Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք, կու՞շտ եք

Anna Nikoghosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
2 min readNov 28, 2018

Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք, կու՞շտ եք:
Հասմիկն էլ էր հաց ուզում ուտել,
Փող չուներ, միջոցներ չուներ, աշխատանք-կրթություն չուներ, ոչ մեկը չուներ,
Բայց սոված էր, նրա խնամքի տակ գտնվող երեխաներն էլ էին սոված:
Ուստի գողացավ 4000 դրամ:
Պարոն Զեյնալյան, ձեր մեկ օրվա ընթրիքը արժե 4000:
Դուք կու՞շտ եք: Ընթրիքը ծամել և կուլ տալ ստացվու՞մ է:
Ինձ մոտ չի ստացվում,
Դրա համար եմ ձեզ այսպես դիմում:
Որովհետև արդարադատությունը Հայաստանում
Աչք է փակում աղքատության խնդրի վրա,
Աչք է փակում Եվրոպական դատարանի նախադեպի վրա:
4000-ի դիմաց 5 տարվա ազատազրկու՞մ:
Պարո՛ն նախարար,
Օրենքի լեզվով խոսել չի ստացվում,
Հանուն երեխաների կրկնակի շորթում արած աղքատ մայրը
Համարվում է ծանր հանցագործ,
Մինչդեռ իրական հանցագործները չեն փտում բանտում:
Աղքատությունը հանցագործություն չէ,
Երկրում աղքատություն ունենա՛լն է հանցագործություն:
Լա՞վ եք, պարոն նախարար,
Մարսեցի՞ք ընթրիքը, վաղը ի՞նչ կուտեք:

Սիսիան քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարգսյանի 10.000 դրամի հափշտակության համար մեղադրանքով (իրականում գողացված գումարը 4000 դրամ էր) դատական գործի բողոքարկման գործընթացն ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց քննության առնել Հասմիկ Սարգսյանի բողոքը: Վերաքննիչ դատարանի՝ 5 տարվա ազատազրկման մասին դատավճիռը պետք է ուժի մեջ մտնի:

Հայաստանի արդարադատության համակարգն այսպիսով, ինչպես ցույց է տալիս Հասմիկի գործը, քրեականացնում է աղքատությունն ու ծայրահեղ կարիքի մեջ լինելը։ Հասմիկին համապարփակ աջակցություն ցուցաբերելու փոխարեն՝ պետությունն օգտագործում է ռեպրեսիվ մեթոդներ՝ կարիքավորին և նրա երեխաներին դատապարտելով կեղեքիչ ապագայի:

Ակնհայտ է, որ եթե պետությունը չթերանար իր գործառույթներում և պատժելու մեխանիզմներ կիրառելու փոխարեն կատարեր իր պարտականությունները, ծայրահեղ աղքատության մեջ ապրող Հասմիկը չէր հայտնվի ամբաստանյալի աթոռին։

Հ.Գ.
Հասմիկ Սարգսյանի գործով մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/HV776D:
Հասմիկի կորսված արդարությունը վերականգնելուն ուղղված քայլերի մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://goo.gl/CZ9XKx:

Աննա Նիկողոսյան

2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարություն հանձնվեց դիմում-խնդրագիր Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու վերաբերյալ:

--

--