Ժողովրդի շահերը կլասիկ ԱԺ-ում

Sam Martirosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
5 min readDec 15, 2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից այն ընկալվեց զուտ որպես իրար հայհոյելու, սպառնալու և սեփական ծրագրերի մասին խոսելու փոխարեն հակառակորդներին վատաբանելու հարթակ, այլ նաև նրանով, որ գրեթե ամեն օր կարելի էր տեսնել դեբատներ առաջադրված թեկնածուների միջև։

Այս դեբատները, ինչպես և ամբողջ նախընտրական քաղաքական հարաբերությունները, առանձնացան իրենց մեծ մասամբ անբովանդակալից լինելով, խնդրահարույց և հարցեր առաջացնող տրամաբանություններով։

Ուղիղ եթերով հեռարձակվող դեբատի ընթացքում թեկնածուների կողմից հնչեցրած մենք այստեղ չենք հավաքվել, որ բանավիճենք-ի, գրիպ ընկնելու ու անվերջ թվացող լեզվակռիվների կուլմինացիան Հ1-ի եթերով հեռարձակված 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ դեբատներն էին, որոնք տևեցին 3 ժամից ավելի։

Ուզում եմ անդրադառնալ այս բանավեճի հետաքրքիր դրվագներից մեկին։

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան հարց տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին․

-Նոր քաղաքական համակարգում, պր-ն Ծառուկյան, գործարարության, բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից լինելու է թե՞ չէ։ Ո՞րն է ձեր մոտիվացիան քաղաքական համակարգում շարունակել լինել, որովհետև բիզնեսը մենք պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ ցանկացած գործարարի՝ խոշորի, միջինի, փոքրի կողքը կանգնել պաշտպանել։ Ի՞նչ կարիք կա մտնել Խորհրդարան դրա համար։

Այս, առաջին հայացքից սուր և քննադատական թվացող հարցին Ծառուկյանը պատասխանեց․

-Ես պաշտպանելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին։

Հարցուպատասխանի այս դրվագում հնչեցին նաև այլ հետաքրքիր կարծիքներ և պնդումներ։
Օրինակ, պր-ն Ծառուկյանն ասաց, որ նա հարուստ է, ամեն ինչ ունի և ԱԺ է գնում ոչ թե պաշտոնի, այլ ժողովրդի համար լավությունները շարունակելու և նոր ներդրումներ գրավելու։ Պր-ն Մարուքյանը իր հերթին պնդեց, որ լավ բան կարելի է անել նաև առանց մանդատի։ Ծառուկյանը սրան ինչ-որ բան պատասխանեց մեկ միլիոն մուծելու, անգլիացի ներդրողների և իր՝ սեփականատեր լինելու մասին։ Երբ Մարուքյանը շարունակեց իր պնդումները Ծառուկյանը հարց տվեց․

-Բայց դուք մինչև էսօր բացի խոսալուց, պր-ն Մարուքյան ջան, ուզում եմ իմանալ, ի՞նչ եք արել։

Ինչին հնչեց Մարուքյանի պատասխանը․

-Ես կլասիկ պատգամավոր եմ։

-Ես քո կլասիկ ցավը տանեմ, ի՞նչ ես արել։

Ծառուկյանի հնչեցրած այս արտահայտությունը դարձավ թևավոր խոսք, մեմ, իսկ Մարուքյանը դեռ երկար կմնա կլասիկ պատգամավոր, որի ցավը տարել է Գագիկ Ծառուկյանը։

-Ես գործարար չեմ, ես կարծում եմ քաղաքական գործիչը չպիտի բիզնեսով զբաղվի բիզնեսմենն էլ՝ քաղաքականությամբ։

-Քո որոշելը, պր-ն Մարուքյան ջան, շատ փոքր ա։

կլասիկ մեմեր

Ծառուկյանը բարձրաձայնեց քաղաքական հետկուլիսյան ինտրիգները, ու այս դրվագի վերջում Մարուքյանին այդպես էլ չհաջողվեց հասկանալ Ծառուկյանի՝ Խորհրդարան գնալու մոտիվացիան։

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում և՛ Ծառուկյանի ԲՀԿ-ն, և՛ Մարուքյանի Լուսավոր Հայաստանը մանդատներ ստացան ԱԺ-ում։

Ի՞նչի մասին էր կոնֆլիկտը

Առաջին հայացքից Մարուքյանը ճիշտ հարց է բարձրացնում՝ ի՞նչու պիտի խոշոր բիզնեսմենը և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը մանդատ ունենա ԱԺ-ում։

Իսկապես, եթե նա ցանկանում է իր բիզնեսներն ընդլայնել և ներդրումներ գրավել, ապա դա կարող է անել նաև առանց մանդատի, չէ՞ որ Մարուքյանն ինքը անձամբ պատրաստ է պաշտպանել բիզնեսին և դրա կողքին կանգնել։ Նա նույնիսկ իր հարցը սկսեց այդ պատրաստակամությունը հստակ ձևակերպելով։

Բայց բիզնեսի շահերը պաշտպանելու այս անկեղծ մղումներին Մարուքյանը ստացավ շատ շիտակ ու կոպիտ պատասխան․ բիզնեսը, ի դեմս Ծառուկյանի, պաշտպանության կարիք չունի։

Շատերին այս հարցը դուր եկավ և շատերը ողջունեցին Մարուքյանի համարձակությունը Ծառուկյանին այսպես հակադարձելու։

Սակայն սա, ըստ էության, հակադարձում չէր, այլ ցույց էր տալիս Մարուքյանի շփոթմունքը։ Նրա կոնֆլիկտը Ծառուկյանի հետ զուտ ֆորմալ բյուրոկրատական բնույթ ունի՝ բիզնեսը ու բիզնեսմենները ԱԺ-ում ֆորմալ ձևով ներկայացված չպետք է լինեն։ Բայց փոխարենը կան կլասիկ պատգամավորներ, ովքեր պատրաստ են ամեն պահի պաշտպանել բիզնեսի շահերը։ Վերջիվերջո, կա միջազգային պրակտիկա՝ ԱՄՆ-ում, օրինակ, օրենսդիր իշխանությունում քաղաքական լոբինգի ինստիտուտը ամենակայացած երևույթներից է։ Եւ եթե հայկական բիզնեսը օրինակ վերցնի միջազգային բիզնեսներից և խելամիտ գործի, ապա օրենսդիր իշխանությունում իր ներկայությունը, որը հարցեր և ավելորդ խոսակցությունների ու քննադատության տեղիք է տալիս, պետք է փոխարինի լոբինգով զբաղվող մարդկանցով։
ԱԺ-ում չի լինի բիզնեսմեն, բայց կլինի բիզնես շահ, այն միշտ կա ու կլինի։ Բավականին լավ առաջարկ է, որը մերժվում է։

Մոտակա 5 տարիների ընթացքում ականատես ենք լինելու Մարուքյան-Ծառուկյան այս թվացյալ կոնֆլիկտի այլ դրսևորումներին։

Ու՞ր ենք գնում

Հստակ հարց է առաջանում․ այն պայմաններում, երբ ԱԺ անցած երեք ուժերից մեկը ոչ այնքնան խելամիտ խոշոր բիզնեսն է, որը քողարկված, լոբիստների միջոցով իր շահերը առաջ մղելու առաջարկը չի ընդունում և գերադասում է ուղղակիորեն ներկայացված լինել օրենսդիր իշխանությունում և պաշտպանել ինքն իր շահերը, իսկ մյուսը շփոթված լիբերալ ուժն է, որը պատրաստ է պաշտպանել ցանկացած գործարարի և առաջ է տանելու լիբերալ ու նեոլիբերալ ռեֆորմներ, ապա որ ուժն է պաշտպանելու այն մարդկանց շահը, որոնք չունեն բիզնես, չեն զբաղվում ներդրումներով, բայց ազնիվ աշխատանք են կատարում, շատ հաճախ լեզու չունեն իրենց շահերը պաշտպանելու և համբերատար սպասում են, թե երբ են բարելավվելու այն դաժան սոցիալական պայմանները, որի ստեղծողների դեմ ընդվզել և որոնց մերժել են կես տարի առաջ։

Այս հարցի պատասխանը պետք է որ լիներ ակնհայտ. հաղթանակ հռչակած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը և դրա արդյունքում ժողովրդի մեծամասնության ձայնը ստացած ուժը պետք է ամեն ինչ անի, որ իր ընդունած սոցիալական, տնտեսական և այլ ոլորտների քաղաքականություններն իսկապես ներկայացնեն ժողովրդի, այլ ոչ բիզնեսի շահերը և որ սպասվող փոփոխությունները լինեն իսկապես ներառական, վերաբերեն բոլոր խավերին և բոլորը զգան այս փոփոխությունների դրական արդյունքները։

Սակայն ակնհայտ պատասխանները մեզ համար չեն և, կարծես, մեծամասնության ձայնը ստացած Իմ Քայլը նույնպես պատրաստվում է հանդես գալ (նեո)լիբերալ դիրքերից ու համապատասխան բարեփոխումներ անել։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, բազմաթիվ հարցեր է առաջացնում ինչպես մասնագիտական (տես նաև սա և սա) այդպես էլ հասարակական շրջանակներում։

Առաջարկվող համահարթեցված հարկային համակարգը, որն անհնար է համարել արդար, իրավական նախագծերի հրապարակման e-draft կայքում արդեն իսկ արժանացել է քվեարկողների մեծամասնության անհավանությանը՝ այս հոդվածը գրելու պահին քվեարկողների 90%ը դեմ է այս նախագծին։ Տնտեսության մասին բանավեճի ընթացքում հնչեցրած կարծիքները, բիզնես ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումները, ներդրումային բազմազան ծրագրերը, աշխատողների և աշխատանք խրախուսելու մասին խնդրահարույց արտահայտությունները, աղքատությունից բողոքելու անցած ժամանակները և այլ զարգացումները լուրջ մտահոգություններ ունենալու պատճառ են։

Կլասիկ ԱԺ-ում ամենաազդեցիկ ուժը արդյոք կկարողանա ապահովել վերը նշված ներառականությունն ու աղքատության դեմ պայքարելու համար ռադիկալ ժողովրդական քայլեր անել, թե՞ տեսնելու ենք արդեն իսկ նշմարվող այս տնտեսական և սոցիալական քաղաքականությունների շարունակությունը։

Սիրո և համերաշխության ճանապարհը շարունակելու համար և՛ ԱԺ-ն, և՛ Կառավարությունը պետք է լինեն հանրության մանրադիտակի տակ, իսկ հանրային քննադատությունը չընկալվի հեղափոխության և հակահեղափոխության արդեն իսկ անտեղի տրամաբանությունների մեջ։

--

--