Կորոնավիրուսը հիանալի աղետ է «աղետի կապիտալիզմի» համար․ Նաոմի Քլայն

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
5 min readMar 17, 2020

VICE-ի հետ Նաոմի Քլայնի հարցազրույցը հրապարակվել է 2020թ․ մարտի 14-ին։

Քլայնը բացատրում է, թե ինչպես են կառավարություններն ու գլոբալ էլիտան չարաշահելու համաճարակից ստեղծված իրավիճակը։

«Սև բիբար» ձախական քննախոսական հարթակը ներկայացնում է հարցազրույցը թեթև կրճատումներով։

Պատմությունը «շոկերի» տարեգրություն է՝ պատերազմների, բնական աղետների ու տնտեսական ճգնաժամերի առաջացրած շոկերի… և այն ամենի, ինչ տեղի է ունենում դրանցից հետո: Իսկ դրանցից հետոն բնորոշվում է որպես «աղետի կապիտալիզմ»՝ ճգնաժամի հաշվարկված, ազատ-շուկայական «լուծումներ», որոնք շահագործում և սաստկացնում են գոյություն ունեցող անհավասարությունները:

«Նրանք այսպես են վարվում ո՛չ այն պատճառով, որ կարծում են, թե սա համաճարակից առաջացած տառապանքները նվազեցնելու ամենաարդյունավետ տարբերակն է. նրանք վաղուց ի վեր այս գաղափարներն ունեն՝ պատրաստի պահած ու հիմա հարմար պահ են գտել դրանք իրագործելու համար»,- ասում է Քլայնը:

Եկեք սկսենք տարրական հարցից՝ ի՞նչ է «աղետի կապիտալիզմը», ի՞նչ կապ ունի այն «շոկի դոկտրինի» հետ։

«Աղետի կապիտալիզմը» ես սահմանում եմ շատ պարզ՝ դա այն է, թե ինչպես է մասնավոր ոլորտն առիթից օգտվում, որ ուղղակիորեն շահույթ ստանա խոշորածավալ ճգնաժամերից։ Աղետներից ու պատերազմներից շահույթ կորզելը նոր բան չէ, բայց այն խորացավ Բուշի վարչակարգի օրոք, սեպտեմբերի 11-ից հետո, երբ վարչակազմը հայտարարեց երբեք չավարտվող անվտանգության ճգնաժամ, միևնույն ժամանակ՝ մասնավորեցրեց ճգնաժամը և դուրս պատվիրակեց այն (outsource)։

«Շոկի դոկտրինը» խոշորածավալ ճգնաժամերից օգտվելու քաղաքական ռազմավարությունն է, որն օգտագործվում է՝ առաջ մղելու այնպիսի որոշումներ ու քաղաքականություններ, որոնք համակարգային կերպով խորացնում են անհավասարությունը, հարստացնում են էլիտաներին և ունեզրկում՝ մնացած բոլորին։ Ճգնաժամերի ժամանակ մարդիկ սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում են ճգնաժամը հաղթահարելու օրհասական հրատապության վրա և հակված են լինում չափից ավելի վստահել քաղաքական իշխանություններին։

Որտեղի՞ց է սերում այս քաղաքական ռազմավարությունը։

Շոկի դոկտրինի ռազմավարությունը պատասխան էր Ռուզվելտի «Նոր կուրսին» (New Deal): Նեոլիբերալ տնտեսագետ Միլտոն Ֆրիդմանը համարում էր, որ Նոր կուրսի օրոք Ամերիկայում ամեն ինչ թարս ուղղությամբ ընթացավ։ Այդ ժամանակ, ի պատասխան Մեծ ճգնաժամին (Great Depression), ԱՄՆ-ում ձևավորվեց ակտիվիստական քայլեր ձեռնարկող կառավարություն, որն իր առջև դրեց տնտեսական ճգնաժամն ուղղակիորեն լուծելու առաքելություն՝ ստեղծելով պետական աշխատատեղեր և անմիջականորեն սոցիալական օգնություն հասցնելով մարդկանց։

Ազատշուկայականությանը հավատարիմ տնտեսագետները գիտեն, որ երբ շուկաները ձախողվում են, առաջադեմ փոփոխություններն ավելի բնականորեն են թափ առնում, քան այն ժամանակ, երբ թուլացվում են պետական կարգավորումները՝ հանուն մասնավորի բարգավաճման: Այսինքն, շոկի դոկտրինը մշակվել է իբրև միջոց, որը կկանխի ճգնաժամերի ժամանակ բնականոն կերպով ծնվող առաջադեմ քաղաքականությունների ընդունումը։ Քաղաքական ու տնտեսական էլիտաները գիտակցում են, որ ճգնաժամային պահերն իրենց համար առիթ են հանրային դժգոհություն առաջացնող, սակայն իրենց համար բաղձալի նոր որոշումներ ընդունելու համար, որոնք է՛լ ավելի կբևեռացնեն հարստությունը թե՛ պետության ներսում և թե՛ համաշխարհային մակարդակով:

Ներկա պահին բազմակի ճգնաժամեր են ընթանում․ կա կորոնավիրուսի համաճարակը, այն կառավարելուն միտված առողջապահական ենթակառուցվածքները խիստ պակաս են, արժեթղթերի շուկան փլուզվում է։ Կբացատրե՞ք, թե այս բաղադրիչներն ինչպես են տեղավորվում «Շոկի դոկտրինը» գրքի տրամաբանության մեջ։

Շոկն իրականում հենց ինքը վիրուսն է։ Այն կառավարելու փորձերը միտված են եղել շփոթմունքն՝ առավելագույնին, իսկ մարդկանց պաշտպանությունը նվազագույնին հասցնելուն։ Հակված չեմ մտածելու, որ սա դավադրություն է, ուղղակի ԱՄՆ-ի կառավարությունն ու Թրամփը ծայրաստիճան վատ են կառավարել ճգնաժամը։ Թրամփը շարունակում է վերաբերվել սրան ոչ թե իբրև հանրային առողջապահական ճգնաժամի, այլ իբրև հանրային ընկալումների ճգնաժամի և իր վերընտրվելուն խանգարող հավանական խնդրի։

ԱՄՆ-ը չունի համապետական առողջապահական ծրագիր, իսկ աշխատավորների պաշտպանությունը ճգնաժամային իրավիճակներում զրոյից ցածր է։ Ուժերի նման համատեղումը հանգեցրել է առավելագույն շոկի։ Այս շոկից օգտվելով՝ պետության փողերն ուղղվելու են մեր ժամանակի ամենից ծայրահեղ ճգնաժամի՝ կլիմայական ճգնաժամի համար պատասխանատու մասնավոր բիզնեսները փրկելուն, դրանք են՝ օդային փոխադրողները, նավթ և գազ արդյունահանողները, ծովային կրուիզներ կազմակերպողները. նրանք բոլորն ուզում են սրանից շահել։

Հենց հիմա արդեն իսկ ականատես ենք լինում ԱՄՆ-ում աղետի կապիտալիզմի ընթացքին։ Ի պատասխան կորոնավիրուսին՝ Թրամփն առաջարկել է 700 միլիարդ ԱՄՆ դոլարի տնտեսության խթանիչ փաթեթ, որը ենթադրում է աշխատավարձային հարկերի կրճատում, ինչն աղետ է Սոցիալական ապահովության համակարգի համար։ Փաթեթը նաև աջակցություն է տրամադրելու այն ոլորտներին, որտեղ համաճարակի պատճառով բիզնեսներ կփակվեն։ [ԱՄՆ պետական ռեզերվը (համարժեք է Կենտրոնական բանկին) արդեն շուրջ 1․5 տրիլիոն դոլար է ներդրել արժեթղթերի շուկա՝ փրկելու բանկերին ու արժետոմսեր գնող/վաճառողներին, Սև Բիբար]

«Նրանք այսպես են վարվում ո՛չ այն պատճառով, որ կարծում են, թե սա համաճարակից առաջացած տառապանքները նվազեցնելու ամենաարդյունավետ տարբերակն է. նրանք վաղուց ի վեր այս գաղափարներն ունեն՝ պատրաստի պահած ու հիմա հարմար պահ են գտել դրանք իրագործելու համար»,- ասում է Քլայնը:

Նմանատիպ իրավիճակներ նախկինում ստեղծվե՞լ են։

«Շոկի դոկտրինը» գրքում գրել եմ, թե ինչ տեղի ունեցավ «Կատրինա» փոթորկից հետո։ Վաշինգտոնյան «Հերիթիջ» վերլուծական կենտրոնը հանդիպեց իր նման նորազատական այլ կենտրոնների ու խորհրդատուների հետ ու հանդես եկավ «Կատրինայի» ստեղծած ճգնաժամին ազատշուկայական լուծումներ առաջարկող ցանկով։ Վստահ եղեք, որ նման հանդիպումներ հիմա էլ են տեղի ունենալու. իրականում, այն ժամանակ Կատրինայի խումբը ղեկավարում էր ներկայիս փոխնախագահ Մայք Փենսը։

2008թ․ նույնը տեղի ունեցավ բանկերը փրկելու ժամանակ, երբ պետությունները տրիլիոնավոր դոլարների հասնող վճարումներ արեցին բանկերին, որպեսզի դրանք չսնանկանան։ Բայց մեր վճարած իրական գինը պետական խստամբերությունն (austerity) էր, որն ի հայտ եկավ սոցիալական ծառայությունների կրճատման տեսքով։ Այսինքն, կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, այլ նաև` թե երկարատև կտրվածքով այս գինը ինչի հաշվին է վճարվելու։

Կա՞ մի բան, որ մարդիկ կարող են անել կորոնավիրուսի հետ կապված «աղետի կապիտալիզմի» վնասները մեղմելու համար։

Ճգնաժամերը փորձություններ են. մենք կա՛մ նահանջում ենք ու ընկնում, կա՛մ ոտքի ենք կանգնում, գտնում ուժի ու փոխօգնության պահուստներ, որոնց մասին մինչ այդ նույնիսկ տեղյակ չէինք։ Հիմա նման փորձության ժամանակներ ենք ապրում։ Հույսեր ունեմ, որ մեզ համար սա էվոլյուցիոն թռիչքի հնարավորություն է, քանի որ ի տարբերություն 2008-ի ֆինանսական ճգնաժամի, այս անգամ կա իրական քաղաքական այլընտրանք, որն առաջարկում է այլ կերպ արձագանքել ճգնաժամին և որը թիրախում է մեր խոցելիության արմատային պատճառները։ Նաև կա այս մոտեցումը սատարող շատ ավելի մեծ քաղաքական շարժում, քան 2008-ին էր։

«Կանաչ նոր կուրս» (Green New Deal) շարժման ողջ գործունեությունը միտված է եղել նման պահին պատրաստվելուն։ Մենք չենք կարող մեր խիզախությունը կորցնել, պետք է ավելի ուժեղ պայքարենք, քան երբևէ, հանուն համընդհանուր առողջապահության, երեխաների համընդհանուր խնամքի, փոխհատուցվող ժամանակավոր անաշխատունակության։ Սրանք բոլորը փոխկապակցված են։

Եթե մեր կառավարություններն ու գլոբալ էլիտաները պատրաստվում են շահագործել ճգնաժամը հանուն իրենց շահերի, ի՞նչ կարող են մարդիկ անել իրար մասին հոգ տանելու համար։

«Հաղթողը ստանում է ամեն ինչ» տնտեսության տրամաբանությունը մեր ուղեղներում նստեցրել է մի մտածողություն, որը մոտավորապես այսպիսին է․ «Ես հոգ կտանեմ իմ մասին, ձեռք կբերեմ լավագույն ապահովագրությունը: Եթե դու չունես լավ ապահովագրություն, ուրեմն, դա, հավանաբար, քո մեղքով է. իմ խնդիրը չէ»։ Ճգնաժամային այս պահերը բացահայտում են, որ մենք միմյանց փոխկապակցված ենք։ Իրական ժամանակում տեսնում ենք, որ մարդիկ իրար ավելի են փոխկապակցված, քան մեր բռնի տնտեսական համակարգը ստիպում է մեզ մտածել։

Մենք կարծում ենք, որ ապահով ենք, եթե լավ առողջություն ունենք։ Բայց եթե մեր սնունդը պատրաստողը ու մատակարարողը, մեր արկղերը հավաքողը չունեն լավ առողջություն, չեն կարողանում բուժզննում անցնել (էլ չասած՝ վիրուսի համաճարակի ժամանակ տանը մնալն ու չաշխատելը, քանի որ այդ օրերի համար չեն վճարվի), ուրեմն մեր բոլորի ապահովությունը վտանգված է։ Եթե իրար մասին հոգ չտանենք, մեզնից ոչ մեկին խնամք չի հասնի։ Մենք միահյուսված ենք։

Հասարակությունը կազմակերպելու տարբեր ձևերը մեր իսկ էության տարբեր հատվածների վրա են լույս սփռում: Եթե մի համակարգում ես, որը գիտես, որ հոգ չի տանում մարդկանց նկատմամբ և արդար հավասարության ճանապարհով չի բաշխում ռեսուրսները, ապա գլուխ է բարձրացնում քո՝ դիզող, հափշտակող մասը: Ուրեմն գիտակից եղե՛ք այս բանին և մտածե՛ք, որ հափշտակելու կամ միայն ձեր ու ձեր ընտանիքի մասին հոգ տանելու փոխարեն դուք կարող եք շրջվել ու կիսվել հարևանների հետ և հոգատար լինել ամենից խոցելի մարդկանց նկատմամբ:

--

--