Վրաստանի տնտեսությունը ձախողվեց. գործարաններ կառուցելու ժամանակն է

Sam Martirosyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
6 min readFeb 1, 2019

Հաշվի առնելով Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո Սաակաշվիլիի որդեգրած և Վրաստանի հաջորդ կառավարությունների կողմից տարիներ շարունակ իրականացրած նեոլիբերալ քաղաքականությունը և տնտեսության մասին պատկերացումները, որոշեցի թարգմանել վրացի կոլեգայի՝ Տատո Խունդաձեյի այս հոդվածը, որում նա ներկայացնում է իրական պատմությունը՝ Վրաստանում վերը նշված տնտեսական դոկտրինի պատճառով մարդկանց մեծամասնության աղքատացման և հարուստների էլ ավելի հարստացման մասին։ Կարծում եմ, ներկայիս կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ պետք է հաշվի առնի Վրացական փորձը։

Չնայած բազմաթիվ միջազգային տնտեսական ցուցանիշների վկայություններին այն մասին, որ Վրաստանն ինքնին հաջողության պատմություն է՝ վրացիների մեծամասնությունը ապրում է աղքատության մեջ: Մի երկրում, որտեղ կա արտագաղթի մեծ հոսք, եւ բնակչության կեսը օրվա հացն է վաստակում գյուղատնտեսության ոլորտում աշխատելով, կառավարությունը պետք է ստեղծի նոր ռազմավարություն` ուժեղ, արդյունաբերական տնտեսություն ձեւավորելու համար:

Ակնհայտ է, որ վրաց ժողովուրդը 1991 թ. անկախացումից հետո զգալի սոցիալ-տնտեսական փոփոխություն միջով է անցել, չնայած այն բանին, որ դժվար է որոշել, թե դա բնական, թե քաղաքականապես պարտադրված իրավիճակ էր: Նեոլիբերալ փորձարկումների միջոցով պետությունը գործարկել է շուկայական ֆունդամենտալիզմի հիմունքներ` հանրային սեփականություն հանդիսացող ակտիվների զանգվածային սեփականաշնորհում (պրիվատիզացիա), ապականոնակարգում (դերեգուլացիա), հարուստների համար հարկերի նվազեցում, առեւտրի եւ ֆինանսների ազատականացում:

Այդ փոփոխությունները Վրաստանը դարձրեցին հաջողության պատմություն միջազգային հանրության առջեւ: 2018 թ.-ին Վրաստանը 7-րդ տեղն էր զբաղեցնում Ֆրեյզերի ինստիտուտի Համաշխարհային տնտեսական ազատության ինդեքսում՝ մեկ հորիզոնականով զիջելով ԱՄՆ-ին: Վրաստանը նաեւ գերազանցեց իր բոլոր անմիջական հարեւաններին Ժառանգություն հիմնադրամի Տնտեսական ազատության ինդեքսում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը Եվրոպայում եւ 16-րդն աշխարհում:
Բացի տարբեր վարկանիշային ցուցանիշներում բարձր տեղեր գրավելուց, Վրաստանը հաջողությամբ է գործարկել առեւտրային բանկերը: Վրաստանի բանկերը եվրոպական բանկերի շրջանում ամենաբարձր եկամտաբերության մակարդակն են ապահովում եւ աշխարհի ամենաշահութաբեր բանկերի քսանյակում են:

Վրաստանն ունի նաեւ տարածաշրջանում առավել ազատականացված առեւտրային ռեժիմներից մեկը: Այն ունի Ազատ առեւտրի համաձայնագրեր (ԱՏԱ) Անկախ Պետությունների Համագործակցության բոլոր երկրների հետ (հետխորհրդային բլոկ)՝ բացառությամբ Ռուսաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Չինաստանի հետ: Վրաստանը նույնպես 2016 թվականից հանդիսանում է ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱՀ) մի մասը:

Մինչդեռ վերը նշված բոլորը փաստերը կարող են ընկալվել որպես հաջողություն, իրականում դրանք չեն պատմում ամբողջ պատմությունը: Վրաստանի բնակչությունը 1991 թ.-ից ի վեր մեկ երրորդով նվազել է՝ հիմնականում արտագաղթի մեծ հոսքերի պատճառով: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ամեն հինգերորդ վրացին ապրում է աղքատության մեջ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ վրացի երեխաների 6,8% -ը ապրում է ծայրահեղ աղքատության շեմից ներքեւ: Վրաստանի միջին խավը վերացել է, աշխատակողների մոտ 80% -ի ամսական եկամուտը կազմում է 370 դոլարից պակաս:

Վրացական պետական հատվածը նույնպես տուժել է՝ հիմնականում ֆինանսավորման մշտական պակասի պատճառով: Օրինակ, դպրոցի ուսուցչի պաշտոնը դարձել է ամենացածր վարձատրվողներից մեկը: Նախադպրոցական կրթության իրավիճակը նույնիսկ ավելի վատ է:
Զանգվածային ապաարդյունաբերականացումը եւ հեռավոր շրջանների թերզարգացումը ստիպել են մարդկանց տեղափոխվել մայրաքաղաք. Թբիլիսիում այժմ ապրում է ողջ Վրաստանի բնակչության մեկ երրորդը:

Սաղմնային պատասխան

Այս բացասական կողմնակի ազդեցությունների հիմնական պատճառներից մեկը 1991 թվականից հետո տեղի ունեցած զանգվածային ապաարդյունաբերականացումն էր:

Խորհրդային վիճակագրության համաձայն՝ 1987-ին մոտ 643.000 մարդ աշխատում էր արդյունաբերության ոլորտում: Ըստ վրացական ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի վերլուծության տվյալների՝ 2015 թվականին մշակող արդյունաբերությունում աշխատում էր ընդամենը 116.000 մարդ:
Ժամանակի ընթացքում Վրաստանն աստիճանաբար վերածվեց ագրարային տնտեսության` բնամթերքի վրա հիմնված եկամտով: Հիմա բնակչության գրեթե կեսը աշխատում է գյուղատնտեսության ոլորտում՝ հետընթաց քայլ, որն, այնուամենայնիվ, կազմում է Վրաստանի ՀՆԱ-ի շուրջ 8 տոկոսը:

Վրացական քաղաքական էլիտաները այս հարցը չեն անտեսում, սակայն խնդիրը փորձել են լուծել տնտեսությունն էլ ավելի ազատականացնելու, այդ թվում նաեւ ազատ առեւտրի ընդլայնման միջոցով: Այս նեոլիբերալ տնտեսական քաղաքականության տրամաբանությունն այն է, որ արդյունաբերականացված երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրեր կնքելու, ինչպես նաեւ ցածր հարկերի եւ վատ աշխատանքային պայմանների պահպանման միջոցով Վրաստանը կստանա արտասահմանյան ուղղակի ներդրումների հսկայական հոսք:
Վերջին տասնամյակում ներդրումների հոսքը իսկապես մեծ էր, սակայն այդ ներդրումների ամենամեծ մասը բաժին է ընկել այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ֆինանսները եւ շինարարությունը, որոնք ստեղծում են ավելի քիչ եւ անկայուն աշխատատեղեր:

Արդյունաբերական հատվածը ստացավ ներդրումների ընդամենը հինգ տոկոսը, թեեւ հենց արդյունաբերության ոլորտն է, որ կարող է ամրապնդել տնտեսությունը եւ ստեղծել ավելի կայուն աշխատատեղեր: Այլ կերպ ասած՝ ներդրումները իսկապես հարստացրեցին Վրաստանին, սակայն հասան դրան ավելի հարստացնելով արդեն հարուստներին, այլ ոչ թե ստեղծելով կայուն աշխատատեղեր մնացած բնակչության համար:

Ներկայիս «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը փորձեց փոխել իրավիճակն արդյունաբերական քաղաքականության սաղմնային ձեւերի ներդրման միջոցով: Այդ ջանքերը ներառում էին կառավարության «Արտադրված է Վրաստանում» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել վրացական բիզնեսին սուբսիդավորվող վարկերի, մասնակիորեն անուղղակի երաշխիքների սխեմաների եւ արտահանման խթանման ցուցահանդեսներ կազմակերպելու միջոցներով:

Այնուամենայնիվ, այդ միջոցառումների դրական արդյունքները չնչին են ֆինանսների պակասի եւ կառավարության կողմից առաջնահերթություններին ոչ հետեւողական լինելու պատճառով: Մեկ այլ ֆինանսական մեխանիզմ՝ Գործընկերության հիմնադրամը, նույնպես պլանավորվածի պես չաշխատեց. վրացական արտադրության ոլորտին աջակցելու փոխարեն այն աջակցեց էներգետիկայի եւ հյուրանոցային ոլորտներին։

Կան մի շարք պատճառներ, թե ինչու «Արտադրված է Վրաստանում» եւ Գործընկերության հիմնադրամը չհաջողեցին: Նախ՝ երկուսն էլ ներդրումային ծրագրեր են, որոնք արդեն իսկ գրավիչ են առեւտրային տեսանկյունից: Արդյունաբերական քաղաքականության բնագավառում թե՛ տեսական հետազոտությունները եւ թե՛ էմպիրիկ ապացույցները ցույց են տվել, որ կառավարությունները պետք է աջակցեն միայն տնտեսական գործունեության այն ձեւերին, որոնցում շուկայական ուժերը չեն կարողանում գործել:

Օրինակ, KFW գերմանական զարգացման բանկը ներդրումներ է անում այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաների մեջ, ինչպիսիք են վերականգնվող էներգիա, արդյունաբերական զարգացումը եւ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը: Դրանով իսկ KFW-ի հաջող արդյունաբերական քաղաքականությունը նպաստում է շուկայական անհաջողությունների շտկմանը, նոր շուկաների եւ աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ այլ ոլորտներում կողմնակի ազդեցությունների առաջացմանը:

Միայն շուկայական ուժերը բավարար չեն եղել Վրաստանում ապաարդյունաբերականացման հետեւանքով առաջացած խնդիրները լուծելու համար: Բացի այդ՝ ոչ մի վրացական կառավարություն չի կարողացել վերաարդյունականացնել, քանի որ նրանց քաղաքականությունը չի անդրադարձել տնտեսության զարգացման կարեւորագույն խոչընդոտներին:

Ի՞նչ պետք է արվի

Նախեւառաջ՝ վրաց քաղաքական էլիտան պետք է հրաժարվի laissez-faire տնտեսական դոկտրինի կեղծ խոստումից: Միայն ազատ շուկան չի կարող հանգեցնել տնտեսական բարգավաճման:

Ներկայիս նեոլիբերալ դոկտրինը պետք է փոխարինվի զարգացման օրակարգով, որը մարդկանց կդնի առաջին տեղում՝ ավելի կայուն եւ լավ վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այս նպատակին հասնելու համար վրացական կառավարությունը պետք է ունենա արդյունաբերական քաղաքականություն, ինչպիսին ունեին Հարավային Կորեայի եւ Թայվանի պես երկրներ, երբ աստիճանաբար գյուղատնտեսական տնտեսություններից անցում էին կատարում արդյունաբերական տնտեսությանը:

Արդյունաբերական պլանավորումը ստեղծում է տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզ բիզնեսի, կառավարության, պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման համար: Այս ճանապարհային քարտեզը սահմանում է ծրագրի նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաեւ արդյունքները գնահատելու ցուցանիշներ: Այն հիմնված է ոլորտային հետազոտությունների վրա եւ գործում է դրամաշնորհների, դոտացիաների, հարկային խթանների եւ տեխնիկական օժանդակության շնորհիվ:

Տեղական նորաստեղծ արդյունաբերությունների հանդեպ այս արտոնյալ վերաբերմունքը դադարեցնում է դրանց զարգացման դեմ ուղղված օտարերկրյա մրցակիցների խոչընդոտները եւ օգնում տեղական կազմակերպություններին ապահով զգալ իրենց իսկ ներդրումներում: Տեղական ընկերությունների խրախուսման մեկ այլ միջոց է տվյալ ոլորտում մասնագիտացող օտարերկրյա ներդրողներին ներգրավելն ու համատեղ ձեռնարկություններ ստեղծելը: Այս ձեռնարկությունները կարող են ընդլայնվել տեղական արտադրողի եւ տեղական համալսարանի միջեւ կապեր ստեղծելու միջոցով: Վերջինս, որակյալ աշխատողներից բացի, կարող է ապահովել նաեւ հետազոտություններ՝ ստեղծելով ավելի շատ զբաղվածություն եւ դրական ազդեցություն ունենալ նաեւ այլ ոլորտների վրա: Տեղական բիզնեսին աջակցելը կարեւոր է ինքնաբավ արդյունաբերական տնտեսություն ստեղծելու համար:

Վրաստանը նաեւ շտապ պետք է մշակի արտահանման խթանման ռազմավարություն: Ներկայումս Վրաստանի կառավարության միակ գործողությունն այս հարցում տարբեր երկրներում արտահանման ցուցահանդեսների կազմակերպումն է, սակայն ցուցահանդեսները չպետք է լինեն արտահանման ապրանքների աճի խթանման միակ միջոցը:
Արտահանումը խթանելու բանալի գործիքը արտահանման գիտակարգն օգտագործելն է: Այս մեթոդը Հարավային Կորեայի կառավարության կողմից լայնորեն օգտագործվել է 1960-ական թվականներից, երբ Հարավային Կորեայի կառավարությունն ակտիվորեն աջակցում էր կորեական բիզնես-կոնգլոմերատներին այն պայմանով, որ նրանք կենտրոնանային ապրանքների արտահանման վրա:

Այսպիսով, կառավարությունը սուբսիդիաների կամ հարկային խթանների միջոցով իրականացնում է պետական աջակցություն ապրանքների արտահանմանը նպաստելու համար: Վրացական կառավարությունը նույն կերպ պետք է վարվի՝ օգտագործի խթաններ, ինչպիսիք են սուբսիդիաները, հարկային խթանները, հետազոտության եւ զարգացման օգուտները եւ ցույց տա քաղաքական աջակցություն այն ընկերություններին, որոնք կենտրոնանում են արտահանման վրա եւ կազմակերպում իրենց արտադրական գործընթացը տեղական շրջաններում: Եթե իշխանությունն այս ուղով գնա, կարող է մի քանի հարց լուծել միեւնույն ժամանակ: Նախ՝ ընկերությունները ստիպված կլինեն մրցունակ եւ արդյունավետ լինել, քանի որ դրանք կգործեն միջազգային շուկաներում, որոնք էլ պահանջում են բարձր մրցունակություն:

Երկրորդ հերթին՝ վրացական կառավարությունը կկարողանա օգտագործել տնտեսապես թերզարգացած շրջանների զարգացումը որպես տեղական ձեռնարկություններին սուբսիդիաներ տրամադրելու պատրվակ, ինչը թույլ կտա երկրին խուսափել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատժամիջոցներից: Սա տակտիկա է, որն օգտագործվում է բազմաթիվ այլ երկրների կողմից, քանի որ ԱՀԿ-ն արգելել է արտահանման սուբսիդիաների տրամադրումը:

Ի վերջո, արտադրական օբյեկտներ ստեղծելու համար ձեռնարկություններին խրախուսելու միջոցով վրացական կառավարությունը կանդրադառնա Վրաստանում շրջանների տնտեսական անհամաչափ զարգացման խնդրին:

Քաղաքական կամքի պակաս

Կապիտալիստական հասարակություններում թերզարգացման խնդիրը ոչ թե տնտեսական խնդիր է, այլ քաղաքական: Արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը քիչ թե շատ հայտնի է ակադեմիական եւ քաղաքականության մշակման շրջանակներում, բայց զարգացող երկրներում քաղաքական վերնախավերը հաճախ չափազանց թույլ, կոռումպացված են եւ ունեն կարճաժամկետ մտածողություն:
Այս կարճաժամկետ մտածողությունը պայմանավորված է այն շահագրգիռ խմբերով, որոնք աշխատում են ներկրողների, խոշոր բանկերի եւ միջազգային շահագրգիռ կողմերի անունից` ի վնաս երկրի: Վրացական հասարակության, ինչպես նաեւ այլ զարգացող երկրների համար առաջնային մարտահրավերն է քաղաքական այնպիսի վերնախավ ունենալը, որը կպաշտպանի մեծամասնության, այլ ոչ թե հարուստների տնտեսական շահերը:

Տնտեսական զարգացումը հեշտ գործ չէ: Վերջին 200 տարվա ընթացքում միայն մի քանի տասնյակ երկիր է կարողացել հասնել բարձր կենսամակարդակի: Տնտեսական զարգացումը աստիճանաբար է կատարվում. հնարավոր չէ ավելի քիչ զարգացած, ագրարային տնտեսությունից դառնալ արդյունաբերական երկիր կարճ ժամանակահատվածում:

Այնուամենայնիվ, ակտիվ արդյունաբերական քաղաքականությունը կարող է օգնել մարտահրավեր նետել ներմուծողներին, որոնք ֆինանսավորվում են բանկերից եւ աջակցություն են ստանում միջազգային ռանտյեներից, եւ տեղական ձեռնարկությունների համար ստեղծել հարթակ ավելի արդյունաբերական տնտեսություն սկսելու համար:

Հեղինակի մասին.
Տատո Խունդաձեն դասավանդում է Քաղտնտեսություն Վրաստանի Ամերիկյան Համալսարանում եւ Վրաստանի Հանրային Հեռուստառադիոընկերության Վերլուծությունների բաժնի ղեկավարն է։

Հոդվածն առաջին անգամ անգլերեն լեզվով հրապարակվել է oc-media.org կայքում, այն կարող եք կարդալ այստեղ։

--

--