Համահարթեցումը կխորացնի անհավասարությունը

Vahram Soghomonyan
Սեւ Բիբար (Sev Bibar)
3 min readNov 22, 2018
ք. Երեւան, ՀՀ

Նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովում 2019թ․ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանում մտահոգիչ է եկամուտների աճող անհավասարությունը։ Իսկ նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը e-draft.am կայքում հրապարակեց Համահարթ 23 տոկոսանոց եկամտահարկի մասին փոփոխությունների նախագիծը, ինչի արդյունքում էլ ավելի կխորանա ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև։

Ես որոշել էի լռել մինչև ընտրությունների ավարտը, սակայն այս պայմաններում դա այլևս անհնար է և հետո կարող է ուշ լինել։ Հեղափոխության ձախողումը կլինի բոլորիս՝ հեղափոխական ուժերի ձախողումը։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր կառավարությունը չսպառի ստեղծված ռեսուրսը։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր քննադատել են ներկայիս կառավարող ՔՊ-ին, երբ դա խիստ օգտակար և անհրաժեշտ է եղել հենց ՔՊ-ին, և բոլոր ուժերով աջակցել ՔՊ-ին, երբ դա նույնպես շատ անհրաժեշտ է եղել թե մեզ, թե ՔՊ-ին։

Դրսից դրամական փոխանցումների հարկման գաղափար, համահարթ եկամտահարկ, սպառման հարկերի բարձրացում (ԱԱՀ և ակցիզային հարկ). սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են և արտացոլում են այն մասնագիտական ու գաղափարական կաղապարը, որի մեջ ընկել է նոր կառավարությունը։ Հեղափոխության լայն համերաշխությունը սասանելու և այդ ռեսուրսը միայն մի շերտի շահերի համար յուրացնելու` ժողովրդական, սոցիալական արդարության օրակարգը որոշակի ուղղությամբ շուռ տալու փորձերն անթույլատրելի են։

Հիմա հանրային քննարկման է դրվել համահարթ եկամտային հարկի օրինագիծը (բոլորի համար 23 տոկոս), որին ես «ոչ» եմ ասում հետևյալ պատճառներով՝

1․ Հարցրեք ցանկացած մարդու, արդյոք մեծ և փոքր եկամուտ ստացողները նույն տոկոսը պետք է մուծեն և կստանաք «ոչ» պատասխանը։ Դա արդարության բնազդային ու նաև ռացիոնալ ընկալումն է։ Ռեֆորմի արդյունքում չի նվազի ցածր ստացողների զգալի մասի հարկային բեռը և գլխավորապես կնվազի բարձր աշխատավարձ ստացողների հարկային բեռը։

2․ Կառավարությունն ասում է, որ երբեմն եկամտային հարկը ավելի բարձր է, քան շահութահարկն ու դիվիդենտի հարկումը, ինչի պատճառով գործատուն չի վճարում առաջինը և գերադասում է վճարել երկրորդը, որի արդյունքում ստվեր է առաջանում։ Ուստի կառավարությունը առաջարկում է իջեցնել բարձր աշխատավարձերի եկամտային հարկը, որպեսզի այն ավելի բարձր չլինի շահութահարկի ու դիվիդենտի գումարից, և այդպես լուծվի նշված խնդիրը։ Նույնիսկ եթե ընդունենք այս տրամաբանությունը, ապա այստեղ եւս պարտադիր չի համահարթեցումը։ Կարելի էր իջեցնել ոչ միայն եկամտահարկի վերին շեմը, այլ նաև ստորին շեմը։

Չնայած, հայտնի չէ, թե ինչու պետք է տնտեսվարողը համահարթ տոկոսադրույքի դեպքում օրինականացնի ստվերային աշխատավարձը։ Տնտեսագետները պնդում են, որ տոկոսադրույքի մեծության և ստվերի հաղթահարման միջև գոյություն չունի պատճառահետևանքային կապ։ Ստվերի հաղթահարման համար անցած 6 ամիսների ընթացքում էական են եղել տնտեսական և քաղաքական միջավայրի փոփոխությունը, բայց ավելի էական է հարկային վարչարարության բարելավումը, առանց որի հնարավոր չէ գնահատել նշված ցուցանիշները։

3․ Կառավարությունն ասում է, որ շեմի վերացման և համահարթեցման արդյունքում աշխատավարձեր կբարձրանան։ Այդ նպատակին կարելի է հասնել նաև ստորին շեմը 150․000-ից բարձրացնելու և ստորին տոկոսադրույքը 23-ից իջեցնելու արդյունքում, այսինքն դարձյալ՝ առանց համահարթեցման։ Բացի այդ, պարզ չէ, թե ինչու պետք է խնայված գումարը գործատուն ուղղի աշխատավարձի բարձրացմանը, եթե պարզապես կարող է խնայել այդ գումարը և մեծացնել իր կապիտալը։
Որոշ մարդկանց որակավորման կամ կրթության դեպքում գործատուն պարզապես պատրաստ չէ ավելին վճարել այդ աշխատողին։ Բացի այդ, խիստ էական է նաև արտադրողականության մակարդակի և տնտեսական այլ գործոնների դերը։

4․ Կառավարությունն ասում է, որ համահարթ տոկոսադրույքը կարող է բերել ներդրումների աճի։ Այլ երկրների, մասնավորապես Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ համահարթ եկամտահարկի ներմուծման արդյունքում ներդրումների էական աճ տեղի չի ունենում։ Վրաստանում ներդրումների առյուծի բաժինը կատարվել է հանքարդյունաբերության, շինարարության և ցածր աշխատավարձով ոլորտներում և հիմնականում կասկածելի ու ֆինանսական արկածներ փնտրող ընկերությունների կողմից։

5․ Հեղափոխությունն արվել է համերաշխության՝ արդարության և հավասարության դրոշի տակ և որդեգրվող քաղաքականությունները չեն կարող լինել դրանից կտրված։ Իզուր չէ, որ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունն ունի պրոգրեսիվ եկամտահարկային համակարգ՝ շատ վաստակողները շատ են վճարում, քիչ վաստակողները՝ քիչ։ Սա հանրային համերաշխության բանաձև է, որը թույլ է տալիս սկսնակներին ավելի նպաստավոր պայմաններում լինել և օգուտ ստանալ մյուսների վճարած ավելի բարձր հարկերից ձևավորվող պետական բյուջեի եկամուտներից։

Կառավարող կուսակցության սիրելի ընկերներ, լավ մտածեք ձեր քայլերը կատարելիս։ Մարդիկ ուշի ուշով հետևում են այդ քայլերին։ Իրավիճակն իսկապես փոխվել է։

--

--