Գագիկ Ծառուկյանի անկեղծությունը լորդուհիների մեմից այն կողմ

Anna Shahnazaryan
Սեւ Բիբար (Sev Bibar)
2 min readDec 5, 2018

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գործիչները ցուցադրում են իրենց ոչ միայն քաղաքական դիրքորոշումները, այլև ինտելեկտուալ կարողությունները։ Գագիկ Ծառուկյանի բանավոր խոսքին հետևելը զվարճալի մտավոր վարժանք է, խաչբառի նման, որ նախադասության ու բառերի կեսը լսողը գուշակի ու տեղադրի մտքում, որսա բազմաթիվ սխալները։

Երբ 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Ծառուկյանը պատմում էր, որ Անգլիայից լորդերի ու լորդուհիների պատվիրակություն է ընդունել, Լոնդոնը այնպիսի երկիր է, որտեղից պետք է ներդրումներ բերել և այլն, նրա ինտելեկտուալ անկեղծությունը գրավեց սոցիալական ցանցերում քննարկումների մեծ սպեկտր։

Ինձ, սակայն, ավելի շատ հետաքրքրեց Գագիկ Ծառուկյանի բերանից սայթաքած քաղաքական դիրքորոշման անկեղծությունը։ Նա ասում էր, որ Անգլիայից ներդրումներ է բերելու, իրենց կապերն օգտագործի, օրենքներ ընդունեն, որ ներդրողները աշխատեն․․․ Ահա՛, թե ում համար են գագիկծառուկյանները օրենքներ ընդունում։

Նման ներդրող էլ Լիդիանն էր, որի համար ակնհայտ կոռուպցիոն նկրտումներով նախորդ կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնցով ընկերությունը ստացավ ներպետական և միջազգային օրենսդրական նորմեր խախտելու թույլտվություն և Ամուլսարը հանք դարձնելու աղետաբեր ծրագիրը սկսեց իրականացնել։

Դժբախտաբար, ներդրումացավը կպած է նաև հետհեղափոխական կառավարությանը։ Եթե Գագիկ Ծառուկյանն անկեղծորեն ցուցադրում է իր դիրքորոշումը, թե ում համար է ինքը պատրաստվում օրենքներ ընդունել, ապա կառավարությունը նույն օրենքներն ընդունում է ժողովրդին ծառայելու շղարշի ներքո, ահավասիկ կենսաթոշակային համակարգի մասնավորեցումը՝ հանրային փողի հանձնումը ֆինանսական կառավարիչներին, որը նոր կառավարությունը չկարողացավ կամ չցանկացավ չեղարկել, կամ հարկային համահարթեցման մասին օրինագիծը, որն այդքան քննադատության է արժանանում, և որն ամենայն հավանականությամբ կուղարկվի նոր խորհրդարան ու կընդունվի։

Պետք է ձերբազատվել այս ներդրումացավից․․․

--

--