Հանրային բարիքներ ֆինանսականացման փոխարեն

Մարդիկ պարտքի տակ են, քանի որ հանրային բարիքները՝ առողջապահությունը, բնակարանային ապահովությունը, կրթությունը, երեխաների ու մեծահասակների խնամքը, սահմանափակ չափով են հասանելի։ Տարիներ շարունակ մենք դատապարտել ենք անհատներին՝ կրելու կյանքի այս տարրական անհրաժեշտությունները հոգալու բեռը՝ պարտքով, արյուն-քրտինք թափելով։ Անհրաժեշտ է հրատապ կարգով փոխակերպել այդ բեռը հանրայնացած բարիքների։

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
6 min readOct 12, 2021

--

Հոդվածի հեղինակներ Ֆարին Փարվեզն ու Մարտինո Քոմելլին Պրոգրեսիվ Ինթերնեշընըլի պարտային արդարության կոլեկտիվի անդամներ են։ Ֆարին Փարվեզը սոցիոլոգիայի դասախոս է Մասաչուսեթսի համալսարանում (Ամհերսթ)։ Մարտինո Կոմելին Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորական թեկնածու է

* * * * *

Ողջ աշխարհում մարդիկ պարտքի տակ են, քանի որ չունեն բավարար հասանելիություն հանրային բարիքներին՝ առողջապահությանը, բնակարանային ապահովությանը, կրթությանը, երեխաների ու մեծահասակների խնամքին։ Քանի դեռ կենսագործունեության այս տարրական անհրաժեշտությունները մասնավոր բեռ են մարդկանց ուսերին և հանրային դարձված բարիքներ չեն, պետք է համարենք, որ չենք էլ մոտեցել պարտքի բուն պատճառներին։

Այս հոդվածով պնդում ենք, որ հանրայինի վերականգնումն ու հանրային բարիքների բոլոր տեսակների հովանավորումն առանցքային են պարտային արդարության որևէ տեսակի ճանապարհային քարտեզի համար։ Այն լուծումները, որոնք սևեռվում են ֆինանսականացումը մեծացնելու վրա, սպառնում են է՛լ ավելի մեծացնել և երկարացնել պարտքի բեռը։ Փոխարենը, մեր նպատակը պետք է լինի հանրային բարիքների ու ծառայությունների համընդհանուր հասանելիությունը՝ մինևնույն ժամանակ կառուցելով համերաշխության տնտեսություն։

Ֆինանսական ներառո՞ւմ, թե՞ պարտքի ծուղակ

Վերջին ժամանակաշրջանում ականատեսն ենք բազմաթիվ կազմակերպությունների կողմից ֆինանսական ներառականության կամ բանկային համակարգի ու վարկային ծրագրերի հասանելիության խթանման ծրագրերի, որոնք ներկայացվում են իբրև մարդկանց տնտեսական ճարահատյալության լուծումներ։ Այս միտումին զուգընթաց տեղի է ունեցել տարրական ծառայությունների մասնավորեցման ու մոնետիզացման պարտադրվող գործընթաց։ Սակայն ֆինանսականացումը միայն մեծացնում է պարտապանության վիճակն ու աղքատավարձով ապրող աշխարհի մարդկանց գրեթե ոչինչ չի առաջարկում բացի տնտեսական ծանր դրության աննշան թեթևացումից։ Գլոբալ հարավի երկրներում միկրովարկավորման վերջին շրջանի պատմությունը ողբերգորեն ցույց է տալիս հենց այս իրականությունը․ Բանգլադեշից մինչև Մեքսիկա կանանց խրախուսել են միկրովարկեր վերցնել ու դառնալ կին ձեռներեցներ։ Արդյունքում նրանք հայտնվել են ծանր պարտքերի տակ, չեն կարողացել վերադարձնել միկրովարկերը, գտնվել են շարունակաբար ավելի ու ավելի շահագործող ու վտանգավոր հարաբերություններում։

Պարտապանության մերօրյա ձևերը եզակի են անհատի մեկուսացման խթանման չափերի առումով։ Մենք մեր պարտքերի համար ինքներս մեզ ենք մեղադրում, հաճախ ծայրաստիճան ամաչում ենք ընդունել, թե ինչ աստիճանի պարտակոխ վիճակում ենք։ Ահա թե ինչու է պարտային արդարության համար անհրաժեշտ կոլեկտիվ լուծումներ գտնել և պարտապանների միջև սոցիալական համերաշխություն ստեղծել։ Նման լուծումների կիրարկման երկու խոշոր հարթություններն են պետությունը՝ սոցիալական աջակցության ծրագրերով ու աշխատուժի պաշտպանությամբ, և ժողովրդական շարժումները։

Մասնավոր պարտքն իր էությամբ սոցիալական խնդիր է։ Պարտքը ոչ միայն խաթարում է անհատների ու ընտանիքների կյանքերը, այլև խախտում տնտեսության դրությունը, քանի որ անհատական պարտքերի վերադարձը բանկերին ու այլ վարկատուներին ավելի առաջնահերթ է դառնում, քան տնտեսական աճը խթանելը։ Հետևաբար, դրան պետք է վերաբերել իբրև սոցիալական բարեկեցության խնդիր։ Իրականում, երբ մարդիկ վարկ են վերցնում առողջական կամ կրթական հարց լուծելու համար, խնդիրը հենց պարտքը չէ, այլ պատշաճ ու համընդհանուր բարեկեցության համակարգի բացակայությունը։

Սկանդինավյան երկրներում, օրինակ, արձանագրվում է մասնավոր պարտապանության ամենաբարձր մակարդակը, սակայն՝ գերպարտապանության ամենացածր մակարդակը։ Համընդհանուր բարեկեցության ներառական համակարգերում պարտքը կարող է դառնալ ներդրում, այլ ոչ թե՝ բեռ։ Այսպես, Սկանդինավիայում, հիպոթեքային վարկերի տեսքով մասնավոր պարտքը արտոնության ու հարստանալու նշան է։ Այլ համատեքստերում մասնավոր պարտքի ամենատարածված տեսակներից մեկը սպառողական վարկն է, որը նշան է չբավարարված կարիքի ու հանգեցնում է գերպարտապանության։

Սոցիալական աջակցության բոլոր ծրագրերը նույնը չեն և համընդհանուր բարեկեցության ցանկացած համակարգ հաջողության չի հանգեցնի։ Հնդկաստանում, օրինակ, վերջերս ներդրվել է որոշակի խոցելի խմբերին դրամական նպաստներ փոխանցելու ծրագիրը։ Չնայած աղքատ ընտանիքներն ու անհատներն ունեն այդ փոխանցումների կարիքն ու ողջունում են դրանք, իրականում դրանք չափազանց փոքր են մարդկանց կյանքում նշանակալի փոփոխություն բերելու համար։ Դրանք հաճախ սղաճի նկատմամբ ինդեքսավորված չեն լինում, մտցնում են բարդ բյուրոկրատական ընթացակարգերի մեջ, որոնք մարդկանց նոր տեսակի զրկանքներ են պատճառում ու անհավասարության նոր վիճակների բերում։ Օրինակ, ծննդյան ամսաթվի վրիպակը կամ ռացիոնի քարտի կարգավիճակի սխալը ստիպում է մարդկանց մի քանի անգամ այցելել տեղական կառավարման մարմին կամ փաստաթղթեր հավաքելու համար երկար ժամանակ է պահանջում, ինչն աննշան գործ չէ հանապազօրյա վարձու աշխատանք անողների համար։ Ի վերջո, տնային տնտեսություններն այս դրամական փոխանցումներն օգտագործում են իրենց վարկերի տոկոսները մարելու նպատակով։

Աղքատության նվազեցման հետ կապված չափազանց շատ պայմանականությունները կամ նեղ հասցեականությունն իրականում հակադարձ արդյունքի են բերում։ Երբ սոցիալական աջակցության ծրագրերը թիրախում են ամենաաղքատներին՝ առանց հաշվի առնելու սոցիալական ռիսկերի ու կարիքների լայն ցանկը (երեխաների խնամք, ծերերի խնամք, առողջապահություն), աղքատությունը մեղմացնելուն ուղղված իսկ համակարգերն աղքատներին պատժում են ծախսային իրենց ընտրությունների համար։

[Որպեսզի աղքատները համակարգերի կողմից կրկին չպատժվեն], մենք կոչ ենք անում ստեղծելու ներառական ու համընդհանուր բարեկեցության ծրագրեր, որոնք միտված կլինեն սոցիալական իրավունքներին, ինչպիսիք են՝ ծնողի իրավունքը ստիպված չլինելու ընտրություն կատարել աշխատատեղի և երեխա ունենալու միջև, առողջապահական ծառայություններ ու կրթություն ստանալու իրավունքը, կենսագործունեության կարիքները բավարարող աշխատավարձ ունենալու իրավունքը։ Այս տեսակի ներառումն է, որ սահմանագծում է պարտապանությունը և թույլ չի տալիս, որ այն դառնա գերպարտապանություն։

Կառուցենք համերաշխության տնտեսություն՝ այստե՛ղ և հիմա՛

Թեև հանրային բարիքներ ապահովելու պահանջով պետությունների վրա ճնշում գործադրելը մեծ նշանակություն ունի, այն անորոշություններով լի ու երկարաժամկետ ծրագիր է։ Այդ վերջնակետին հասնելու ճանապարհին աշխարհի շարժումներն ու ակտիվիստներն իրենց ջանքերը կենտրոնացնում են կոլեկտիվ նախագծերի՝ կոոպերատիվներ կառուցելու ու լայն իմաստով համերաշխության տնտեսություն կառուցելու վրա։ Թե ինչ տեսք այն կունենա, ինչպես առաջ կմղի պարտային արդարությունը, արդեն իսկ նշմարելի է բազմաթիվ վայրերի օրինակներով։

Միացյալ Նահանգներում՝ մեծամասամբ սևամաշկ բնակչություն ունեցող Միսիսիպի քաղաքում, Jackson in Jackson կոոպերացիան սկսել է ժողովրդավարական կառավարում ունեցող աշխատավորական կոոպերատիվների ցանց ներդնել։ Այս կոոպերատիվներն աշխատում են նոր փոքրամասշտաբ արտադրությամբ տեղական տնտեսություն կառուցելու ուղղությամբ։ Ծրագիրը ներառում է Համայնքային հողային տրեստի (community land trust) շրջանակներում հիսուն հողակտորի կառավարում, ներառյալ՝ տասը ակրանոց «Ազատության հողամասերի» մշակում, որոնք նախատեսված են պարենային ապահովության ու զուտ պարենի արտադրության համար։ Ջեքսոն կոոպերացիայի նպատակներից է նաև մատչելի բնակարանային ապահովումն ու կենսագործունեության պահանջներին բավարարող աշխատավարձերով աշխատատեղերի ստեղծումը, որի շնորհիվ երկարաժամկետ կտրվածքով կնվազի պարտք վերցնելու կարիքը։ Փոխհուսալի ու փոխաջակցող հաստատությունների կառուցումը բանկերից անկախություն ձեռք բերելու եղանակներից է․ բանկեր, որոնք ունեն սևամաշկ ամերիկացիներին շահագործելու ու բացառելու կենսագրություն։

Քենիայում, որտեղի մինչև 1945թ․ օրենքով արգելված էր սևամաշկ աֆրիկացիների կողմից կոոպերատիվների ստեղծումը, այսօր բնակարանային կոոպերատիվները ցածր եկամուտներով քենյացիների համար հիմնական ճանապարհն են դեպի ֆորմալ բնակարանային ապահովում։ Բնակարանային կոոպերատիվների ազգային միությունն, օրինակ, ներպետական մարմին է, որն ունի բազմաթիվ համայնքահեն անդամ կազմակերպություններ և քաղաքաբնակ աղքատ բնակչությանը հզորացնում է կոլեկտիվ եղանակով մատչելի բնակարաններով ապահովելու միջոցով։ Այն չորս տարվա ընթացքում կազմակերպել է երկու հազար բնակարանային միավորների շինարարություն։ Մի միջավայրում, որտեղ մեծ տարածում է գտել հեռախոսային ծրագրերով վարկավորումը ՝ հանգեցնելով գերպարտապանության ճգնաժամի և բնակվարձի վճարման անկարողության՝ դառնալով միլիոնավոր ընտանիքների պարտքի տակ կքելու հիմնական պատճառ, բնակարանային կոոպերատիվների շարժումները շատ կարևոր շարժում են, քանի որ որոնք անմիջականորեն հասցեագրում են պարտքի արմատային պատճառները։

Համերաշխության տնտեսություն կառուցելու մի օրինակ էլ Պուերտո Ռիկոյի Սան Խուանում գտնվող համայնքային հողային տրեստն է, որի նշանակությունն ավելի մեծացավ Մարիա փոթորկից հետո։ Երբ տեղական ու դաշնային կառավարությունները ձախողեցին պատշաճ արձագանքել հումանիտար ճգնաժամին, շրջակա համայնքները համախմբվեցին, որպեսզի հոգան բնակիչների առաջնային նյութական կարիքները։ Կանյո Մարտին Պենյա համայնքի հողային տրեստը (ՄԱԿ-ի հաբիթաթ մրցանակի 2015թ․ դափնեկիր) կարողացել էր ձեռք բերել երկու հազար մարդու հողային սեփականության իրավունքները 200 ակր հողի նկատմամբ, որի վրա պետք է կառուցվեին նրանց տները։ Այս տարածքի բնակիչները Պուերտո Ռիկոյի ամենաաղքատ մարդկանցից են․ հողի նկատմամբ կոլեկտիվ իրավունքները հնարավորություն են տալիս, որ խոցելի ընտանիքները հետագայում խուսափեն ջենտրիֆիկացիայից՝ չդառնան տեղահանումների զոհ և տարածքի հողի գներն անհարկի չբարձրանան։

Համայնքահեն փոխակերպումների այս օրինակները ցույց են տալիս, թե որքա՛ն արդյունավետ կարող են լինել կոոպերատիվ ջանքերը պարտքից խուսափելու և պարտային արդարության հասնելու հարցում։ Այդուհանդերձ, նման ծրագրերը պետք է զուգորդվեն համակարգային ու քաղաքական փոփոխությամբ պետական ու միջազգային մակարդակներում՝ ապահովելով հանրային բարիքների հասանելիությունը բոլորին։ Մինչ այժմ կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները առաջ են մղել «ֆինանսական ինտեգրումն» իբրև աղքատության նվազեցման ու պարտապանության լուծում, քանի որ դա ավելի հեշտ է եղել վաճառել մարդկանց գիտակցությանն ու ավելի դյուրին է եղել իրագործել․ այն բիզնես ոլորտի քմահաճույքն է և կարող է իրագործվել առանց հանրային ներգրավման։ Բայց արդյունքները շատ քիչ օգուտ են տալիս, որոշ դեպքերում՝ վնասում են աղքատ երկրների, ինչպես նաև հարուստ երկրների խոցելի անհատներին։ Լուծումը ոչ թե մեր կենսագործունեության համար անհրաժեշտ ու մեզ համար արժեքավոր բաների ֆինանսականացնումն է, այլ դրանց հավասար հասանելիության ապահովումը։

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--