Ներդրումներ ամեն գնո՞վ. Ամազոնն ընդդեմ նյույորքցիների
Փետրվարի 14-ին Ամազոնը՝ աշխարհի ամենահարուստ ընկերությունը[1], հայտարարարություն տարածեց, որում հիմնավորում էր Լոնգ Այլենդում երկրորդ գլխամասային գրասենյակի (Amazon HQ2) բացումից հրաժարվելու որոշումը։ Այն ընդունվեց տեղացի բնակիչների, ակտիվիստների, ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքը ներկայացնող անդամների, քաղաքական գործիչների և արհմիությունների կողմից շուրջ չորս ամիս տևող բողոքների, քննարկումների և հանրային ճնշումների շնորհիվ։ Տեղացիները տոնում են Ամազոնի հանդեպ տարած հաղթանակը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն մեղադրում է Ամազոնին այս որոշման համար, իսկ նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ օրենսդիրներին, ովքեր, իր գնահատմամբ, տապալել են հազարավոր աշխատատեղեր հիմնելու և տնտեսական աճ ապահովելու ներուժ ունեցող ներդրումային ծրագիրը։ Այս հարցի հանգուցալուծումն ամերիկյան և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչու է այս իրադարձությունը կարևոր։
Ներդրումային ծրագրի էությունը
2017 թվականի սեպտեմբերին Ամազոնը հայտարարեց HQ2 հիմնելու իր ներդրումային ծրագրի մասին, ըստ որի՝ երկրորդ գլխամասը լինելու էր Ամազոնի արդեն իսկ գործող, Սիեթլ քաղաքում տեղեկայված HQ1-ի համարժեքը և՛ մեծության, և՛ նոր աշխատատեղերի քանակով։ Ընկերությունը մտադրվում էր ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրում անել ընտրված քաղաքում և 50.000 նոր աշխատատեղեր բացել, բարձր վարձատրությամբ։ Արդյունքում, ավելի քան 200 քաղաք արձագանքեցին Ամազոնի տարածած հայտարարությանը և ներդրումային ծրագրին արժանանալու համար հայցադիմումներ ներկայացրին։
Նման գործելաոճը բավականին ընդունված պրակտիկա է ԱՄՆ-ում՝ ելնելով ազատ շուկայական մրցակցության տրամաբանությունից, խոշոր ներդրողները ներկայացնում են ներդրումների համար իրենց պահանջները՝ ստիպելով հայցատուներին մրցել միմյանց հետ, և ընտրում են այն քաղաքները, որոնք ամենալավ պայմանները կներկայացնեն և կկարողանան բավարարել ընկերությունների պահանջները։
Այս դեպքում Ամազոնը պահանջում էր, օրինակ՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր և հարկային կառուցվածք, 75 հեկտար՝ մեկ միլիոնից ավելի բնակչությունով քաղաքային տարածքում, բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժ, զարգացած համալսարանական կրթության համակարգ, համագործակցելու ցանկություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ, անշարժ գույքի ընտրության հարցում լայնախոհ և ստեղծարար մոտեցում ունեցող համայնքներ և այլն։
Մրցույթին մասնակցող քաղաքները բավականին շռայլ առաջարկներ արեցին Ամազոնին, հիմնականում հարկային արտոնությունների և պետական սուբսիդիաների տեսքով։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, Ֆիլադելֆիան Ամազոնին առաջարկել է 1 միլիարդ դոլարի հարկային արտոնություններ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, կարծես, ամենագրավիչ առաջարկն արեց Ամազոնին՝ ասելով, որ «անունս կփոխեմ Ամազոն Քուոմո, եթե դա պահանջվի (ներդրումային մրցույթում հաղթելու համար)»` նույնպես առաջարկելով հարկային արտոնություններ, սակայն առանց հստակ թվեր նշելու։ Որոշ մասնագետներ, ծանոթ լինելով ներդրումային ծրագրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, որակեցին այն որպես վայրի մրցակցություն։
Որոշ ժամանակ անց Ամազոնը հրապարակեց այս մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած 20 քաղաքներից բաղկացած ցուցակը, որի մեջ ընգրկված էին հիմնականում այն քաղաքները, որոնք հարկային ամենաշատ արտոնություններն էին առաջարկել Ամազոնին և կարողացել էին ցույց տալ իրենց «լայնախոհ» և «ստեղծարար» լինելը։
Սկսվեցին բանակցությունները Ամազոնի և այս քաղաքների ու նահանգների պետական պաշտոնյաների միջև։
Հետաքրքրական և կարևոր հանգամանք էր այն, որ Ամազոնը պահանջեց բանակցություններին մասնակցող բոլոր պաշտոնյաներից ստորագրել տվյալներ չբացահայտելու համաձայնագրեր։ Այս քայլն Ամազոնի կողմից տարօրինակ էր, քանի որ ներդրումային ծրագրի գործընթացն արդեն ընթանում էր հանրայնորեն և հասցրել էր ուշադրություն գրավել։ Նման որոշումը քննադատության արժանացավ մասնավորապես այն պատճառով, որ այս գործելաոճն արդեն կասկածների տեղիք էր տալիս Ամազոնի հայտարարած ծրագրի լիովին անկեղծ լինելու մասով և, ըստ էության, հանրային վերահսկողությունից դուրս գալու փորձ էր։ Հավելյալ տեղեկություններ ստանալու փորձերն անհաջող էին։
Փակ դռների հետևում ընթացող բանակցությունների փուլը տևեց բավական երկար։ Վերջիվերջո, անցած տարվա նոյեմբերի 13-ին Ամազոնը հայտարարեց իր որոշման մասին։ Պարզվեց, որ նախնական պլանները փոխվել էին, և մեկ հաղթողի փոխարեն Ամազոնը որոշեց ընտրել երկու քաղաք՝ Նյու Յորքը (Լոնգ Այլենդ) ու Վիրջինիա նահանգը (Արլինգտոն)։ Այն դեպքում, երբ կանխատեսումներ կային Արլինգտոնի վերաբերյալ, Նյու Յորքի ընտրությունը բավականին զարմանալի էր։ Չնայած այն հանգամանքին, որ նահանգապետ Քուոմոն խոսել էր հարկային արտոնությունների մասին, քաղաքապետ Դե Բլասիոն նշել էր, որ Նյու Յորքն Ամազոնին հատուկ սուբսիդիաներ և հարկային արտոնություններ չի առաջարկել և Ամազոնը կարող է ստանալ այնպիսի արտոնություններ, ինչպիսին՝ ցանկացած այլ նման ընկերություն։ Փաստորեն, ներդրումային այս ծրագրի տնտեսական զարգացման ողջ պոտենցիալն ավելի փոքր և միջին քաղաքներ ուղղելու փոխարեն, Ամազոնը նախապատվություն տվեց երկու բավականին խոշոր քաղաքներին, որոնք հայտնի են իրենց անշարժ գույքի՝ բնակարանների վարձակալման միջինից շատ ավելի բարձր գներով, գերբնակվածությամբ և ջենտրիֆիկացիայի[2] պատճառով առաջացած սոցիալական անհավասարությունով։
Իրարամերժ տեղեկատվության, անհայտ բանակցությունների ընթացքի և փոփոխվող որոշումների պայմաններում հետզհետե բարձրանում էր բողոքի ալիքը։
Կրքերը թեժանում են
Բանակցությունները փակ դռների հետևում անցկացնելու Ամազոնի պահանջը, պարզվեց՝ հետապնդում էր հստակ նպատակներ՝ հանրության հսկողությունից թաքցնել առաջարկվող պայմանները, ինչը թույլ կտար ավելի ճկուն և համառ քաղաքականություն վարել և ներդրումային ծրագիրը ամբողջովին ներկայացնել նյույորքցիներին արդեն պոստ ֆակտում։ Այն, ինչ Ամազոնի հետ պայմանավորվել էին Նյու Յորքի քաղաքապետն ու նահանգապետը, կարծես, շոկային էր համայնքի համար։
Նախ, շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, Նյու Յորք քաղաքի օրենքի համաձայն, Ամազոնը պարտավորված էր լինելու անցնել հողօգտագործման լայնածավալ ստուգումներ՝ ըստ Uniform Land Use Review Procedure-ի (ULURP): Սակայն շինարարությունը արագացնելու համար նահանգը օգտագործելու էր այս ստուգումները շրջանցելու թույլտվություն տալու իր իրավունքը։ Փոխարենը, Ամազոնը պարտավորվում էր իր շինարարությունը համապատաախանեցնել մեկ այլ կարգավորման՝ General Project Plan (GPP), որի պայմանները, ի տարբերություն հողօգտագործման ստուգումների, ըստ օրենքի՝ պարտավորեցնող չեն։ Այսինքն, տեղի ավագանին զրկվում էր ընկերության շինարարության, հոգօգտագործման և բնապահպանական ազդեցության հանդեպ ունեցած վերահսկողական իր իրավունքից, ընդամենը կարող էր եզրակացություն տալ, ինչը պարտավորեցնող բնույթ չէր ունենալու։ Նյու Յորքի նահանգը խոշոր ընկերություններին նման արտոնություն տալու իրավունքից օգտվել է նաև մեկ այլ աղմկահարույց շինարարական ծրագրի՝ Brooklyn Pacific Park-ի համար։ Ստացվում էր, որ ավագանին այս գործընթացից դուրս մղվեց և ասելիք այլևս չուներ։
Մյուս պայմանավորվածությունները վերաբերում էին հարկային արտոնություններին։ Մասնավորապես, Ամազոնը Նյու Յորքում գործող Relocation and Employment Assistance Program-ից (Տեղափոխման և զբաղվածության աջակցության ծրագիր) պետք է ստանար 897 միլիոն դոլար, հավելյալ 386 միլիոն դոլար՝ Industrial & Commercial Abatement Program-ից (Արդյունաբերական և առևտրային արտոնության ծրագիր)։ Նախատեսվում էր նաև Ամազոնին տրամադրել 505 միլիոն դոլար գրանտ և, վերջապես, 1.2 միլիարդ դոլար վարկ, եթե Ամազոնը կարողանար ստեղծել նշված աշխատատեղերի քանակը։ Ընդհանուր առմամբ, Նյու Յորք քաղաքն ու նահանգը Ամազոնին վճարելու էին գրեթե 3 միլիարդ դոլար, ինչը նշանակում էր, որ ակնկալվող 25.000 աշխատատեղից ամեն մեկի համար Ամազոնը ստանալու էր 48.000 դոլար։ Պայմանավորվածության մեջ մտնում էր նաև Ամազոնի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսի համար ուղղաթիռադաշտի կառուցումը։
Ամազոնին նման արտոնություններ տրամադրելու պլանները ստիպեցին մարդկանց, որոշ քաղաքական գործիչների և արհմիությունների ակտիվ մասնակիցների դուրս գալ փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու, ծրագրի մանրամասների հրապարակման հաջորդ օրը։ Ի միջի այլոց, ծրագրի հրապարակումից գրեթե մեկ տարի առաջ, որոշ խմբեր, կանխատեսելով իրադարձությունների նման ընթացքը, նամակ էին ուղարկել քաղաքապետ Դե Բլասիոյին և դեմ էին արտահայտվել Ամազոնին արտոնություններ տրամադրելուն։ Բողոքի ակցիայի ժամանակ հնչեցրած քննադատությունը վերաբերվում էր մի քանի կարևոր կետերի։
Նախ, սոցիալական արդարության տեսանկյունից արդարացի չէր Ամազոնին (որն, ի դեպ, 2018 թվականին, օգտվելով օրենքի մեջ եղած բացերից, վճարել է 0 դոլար եկամտահարկ (federal income tax)) արտոնությունների տրամադրելը, քանի որ այդքան գումարը հնարավոր էր ներդնել համայնքում տրանսպորտային համակարգի, միջին մասնագիտական կրթության, գործազրկության հաղթահարման և այլ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։ Մարդիկ բողոքում էին, որ նահանգի և քաղաքի ղեկավարությունը տարիներ շարունակ անտեսել է համայնքային խնդիրները՝ պատճառաբանելով բյուջեի սղությունը, բայց խոշոր բիզնեսի հայտնվելուն պես պատրաստ է հարկատուների վճարած միլիարդները շռայլել։
Չնայած նրան, որ Ամազոնը խոստացել էր պարբերաբար աշխատանքային տոնավաճառներ կազմակերպել և աշխատանքով ապահովել HQ2-ի հարևանությամբ գտնվող անապահով Քվինսբրիջ Հաուս համայնքի բնակիչներին, որոնց մեծ մասը ցածր աշխատավարձ ստացող աղքատ մարդիկ են, բողոքի ակցիայի մասնակիցները չհավատացին Ամազոնի խոստմանը՝ հիշեցնելով Սիեթլ քաղաքում Ամազոնի գլխամասի բացումից հետո առաջացած խնդիրները։ Անցած տարի փետրվարին տնտեսական հետազոտություններ իրականացնող Economic Policy Institute-ը պարզել էր, որ Ամազոնի կենտրոնները չեն նպաստում կայուն աշխատատեղերի թվի ավելացմանը։
Բացի այդ, Ամազոնի այս ծրագիրը նպաստելու էր բնակարանների վարձակալման և ընդհանուր անշարժ գույքի գնաճին։ Ոչ մատչելի գները Նյու Յորքի ամենամեծ խնդիրներից է, և Ամազոնի գլխամասի բացումից հետո այն ավելի կխորանար՝ հաշվի առնելով նաև այն, որ Ամազոնում աշխատելու էին միջինից բարձր և բարձր աշխատավարձ ստացող, ավելի վճարունակ IT (ԱյԹի) և հարակից ոլորտների աշխատողները։ Օրինակ, Սիեթլում անշարժ գույքի միջին գինը հինգ տարում աճել է 39.8 %-ով՝ ազդելով նաև Սիեթլին մոտ գտնվող քաղաքների գների վրա։ Սիեթլում վարձակալման գնաճի պատճառով կա անտնության խնդիր, ինչը, որոշ մասնագետների գնահատմամբ, էլ ավելի է խորացել Ամազոնի գլխամասի բացումից հետո։ Նյու Յորքի Համալսարանի Furman Center-ի իրականացրած խորքային հետազոտությունում նույնպես երևում են Նյու Յորքում տների վարձակալման գնաճի տենդենցները, մասնավորապես՝ 2016–2017 թթ ընթացքում տների գնաճը կազմել է 8.3 %:
Նյու Յորքում բողոքի ակցիայի դուրս եկածները նաև չանտեսեցին հանրային տրանսպորտի և երթևեկության գերծանրաբեռնվածության խնդիրը։ Նյու Յորքի մետրոն, որը համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված մետրոներից մեկը, հազիվ է կարողանում սպասարկել բնակիչներին, քանի որ նախատեսված չի եղել բնակչության աճի նման տեմպի համար։ Սիեթլը նույնպես բախվում է գերծանրաբեռնված հանրային տրանսպորտի և երթևեկության խնդրին, մասնավորապես՝ այն մարդկանց թիվը, ովքեր ամեն օր աշխատանքի հասնելու համար մեկ ուղղության վրա ծախսում են ավելի քան 90 րոպե աճել է 72 %-ով։ Նյույորքցիների կարծիքով Ամազոնին այդքան արտոնություն տրամադրելու փոխարեն՝ դրա որոշ մասը պետք է օգտագործվեր տրանսպորտային համակարգը բարելավելու համար։
Նոյեմբեր ամսից ի վեր այս թեմաների շուրջ իրականացվեցին բազմաթիվ քննարկումներ, հանրային լսումներ, այդ թվում նաև Նյու Յորքի ավագանիում։ Այս հարցը որոշ՝ բավականին աջակողմյան և Թրամփին աջակցող դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների, օրինակ՝ «Ֆոքս Նյուզ»-ի, «ՍիԲիԷս»-ի, «ՍիԷնԲիՍի»-ի և այլոց համար թեժ թեմա էր։ Ծրագրին դեմ արտահայտվող մարդկանց և արհմիությունների ներկայացուցիչներին անընդհատ դնում էին ներդրումներից հրաժարվելու և զարգացման երկընտրանքի առջև։ Այս ընթացքում նաև բավականին շատ շահարկվեց նոր աշխատատեղերի խոստումը, արհմիությունների ակտիվիստներին մեղադրեցին կարճատեսության և տնտեսական զարգացման այսպիսի հնարավորությունից հրաժարվելու մեջ։ Ամազոնը պատրաստ չէր պատասխանել փոխզիջումների գնալու հորդորին, և գործընթացն անընդհատ ձգձգվում էր։
Չորս ամիս տևող պայքարից հետո Ամազոնի դիրքորոշումը չփոխվեց՝ իր պահանջները պետք է մնային անփոփոխ։ Փոխզիջումների գնալու փոխարեն Ամազոնը հայտարարեց, որ հրաժարվում է Լոնգ Այլենդում HQ2 հիմնելու իր մտադրությունից։ Բացատրության մեջ նշված էր, որ չի ցանկանում բացել իր երկրորդ գլխամասը, քանի որ մի շարք պետական և տեղացի քաղաքական գործիչներ չէին աշխատելու Ամազոնի հետ և դեմ էին Ամազոնի գործունեությանը, այսպիսով՝ մեղքը դնելով շարժման լիդերների ուսերին, միևնույն ժամանակ ոչինչ չնշելով փոխզիջումների չգնալու իր քաղաքականության մասին։
Քաղաքական նոր պրոգրեսիվ հաղթանակ
ԱՄՆ-ում Կոնգրեսի վերջին ընտրությունները նշանալի էին նրանով, որ տարբեր նահագներում Դեմոկրատներից ընտրվեցին կուսակցության ավելի պրոգրեսիվ և համակարգային փոփոխություններ անելու մտադրություն ունեցող թեկնածուներ, որոնց մեծ մասը կանայք են։
Այս թեկնածուների հաջողությունը և դրական հանրային վարկանիշը մասամբ բխում էր այն հանգամանքից, որ Թրամփի ներքին և արտաքին քաղաքականություններն ու էպատաժային հայտարարություններն անընդհատ զայրույթ են առաջացնում այն ամերիկացիների մոտ, որոնց համար Թրամփի նախագահ ընտրվելը նման է արդեն տարիներ տևող շոկային թերապիայի, և մասամբ նրանից, որ լինելով տեղացի ակտիվիստներ և հանրային գործիչներ՝ այս թեկնածուները կարողացան փոքր հեղաշրջում իրականացնել դեմոկրատների շրջանում՝ ստեղծելով ավելի առաջադեմ և ժողովրդի առօրեական խնդիրները պաշտպանող և ներկայացնող ձախ, սոցիալիստական թև։
Ի տարբերություն ավանդական դեմոկրատների, որոնք հիմնականում հարուստ ընտանիքների կամ քաղաքական գործիչների ժառանգներն են և, ըստ էության, ունեն խորը կապեր ամերիկական խոշոր բիզնեսների հետ, Կոնգրեսի այս նոր անդամները կաշկանդված չեն նման կապերով և ունեն ավելի ռադիկալ օրակարգ՝ պայքարում են անվճար կրթության, առողջապահության, մատչելի բնակարանների, աշխատանքային իրավունքների, ամերիկյան քաղաքականության վրա բիզնեսի ազդեցության նվազեցման և բնապահպանության համար։
Դեմոկրատների շրջանում ձևավորված այս նոր ձախ քաղաքական հարթակի շնորհիվ է, որ Բերնի Սանդերսը, որ նախորդ նախագահական ընտրություններից առաջ ներկուսակցական պայքարում զիջեց Հիլարի Քլինթոնին, մի քանի օր առաջ հայտարարեց 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
Այս կոնտեքստում նույնպես կարևոր էր Ամազոնի ներդրումային ծրագիրը, քանի որ այն տեղավորվում էր ավանդական կապիտալիստ դեմոկրատների և նոր պրոգրեսիվ ձախ դեմոկրատների միջև ընթացող պայքարի մեջ։ Վերջիններս նշում են, որ տարիներ տևող և բազմաթիվ խնդիրների պատճառ դարձած ավանդական դեմոկրատներին ձեռնատու ստատուս քվոն հետզհետե վերանալու է՝ խնդիրների լուծումները տեղափոխվելու են հանրային դաշտ և բխելու են հենց այդտեղից՝ վերջ դնելով Կոնգրեսի անդամների, սենատորների և ամերիկյան խոշոր բիզնեսի լոբբիստների հետկուլիսյան պայմանավորվածությունների վրա հիմնված քաղաքականություններին և որոշումներ ընդունելու պրակտիկաներին։
Կարևոր նախադեպ
Ամազոնի և նյույորքցիների միջև այս պայքարը կարևոր նախադեպ է։ Վերևում նշված պրոգրեսիվ թևի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Նյու Յորքից ընտրված, Կոնգրեսի անդամ Ալեքսանդրիա Օքասիո Կորտեսն է, ում Ամազոնի դեմ պայքարում միացել և սատարել են նաև Նյու Յորքի սենատորներ Ջուլիա Սալազարը և Միքայել Գիանարիսը, Նյու Յորքի ավագանու անդամներ Կարլոս Մենչասան և Ջիմի Վան Բրամերը, Նյու Յորք նահանգի Ասամբլեայի անդամ Ռոն Քիմը և այլք։
Կորտեսի նման քաղաքական գործիչները, որոնք ընտրվել են փողոցային ակտիվիստական պայքարում իրենց փորձի և գործելաոճի շնորհիվ, ավելի շատ են կապված իրենց շրջաններում տարբեր հասարակական խմբերի, հանրային շարժումների և ինքնակազմակերպվող ապակենտրոնացված գործող փոքր խմբերի հետ։ Այս կապը, ինչպես տեսնում ենք, մեծ հաջողությունների կարող է բերել համայնքների կարիքներից և պահանջներից բխող համապատասխան քաղաքականություններ որոշելու հարցում։ Ֆորմալ, մեծ քաղաքականությունում հանրային շահը ներկայացնող համեմատաբար փոքր, բայց արդյունավետ գործող խմբի առկայության և հանրային ճնշման պայմաններում հետզհետե փոխվելու են ԱՄՆ-ում ներքին քաղաքականության, կարծես իներցիայով շարժվող տրամաբանությունները։
Հաճախ, քաղաքական գործիչները շեշտը դնում են ներդրումային ծրագրերի միայն դրական կողմերի վրա՝ լղոզելով ներդրումների իրական գինը, որը վճարում են սովորական մարդիկ, ու անուշադրության մատնում ավելի խորքային խնդիրներն ու դրանք լուծելու այլընտրանքային ձևերը։
Ամազոնի և նյույորքցիների միջև այս պայքարը և դրա հանգուցալուծումը կարևոր օրինակ են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի համար. միլիարդավոր շահույթ ունեցող ընկերությունների ներդրումային և, ինչպես իրենք են պնդում, զարգացման ծրագրերին իրական գնահատական, քննադատական մոտեցում ցույց տալը և համայնքների ձայնը որոշիչ դարձնելը ավելի արդիական է, քան երբևէ։
[1]Public Limited Company (PLC)- սահմանափակ պատասխանատվությամբ հանրային ընկերություն, բնորոշ է արևմտյան տնտեսական մոդելին, Հայաստանում համարժեքը չկա։
[2]Ջենտրիֆիկացիա (Gentrification)- գործընթաց, երբ տնտեսական գործունեության՝ ներդրումների, շինարարության, բիզնեսի զարգացման պատճառով տեղի է ունենում գնաճ, և համայնքների ավելի անապահով բնակչությունը այլևս բավարար ֆինանսական միջոցներ չի ունենում այդ համայնքում շարունակել ապրելու համար։ Արդյունքում՝ հին բնակիչներին գալիս է փոխարինելու միջինից բարձր խավը, իսկ միջին բիզնեսին՝ ավելի խոշորները, նոր բնակիչների կարիքներին և պահանջներին համապատասխան։
Հոդվածը առաջին անգամ տպագրվել է hetq.am կայքում։