Brexit, ընտրություններ և խստամբերություն. ի՞նչ կորոշեն բրիտանացիները

Դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորության քաղաքացիները նորից կբախվեն քվեաթերթիկ լրացնելու «խնդրին»: Քաղաքական ուժերի համար սա իսկական փորձություն է. անորոշությունից քայլ առաջ անելու և իրենց ծրագրերով բրիտանացի ընտրողին համոզելու համար նրանք ընդամենը 2 շաբաթ ունեն:

Suren Tadevosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
4 min readNov 22, 2019

--

Համայնքների պալատում մանդատներ ստանալու համար պայքարող 5 համապետական կուսացկություններից բարձր վարկանիշ ունեն կառավարող Պահպանողականներն ու ընդդիմադիր Լեյբորիստները: Նրանց հաջորդում են Լիբերալ-դեմոկրատական և Բրեքզիթ կուսակցությունները, ապա՝ Կանաչները:

Հավանական է, որ այս ընտրությունը բրիտանական պատմության բեկումնային իրադարձություններից մեկը լինի: Քաղաքացիները կորոշեն՝ ի՞նչ ուղղությամբ պիտի շարունակի ընթանալ սուր դիլեմաների մեջ հայտնված Մեծ կղզին. թետչերիստական խստամբերությամբ (austerity) կրճատումներն ընդդեմ սոցիալական արդարության, Բրեքզիթն ընդդեմ Եվրամիության կազմում մնալուն, տնտեսության ռազմավարական ճյուղերի ազգայնացնումն ընդդեմ մասնավորեցման:

Անորոշությունների այս շղթայի խորհրդանշական սկիզբը 2016 թվականի Brexit-ի հանրաքվեն էր, երբ բրիտանացիների մեծամասնությունը (52 %) կողմ քվեարկեց երկիրը 2019-ին Եվրամիության կազմից դուրս բերելու նախաձեռնությանը: Այնուամենայնիվ, հանրաքվեի արդյունքը կյանքի կոչելու բոլոր փորձերը անհաջողության մատնվեցին. Համայնքների պալատը 3 անգամ տապալեց Մեյի, ապա՝ Ջոնսոնի «գործարքը»:

Սա ամենևին էլ չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայում այսօրվա քաղաքական ճգնաժամի միակ պատճառը հանրաքվեն է: Դրա արմատները հասնում են մինչև 2010-ականները, երբ պահպանողական-լիբերալ կառավարությունը սկսեց խստամբերության գործընթացը՝ կրճատելով սոցիալական նպաստներն առավել կարիքավորների և իջեցնելով հարկերը՝ առավել ունևոր շերտերի համար: Դրա արդյուքնում էապես խորացավ սոցիալական անհավասարությունը հանրության տարբեր շերտերի միջև: Այսօր էլ կառավարող աջերը խստամբերության քաղաքականության հետևանքներից դասեր չեն քաղել և շարունակում են տարածել թետչերիզմի նեոլիբերալ թեզիսները:

Բորիս Ջոնսոնն ու Նայջել Ֆարաժը, լուսանկարը՝ express.co.uk

Կառավարող Պահպանողական կուսակցությունը 2019-ի քարոզարշավը սկսեց «բրեքզիթյան» կարգախոսով Back Boris to get Brexit done! -Աջակցենք Բորիսին` իրականացնելու Բրեքզիթը (Բորիս Ջոնսոն-պահպանողականների ներկայիս առաջնորդն ու ՄԲ վարչապետը): Ողջ քարոզարշավը նրանք կառուցում են հիմնականում Բրեքզիթի ջրբաժանի վրա՝ հայտարարելով, որ միայն իրենք կարող են կատարել հանրաքվեի պահանջը և երկիրը դուրս բերել Եվրամիությունից: Պահպանողականները խոստանում են ավելացնել նաև Առողջապահության ազգային համակարգին հատկացվող գումարը: Ջոնսոնը նշում է, որ առողջապահության ոլորտը Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների առարկա չի լինելու: Սակայն բրիտանացի պաշտոնյաների և ամերիկյան առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև փակ հանդիպումները հստակ ցույց են տալիս, որ կառավարությունն այս մասով լիարժեք անկեղծ չէ և թաքցնելու բան ունի:

Գաղափարական-ծրագրային իմաստով պահպանողականներից հեռու չէ Նայջել Ֆարաժի «Brexit» կուսակցությունը՝ աջերի ծայրահեղացված ու պոպուլիստական թևը: Ֆարաժի քաղաքական ցինիզմը հասցրել է երկու ռեկորդ սահմանել. նա առաջարկում է առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ-ի կազմից և խոստացել է թեկնածուներ չառաջադրել այն ընտրատարածքներում, ուր պահպանողականները հաջողություն են գրանցել 2017-ի ընտրություններին:

Առավելապես խոշոր բիզնեսի հետ կապված այս երկու ուժերը ձգտում են ազատվել օրենսդրության «կապանքներից» և Բրիտանիան ազատ օվշորային գոտու վերածել՝ դա ներկայացնելով ազգային ինքնիշխանության կարգախոսների քողի տակ: Դրան հասնելու համար նրանք չեն խորշում կիրառել ազգայնական պոպուլիզմի և դեմագոգիայի ամենատարբեր գործիքները: Պատահական չէ, որ Ֆարաժն ու Ջոնսոնը ուժեղ աջակցություն են ստանում Թրամփի կողմից, ով խրախուսում էր ԵՄ-Մեծ Բրիտանիա ապահարզանը:

Լիբդեմի ղեկավար Ջո Սվինսոնը, լուսանկարը՝ standard.co.uk

Խստամբերության հիմնադիրներից է նաև Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը 2010-ին պահպանողականների կոալիցիոն գործընկերն էր: Լիբդեմն այսօր պահանջում է ընդհանրապես չեղարկել Բրեքզիթի հանրաքվեն: Փաստորեն, լիբերալներն այսօր ձեռք են քաշում հասարակության 52% կազմող այն հատվածից, որը Բրեքզիթին կողմ էր քվեարկել՝ ճիշտ այնպես, ինչպես Ջոնսոնն ու Ֆարաժը հրաժարվում են դեմ քվեարկած 48 %-ից…

Ներհասարակական անջրպետները հաղթահարելու ու արդարությունը վերագտնելու մասին համարձակ փաստարկներ կարելի է գտնել միայն Լեյբորիստների ծրագրում:

Ջերեմի Քորբինի ղեկավարած Լեյբորն դարձել է ձախական ամուր դիրքավորմամբ քաղաքական բևեռ, այլընտրանք՝ բյուրոկրատական էլիտային, խոշոր բիզնեսների լոբբինգին և թետչերիստական խստամբերությանը: Քորբինի անցած ճանապարհի, նրա քաղաքական կարիեռայի անբաժան մասն է փողոցային պայքարը՝ հանուն ժողովրդավարության և ընդդեմ իմպերիալիզմի: 2003 թվականին նա ընդդիմանում էր իրաքյան պատերազմում բրիտանական ներգրավվածությանը և ղեկավարում էր Լոնդոնում երբևէ տեղի ունեցած ամենամարդաշատ հանրահավաքները: Ջերեմին չունի Բորիս Ջոնսոնի կամ Սուինսոնի կաբինետային կենսագրությունը, ինչն էլ մեյնսթրիմ մեդիային առիթ է տալիս նրան ձախ ռադիկալ անվանել։

Ջերեմի Քորբին, լուսանկարը՝ reuters.com

Ելնելով սոցիալական արդարության գաղափարից՝ լեբյորիստներն առաջարկում են բարձրացնել խոշոր բիզնեսի համար հարկերն ու դրա հաշվին ավելացնել սոցիալական ծրագրերը, վերացնել ուսանողական վարկերից պարտքերը, ամրապնդել առողջապահական համակարգն ու բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Դեկտեմբերի 12-ի համար Լեյբորն ընտրել է It’s time for real change (Իրական փոփոխությունների ժամանակն է) կարգախոսը:

Քորբինի կուսակցությունն այսօր ձգտում է լայնացնել քաղաքական խոսույթի սահմանները և այն դուրս բերել Բրեքզիթ-հակաԲրեքզիթ նեղ շրջանակից: Ի դեպ, նա չի թիրախավորում 52–48 խմբերից և ոչ մեկին՝ իր ուղերձը հասցեագրելով ողջ հասարակությանն ու խոստանալով նոր հանրաքվե անցկացնել Բրեքզիթի հարցի վերաբերյալ:

Այժմ լեյբորիստների և նրանց առաջնորդի դեմ ակտիվ արշավ են սկսել մեյնսթրիմ մեդիայի, խոշոր բիզնեսի ու նրանց հետ կապված think-tank-երի մի շարք ներկայացուցիչներ:

Լեյբորիստները թիրախավորվել են օվկիանոսից այն կողմ գտնվող և վերջին շրջանում բավական անհարմար դրության մեջ հայտնված քաղաքական մի գործչի՝ Դոնալդ Թրամփի կողմից: Նա աջակցում է Ֆարաժ-Ջոնսոն հնարավոր դաշինքին Բրեքզիթն իրականացնելու և Քորբինին պարտության մատնելու համար: Դա հնարավորություն կընձեռի ամերիկյան ընկերություններին ազատ մուտք գործել բրիտանական առողջապահական շուկա: Կառավարումը ստանձնելու դեպքում Քորբինի ստվերային կաբինետն իհարկե կխոչընդոտի այդ գործընթացը՝ թույլ չտալով մասնավորեցնել առողջապահական համակարգը:

Քորբինի պատկերացրած Մեծ Բրիտանիան լրիվ այլ իրականություն է՝ պառլամենտական ժողովրդավարության, ապակենտրոնացման և հավասարության երկիրն է: Նրա հաջողությունը հնարավոր է «վարակիչ» դառնա եվրոպական և, ինչու չէ, ամերիկյան ձախերի և նրանց ընտրողների համար, ցույց տա պրոգրեսիվ ծրագրերի մրցունակությունն ու հեռանկարային լինելը:

--

--