Պետությունը երաշխավորում է ներդրումնե՞րը. ո՞ւմ հաշվին

Arpine Galfayan
Սեւ Բիբար (Sev Bibar)
3 min readJul 26, 2018
Վանաձորի «Գլորիա» կարի գործարանը հիմնադրումից ի վեր հարկային արտոնություններ է ունեցել: Այստեղ սիրում էին այցելել ՀՀ նախկին կառավարությունների ղեկավարները՝ շեշտելու համար, որ գործարանը և նրա մյուս մասնաճյուղերը 1000-ից ավելի աշխատատեղ են ապահովում: Աշխատանքային պայմաններն այստեղ սարսափելի են, բայց այդ մասին խոսում են միայն խոհանոցներում. պետությունն աջակցում է ներդրողին, ոչ թե աշխատողներին:

Հունիսի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացնելով Կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստվում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ներդրող պաշտպանված կզգա, և որ ինքն անձամբ կլինի ցանկացած ներդրման երաշխավորը: Ավելին, Փաշինյանը նշեց նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) կստեղծվի ներդրումներն ապահովող բաժին և յուրաքանչյուր խոշոր ներդրողին կկցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արձագանքել ներդրողի բոլոր ահազանգերի և լուծել ծագած խնդիրները: Այս կամ նմանատիպ խոսքեր Վարչապետի բերանից լսեցինք նաև այլ առիթներով: Օրինակ, հունիսի վերջին Ռուսաստանից ժամանած մի քանի հայազգի գործարարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իր պատկերացմամբ ներդրողները պիտի ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ պիտի ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը:

Առաջին պահին գուցե շատերիս մտքին են գալիս վերջին 25–30 տարիներին մեր լսած բազմաթիվ պատմություններն այն մասին, որ Հայաստանում որևէ բիզնես հիմնելուց կարճ ժամանակ անց հայաստանցի կամ սփյուռքահայ գործարարներին այսպես ասած «քցել են», այսինքն տարբեր ճանապարհներով յուրացրել նրանց գումարներն ու ստիպել բիզնեսները հանձնել իշխանությանը մոտ կանգնած անձանց: Այս իմաստով, գուցե ուրախանալու առիթ ունեն… մեծահարուստները, քանի որ պետական իշխանություն ունեցողներն այլևս խոստանում են չհետապնդել նրանց:

Բայց ի՞նչ է նշանակում ներդրումների, մանավանդ խոշոր ներդրումների երաշխավորումը վարչապետի ու ԱԱԾ-ի կողմից մնացած 90%+ բնակչությանս համար, ովքեր չունեն միլիոնավոր դոլարներ և այս համակարգում հավանաբար զբաղեցնեն վարձու աշխատողի կամ ծառայություն մատուցողի կարգավիճակ: Եվ ի՞նչ է նշանակում նման պնդումը բնության համար, որը շարունակաբար ստորադասվում է տնտեսական շահույթին:

Սոցիալական իմաստով՝ (խոշոր) ներդրողի շահերի պաշտպանությունը հակադրվում է աշխատողի շահերի պաշտպանությունը: Ինչպես հենց Փաշինյանն էլ ասել է ռուսահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ «…բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: …ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք»: Այո, ներդրումն այլ կերպ ասած այն ծախսն է, որն անելու է անհատը կամ, ավելի հաճախ, ընկերությունը, որպեսզի հետագայում ծավալվող շահութաբեր գործունեության արդյունքում նախ, հետ բերի իր ծախսած գումարը, և հետո ստանա դրանից բազմապատիկ ավելին: Ինչպե՞ս. սովորաբար, նվազագույնի հասցնելով իր ընթացիկ ծախսերը՝ աշխատավարձերը, աշխատանքային պայմանները, խնայելով ավելի անվտանգ տեխնոլոգիաների ներդրման և բնությանը վնաս չպատճառելու համար արվելիք ծախսերը և այլն: Այսինքն, ներդրողի շահերի երաշխավոր դառնալը, առանց հավելյալ մեկնաբանությունների, նշանակում է ոչ ավել, ոչ պակաս՝ երաշխավորել աշխատողների իրավունքների ու շահերի ոտնահարումները, երաշխավորել հնարավոր աշխատավորական, բնապահպանական կամ այլ ընդդիմությունից բիզնեսի պաշտպանությունը պետական բռնության ապարատի ուղղակի միջամտությամբ: Նշանակում է՝ կառավարությունը նաև հոգ է տանելու, որ օրենսդրական մակարդակում սեփականատերերը պաշտպանված լինեն օրինական գործադուլներից, առավելագույն աշխատանքային ժամերի սահմանափակումներից, արժանապատիվ աշխատավարձ վճարելու պարտավորությունից, համեմատաբար երկարատև հղիության ու հետծննդյան արձակուրդներից և այլն: Ի՞նչ է լինելու, եթե, ասենք, խոշոր ներդրողն ԱԱԾ-ին ահազանգի, որ իր աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Ի՞նչ դիրք է բռնելու կառավարությունը: Առաջնորդվելու է օրենքո՞վ: Ինչպիսի՞ օրենքով: Չէ՞ որ օրենքը օբյեկտիվ բան չէ, այլ սահմանվում է՝ տվյալ հասարակության կամ կառավարության արժեքների և արդարության մասին պատկերացումների հիման վրա:

Կան շատ հետաքրքիր ու գործուն այլընտրանքային տարբերակներ՝ տնտեսությունը լայն առումով առանց խոշոր ներդրողների զարգացնելու համար: Եվ դրանցից մեկը կոլեկտիվ ներդրումներն են: Օրինակ, Գերմանիայի մի շարք համայնքներում բնակիչների հավաքական միջոցներով են տեղադրվել ու գործում արևային և քամու էներգիա արտադրող կայաններ, որոնք սպասարկում են ամբողջ համայնքները և մի քանի տասնամյակի հեռանկարում կազատեն համայնքների բնակիչներին էներգիայի համար ընդհանրապես վճարելու բեռից: Արգենտինայում ու Վենեսուելայում հայտնի են աշխատավորների կողմից որպես համատեղ սեփականություն աշխատող գործարանները՝ կարի ֆաբրիկայից մինչև ավտոմասերի արտադրության գործարաններ: Ընդ որում, որոշ դեպքերում պետությունը զգալի օժանդակություն է ցույց տալիս թե՛ օրենսդրական, թե՛ կարողությունների զարգացման իմաստով, որպեսզի նման մոդելները սկսեն աշխատել: Գործնական օրինակները ցույց են տալիս, որ նման համայնքային ու հավաքական բիզնեսները նաև սկսում են գումարներ ուղղել իրենց համայնքում սոցիալական, կրթական, բնապահպանական հարցերին, մի պարզ պատճառով՝ նրանք, նրանց երեխաներն ապրում են այնտեղ: Եթե երաշխավորել, ապա այսպիսի ներդրումները:

--

--