Իրավական ոչնչացման զենքեր. «ներդրող — պետություն» վեճերի կարգավորման դատական գործընթացները և «Լիդիան Ինթերնեշընըլի» գրոհը Հայաստանի ինքնիշխանության վրա (մաս 1)

Հեղինակ՝ Արմեն Աբագյան

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
10 min readFeb 12, 2020

--

Ամուլսարի համար մղվող պայքարի և դրա շուրջ ծավալվող գործընթացների շնորհիվ Հայաստանում 2018–2019թթ․ վերջապես խոսակցություններ և քննարկումներ սկսվեցին ներդրումային վերպետական արբիտրաժային տրիբունալների մասին: Սա առաջին անգամը չէ, որ օտարերկրյա ընկերությունները (ներդրողները) Հայաստանի դեմ բողոք են բերում բիզնես տրիբունալներում. ուղղակի նախկինում կամ հենց այս պահին տրիբունալների քննության տակ եղած մյուս գործերը գաղտնի են պահվել հանրությունից, չնայած մեր՝ հարկատուներիս հաշվին հավանաբար մեծ գումարներ են վճարվել վեճերը հարթելու կամ ընկերությունների վնասները փոխհատուցելու համար:

Առևտրային շահերին ծառայող այս չափազանց անարդար իրավական ոստայնի դեմ պայքարելու համար շատ կարևոր է ճանաչել դրա էությունը, ինչն էլ փորձել է անել հեղինակը և մենք` նրա հոդվածը հայերեն թարգմանելով ու հրապարակելով: Վստահ ենք, որ բացառությամբ կորպորատիվ իրավունքի ոլորտում աշխատող անձանց շրջանակի, վերլուծությունը մեծամասամբ նոր գիտելիք կհանդիսանա հանրության լայն շերտերի և հատկապես՝ հանրային գործիչների, պետական պաշտոնյաների ու պատգամավորների համար։

Չնայած ներդրումային վերպետական իրավական դաշտի ներքոշարադրյալ վերլուծությունն ուղեկցվում է Ամուլսարի շուրջ գործընթացներից մի քանի օրինակներով, այնուամենայնիվ, այս հոդվածն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շուրջ իրավական վեճի և հնարավոր արբիտրաժային գործընթացի վերլուծություն չէ. այստեղ վերհանված չեն Ամուլսարի հարցում Հայաստանի Հանրապետության և Լիդիան ընկերության ուժեղ և թույլ կողմերը կամ հաղթանակի հնարավորությունները, այստեղ չեն քննարկվում նաև հանքը բացելու գինը կամ հետևանքները, և ուստի, պետք չէ հոդվածին վերաբերվել իբրև Ամուլսարի հարցի հանգուցալուծման կանխատեսում: Վերլուծությունն, ավելի շուտ, բացահայտում է բիզնես արբիտրաժային տրիբունալների և դրանց իրավական հիմք հանդիսացող երկկողմ ներդրումային համաձայնագրերի խարդավանքները, դրանց ոչ լեգիտիմությունը և հակասությունը միջազգային իրավունքին ու հանրային շահին: Դրանով իսկ՝ այն մեզ գիտելիք և ուժ կարող է տալ նեոլիբերալ այս հերթական գործիքի դեմ արդյունավետ պայքարելու համար:

«Սեւ Բիբար» ձախական քննախոսական հարթակ

Բովանդակություն

Նախաբան

1960-ականներից ի վեր ավելի քան 3300 ներդրումային համաձայնագիր է կնքվել աշխարհի տարբեր պետությունների միջև։[1]

Երկկողմ ներդրումային համաձայնագրերի (BIT: Bilateral Investment Agreement) այս խառնիճաղանջ ցանցը երաշխավորում է օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI: Foreign Direct Investment) համաշխարհային մեքենայի գործունեությունը, որն ընդգրկում է 20 տրիլիոն դոլար կապիտալի հոսք և, ինչն ավելի կարևոր է, ապահովում է ամբողջ աշխարհում անդրազգային կորպորացիաների տնտեսական շահերը պաշտպանող ինստիտուցիոնալ շրջանակը:[2]Կիրառվելով փակ դռների հետևում և, մեծ մասամբ, հանրության աչքից թաքուն՝ միջազգային ներդրումային համաձայնագրերի դրույթները բազմազգ կորպորացիաներին զինում են վտանգավոր իրավական մի ռեժիմով, որը հսկայական իշխանություն է շնորհում ներդրողներին: Այս առումով ամենանենգը մասնավոր միջազգային արբիտրաժային տրիբունալներում պետություններին դատի տալու կարողությունն է՝ պետական քաղաքականության կամ նորմատիվային կարգավորումների մեջ կատարած ցանկացած այնպիսի փոփոխության համար, որը կարող է բացասաբար ազդել մասնավոր ընկերության եկամուտների վրա: Նեոլիբերալիզմի՝ դեպի անդունդի հատակը սրընթաց գահավիժող մրցավազքում, որտեղ կորպորացիաների շահույթի հակառակ կողմում մարդու իրավունքներն ու բնությունն են, կորպորացիաների շահը սովորաբար հաղթում է:

Չարաշահելով ներդրող — պետություն վեճերի կարգավորման (ISDS: Investor-State Dispute Settlement) մեխանիզմը, որը ներառված է Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ Հայաստանի երկկողմ ներդրումային համաձայնագրերում, «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության դուստր ձեռնարկություններ «Lydian UK»-ն ու «Lydian Canada»-ն պաշտոնապես բողոք են ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ իբրև արձագանք Ամուլսարի ոսկու հանքի ճանապարհների արգելափակմանն ու հանքի դեմ ժողովրդական դիմադրության վերստին աշխուժացմանը: Շրջակա բնակավայրերն արդեն իսկ տուժում են բնական միջավայրի վրա հանքարդյունաբերական այս ծրագրի ազդեցության պատճառով, իսկ եթե հանքահանումն ամբողջ թափով սկսված լիներ, ապա սոցիալական, տնտեսական ու մարդկանց առողջության վրա հետևանքները կարող էին աղետալի լինել:

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է եվրոպական օտարերկրյա ներդրողներին սիրաշահել «բաց դռների» հարկային քաղաքականությամբ և պետական կարգավորումների մեղմացման (օրենսդրական և նորմատիվային պահանջների թուլացման, թարգմ.) հետագա ծրագրերով, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հայտնվել է բնական միջավայրի նկատմամբ իրավունքների համար ընդդեմ «Լիդիան Ինթերնեշընըլի» բաժնետերերի մղվող պայքարի թակարդում: Հայաստանյան օրենքների ընդդատությունից դուրս գտնվող և փակ ռեժիմով աշխատող արբիտրաժային դատարաններում «Լիդիան Ինթերնեշընըլն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վերահաս վարույթում 2 միլիարդ դոլարի[3] պահանջ կարող է ներկայացվել (ընկերությունը, մամուլը և ՀՀ պաշտոնյաները տարբեր ժամանակահատվածներում շրջանառել են 500 միլիոնից մինչև 2 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող թվեր, մինչդեռ փոխհատուցման պահանջի պաշտոնական և հստակ թիվ երբևէ չի ներկայացվել, թարգմ.): Եթե բրիտանական բազմազգ կորպորացիայի շահերը գերակայեն, ապա հատուցումը կկորզվի Հայաստանի ժողովրդի կաշվից, որի 26 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցած:[4] Որպեսզի ինքնաբուխ (արմատընթեր, grassroots) քաղաքացիական շարժումը հաջողության հասնի, անհրաժեշտ է միֆերի շղարշից դուրս հանել ներդրող — պետություն վեճերի կարգավորման (ISDS) մեխանիզմներն ու լույս սփռել առևտրի ու ներդրումների մասին համաձայնագրերի խոստումների երկդիմության վրա:

Երկկողմ ներդրումային համաձայնագրերը՝ տրոյական ձի

Որևէ կառավարության և օտարերկրյա ներդրողի միջև համաձայնագրի կնքումը ներառում է օտարերկրյա ներդրումներն ընդունող պետության կողմից ինքնիշխանության միակողմանի կորուստ, ինչն ի սկզբանե դիտարկվում է իբրև արտաքին կապիտալի ներգրավումն ապահովող անհրաժեշտ քայլ։

Նման զիջման գնալու պատճառի արմատները թաքնված են երկրների զարգացման մասին Համաշխարհային բանկի ևԱրժույթի միջազգային հիմնադրամի տարածած դիսկուրսի մեջ, համաձայն որի` մեծածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումներն այն դեղամիջոցն են, որը կարող է Գլոբալ Հարավի (այս եզրույթն օգտագործվում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առնչությամբ և հակադրվում է Գլոբալ Հյուսիսին՝ Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի՝ բարձր եկամուտ ունեցող պետություններին, թարգմ.) անխտիր բոլոր երկրներում տնտեսական զարգացում ապահովել: «Արտահանումներով պայմանավորված աճի» հարացույցի (պարադիգմի) ներքո Ծայրամասի պետություններին (համաշխարհային հարստության անհամամասնորեն փոքր բաժին ստացող, զարգացած (Կենտրոնի) պետությունների կողմից շահագործվող և թույլ պետական ինստիտուտներ ունեցող երկրներ, Գլոբալ Հարավի հոմանիշն է, թարգմ.)հարկադրվում է հումք արտահանել Կենտրոնի երկրներ, մինչ Կենտրոնի ընկերությունները տրամադրում են հումքի կորզման համար պահանջվող տեխնոլոգիաներն ու կապիտալը: Ընդունող պետությունների՝ «գլոբալ ապրանքային շղթայում ինտեգրման» գործընթացում կորպորացիաներն անարգել մուտքի արտոնություն են ստանում դեպի Ծայրամասի նավթահորեր, գյուղատնտեսական հողեր, խմելու ջրի աղբյուրներ, հանքային պաշարներ և այլ բնական ռեսուրսներ: Արդյունքում բնական միջավայրի արժեքը ստորադասվում է՝ որակվելով զուտ որպես ապրանք, որը կարելի է գնել ու վաճառել համաշխարհային շուկաներում, իսկ այս ամենից գոյացող շահույթի առյուծի բաժինն ընկնում է եվրոպական ու հյուսիսամերիկյան ընկերություններին։

Ուստի, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար մրցակցող պետությունները դատապարտված են գլուխ խոնարհել համաշխարհային ներդրումային ռեժիմի առջև՝ ներդրողների համար ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որը լավագույնս համապատասխանում է հենց նրանց տնտեսական շահերին: Սա ենթադրում է շուկայի ազատականացմանն ուղղված մեծաթիվ ռեֆորմների միջոցով անդրազգային կապիտալի նկատմամբ հանրային վերահսկողության թուլացում և երկկողմ կամ այլ ներդրումային համաձայնագրերի աճող ոստայնում ներդրողներին խոշոր առավելությունների շնորհում: Լայնորեն տարածված այն համոզմունքը, թե երկկողմ ներդրումային համաձայնագրերը խթանում են օտարերկրյա ուղղակի ներդրումները, իրականում շատ քիչ էմպիրիկ փաստարկներ ունի․[5] գործնականում, ներդրումային պայմանագրերը ներդրումներ ապահովելու էական նախապայման չեն էլ հանդիսանում: Ճապոնիան ընդամենը 4 երկկողմ ներդրումային համաձայնագիր ունի, սակայն աշխարհում երկրորդն է օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով: 1990 թ․-ից ի վեր դեպի Չինաստան հոսած ամերիկյան ներդրումների ծավալը հասնում է 276 միլիարդ ԱՄՆ դոլարի, սակայն երկու պետությունների միջև որևէ երկկողմ ներդրումային համաձայնագիր երբևէ չի ստորագրվել:[6] Բրազիլիան երկկողմ ներդրումային համաձայնագրեր չի վավերացրել, սակայն արտաքին ներդրումների նշանակալի գլոբալ ուղղություն է հանդիսանում:[7]

Չնայած համաձայնագրերը ներդրումների ավելացող հոսքի երաշխիք չեն՝ դրանք հիմնարար դերակատարում ունեն այն առումով, որ հնարավորություն են տալիս ներդրողներին հսկայածավալ շահույթներ կորզել Գլոբալ Հարավից, և, ինչն ավելի կարևոր է, այդ համաձայնագրերի դրույթները կորպորացիաներին հնարավորություն են տալիս հեշտությամբ դատի տալ ընդունող պետություններին, եթե վերջիններս գործեն իրենց քաղաքացիների հավաքականշահից ելնելով:

Ինքնիշխանությունից հրաժարում սեփական ստորագրությամբ. ինչին ենհամաձայնում երկրները ներդրումային համաձայնագիր ստորագրելիս

1. «Արդար և հավասար ռեժիմի ապահովում» ներդրողների համար
«Արդար և հավասար ռեժիմի ապահովման» (FET: Fair and equitable treatment) մասին դրույթը «շատ լայն դրույթ է, որի նպատակն է պաշտպանել օտարերկրյա ներդրողին ցանկացած այնպիսի վերաբերմունքից, որը կարող է որևէ կերպ ազդել նրա գործունեության ու տնտեսական շահերի վրա և որը կարող է անարդար համարվել»:[8] Այս դրույթը հաճախ է ներդրողների կողմից օգտագործվում կառավարություններին դատի տալիս և մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ ընդունող պետությունը չի կարող միակողմանի կերպով գործադրել քաղաքականությունների այնպիսի փոփոխություններ, որոնք «տնտեսական կանխակալ վերաբերմունք» են առաջացնում ներդրման նկատմամբ: Օրինակ, երբ կառավարությունը հակածխախոտային միջոցառումներ է կիրառում ծխախոտատուփի վրա հանրային առողջության մասին գրաֆիկական նախազգուշացումների տեսքով, ծխախոտ արտադրող մեծ կորպորացիաները կարող են պնդել, որ պետության այս գործողությունները խաթարում են կայուն և բարենպաստ բիզնես-պայմանների մասին նրանց «լեգիտիմ ակնկալիքները» (ինչպես եղավ «Phillip Morris-ն ընդդեմ Ուրուգվայի» վեճի դեպքում):[9] Այս դրույթի՝ ընդհանրական և դիտավորյալ կերպով անորոշ ձևակերպումը քաղաքականություններ մշակողներին հետ է պահում հանրության շահից բխող օրենսդրություն ընդունելուց, ինչը պայմանավորված է ներդրումային պայմանագրերում «արդար և հավասար ռեժիմի ապահովման» մասին դրույթները խախտելու վախով:

2. Ներդրողների կողմից կապիտալի ազատ տեղաշարժ
Այս դրույթն արգելում է կառավարություններին սահմանափակումներ կիրառել կապիտալի հոսքերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ ներդրողները կարող են ցանկացած պահի հանել իրենց ներդրումային կապիտալը: Կապիտալի շարժի նկատմամբ հսկողությունը դրամավարկային քաղաքականության լեգիտիմ և էական գործիք է, որը կառավարություններն օգտագործում են ներքին տնտեսությունը կարգավորելու համար: Չնայած անգամ Արժույթի միջազգային հիմնադրամն է ճանաչել այս գործիքի կարևորությունը ֆինանսական ճգնաժամերի և մակրոտնտեսական անկայունության ժամանակ,[10] սակայն օտարերկրյա ներդրումներ ընդունող պետությունները ստիպված են լինում իրենք իրենց զրկել կապիտալի շարժի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարողությունից:

3. Առավել բարենպաստ համաձայնագրային ռեժիմից օգտվելու հնարավորություն ներդրողների համար
Առավել բարենպաստ համաձայնագրային ռեժիմի (MNF: Most Favored Nation) դրույթը պահանջում է, որ պետությունները ներդրողների համար ապահովեն ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այլ ներդրումային համաձայնագրերի շրջանակում գործող այլ ներդրողների համար: Արդյունքում՝ բազմազգ կորպորացիաները դուստր կամ ֆիկտիվ (shell company) ընկերություններ են գրանցում այն երկրներում, որոնց հետ ընդունող պետությունն ունի ներդրողների առավելագույն պաշտպանություն ապահովող երկկողմ ներդրումային համաձայնագիր, ինչն էլ թույլ է տալիս ներդրողներին իրականացնել «treaty-shopping», այսինքն՝ ընտրել ամենահարմար միջպետական համաձայնագիրը, որի իրավասության ներքո ներդրողն առավել շահեկան արդյունքը կստանա պետությանը դատի տալով։ Օրինակ, նիդեռլանդական երկկողմ ներդրումային ցանցն աշխարհում ամենաընդարձակներից մեկն է, և բազմաթիվ կորպորացիաներ բիզնես են հիմնադրում Նիդեռլանդներում՝ այլ պետությունների հետ նիդեռլանդական երկկողմ ներդրումային համաձայնագրերով սահմանված՝ ներդրող — պետություն վեճերի կարգավորման բարենպաստ դրույթներից օգտվելու նկատառումներով (հարկային օֆշորային դրախտների հարանունությամբ՝ այս երկրները կոչվում են «համաձայնագրային դրախտներ»՝ treaty heavens, թարգմ․): «Նիդեռլանդական» ներդրողների կողմից ներդրող — պետություն վեճերի կարգավորման համակարգով բողոքարկված գործերի մեծ մասի դեպքում հայցվորներն իրականում օտարերկրյա ներդրողներ են, որոնք օգտվում են առավել բարենպաստ համաձայնագրային ռեժիմի դրույթից:[11]

4. Ներդրողի պաշտպանություն «ուղղակի և անուղղակի սեփականազրկումից»
Ներդրողը պաշտպանված է ընդունող պետության կողմից «ուղղակի և անուղղակի սեփականազրկումից»: Չնայած «ուղղակի սեփականազրկումն» ընդհանուր առմամբ հստակ սահմանված է լինում (օրինակ՝ ազգայնացման միջոցով օտարերկրյա ներդրողի սեփականության կամ գույքի խլում), «անուղղակի սեփականազրկումը» դավադրաբար աղոտ է սահմանված մնում: Ցանկացած քաղաքական նախաձեռնություն, օրենսդրական կարգավորում կամ գործողություն, որը բացասաբար է ազդում ապագայում ակնկալվող շահույթի վրա (օրինակ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները, վտանգավոր թափոնների մասին նորմատիվները, թունավոր քիմիկատների կիրառման արգելքը և այլն) կարող է որակվել որպես «անուղղակի սեփականազրկում»: Նկատի առնելով ներդրողներին պաշտպանող դրույթների այս համընդգրկուն լեզուն՝ հանրային բարօրությունը պաշտպանող օրենսդրությունը կորպորացիաների համար դառնում է օտարերկրյա ներդրումներ ընդունող պետություններին դատի տալու հիմք:

5. «Արդար կամ համարժեք փոխհատուցում ստանալու»՝ ներդրողի իրավունքը
Եթե ներդրողները ենթարկվել են ապագայում իրենց ակնկալած շահույթների «ուղղակի կամ անուղղակի» սեփականազրկման, ապա նրանք իրավունք ունեն պահանջել դրանց փոխհատուցում: Այս դրույթը ներդրողներին նաև թույլ է տալիս փոխհատուցումները հաշվարկել ըստ «շուկայական արժեքի», ինչը հանգեցնում է զգալի ֆինանսական վճարների: Օրինակ, կանադական Gabriel Resources հանքարդյունաբերական ընկերությունը 5.7 միլիարդ դոլարի հատուցման պահանջ է ներկայացրել Ռումինիայի կառավարությանը Ռոշիա Մոնտանայում հանքարդյունաբերական գործունեության թույլտվությունները մերժելու համար, թեև ընկերությունն ընդամենը 650 միլիոն դոլարի ներդրում էր կատարել այնտեղ:[12] Նման իրավունք վերապահվում է բացառապես օտարերկրյա ներդրողներին, քանի որ տեղական ներդրողները ենթարկվում են շուկայական արժեքից ավելի ցածր հաշվարկների:

6. Օտարերկրյա ներդրողներին՝ տեղական վերաբերմունք
Տեղական ներդրողներին շնորհվող իրավունքներն ու արտոնությունները պետք է հավասարապես տարածվեն օտարերկրյա ներդրողների վրա: Ավելին, տնտեսական զարգացման քաղաքականությունները չեն կարող ներառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, տնտեսական խթանները կամ հարկերից ազատումը, որոնք զարկ կտան պետական ձեռնարկությունների զարգացմանը և դուրս կմղեն օտարերկրյա ներդրողներին: Աշխարհի ամենահաջողված տնտեսություններն իրենց զարգացման ինչ-որ փուլում կիրառել են այնպիսի պետական քաղաքականություններ, որոնք առաջնահերթություն են տվել տեղական արտադրողներին, մինչդեռ ներդրումային համաձայնագրերով վերը նշված դրույթի ամրագրումն ընդունող պետություններին զրկում է այդ իրավունքից: Համապատասխան տեղական ընկերություններն էլ ստիպված են լինում մրցակցել անդրազգային հսկաների հետ՝ գոյատևելու աննկարագրելի ցածր հավանականությամբ:

7. Պետությունները պետք է ընդունեն պարտադիր ուժ ունեցող ներդրումային արբիտրաժ
Այս դրույթը ներդրողներին օժտում է միջազգային իրավական պաշտպանությամբ՝ հանձին ներդրող — պետություն վեճերի կարգավորման (ISDS) մեխանիզմի, որտեղ հաճախ ներդրողներին է վերապահվում ներդրումային արբիտրաժի վայրի ընտրությունը: Սա նշանակում է, որ ներդրողները կարող են շրջանցել ներպետական դատարաններն ու դիմել մասնավոր միջազգային ներդրումային տրիբունալների օգնությանը (ինչպիսին է, օրինակ, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID)), որոնք հիմնականում կողմնակալ են՝ հօգուտ կորպորացիաների: Նման տրիբունալներում քննվող գործերի վճիռները քիչ առնչություն ունեն դատաիրավական նախադեպերի կամ միջազգային իրավունքի նորմերի հետ, այդուհանդերձ դրանք պարտադիր են լինում և ենթակա՝ հարկադիր կատարման:[13]

Գլոբալ Հարավի կառավարությունները նորից ու նորից իրենց դարպասներն են բացում երկկողմ ներդրումների «տրոյական ձիու» առջև՝ ընդունելով այն մտացածին պատումը (նարատիվը), թե ներդրողներին վերպետական լիազորություններ շնորհելով՝ պարարտ հող է ստեղծվելու ներդրումների ներհոսքի համար և հանուն դրա արժե գնալ այդ զիջումներին: Մինչդեռ անդրազգային ընկերություններն ամենևին էլ օտարերկրացի բարեգործներ չեն, որոնք նվիրաբերում են այնքա՜ն անհրաժեշտ աշխատատեղերն ու բարգավաճում բերում ծանր վիճակում գտնվող տնտեսություններին: Նրանք գաղութատիրության նոր դեմքն են, որոնք Ծայրամասի պետություններին դատապարտում են հավերժական թերզարգացվածության և պահում նրանց էժան աշխատուժի ու հարստահարման ենթակա հանքահումքի ամբարտակի կարգավիճակում: Երկկողմ ներդրումային համաձայնագրերով օտարերկրյա ներդրողների տրամադրության տակ հայտնված իրավական գործիքներն է՛լ ավելի են ամրապնդում Ծայրամասի տնտեսական ենթարկվածությունը խոշոր արտաքին կապիտալին:

Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանը (Permanent Court of Arbitration (PCA)), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը (The London Court of International Arbitration (LCIA)), Փարիզում գտնվող՝ Առևտրի միջազգային պալատը (International Chamber of Commerce (ICC)), Ստոկհոլմի առևտրի պալատը (Stockholm Chamber of Commerce (SCC)), ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի կոմիտեն (United Nations Commission on International Trade Law (UNCITRAL)) և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID) բոլորն էլ ներդրող — պետություն վեճերի քննման վայրեր են:

Յուրաքանչյուր արբիտրաժային հարթակ կառավարվում է իր սեփական կանոններով ու կարգավորումներով, չնայած՝ որոշ դեպքերում մի տրիբունալի կանոնակարգերը կարող են կիրառվել մեկ այլ վարույթ իրականացնող հաստատությունում (օրինակ, Վաշինգտոնյան ICSID-ում կարող են միջնորդվել UNCITRAL-ի կանոնները): Ներդրումային համաձայնագրերի՝ ներդրող — պետություն վեճերի կարգավորման հոդվածները պարունակում են դրույթներ, որոնք նախորոշում են, թե ո՛ր տրիբունալներն ու կանոնակարգերն են ընդունելի ներդրող — պետություն վեճերի ի հայտ գալու պարագայում: Որպես կանոն՝ օտարերկրյա ներդրումներ ընդունող երկրի ներպետական դատարաններում վեճերի կարգավորումը բացահայտորեն արգելվում է. միևնույն ժամանակ, աստղաբաշխական չափի փոխհատուցումների պահանջներ ներկայացնող կորպորացիաներն ինքնիշխան պետական տարածքներից դուրս գտնվող ատյանների լայն ընտրություն ունեն:[14] Հայտնի (հրապարակային) դարձած դեպքերի մեծ մասի՝ շուրջ 75%-ի դեպքում բողոքները քննվել են Վաշինգտոնում գտնվող ICSID-ում:[15] [16]

Կարդացեք շարունակությունը այս հղումով՝ մաս 2

Թարգմանեց Արփինե Գալֆայանը
Խմբագրեց Աննա Շահնազարյանը
Շնորհակալություն Հովհաննես Ավետիսյանին տերմինաբանական թարգմանության խորհրդատվության համար

[1] Knottnerus, R., van Os, R., Verbeek, B., Dragstra, F. Bersch, F. (2018) ’50 Jaar ISDS : Eenmondiaal machtsmiddel multinationals voor gecreëerd en groot gemaakt door’ Transnational Institute, Both Ends, SOMO, Milieu Defensie Nederland

[2] Vervest, P. and Feodoroff, T. (2015) ‘Licensed to Grab : How international investment rules undermine agrarian justice’ Transnational Institute

[3] Angel, J. (2019) ‘A Jersey mining company’s $2 billion attack on Armenia’s democracy’, Global Justice NOWhttps://www.globaljustice.org.uk/blog/2019/jul/30/jersey-mining-companys-2-billion-attack-armenias-democracy

[4] Hergnyan, S. (2017) ‘Official 2017 Poverty Rate Pegged at 25.7%’ hetq https://hetq.am/en/article/98630

[5] Jacobs, M. (2018) ‘Do Bilateral Investment treaties Attract Foreign Direct Investment to Developing countries? A review of the Empirical Literature’ International Relations and Diplomacy Vol. 5, №10, 583–593

[6] The US China Investment Hub, https://www.us-china-fdi.com/us-china-foreign-direct-investments/data

[7] Singh, K. and Ilge, B. (2016) ‘RETHINKING BILATERAL INVESTMENT TREATIES: Critical Issues and Policy choices’ Both Ends, SOMO, MADHYAM

[8] Gonzales, M. (2016)‘Investors versus people: the public nature of international Investment Law’ University of London

[9] Porterfield, M. and Byrnes, C. (2011) ‘Philip Morris v. Uruguay: Will Investor-State Arbitration Send Restriction on Tobacco Marketing up in Smoke?’ International Institute for Sustainable Development

[10] Beattie, A. (2012) ‘IMF drops opposition to capital controls’ Financial Times. https://www.ft.com/content/e620482e-3d5c-11e2-9e13-00144feabdc0

[11] Van Os, R. and Knottnerus, R. (2011) ‘Dutch Bilateral Investment Treaties: A gateway to “treaty shopping” for investment protection by multinational companies’ SOMO

[12] Verheecke, L., Eberhardt, P., Olivet, C., Cossar-Gilbert, S. (2019) ‘Red Carpet Courts : 10 STORIES OF HOW THE RICH AND POWERFUL HIJACKED JUSTICE’ Friends of the Earth Europe and International, Transnational Institute, Corporate Europe Observatory

[13] (2015) ‘Licensed to Grab: How international investment rules undermine agrarian justice’

[14] International Investment Agreements Navigator, Investment Policy Hub https://investmentpolicy.unctad.org/international-investment-agreements

[15] Investment Dispute Settlement Navigator, Investment Policy Hub https://investmentpolicy.unctad.org/investment-dispute-settlement

[16] (2019) ‘ICSID Caseload — Statistics: (Issue 2019–1)’ International Center for Settlement of Investment Disputes, World Bank Group

--

--