Ո՞վ է շահելու համահարթ հարկային համակարգից

Byurakn Ishkhanyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
2 min readSep 10, 2018

Ոնց հասկանում եմ, Հայաստանում բոլորիս երազած սոցիալական արդարությունը դեռ հեռու է։ Նիկոլ Փաշիննյանն իր վերջին լայվում առաջարկում է համահարթ եկամտահարկի ներմուծում: Ու առաջնային հիմնավորումը՝ ստվերի դեմ պայքար: Աշխարհում լիքն են պրոգրեսիվ եկամտահարկով պետությունները, բայց ստվերի մասին խոսք չկա ընդհանրապես, իսկ պատճառներից մեկն այն է, որ եթե գործատուն ռիսկ անի ստվերային գործարք անել, արհմիությունը հաջորդ վայրկյանին աշխատողի կողքին է:

Նիկոլ Փաշինյանն ասում է նաև, որ բարձր աշխատավարձ ստացողները համահարթ համակարգի շնորհիվ փող կկուտակեն, բանկերում լավ կլինի, տնտեսությանը լավ կլինի, այսինքն՝ քաջալերում է սոցիալական անհավասարության սրացումն ու մեծ եկամուտներ ունեցնողների է՛լ ավելի հարստացումը։ Այսինքն, ցածր աշխատավարձ ստացողների համար բան չի փոխվելու, իսկ հարուստերն է՛լ ավելի են կուտակելու:

Փաշինյանը մոռանում է, թե ովքեր են երկու միլիոն դրամից բարձր աշխատավարձ ունեցողները: Էդ էն մարդիկ են, որոնք սահմանում են իրենց ստորադասների ցածր աշխատավարձերը, որոնք շահագործում են իրենց ստորադասներին:

Քառասուն րոպե մարդկանց համոզել փորձելու փոխարեն, գուցե փորձեր բացատրե՞լ, որ հարուստներին շատ հարկելը լավ բան է, որովհետև էդպես սոցիալական անհավասարությունը փոքրանում է, էդպես բյուջե փող է մտնում, որը կարող է ծախսվել առողջապահության, կրթության, կենսաթոշակների, անապահովների ու այլ խոցելի խմբերի վրա: Բայց ոչ, վարչապետի մեսիջը լրիվ ինդիվիդուալիստական է. դու ես ու քո փողը: Համայնքային մտածելակերպի նշույլ անգամ չկա:

Դանիայում ես չորս տարի է, ինչ 37% հարկ եմ մուծում որպես միջին խմբի հարկատու, ու երբեք մտքովս չի անցել դժգոհել, որովհետև նախ դրանից հետո նորմալ ապրելու փող մնում է, երկրորդ (եթե ինդիվիդուալիստական եք ուզում) վճարածս հարկերն ինձ հետ են գալու առողջապահության ու ապագա երեխաներիս կրթության տեսքով, բացի դրանից (եթե համայնքային եք ուզում) էն մարդը, ով աշխատանք չունի կամ ինձնից շատ ավելի քիչ է վաստակում կամ այլ տարբեր ձևերով խոցելի խմբում է, գիտեմ, որ իմ վճարած հարկից շահում է:

Մեկ էլ պետք է գալ, տեսնել, թե էստեղ հարկային համակարգը ոնց է մի քանի անգամ ավելի ջանջալ, քան Հայաստանինը, ու ոչ ոք չի ասում՝ էկեք պարզեցնենք, որ հաշվապահներին հեշտ լինի:

--

--