Երբ ներդրումը մոգական բառ է

Sevan Petrossian
Սեւ Բիբար (Sev Bibar)
4 min readSep 28, 2018

Համարվում է, որ յուրաքանչյուր ներդրող նախեւառաջ ու միմիայն բարիք ու աշխատատեղ ստեղծող է ու տնտեսության զարգացման խթանը, եւ նրա պատասխանատվությունը երկրի ու մարդկանց հանդեպ սկսում ու ավարտվում է հարկեր վճարելով: Իրական կամ թվացյալ տնտեսական հնարավորություններ ունեցող երկրում նրանից հաճախ նվազագույն պատասխանատվություն է ակնկալվում` մարդկանց նկատմամբ:

Սեպտեմբերի 5-ին Արմավիրի մարզի խաղողագործները փակել էին Երեւան տանող ճանապարհն ու պահանջում էին մթերվող խաղողի գնի բարձրացում: Նախկին տարվա 130 դրամի փոխարեն այս տարի նրանց առաջարկվել էր 140 դրամ, ինչը չէր բավարարում գյուղացիներին:

Մինչեւ կառավարության կողմից վերջնական ու պաշտոնական դիրքորոշման հրապարակումը, մթերման գներից շարունակաբար դժգոհ ու այդ հարցում փորձառու խաղողագործներն արդեն առաջարկներ էին երկայացնում առ այն, որ մթերողի 140 դրամի եւ իրենց պահանջած 160 դրամի տարբերությունը կառավարությունը փոխհատուցի գալիք տարվա բյուջեի միջոցով: Այսինքն նրանք համաձայն էին, որ իրենք պիտի փոխհատուցվեն իրենց կողմից վճարված հարկերի հաշվին:

Հենց խաղողագործների կողմից ներկայացվող առաջարկը խոսուն օրինակ է քաղաքացի/հարկատու/սպառողի ու ներդրող/գործատու/խոշոր հարկատուի նկատմամբ եղած վերաբերմունքի: Այդ վերաբերմունքը միայն պետության կողմից չէ: Բոլորը՝ խաղողագործները, լրագրողները, լուրը ընթերցող քաղաքաբնակը եւ կառավարությունը կարծես անխոս ընդունում էին այն, որ եթե նույնիսկ խաղողը մթերողի հետ բանակցություններ ընթանան մթերման գինը փոքր-ինչ բարձրացնելու համար, միեւնույնն է պետությունը՝ ուրեմն քաղաքացին, վերջում ստիպված է զիջել, քանի որ, ըստ ընդունված մոտեցման, «բիզնեսը» զիջումների չի գնա եւ պարտավոր էլ չէ գնալ, երբ հարցը իր շահույթին է վերաբերում:

Եթե շատ ամփոփ…

Հայաստանի անկախացման սկզբից պետական արտադրամասերի, հիմնարկությունների, խանութների, ծառայությունների մասնավորեցումը տնտեսական նոր համակարգի վերափոխվելու առաջին քայլերից մեկն էր, ինչը դարձավ անարդար, անօրինական ու չվերահսկվող սեփականաշնորհման գործընթաց: Սկզբում այդ միավորներում աշխատող ու դրանց սեփականատեր դարձած մարդիկ իրենց մասնաբաժինները վաճառեցին այդ պահի ղեկավարությանը կամ հիմնարկության դրսից եկած անձանց: Այդ գործընթացներով եւ դրան հաջորդող բազմաթիվ, հաճախ ստվերային, գործարքներով ծնվեցին անկախ Հայաստանի առաջին գործարանատերերը, խանութպանները: Հետո արդեն դրանք փոշիացան կամ վերավաճառվեցին, հիմնադրվեցին նորերը, ներդրումներ եղան դրսից ո ձեւավորվեց Հայաստանի բիզնես միջավայրը այնպես, ինչպես որ կա: Հետո «պարզվեց», որ պետությունը լավ կառավարող չէ, եւ դեռ չսեփականշնորհված ու ռազմավարական կարեւորություն ունեցող միավորները նույնպես մեկ-մեկ վաճառվեցին կամ պարտքի դիմաց տրվեցին այլ ընկերությունների, որոնցից ոչ բոլորն էին, ի դեպ, հայաստանյան:

Խորհրդայինից հեռանալու, ուրեմնեւ ազատ շուկայի ու տնտեսության ձգտումը կարեւորեց մրցակցությունը: «Ազատ շուկայական հարաբերություններ» եզրը դարձավ տնտեսության փիլիսոփայությունն ու յուրաքանչյուրի առօրյան:

Պատերազմը, շրջափակումը եւ դրանց օբյեկտիվ ու սուբյետիվ հետեւանքներն ու միջավայրը զուգորդված էին վատ կառավարմամբ ու կոռուպցիայով: Ու այդ պայմաններում աղքատության հաղթահարումը ու տնտեսության զարգացումը տարիներ շարունակ համարվում էր ու համարվում է տնտեսական առաջնահերթություն: Այնքան, որ փող գեներացնող յուրաքանչյուր քայլ ողջունելի է անկախ նրանից, որ դրա նախնական կապիտալն ինչպես է ձեւավորվում կամ ինչպիսի պարտքի տակ է հայտնվում երկիրը կամ ինչ պայմաններ են թելադրվում նրան:

Այս երկու տասնամյակի ընթացքում տնտեսական ու քաղաքական այլընտրանքային ձեւերի մասին ձայները բացակայում էին, կամ լսելի չէին:

Արդյունքում նորազատական մրցելու, առաջինը ու հաջողակ լինելու, հարստանալու, «առաջ գնալու» մղումը, դաստիարակությունն ու ապրելակերպը այնքան է հիմնավորվել հանրության մեջ, որ այլեւս չեն նկատվում, թե դրանք ինչպես են օրեցօր նեղացնում մարդու ապրելու, շնչելու, տեղաշարժվելու, մտածելու, ընտրելու իրավունքը: Եթե ավելի մեծ նախաձեռնությունները ժամանակ առ ժամանակ ուշադրության են արժանանում ակտիվիստների խմբերի կողմից՝ ինչպես օրինակ հանքերը, այգիների, պատմամշակութային շենքերի ու հանրային վայրերի վերացումը, ապա համեմատաբար ավելի փոքր բայց ավելի լայնածավալ փոփոխություններն ու երեւույթները աննկատ են մնում. գնային ոչ միշտ վերահսկվող քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնություններին որպես հակազդեցություն բիզնեսը փակելու սպառնալիքը, քաղաքներում խանութների ստեղծած խցանումներն ու վթարային իրավիճակները, ժամանացի վայրերի աղմուկը օրինակ ընդունվում են որպես շուկայի ու տնտեսության բնական բաղադրիչ:

Իշխանության համար «բիզնես» նշանակում է վճարվող հարկեր եւ գործազրկության փոքր թվեր (հաճախ իրականում վատ պայմաններով ու ցածր աշխատավարձերով աշխատանքի տեսքով): Դրա համար էլ այդ բիզնեսը հիմնողին տրվում է ազատություն՝ հանուն տնտեսական աճի ցուցանիշների՝ ամեն գնով:

Այս ամենի մեջ բացակայում է բնակիչը, մարդը ու նրա կարիքները, քանի որ համարվում է, որ այս ամենի արդյունքում ապրում է տնտեսությունը, աճում է բյուջեն, աշխուժանում է կյանքը ու հարկատու սպառողը ապրելու է ավելի լավ:

Լուծում կա՞

Կա: Լուծումները օրենսդրականից առաջ ավելի խորքային են: Եթե տնտեսության հիմքում դրվում է մարդը, ոչ քաղաքացին, կամ հարկատուն, այլ մարդը, ով հանրության անդամ է եւ ունի իրավունքներ ու պարտավորություններ, անկախ իր տնտեսական գործունեությունից, եւ որ համերաշխությունը այդ հանրության մեջ պիտի գերակայի անկախ ամեն ինչից, ապա տնտեսությանը մաս կազմող միավորների գոյացումն ու կեցությունը կընթանա հանուն բոլորի բարօրրության:

Հարկ ու աշխատատեղ գեներացնողը առավելություն չունի մյուսների նկատմամբ, դեռ մի բան էլ հակառակը: Նա օգտվում է բնության ու մարդկանց գոյությունից, կարիքներից ու ցանկություններից, ուրեմնեւ պատասխանատու է նրանց առջեւ, չի կարող պայմաններ ու գներ թելադրել կամ էլ սպառնալ, որ կդադարեցնի կամ կսահմանափակի իր գործունեությունը: Ահա, այսպիսին պիտի լինի պետության մոտեցումը:

Այսօր, երբ ժառանգություն հասած կոռուպցիոն համակարգը պիտի վերափոխվի թափանցիկ ու օրինական համակարգի, երբ տնտեսությունը տարիներ շարունակ աշխատել ու բարգավաճել է ի շահ ընտրյալների ու ի վնաս մյուսների, եւ դեռ շարունակում են մնալ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերները, նման անդորրի հասնելը առավել եւս դժվար է: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը, դատելով հեղափոխության շրջանում եւ այժմ իշխանություն դարձած թիմի մինչ այժմ լսվող հայտարարություններից եւ Հայաստանում առկա քաղաքական ուժերի անցյալից, դեռ անիրականանալի է թվում:

--

--