դաժան էր ու անհույս։

Աբովյանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովրդական հեղափոխությունը չի կարող նման ընթացք ստանալ, չի կարող համահարթ ունենալ, չի կարող նման տնտեսական դոկտրին ունենալ, չի կարող նման հռետորաբանություն ունենալ։ Քանի դեռ այս ամենը կա, Աբովյանի ընտրությունների պես պարտությունները կրկնվելու են ավելի հաճախ։

--

--