Արցախի ինքնորոշման իրավունքը․ մարքսիստական դիրքորոշում

Սամսոն Մարտիրոսյան|Սև Բիբար

Sam Martirosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
7 min readOct 2, 2020

--

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց լայնածավալ պատերազմ Արցախի և Հայաստանի դեմ։ Ադրբեջանի ղեկավարության նպատակը պարզ է՝ Թուրքիայի օգնությամբ գրավել տարածքներ և իր պատկերացրած «խաղաղությունը» պարտադրել հայկական կողմին, իսկ Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանի քաղաքական օրակարգերը թելադրող և հարցեր լուծող առաջնորդ։

Հստակ է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար այս տանդեմին դիմադրելը նախևառաջ գոյութենական խնդիր է։

Հակամարտությունում Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները բխում են միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքից. Արցախը կազմում է Ադրբեջանի սուվերեն տարածքի 20%-ը, հայկական կողմի գործողությունները ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և Ադրբեջանը իրականացնում է հայկական օկուպացիան դադարեցնելուն ուղղված ռազմական և դիվանագիտական գործողություններ։

Իսկ հայկական կողմի դիրքորոշումը բխում է ազգերի ինքնորոշման իրավունքից. Արցախցիները մի քանի անգամ տարբեր իրավական գործընթացների միջոցով ամրագրել են անկախ լինելու իրենց ցանկությունը և իրենց պարտադրված պատերազմի միջոցով պաշտպանել են անկախանալու որոշումը։ Ժամանակին քաղաքական նկատառումներով գծված սահմանները չեն համապատասխանել ո՛չ պատմական, ո՛չ դե-ֆակտո ստեղծված իրողություններին։

Տարիներ շարունակ այսպես կոչված չեզոք կողմերը ներկայացրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային այս երկու իրավունքի բախման կետում է։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե նման հակամարտությունների լուծման ինչպիսի ուղղենիշեր է տալիս մարքսիստական գաղափարախոսությունը։ Դրա համար պետք է անդրադառնալ մարքսիստական քաղաքական գրականության թերևս ամենատարածված օրինակին։

Ազգերի ինքնորոշման մասին

1908–1909 թ.-ին Ռոզա Լյուքսեմբուրգը իր ծավալուն՝ «Ազգային հարց և ավտոնոմիա» հոդվածով քննադատեց 1903 թվականի Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավոր կուսակցության ծրագրի 9-րդ կետը, որը որպես նպատակ դնում էր ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու սատարումը։

Ռոզա Լյուքսեմբուրգը, պայքարելով Լեհաստանում ազգայնական ուժերի դեմ, այդ ժամանակ դեմ էր Լեհաստանի ինքնորոշմանը։ Նա պնդում էր, որ ազգերի ինքնորոշման իրավունքը (Լեհաստանի օրինակով) այդ երկրում միայն ազգայնական բուրժուզիայի ջրաղացին ջուր լցնող դրույթ է։

1914 թ․-ին Լենինը հրապարակում է «Ազգերի ինքնորոշման մասին» խորագրով հոդվածը, որով պատասխանում է Լյուքսեմբուրգի քննադատությանը։

Փորձենք վերջինս կարճ վերաձևակերպել։

Նախ, կարիք կա ինքնորոշման համար ամեն պայքար առանձին վերլուծել իր պատմական կոնտեքստում, բայց աշխատավորների շարժումը պետք է կողմ լինի ազգերի ինքնորոշման գաղափարին և սատարի այն (ինքնորոշման տակ էլ հասկանում է քաղաքական ինքնորոշում՝ ավտոնոմիա կամ անկախություն) քանի որ

ա) ինքնորոշման համար աշխատավորների պայքարը հակագաղութային է, այն դեմ է որևէ պետությունում կամ գաղությում աշխատավորներին ճնշող տերերին։ Եթե այլևս անհնար է համակեցությունը մեկ պետության ներքո, ապա ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը բխում է հենց սոցիալիստական արժեքներից՝ ինքնորոշումը կնպաստի շահագործող-շահագործվող հարաբերությունների վերացմանը/թուլացմանը։

բ) Այլ ժողովուրդներին ճնշող ազգ-պետություններում ապրող աշխատավորները չեն կարող կառուցել ժողովրդավարություն և ունենալ ուժեղ սոցիալիստական շարժում իրենց իսկ երկրում, եթե չեն սատարում շահագործվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Չպաշտպանել ինքնորոշման իրավունքը նշանակում է դեմ լինել երկու ժողովրդների աշխատավորների համագործակցությանն ու համերաշխության ինտերնացիոնալիստական գաղափարներին։

գ) Ինքնորոշման իրավունքը պաշտպանելը չի նշանակում սատարել բուրժուազիայի ազգայնական շարժմանը, ինչպես պնդում էր Լյուքսեմբուրգը, այլ ընդհակառակը՝ ինքնորոշման իրավունքի պաշտպանումը կօգնի դեպի ինքնորոշում շարժվող երկրի աշխատավոր շարժմանը ավելի լավ դիմակայել ազգայնականությանը՝ ապավինելով ինտերնացիոնալիզմի սկզբունքներին։

Լենինը պնդում է, որ մարքսիզմի տեսանկյունից ազգերի ինքնորոշման իրավունքը շատ հստակ է։ Այսպես, կոմունիստները վելիկոռուսների հեգեմոնիայի և Լեհաստանի ինքնորոշման հարցում ունեն շատ հստակ դիրքորոշում՝ Լեհաստանը պետք է իրագործի իր ինքնորոշման իրավունքը։ Նշենք, որ 1795–1918 թթ. Լեհաստանը բաժանված էր Գերմանիայի, Ավստրիայի և Ռուսական կայսրության միջև։

Հոդվածում Լենինը մեկնաբանում է նաև Նորվեգիայի՝ Շվեդիայից անկախանալը, վերլուծում և բացատրում է իր և Մարքսի դիրքորոշումը Իռլանդիայի՝ Անգլիայից անկախացման հարցում։

լուսանկարը՝ mediamax.am արխիվից

Լենինը պնդում է, որ կապիտալիստական համակարգը ավելի արագ զարգանում ու հստակ ձևավորվում է միայն ազգ-պետությունների պայմաններում, սակայն դա չի նշանակում, որ սացիալիստները պետք է պայքարեն ազգերի ինքնորոշման իրավունքի դեմ։

Այստեղ երկու խնդիր է իր առջև դնում սոցիալիստական շարժումը՝ միևնույն ժամանակ դիմադրել ազգայնականությանը, որը անխուսափելիորեն գլուխ է բարձրացնում ինքնորոշմանը ձգտող ժողովրդների մեջ, և, ճանաչելով ինքնորոշման իրավունքը, զորեղացնել ինտերնացիոնալիստական համերաշխությունն ու կապիտալիստական բուրժուազիայի դեմ պայքարը դարձնել համախմբված։

Այս և որոշ այլ հարցերի շուրջ տարաձայնությունները բերեցին լեհական և ռուսական սոցիալ-դեմոկրատների բաժանմանը, որն իրականում այդքան էլ երկար չտևեց՝ լեհական կուսակցության որոշ անդամներ մասնակցեցին Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան, հետո էլ Հոկտեմբերյան հեղափոխությանը։

Հիշենք, որ 1903-ի վերը նշված համագումարից հետո ձևավորվեցին բոլշեվիկների և մենշեվիկների ճամբարները։ Իսկ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը գրեթե միանգամից ճանաչեց Լեհաստանի ինքնորոշման իրավունքը՝ ավտոնոմիա ունենալու տեսքով։

Արցախի ինքնորոշման անտեսված իրավունքը

Այստեղ հարկավոր է հիշել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը ուղղված հստակ քայլերը։

Մասնավորապես՝ 1918-ին Շուշիում տեղի ունեցած Արցախահայության առաջին հանրագումարը, որը Արցախը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և ընտրվեց Ղարաբաղի ազգային խորհուրդն ու կառավարությունը։

1918–1920 թթ․ ընթացքում, չնայած Բրիտանիայի պրո-ադրբեջանական քաղաքականությանը, թուրքական զորքերի մասնակցությամբ մարտերին և ընդհանուր անբարենպաստ պայմաններին՝ Արցախը փաստացի չի մտել Ադրբեջանի կազմ, ճանաչվել է որպես վիճելի տարածք և ընդհուպ մինչև Ադրբեջանի խորհրդայնացումը պահպանել է որոշակի անկախություն։

Շուշի՝ 1920

Նույնիսկ Հայաստանում և Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920 թ․-ին, Բաքվի խորհրդի նիստում ընդունած հռչակագիրը վավերացրեց 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունած որոշումը, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը համարվեցին լուծված, և Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի համարվեցին Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս։

Արցախի՝ Հայկական ԽՍՀ մաս դառնալը ևս մեկ անգամ հաստատվեց 1921-ի կոմկուսի Կովկասյան բյուրոյի նիստին, սակայն հաջորդ օրը այն չեղարկվեց Ստալինի որոշմամբ և Լեռնային Ղարաբաղը մտավ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ, որպես ինքնավար մարզ։ Արդյո՞ք այս որոշումը ողջամտորեն արտահայտում էր ստեղծված իրողությունը։

Ստալինն այս որոշումը կայացրեց մասամբ այն պատճառով, որ ցանկանում էր լավ հարաբերություններ կառուցել Աթաթուրքի հետ։ Ստալինը հանիրավի կարծում էր, որ Աթաթուրքը կարող է լինել ԽՍՀՄ-ի հակաիմպերիալիստական գործընկեր։

Այս և մի շարք այլ հարցերում է հստակ երևում, թե որքան խնդրահարույց որոշումներ է թելադրել Ստալինը՝ որոշումներ, որոնք միանշանակ դեմ են եղել սոցիալիստական արժեքներին և ժողովրդավարությանը։

Այստեղ հիշենք նաև 1989-ի՝ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը և 1991-ի՝ հանրաքվեով ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։

Այսինքն՝ Արցախի ժողովուրդը միշտ ունեցել է ինքնորոշման ձգտումներ և չի հրաժարվել դրանցից, նույնիսկ բարդ պատմական և տնտեսա-քաղաքական պայմաններում։

Ի՞նչու է 1914-ին հրապարակված այս հոդվածը կարևոր մինչ օրս, եւ մեզ համար հատկապես

Ինքնորոշման իրավունքի մարքսիստական վերլուծությունը մնում է արդիական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հասկանալու համար։

Մարքսի և Լենինի կողմից մատնանշած ու հետագայում տասնյակ մարքսիստների և քաղաքական գործիչների կողմից զարգացրած ու միջազգային իրավունքի մաս դարձած՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հենց ձախական և հակագաղութային մեկնաբանությունները կարող են ուղենիշ լինել և՛ հայաստանցիների, և՛ ադրբեջանցիների համար։

Այսպես, ելնելով վերը նշվածից, ադրբեջանցի և թուրք ձախերը պետք է ընդունեն Արցախի ինքնորոշման իրավունքը և բաց արտահայտվեն դրա մասին, ընդունեն պատմական փաստերը, ստեղծված իրողությունը, Արցախում ապրող մարդկանց իրավունքները, ընդունեն, որ 20-րդ դարի սկզբին կամայական գծված սահմանները արդար չեն և չեն համապատասխանում իրականությանը՝ Արցախը պետք է լինի անկախ կամ միանա Հայաստանին։

Բայց այսօր այս հարցը ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում ապրող ձախերի շրջանում լայնորեն չի քննարկվում։

Իհարկե, երեկ հրապարակվեց ադրբեջանցի 9 երիտասարդ ձախական ակտիվիստների հանրագիրը, որի ուղերձը, սակայն, ավելի շատ հակապատերազմական էր և քննադատում էր Ադրբեջանական ազգայնականությունը և նավթա-դոլլարային օլիգարխիան, Արցախի ինքնորոշման իրավունքը սատարելու մասին որևէ բան (գուցե և հասկանալի պատճառներով) չկար։ Ուղրեձը նաև որոշների մոտ կարող է թյուր ըմբռնում ստեղծել, թե հայկական կողմը նախապատրաստվել է հարձակման, այլ ոչ թե ինքնապաշտպանության։

Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայում ազգայնական-իսլամիստական ռեժիմի կողմից հալածվող ձախերը ունեն ավելի կարևոր խնդիրներ, քան Հայաստանը ու Ղարաբաղյան հակամարտությունը՝ մենք մեր խնդրով թուրք ձախերի համար առաջնահերթություն չենք։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրանսֆորմացիան հնարավոր է միայն որոշ (աշխարհա)քաղաքական պայմաններում։ Օրինակ այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվի իր նեոօսմանիզմի և ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունից, անշրջահայաց և դեստրուկտիվ արտաքին քաղաքականությունից։ Իսկ Ադրբեջանը՝ իր ակնհայտ ագռեսիվ հակա-հայկական պետական գաղափարախոսությունից և հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու գործողություններից։

Այլ կերպ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով չի կարող լուծել։

Խաղաղությունից ամենաշատը շահում են աշխատավորները, սահմանին ապրող մարդիկ, բայց հենց այս պահին ընթացող պատերազմը ցույց է տալիս, որ Արցախի բնակչության գոյատևումը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում՝ ո՛չ ավտոնոմիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ միասնական պետության պայմաններում։

Պետք է նշել, որ Արցախի անկախությունը, ի տարբերություն ազգայնական շարժումների ունեցած պատկերացումների, չի կարող ընդհանրապես բացառել հայ-ադրբեջանական համակեցությունը, սակայն դրա համար անհրաժեշտ են համատախասխան պայմաններ։

Պարզ է, որ ձախերի համար կարևոր է խաղաղության պահանջը, բայց քաղաքական օրակարգ ձևավորելու համար այն պետք է լինի հակագաղութային և ունենա հստակ հասցեատեր։

Այս դեպքում ագռեսիան դադարեցնելու առաջին հասցեատերը պատերազմը սկսող երկու ավտորիտար պետություններն են՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Իսկ հայկական կողմից պահանջը հետևյալն է՝ պաշտպանել հայաստանցիների կյանքի իրավունքը, սաստել թուրք-ադրբեջանական հարձակումները, պատերազմը դադարեցնելու համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Հայկական կողմը նաև պետք է բացառի հակամարտության լուծման այն մոդելը, որը իրենց նեղ խմբակային շահերից ելնելով կփորձեն պարտադրել Թուրքիայի, Ռուսաստանի կամ այլ գերտերության օլիգարխիկ էլիտաները։

Այս պատերազմը հայկական կողմի համար ընտրություն չէ, այն պարտադրված է, այդ իսկ պատճառով օդում հնչող խաղաղության պահանջը, բացի սեփական էգոն գոհացնելուց, այլ օգուտ հազիվ թե ունենա։

Ձախ մեկնաբանությամբ, թուրք-ադրբեջանական ռազմական մեքենայի դեմ մղվող ազատագրական պայքարը պետք է լինի հակաիմպերիալիստական և հակաազգայնական, այն պետք է շարունակվի հանուն ժողովրդավարության, պատմական և բնապահպանական արդարության, ներառի ոչ միայն էթնիկ հայերին, այլ իմպերիալիստական լծի տակ եղած այլ ազգերին նույնպես (եզդիներին, քրդերին, թալիշներին և այլն)։

Կարծես, հայաստանցի որոշ ձախերի համար այս հարցի առանձնահատկություններում նավարկելը զգայուն թեմա է՝ մի կողմից պետք է իշխանությունների առջև դնել խաղաղության հստակ պահանջ, մյուս կողմից՝ քննադատել տարիների ընթացքում ձևավորված ազգայնական դիսկուրսը և հանրությանը առաջարկել հակամարտության լուծման հստակ ուղենիշեր։

Սակայն անվիճելի է այն, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք և այդ իրավունքը պետք է պաշտպանվի։

Մոնթե Մելքոնյանի հուղարկավորման արարողությունը, 1993

Հայաստանցի ձախերը, անշուշտ, պետք է պայքարեն ծայրահեղ ազգայնական գաղափարների և ազգ-բանակ միլիտարիստական մեքենայի դեմ, ձևավորեն հակա-կապիտալիստական և իսկապես ժողովրդավար շարժում, չմոռանալով Թուրքիայի և այլ տերությունների իմպերիալիստական հարձակումներից ինքնապաշտպանվելու իրավունքի մասին։

Իսկ պատմական արդարության հրամայականը շրջանցող եւ համատեքստից կտրված հաշտության մասին լիբերալ կոչերը վաղուց դարձել են անօգուտ։ Հաշտությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ավտորիտար Ադրբեջանն ու պանթուրքիստական ամբիցիաներ ունեցող Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հրաժարվեն հայկական կողմին իշխելու ու հպատակեցնելու իրենց ծրագրերից։

--

--