Իրավական ոչնչացման զենքեր (մաս 4)

Հեղինակ՝ Արմեն Աբագյան

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
5 min readFeb 14, 2020

--

Արբիտրաժային իրավարարներ. ներդրումային արբիտրաժի համակարգի չեզոք պահապաննե՞ր

Այն արբիտրաժային իրավարարները, ովքեր որոշում են ներդրող — պետություն վեճերի ճակատագիրը, ամենևին էլ միջազգային ներդրումային իրավունքի անկողմնակալ պահապաններ չեն: Նրանք բարձր վարձատրվող կորպորատիվ իրավաբաններ են, ովքեր շահագրգռված են ներդրումային արբիտրաժների շահութաբեր բիզնեսի պահպանությամբ և հաշվետու չեն որևէ էլեկտորատի առջև: Ի տարբերություն սովորական դատավորների՝ արբիտրաժային իրավարարների աշխատավարձերը սահմանաչափ չունեն և չեն սահմանափակվում իրենց ծառայությունների դիմաց ստացած չոր աշխատավարձով: Իրականում, ներդրող — պետություն վեճի արբիտրաժային իրավարար դառնալն այդքա՜ն ցանկալի է հենց այն պատճառով, որ վերջիններս կլորիկ գումար են աշխատում: 100 միլիոն դոլարանոց վեճում նախագահող արբիտրաժային իրավարարը կարող է միջինը 350,000 դոլար աշխատել, իսկ սովորաբար պետությունների դեմ ներդրողների բողոքները շատ ավելի մեծ ֆինանսական հատուցումների համար են լինում:[i]

Ոչ միայն նրանց կյանքն ու կարիերան է կապված ներդրողների կողմից պետություններին դատի տալու հետ, այլև նրանք իրենց աշխարհայացքով իսկ բիզնեսի անկոտրում պաշտպաններ են և ամուր կապերով են կապված կորպորացիաների աշխարհի հետ: Նրանցից շատերն աշխատել են որպես անդրազգային կորպորացիաների կառավարման խորհուրդների անդամներ, հաճախ նույնիսկ այն նույն կորպորացիաներում, որոնք դատի են տալիս կառավարություններին արբիտրաժային դատարանում, և նրանք կիսում են այն կարծիքը, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների շահույթի պաշտպանությունը անվիճարկելի պետք է լինի իրենց վճիռներում: Արևմտաեվրոպական և հյուսիսամերիկյան ծագումով արբիտրաժային իրավարարների համամասնությունը ICSID-ում քննված բոլոր գործերի թվում 68% է կազմում:[ii] Ավելին, որոշումների կայացման հսկայական ուժ է կենտրոնացված 13 արբիտրաժային իրավարարներից կազմված «ներքին մաֆիայի» ձեռքում (որոնք բոլորը, բացի մեկից, ծագումով Եվրոպայից կամ Հյուսիսային Ամերիկայից են), որոնք վարել են ICSID-ի հայտնի գործերի շուրջ 80%-ը:[iii] Հաշվի առնելով, որ ICSID-ում քննվող գործերում պատասխանող պետություններից միայն 12%-ն են Գլոբալ Հյուսիսից, կարելի է արդեն ենթադրել, թե արբիտրաժային վճիռները որքանով են անկողմնակալ:[iv] Ի դեպ, 2012թ. մի էմպիրիկ ուսումնասիրություն բացահայտում է ICSID տրիբունալներում արբիտրաժային իրավարարների համակարգային կողմնակալությունը՝ հօգուտ ներդրողի. նրանք ոչ միայն հակված են ներդրողի օգտին որոշումներ կայացնել, այլև է՛լ ավելի բարենպաստ վճիռներ են կայացնում այն դեպքերում, երբ բողոք բերողն Արևմտյան կապիտալ-արտահանող երկրներից է լինում:[v]ICSID-ի արբիտրաժային իրավարարների միատարրությունը՝ այն, որ նրանք մեծամասամբ նշանակվում են կանխորոշված ցանկից և ըստ էության կանխակալ են հօգուտ ներդրողների ու Արևմուտքի, անխուսափելիորեն վարկաբեկում է արբիտրաժային համակարգի ենթադրյալ չեզոքությունը:

Ներդրողի հաջողելու դեպքում գանձվող արբիտրաժային վճարներից բացի բուն արբիտրաժային գործընթացը շատ թանկ է արժենում կառավարությունների համար: Օտարերկրյա ներդրումներ ընդունող պետությունը հաճախ ոչ միայն ներդրողի հետ կիսում է վարչական ծախսերը, այլև ստիպված է լինում վճարել արբիտրաժային դատավորներին, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրողներին: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալներով՝ իրավական և արբիտրաժային ծախսերը միջինը կազմում են 8 միլիոն դոլար, իսկ ներդրող — պետություն բազմաթիվ վեճերի պարագայում դրանք անցնում են 30 միլիոն դոլարը: Օդանավակայանների օպերատոր գերմանական «Fraport-ն ընդդեմ Ֆիլիպինների» գործում կառավարությունը 58 միլիոն դոլար է վճարել միայն իրավական ծախսերի համար, ինչը, եթե համեմատության մեջ դնենք Հայաստանի հետ, մոտավորապես հավասար է առողջապահական տարեկան բյուջեի 1/3-ին, 19,333 հայաստանյան բուժքույրերի աշխատավարձին և երկու անգամ ավելին է, քան կրթության բյուջեն:[vi] Արբիտրաժային բիզնեսին ներսից ծանոթ անձինք հաշվում են, որ ներդրող — պետություն վեճերում արբիտրաժին առնչվող ծախսերի շուրջ 80%-ը գնում է իրավախորհրդատու թիմերի գրպանը: Ներդրումային արբիտրաժի ամենահայտնի ընկերությունները, որոնք հիմնականում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Կանադայից են, տարեկան հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների հասնող եկամուտներ են ստանում և ամենամեծ օգուտն են շահում արբիտրաժային բիզնեսից:[vii] Օրինակ, բրիտանական Freshfields Bruckhaus Deringer ընկերությունը («Լիդիան Ինթերնեշընըլին» իրավախորհրդատուն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, թարգմ) 2018-ին հատեց 1.8 միլիարդ դոլար եկամտի նշաձողը:[viii]

«Լիդիան Ինթերնեշընըլ»-ն ընդդեմ Հայաստանի վերահաս գործը

Հանգամանքները ցույց են տալիս, որ Փաշինյանի կառավարությունն անձնատուր է եղել «Լիդիան Ինթերնեշընըլի» արբիտրաժային սպառնալիքի առջև և թույլատրել է շարունակել Ամուլսարի վտանգավոր ոսկու հանքի աշխատանքները: Կառավարության պաշտոնական հռետորաբանությունը միշտ պահում էր այն գիծը, որ հանքի աշխատանքների շարունակությունը կախված էր լինելու բնական միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ միջազգային ուսումնասիրության արդյունքներից (որը հրապարակվել է 2019թ․ օգոստոսին և, իբր, ազատում է Լիդիանին քրեական պատասխանատվությունից): Այնուամենայնիվ, տրամաբանական է հարցականի տակ դնել ինչպես քննչական գործընթացի լեգիտիմությունը, այնպես էլ՝ քննիչների եզրակացությունները: Դրանք ոչ միայն հակասում են հանքի անխուսափելի թթվային դրենաժի և դրա Հայաստանի քաղցրահամ ջրի խոշորագույն ավազան՝ Սևանա լիճ, հոսելու մասին բնապահպան գիտնականների բազմաթիվ զգուշացումներին, այլև ժխտում են այն հետևանքները, որոնք արդեն իսկ զգացել են շրջակա համայնքները: Հանրային աուդիտն, այնուամենայնիվ, հարմար պատրվակ է կառավարության համար՝ մարդու իրավունքների և բնապահպանության մասին հոգատարության ժեստ ցուցադրելու և միաժամանակ՝ ներդրողի պահանջներին լուռ համաձայնելու առումով:

Չնայած Փաշինյանը Լիդիանի բաժնետերերի կողմն է անցել, Հայաստանի ժողովուրդը նույն կերպ չի վարվել: Տեղաբնիկ համայնքների և տեղի ակտիվիստների կողմից Ամուլսարի հանքի ճանապարհները շրջափակելու հերոսական ջանքերը թուլանալու ոչ մի միտում չունեն, և սա ավելի ու ավելի հավանական է դարձնում «Լիդիան Ինթերնեշընըլն ընդդեմ Հայաստանի» վերահաս գործը: Լիդիանի իրավական թիմը վիճարկելու է, որ Փաշինյանի կառավարության կողմից հանքի շրջափակման նկատմամբ անգործությունը խախտում է Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ երկկողմ ներդրումային պայմանագրերի «արդար և հավասար ռեժիմ ապահովելու» մասին դրույթը և հանգեցրել է իր ներդրումների «անուղղակի յուրացման»: Ըստ չհաստատված լուրերի՝ պահանջվող 2 միլիարդ դոլարի՝ խիստ գերագնահատված արբիտրաժային վճարը կկազմի Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 17%-ը և տարեկան պետական ծախսերի 63%-ը,[ix] և Հայաստանի օգտին վճիռ կայացվելու տարբերակն այնքան էլ խոստումնալից չի թվում, եթե վեճը մտնի արբիտրաժային տրիբունալ: Մեծ Բրիտանիա — Հայաստան երկկողմ ներդրումային համաձայնագիրն արբիտրաժի միակ վայր է նախանշում Վաշինգտոնում գտնվող ICSID-ն, որը թափանցիկության որևէ չափանիշ չունի, որի որոշումները պարտադիր են և ենթակա չեն բողոքարկման, իսկ արբիտրաժային կանոնակարգը ներողամիտ է շահերի բախում ունեցող արբիտրաժային իրավարարների նկատմամբ: Ավելին, Լիդիանի բաժնետերերին ընծայված ներդրողների պաշտպանության՝ հեռուն գնացող դրույթների կողքին հիշյալ երկկողմ ներդրումային համաձայնագիրը ոչինչ չի ներառում հանրային առողջության, բնապահպանության, աշխատանքային պայմանների և պետության՝ հանրային շահը «կարգավորելու իրավունքի» մասին:[x] Հաշվի առնելով, որ տրիբունալի իրավասությունը հիմնականում սահմանվում է համապատասխան ներդրումային համաձայնագրով, դժվար կլինի որևէ պատասխանատվություն դնել Լիդիանի ուսերին: Եվ այս ամենը՝ չնայած այն հանգամանքին, որ Լիդիանը ոչ երկիմաստ փորձ է կատարել` կանխելու Հայաստանի կառավարության կողմից խնդրի կարգավորումը հանրային շահի օգտին՝ դիմելով արբիտրաժային ծանր սպառնալիքների, և չնայած այն անվիճելի սոցիալական, հանրային առողջության ու բնապահպանական վնասներին, որ ներկայացնում է Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի բնակիչների համար: Ավելին, ներդրող — պետություն վեճերի կարգավորման համակարգը չունի ոչ մի նյութական և ընթացակարգային իրավական հիմք, որը թույլ կտա Լիդիանի կործանարար հանքարդյունահանման գործողությունների զոհերին դիմել վերականգնողական արդարադատության ատյաններ: Սպասելն այն հույսով, որ արբիտրաժային գործընթացն արդար արդյունքի կհանգեցի, մեղմ ասած՝ ողջամիտ չէ:

Ամուլսարի համար պայքարը պետք է ընթանա կորպորացիաների շահույթները պետական սուվերենությունից պաշտոնապես վեր դասող ստվերային իրավական համակարգի դեմ պայքարի հետ ձեռք ձեռքի տված: Այն բազում ներդրումային համաձայնագրերը, որ ստորագրել է Հայաստանը օտարերկրյա կառավարությունների հետ, հաստատել են ներդրողների իրավունքները պաշտպանող մի չարագործ ռեժիմ, որն էլ օգտագործելով՝ «Լիդիան Ինթերնեշընըլը» պատանդ է վերցրել Հայաստանի խոշորագույն ջրային պաշարը, ինչպես նաև հազարավոր ջերմուկցիների կենսապահովման միջոցները: Թավշյա հեղափոխության ժառանգությունն ու Հայաստանի ինքնորոշման իրավունքն այժմ մազից են կախված:

«Ոսկուց էլ թանկ» կարճամետրաժ փաստագրական ֆիլմն Ամուլսարի ոսկու հանքի և Հայաստանին սպառնացող արբիտրաժային գործի մասին է: Ֆիլմը պատրաստել են Global Justice Now և War On Want կազմակերպությունները: Այս հղումով կարող եք դիտել ֆիլմը, ինչպես նաև միանալ «Լիդիան Ինթերնեշընըլ»-ին ուղղված ստորագրահավաքին:

Թարգմանեց Արփինե Գալֆայանը
Խմբագրեց Աննա Շահնազարյանը
Շնորհակալություն Հովհաննես Ավետիսյանին տերմինաբանական թարգմանության խորհրդատվության համար

[i] Eberhardt, P. and Olivet, C. (2012) ‘Profiting from Injustice: How Law firms, Arbitrators and Financiers are Fueling an Investment Arbitration Boom’

[ii] ICSID Caseload — Statistics: (Issue 2018–2)

[iii] World Investment Report 2018: Investment and New Industries

[iv] ICSID Caseload — Statistics: (Issue 2018–2)

[v] Van Harten, G. (2012) ‘Arbitrator Behaviour in Asymmetrical Adjudication: An Empirical Study of Investment Treaty Arbitration’ Osgoode Hall Law Journal.

[vi] The Government of the Republic of Armenia, State Budget s://www.gov.am/am/budget/

[vii] Eberhardt, P. and Olivet, C. (2012) ‘Profiting from Injustice: How Law firms, Arbitrators and Financiers are Fueling an Investment Arbitration Boom’

[viii] (2018) ‘Freshfilds delivers firmwide growth’ Freshfields Bruckhaus Deringerhttp://news.freshfields.com/r/Global/r/5324/freshfields_delivers_firmwide_growth

[ix] (2018) ‘Armenian Parliament Approves 2019 State Budget’ Jam News https://jam-news.net/armenian-parliament-approves-2019-state-budget/

[x] United Kingdom-Armenia BIT (1993)

--

--