Չկա բիզնես առանց թշնամիների

Պատերազմն ու սպառազինությունների առևտուրը

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
13 min readNov 18, 2021

--

նկարի աղբյուր՝ Yuri Kozyrev / NOOR

Սպառազինությունների առևտուրն աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։

Այս հոդվածը հրապարակվել է 2021թ. մայիսին Տրանսնացիոնալ ինստիտուտի՝ «Ուժի դրությունը 2021-ին. հարկադրող աշխարհ» (State of Power 2021. COERCIVE WORLD) հրատարակության մեջ: Հոդվածի անգլերեն բնօրինակը հասանելի է այստեղ:

Հեղինակ՝ Ջորդի Կալվո Ռուֆանջես

* * * * * * * * * * * * * * *

COVID-19-ի համավարակը բացահայտեց, թե որքան անարդյունավետ են զինված ուժերը համաշխարհային ճգնաժամերին դիմակայելու համար:

Նրանք կլանում են ռեսուրսներն ու խեղաթյուրում մեր արձագանքը։ Համավարակը, որն ակնհայտորեն նախևառաջ առողջապահական խնդիր է, կառավարվել է գերազանցապես անվտանգային մոտեցմամբ։ Որոշ երկրներում առողջապահական միջամտություններն ու նյութատեխնիկական առաջադրանքները կազմակերպելու, ինչպես նաև կարանտինի ռեժիմը հարկադրելու համար առողջապահական համակարգի աշխատողների փոխարեն գործի են դրվել զինված ուժերը։ Համավարակի դեմն առնելուն ուղղված ջանքերը նկարագրելու համար կիրառվել է ոչ թե մարդու իրավունքների, հանրային առողջության կամ սոլիդարության, այլ՝ պատերազմի լեզուն (1)։ Սոցիալական ճգնաժամերին նման ռազմականացված (միլիտարիզացված) արձագանքներն ի հայտ են գալիս ոչ միայն համաշխարհային առողջապահական ռիսկերի հետ կապված, ինչպես ներկայիս համավարակի դեպքում, այլև շատ այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, միգրացիոն քաղաքականություններն ու կլիմայի փոփոխությունը։ Անվտանգայնացումն է՛լ ավելի լայն շրջանակ ընդգրկող ճգնաժամերի ու իրավիճակների լուծման միջոց է դարձել։

Այս հոդվածի համատեքստում անվտանգայնացում ասելով՝ նկատի ունենք, որ սոցիալական, մարդկային և բնապահպանական բոլոր տիրույթները դիտվում են որպես անվտանգության սպառնալիքներ, որոնք ունեն ռազմական լուծումներ։ Եթե ամեն ինչ տեղավորվում է անվտանգայնացման մոտեցման շրջանակներում, և միաժամանակ՝ բավարար ռեսուրսներ չեն հատկացվում բնական աղետների, առողջապահական արտակարգ իրավիճակների կամ բնապահպանական ճգնաժամերի հետևանքով առաջ եկած աղետներին դիմակայելու համար, ապա ամենահավանական արձագանքը դառնում է զինված ուժերի ներգրավումը։(2) Ռազմական անվտանգության տրամաբանությամբ կառուցված անվտանգայնացումը վախեր արթնացնելու մեխանիզմ է։ Այս վախն իր արտահայտումն է գտնում սպառնալիքների ու թշնամիների տեսքով։ Վախ կլիմայի փոփոխությունից, վախ տնտեսական ճգնաժամից, վախ անորոշությունից, վախ անհայտից, վախ անծանոթից, ուրիշից, միգրանտից։ Վախ, որն արդարացնում է ռազմական պատրաստվածությունը մեր անվտանգության ցանկացած սպառնալիքի դեպքում։ Վախ, որը հաստատում է ինքներս մեզ պաշտպանելու (և զինվելու) կարիքը։ Վախ, որը ռազմական արդյունաբերության ապրանքների և ծառայությունների շուկայավարման կատարյալ ռազմավարությունն է։

Այս ամենը գուցե տեղի է ունենում այն պատճառով, որ ի սկզբանե կառավարությունները հակված են դեպի անվտանգության ավանդական ռազմական և քաղաքական ընկալումները, որոնց հղման կետը պետությունն է, և որոնք գոյութենական վտանգները մեկնաբանում են առաջին հերթին որպես պետական մարմինների ու պետության ինքնիշխանության վրա ազդող երևույթներ։(3) Նման ընկալումները դուրս են մղում կամ արհամարհում են Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդկային անվտանգության մոտեցումը։ Ամեն դեպքում, անվտանգայնացման քաղաքական ողնաշարը վախն է։

Սա նշանակում է, որ անվտանգայնացումը կառուցվածքային վախի թե՛ պատճառն է, և թե՛ հետևանքը։ Այն գնալով ավելի մեծածավալ ռեսուրսներ է նվիրում պաշտպանության ոլորտին, որի գոյությունն էլ իր հերթին արդարացվում է մշակութային վախով՝ այնպիսի դիսկուրսների միջոցով, որոնք աշխարհը ներկայացնում են որպես վտանգներով լի մի վայր, ուր պարտավոր ենք պաշտպանել ինքներս մեզ։

Այնպիսի հասարակության մեջ, ուր վախն արմատավորված է քաղաքացիների մտքերում (4), քչերն են հարցականի տակ դնում սպառազինությունների առևտրի պես ստոր բիզնեսը։ Ավելին, տնտեսական հեռանկարի առումով սպառազինությունների արտադրությունն ու վաճառքը կատարյալ են, քանի որ կողմերից մեկին մատակարարված զենքերը դրդում են մյուս կողմին մրցավազքի մեջ մտնել, այդպիսով՝ ավելացնում են պահանջարկը, իսկ լայնատարած վախն ու անապահովության զգացումը լեգիտիմացնում են զենք ձեռք բերելու մշտական կարիքը։

Հարկ է նաև մատնանշել, որ այս բիզնեսին մասնակցող ու դրանից շահույթ ստացող, սպառազինությունները ֆինանսավորող, հորինող, արտադրող, գնող ու արտահանող մարդիկ քաղաքական գործիչների, մեդիայի և կորպորատիվ ոլորտի առաջնորդների կողմից ընդունվում են որպես առաջընթաց, զբաղվածություն և անվտանգություն գեներացնող, հարգանքի արժանի գործում ներգրավված անձինք։

Ամբողջ աշխարհում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են սպառազինությունների արտադրությանը, վաճառքին և տարածմանը։ Չնայած մարդկային կյանքերի վրա ունեցած ազդեցություններին՝ սպառազինությունների առևտուրը նաև օրինական է, լեգիտիմ, և ընդհանրապես, նորմալ բիզնես-գործունեություն է համարվում։ Ավելին, այս բիզնեսը հարցականի տակ չդնելու պատճառով հնարավոր է դարձել պատերազմի նորմալացումն ու զինված ուժերի օգտագործումը քաղաքական և հաճախ նույնիսկ՝ հումանիտար նպատակների հասնելու համար։

Պատերազմի նորմալությունը

Ըստ Ուպսալայի համալսարանի հետազոտությունների՝ 2019թ.-ին 50 ակտիվ զինված հակամարտությունների արդյունքում ավելի քան 150,000 մարդ է զոհվել միայն մարտական գործողությունների ժամանակ։ (5) Եթե հիշատակենք լրատվամիջոցներով առավել հանրայնացված երկու պատերազմները՝ Սիրիայում զինված բռնության արդյունքում 384,000 մարդ է զոհվել (6), իսկ Եմենում 233,000։ (7) Սրանից բացի հազարավոր մարդիկ մահանում են պատերազմից փախչելու ընթացքում և կոնֆլիկտի պատճառած զրկանքների հետևանքով։ (8) ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարի (UNHCR) տվյալներով 2019 թվականին 79.5 միլիոն մարդ է բռնի տեղահանվել՝ հաճախ զինված հակամարտությունների հետևանքով։(9) Ողբերգական է, որ չնայած պատերազմներն ամեն տարի հազարավոր մարդկանց մահվան և միլիոնավոր կյանքերի խեղման պատճառ են հանդիսանում, դրանք շարունակելը «նորմալ» է դարձել, իսկ դրանք դադարեցնելու համար շատ քիչ բան է արվում։

Զինված կոնֆլիկտները երկու բնորոշիչ ունեն․ դրանք մեծածավալ պլանավորում ու կազմակերպում են պահանջում, և իրենց հիմնական գործիքի՝ սպառազինությունների կարիքն ունեն։ Չնայած սպառազինություններն ու բանակները, մասնավոր ռազմական ընկերություններն ու տարբեր տիպի զինված խմբերն ինքնին պատերազմներ չեն առաջացնում, սակայն պատերազմներն անհնար կլինեին առանց ավելի քան 27 միլիոն զինվորականների, պարազինյալների (10), վարձկանների և պարտիզանների կամ այլ ոչ-պետական զինյալների։ Եվ իհարկե, պատերազմներն անհնար կլինեին առանց զենք արտադրողների ու քաղաքական գործիչների միջև գաղտնի համաձայնությունների․ նրանց հարաբերությունները մարմնավորում են, այսպես կոչված, «պտտվող դռների» կամ «կարուսելային» սխեման, երբ բարձրաստիճան զինվորական սպաները ներգրավվում են ռազմարդյունաբերական ընկերությունների տնօրենների խորհուրդներում ու ղեկավար կազմում կամ հակառակը։ Սրա օրինակներն աշխարհում բազմաթիվ են, բայց խորհրդանշական է Պեդրո Մորենեսը, ով 2011–2016 թվականներին Իսպանիայի պաշտպանության նախարարն էր։ Այս նշանակումից կարճ ժամանակ առաջ Մորենեսը բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում սպառազինություններ արտադրող տարբեր ընկերություններում, այդ թվում՝ հրթիռների արտադրության առաջատարներից մեկում՝ MBDA-ում։ Իր նախարարական պաշտոնի ավարտին Իսպանիային թողած նրա ժառանգությունն էին՝ երկրի պատմության մեջ կնքված տարեկան ամենամեծ թվով սպառազինությունների արտահանման պայմանագրերը։(11)

Ճիշտ այնպես, ինչպես պաշտպանության նախարարությունները պահպանում ու թարմացնում են ռազմական կառույցներն ու սպառազինության համակարգերը՝ որոշակի անվտանգային սպառնալիքներից իրենց երկրները պաշտպանելու համար, նույն կերպ էլ այդ նույն նախարարությունները պատրաստվում են պատերազմ վարելուն կամ իրենց զինված ուժերն աշխարհի որևէ այլ վայրում տեղակայելուն։ Պատերազմին պատրաստ լինելը գուցե այն գործոններից մեկն է, որ խրախուսում է ռազմական բազուկների օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար։ Սա ակնհայտ երևում է քանակական տվյալների վերլուծության միջոցով, որը ցույց է տալիս, թե ի՛նչ կերպ են ռազմական ծախսերը, սպառազինությունների առևտուրն ու զինված հակամարտությունները ծագում այն բոլոր երկրներում, որոնց մասին վերոնշյալ տվյալները հնարավոր է հավաքագրել։ Այս վերլուծությունը հստակ հարաբերակցություն է բացահայտում համաշխարհային ռազմական ծախսերի, սպառազինությունների արտահանման և զինված հակամարտությունների միջև։(12) Այլ կերպ ասած՝ սպառազինությունների արտադրության շղթան հաստատում է այն տրամաբանությունը, որ որքան մեծ են ռազմական ծախսերը, այնքան մեծ են սպառազինությունների արտահանման ծավալները և ուստի՝ շատ են պատերազմները։

Զենքերի արտադրության տնտեսագիտությունը

Ամեն ինչից զատ պատերազմը պահանջում է նաև տնտեսական պատրաստվածություն։ Հենց այստեղ ենք սկսում առնչվել ռազմարդյունաբերական համալիրին ու պաշտպանական տնտեսագիտությանը։ Պաշտպանական տնտեսագիտությունը սահմանվում է որպես միջոցների ամբողջություն, որը տրանսֆորմացնում է երկրի տնտեսությունն իր անվտանգային և պաշտպանական կարիքները բավարարելու համար։(13) Սա տնտեսության այն մասն է, որը ներառում է սպառազինությունների արտադրության ոլորտին առնչվող ռազմարդյունաբերական քաղաքականությունները։(14) «Ռազմարդյունաբերական համալիր» արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը 1961թ-ին՝ խոսելով Սպիտակ Տան վրա այս ոլորտի լոբբինգի հսկայական ազդեցության մասին։ Այսպիսով, ռազմարդյունաբերական համալիրը ռազմական կորպորացիաների և ավելի քիչ չափով՝ արհմիութենական կազմակերպությունների ամբողջությունն է, որոնք փորձում են ազդել սպառազինությունների ձեռքբերման հարցում կառավարությունների քաղաքական որոշումների վրա։ Քանի որ նրանց եկամուտները կախված են պաշտպանության ոլորտին հատկացված բյուջեից, հետևաբար, նրանց գործունեության առանցքում կառավարությունների տարեկան ռազմական ծախսերի ավելացումն է։(15) Ռազմարդյունաբերական համալիրը վերաճել է սովորական սպառազինության արտադրությունից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զենքերի արտադրության, որում իրենց ներդրումն ունեն անվտանգության համակարգեր արտադրող ընկերությունները․ արդյունքում՝ ռազմարդյունաբերական համալիրի ուղղվածությունը թեքվում է դեպի այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք բխում են անվտանգայնացման մոտեցմամբ սահմանված կարիքներից։ Այսպիսով, առաջացել է նոր շուկա և նոր ոլորտ, որում սպառազինությունների ավանդական արտադրողները, ինչպիսին Lockheed Martin-ը կամ Leonardo-ն են, դաշտը կիսում են անվտանգության ոլորտի նոր ընկերությունների հետ։(16) Այս նոր՝ ռազմա-անվտանգա-արդյունաբերական համալիրը նաև արտադրում է անվտանգայնացման դոկտրինի ընդլայնման պատումները (նարատիվները)՝ ձգտելով պաշտպանության և անվտանգության ոլորտում բազմամիլիոնանոց բյուջետային հատկացումների հասնել իր արտադրած ապրանքների և տեխնոլոգիաների գնման համար այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբեռանվտանգությունն է։ Սա ենթադրում է նաև հսկայական տվյալների բազաների (big data) վերահսկումը կամ սահմանների ռազմականացումն ու մարդկանց տեղաշարժի անվտանգայնացված կառավարումը։

Ուստի տրամաբանական է, որ ռազմարդյունաբերական համալիրի առաջնային շահերից է՝ լոբբինգ անել հօգուտ պաշտպանության բյուջեն մեծացնող քաղաքականությունների՝ իբրև իրենց բիզնեսի ներկայի ու ապագայի գրավական։ Կարևոր դեր ունեն նաև սպառազինությունների ֆիրմաներն ու միջնորդները, ինչպես նաև արհեստակցական միությունները։ Իրենց աշխատատեղերը պաշտպանելով՝ նրանք ճնշում են գործադրում կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս ավելացնեն ռազմական ծախսերն ու ֆինանսներ հատկացնեն այն ռազմական արտադրություններին, որտեղ իրենք աշխատում են։(17)

Դեռ ավելին, քաղաքականությունների (policy) հարցում որոշումների կայացման հիմնական կենտրոններում անվտանգության ոլորտի գիտավերլուծական կենտրոնների (think tanks) ցանց է գործում։ Միայն Բրյուսելում սպառազինությունների արդյունաբերության հարյուրավոր լոբբիստներ կան(18), որոնք իրենց ազդեցությունն են բանեցնում քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ՝ պաշտպանության արդյունաբերության հետ կապված օրենքներ մշակելու առնչությամբ։ Նրանց նպատակներից է ճնշում գործադրել հօգուտ սպառազինությունների արտադրության, վաճառքի ու գովազդի՝ թվացյալ անհամար սպառնալիքներին ի պատասխան։ Անվտանգության և պաշտպանության ոլորտների վրա ահռելի ազդեցություն ունեցող բազմաթիվ գիտավերլուծական կենտրոններից հիշատակենք հետևյալները՝(19) ԱՄՆ-ում տեղակայված՝ Ատլանտյան խորհուրդը (The Atlantic Council), Գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆեր կենտրոնը (Belfer Center for Science and International Affairs), Բրուքինգզ հաստատությունը (Brookings Institution), Քարնեգի նվիրատվական ֆոնդը հանուն միջազգային խաղաղության (Carnegie Endowment for International Peace), Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնը (Center for a New American Security), Արտաքին հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations), Հերիթիջ հիմնադրամն (Heritage Foundation) ու RAND կորպորացիան, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտն (International Institute for Strategic Studies) ու Միացյալ թագավորական ծառայությունների ինստիտուտը (Royal United Services Institute)՝ Մեծ Բրիտանիայում, Եվրոպական միության անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը (European Union Institute for Security Studies), Պաշտպանության ուսումնասիրությունների ազգային ինստիտուտը (National Institute for Defense Studies)՝ Ճապոնիայում, Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտն (Institute for National Security Studies)՝ Իսրայելում, Ավստրալիայի ռազմավարական քաղաքականությունների ինստիտուտը (Australian Strategic Policy Institute) և Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտը (Institute for International Strategic Studies)՝ տեղակայված Չինաստանում։

Սպառազինությունների առևտրի ցիկլը

Պաշտպանության տնտեսության ներսում գործում է սպառազինությունների առևտրի կամ ռազմատնտեսական ցիկլը։ Սա այն տնտեսական ուղին է, որին հետևում են արտադրողները, երբ կառավարությունները որոշում են կայացնում նրանց հատկացնել սպառազինությունների վրա ծախսվելիք իրենց բյուջեն։ Այս ցիկլը ներառում է երկրի ռազմական կառուցվածքի հետ առնչվող ամեն ինչ՝ անվտանգության և պաշտպանության ոլորտի քաղաքականությունները, պաշտպանության պետական ռազմավարությունը, բանակի մոդելը, երթակառուցվածքները, օբյեկտները, ռազմական տեխնիկան և զինված ուժերի պահանջված չափը։(20) Սպառազինությունների առևտրի ցիկլը սկսվում է հանրային դիսկուրսից ու քննարկումից, որը մեծացնում է սպառնալիքի ընկալումները հանրության շրջանում, լեգիտիմացնում է սպառազինություններն ու բանակները և արդարացնում է ռազմականացման ու պաշտպանության ծախսերի բարձր մակարդակը։ Չնայած ռազմականացման առավել եռանդուն ջատագովը նոր-պահպանողական գաղափարախոսությունն է, սակայն «առաջադեմ» կառավարությունները նույնպես անփոփոխ կերպով շարժվել են նույն ուղղությամբ։ Օլին հիմնադրամն (Olin Foundation) ԱՄՆ-ում գործող այն հիմնադրամներից մեկն է, որը ջատագովում է ռազմականացումը և նվիրատվությունների տեսքով $370 միլիոն դոլար է հատկացնում նոր-պահպանողական գաղափարական նախագծերին․ այս գումարը հիմնականում գալիս է ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերությունից։(21)

Սպառազինությունների առևտրի ցիկլը մի քանի փուլերից է բաղկացած, որոնցում կարելի է առանձնացնել սպառազինությունների առևտրի խրախուսման գործում հիմնական դերակատարում ունեցող կառավարություններին, կորպորացիաներին ու ֆինանսական ինստիտուտներին։

Առաջին փուլը ռազմական ծախսերն են․ սա այն բյուջեն է, որը հատկացվում է պաշտպանության նախարարություններին և մյուս կառույցներին՝ ռազմական արտադրությունը, ամեն տիպի ռազմական գործողությունները և նույնիսկ պարազինյալ ուժերի գործունեությունն ապահովելու համար։ 2019թ.-ին ռազմական ծախսերը հասել են Սառը պատերազմից հետո ամենաբարձր մակարդակին․ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) հաշվարկների համաձայն՝ դրանք կազմել են $1.9 տրիլիոն դոլար, ինչը համաշխարհային ՀՆԱ-ի 2.2%-ն է։

Պաշտպանության բյուջեները ծառայում են նաև տնտեսության ռազմական հատվածի գոյության պահպանմանն ու ընդարձակմանը՝ հետազոտության և զարգացման (R&D) համար ֆոնդեր հատկացնելու միջոցով, ինչպես Եվրոպական պաշտպանության ֆոնդի դեպքում է, որը 2021–27թթ․ նախատեսում է ԵՄ բյուջեից €13 միլիարդ եվրո հատկացնել Եվրոպայի ռազմական հետազոտություններին ու զարգացմանը։ Քանի որ կառավարությունները գործնականում սպառազինությունների արդյունաբերության միակ գնորդներն են, արտադրողներն ամեն ինչ անում են ռազմական ծախսերի բարձր մակարդակն ապահովելու համար: Ամենամեծ ռազմական ծախսեր ունեցող տասը կառավարություններին է բաժին ընկնում համաշխարհային ռազմական ծախսերի ամբողջ ծավալի 75%-ը։ Դրանք են, ըստ ծավալի՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։(22)

Սպառազինությունների արտադրությունը կազմում է սպառազինությունների վաճառքի ցիկլի հաջորդ փուլի մի մասը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի՝ 100 խոշորագույն արտադրողների տվյալների բազայի համաձայն՝ նրանք տարեկան $400 միլիարդ դոլարի սպառազինություն են արտադրում։ Սպառազինություններ արտադրող հիմնական ընկերությունները գտնվում են հենց այն երկրներում, որոնց ռազմական ծախսերն ու սպառազինությունների արտահանման ծավալներն ամենախոշորն են՝ 57%-ը գտնվում են ԱՄՆ-ում, 9.5%-ը Ռուսաստանում, 22%-ն Արևմտյան Եվրոպայում, ազդեցիկ ընկերություններ կան նաև Ճապոնիայում, Իսրայելում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում։ 2019 թ.-ին սպառազինություններ արտադրող 25 խոշորագույն ընկերությունների վաճառքի ծավալը $361 միլիարդ դոլար է կազմել։ Վաճառքի ծավալներով ամենամեծ արտահանողներն են եղել` ԱՄՆ-ից Lockheed Martin Corp-ը, Boeing-ը, Northrup Grumman Corp.-ը, Raytheon և General Dynamics-ը, չինական Norinco և AVIC ընկերությունները, եվրոպական Airbus, BAE Systems, Leonardo, Dassault ևThales ընկերությունները և ռուսական Almaz-Antey ընկերությունը։(23)

Ցիկլի հաջորդ փուլում սպառազինությունների արտահանումն է։ Տարեկան համաշխարհային արտահանումների ծավալն անհայտ է, իսկ կառավարությունների տրամադրած տեղեկությունը՝ ոչ ամբողջական։ Այնուհանդերձ կարելի է հաշվարկել, որ միայն ԵՄ անդամ-երկրներն (24) ու ԱՄՆ-ը (25) 2018 թ.-ին արտահանել են €200 միլիարդ եվրո արժողությամբ զենք-զինամթերք։ Ծավալներն աճի միտում ունեն՝ չնայած ԵՄ-ում և ԱՄՆ-ում սպառազինությունների առևտուրը վերահսկող օրենքների առկայությանը և Սպառազինությունների վաճառքի միջազգային համաձայնագրին։ Այս օրենքներն ու համաձայնագիրն ամրագրում են չափանիշներ, որոնք սահմանափակում են արտահանման լիցենզիաների տրամադրումն այն դեպքերում, երբ սպառազինություններն ուղարկվում են զինված հակամարտության մեջ գտնվող կամ մարդու իրավունքների խախտումներ արձանագրած պետություններ։ Այդուամենայնիվ, սպառազինությունները կանոնավոր կերպով շարունակում են արտահանվել դեպի զինված հակամարտություններում ամենից շատ ներգրավված երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Իսրայել, Եգիպտոս, Թուրքիա, Իրաք և Աֆղանստան։ Մենք գիտենք, որ միայն ԵՄ-ից արտահանված սպառազինությունների 22%-ը նախատեսված է զինված հակամարտություններում ներգրավված երկրների համար, իսկ 25%-ը՝ լարված քաղաքական իրավիճակում գտնվող երկրների համար։(26) Սպառազինություններ արտահանող հիմնական երկրները 2015–2019 թթ․ տվյալներով, ըստ կարևորության աստիճանի, հետևյալներն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա և Հարավային Կորեա։(27)

Ինչպե՞ս է հնարավոր սպառազինություններ վաճառել զինված հակամարտության կողմ հանդիսացող երկրներին, եթե կան դա արգելող օրենքներ։ Պատասխանը շատ պարզ է․ զինված հակամարտության մեջ ներգրավված լինելու մասին դատողությունը սուբյեկտիվ և սուվերեն որոշում է։ Յուրաքանչյուր կառավարություն, իրեն հասանելի տեղեկությունների և իր սեփական շահերի վրա հիմնվելով, ինքն է որոշում, թե ո՛ր երկրներն են ազդեցություն կրում զինված հակամարտություններից։ Որևէ օբյեկտիվ չափանիշների կամ ֆորմալ միջազգային ցանկի հետևելու կարիք չկա․ իրականում, այդպիսիք գոյություն էլ չունեն։ Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրություններով զբաղվող համալսարանների զեկույցները հաշվի առնելու պահանջ նույնպես գոյություն չունի։ Նույնը վերաբերում է մարդու իրավունքների խախտումներ արձանագրած երկրներին սպառազինություններ մատակարարելուն։ Յուրաքանչյուր պարագայում որոշումը քաղաքական է․ այն սպասարկում է զենքի առևտրի համակարգերին, իսկ ոլորտը կարգավորող օրենսդրությունն անկարող է նվազեցնել զենքի արտահանումն այնպիսի երկրներ, որոնք կոնֆլիկտի մեջ են կամ որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Իրականում, համակարգը խթանում է սպառազինությունների առևտուրն ու օրենսդրական աջակցություն ապահովում դրա համար:

Սպառազինությունների առևտրի ցիկլի քննադատության մեկ այլ կողմ էլ կա. կորպորատիվ ռազմական ոլորտի ֆինանսավորումը: Սպառազինություններ արտադրող ընկերությունները ֆինանսավորվում են բանկերի, ապահովագրական ընկերությունների և ամեն տիպի ֆինանսական ինստիտուտների կողմից՝ վարկերի, պարտատոմսերի, բաժնեմասերի և բանկային ապրանքների լայն շրջանակի միջոցով, ինչն էլ հնարավոր է դարձնում նրանց բիզնեսի գործունեությունը: Զինված բանկերի համաշխարհային տվյալների բազայի համաձայն (Worldwide Armed Banks Database), որը Խաղաղության ուսումնասիրությունների Դելաս կենտրոնի Ռազմական տնտեսության ցիլկի տվյալների բազայի մասն է կազմում, աշխարհի սպառազինություններ արտադրող 37 հիմնական ընկերությունները, որոնցից առավել աչքի են ընկնում Boeing-ը, Honeywell-ը, Lockheed Martin-ը և General Dynamics-ը, 50 երկրների 500 բանկերից $903 միլիարդ դոլարի ֆինանսավորում են ստացել: Սպառազինությունների վաճառքում ներգրավված հիմնական ֆինանսական ինստիտուտները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ ամբողջ աշխարհով մեկ զենքի առևտուրը ֆինանսավորողների տասնյակում են (28) Vanguard, Black Rock, Capital Group, State Street, T. Rowe Price, Verisight, Bank of America, JP Morgan Chase, Wells Fargo և Citigroup ընկերությունները:

Չկա բիզնես առանց թշնամիների

Սպառազինությունների առևտրի ցիկլից առաջ և հետո կարիք կա քաղաքացիների աչքում արդարացնելու հանրային գումարների օգտագործումը ռազմական ծախսերի համար և խուսափելու սպառազինությունների արտադրությանն ու արտահանմանն առնչվող այնպիսի էթիկական ու բարոյական սկանդալներից, որոնք կարող են վտանգել տվյալ բիզնեսը: Ահա թե ինչու են պետությունները և ռազմական ու անվտանգության ոլորտում գործող բազմազգ կազմակերպությունները մշտապես անվտանգության ու պաշտպանության հարցերով վերլուծություններ իրականացնում: Նրանց հիմնական նպատակն է սահմանել, թե տվյալ ժամանակամիջոցում ինչ անվտանգության սպառնալիքներ կան, որքան է դրանց կենսագործման հավանականությունը և ինչպես կարելի է դրանք չեզոքացնել: Անվտանգության սպառնալիքները սկզբունքային անհրաժեշտություն են (բայց բավարար չեն) թշնամիներին մատնանշելու համար, որոնցից էլ երկիրը պետք է պաշտպանվի գոյություն ունեցող ռազմական կառույցների ու քաղաքականությունների միջոցով:

Բայց ինչպես ավելի վաղ նշել էինք, անվտանգային դիսկուրսների՝ ամենուր սպառնալիքներ փնտրելու մոլուցքը, որը յուրահատուկ է ռազմականացված անվտանգությանը, ստեղծում է այնպիսի պատում (նարատիվ), որն աշխարհը ներկայացնում է որպես մի վայր, ուր տիրապետում են վախն ու անվստահությունը. կատարյալ սցենար ռազմականացման համար:

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկա պաշտպանության ռազմավարություններում (29) նշված ռիսկերն ու անվտանգության սպառնալիքներն են ահաբեկչությունը, բռնի ծայրահեղականությունը, զինված հակամարտությունները և այսպես կոչված՝ փխրուն պետությունները, ինչպես նաև զանգվածային ոչնչացման սպառազինությունների տարածումը, կազմակերպված հանցավորությունը, կիբեռանվտանգության սպառնալիքները, էներգետիկ անվտանգությունը, ծովային տարածքների անվտանգությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը, անկանոն միգրացիան, արտաքին սահմանների կառավարումն ու տնտեսական ճգնաժամերը: Կան նաև այլ սպառնալիքներ, որոնց շուրջ պակաս կոնսենսուս կա և որոնք հաճախ չեն ներառվում անվտանգության ռազմավարություններում: Դրանց թվում են վարակիչ հիվանդությունների գլոբալ բռնկումները՝ համաճարակներն ու համավարակները, աղքատությունն ու անհավասարությունը, մարդու իրավունքների ոտնահարումները, տնտեսության գլոբալացումը, փոխկախվածությունն ու հավասարակշռության փոփոխությունները:

Ի հավելումն այս ամենի, գործում են նաև ավանդական աշխարհաքաղաքական մանևրումները. բոլոր արևմտյան պետությունները դիտարկում են Ռուսաստանը և Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի (MENA) տարածաշրջանները որպես անվտանգության դիտանկյունից առանձնահատուկ անհանգստություն հարուցող տարածաշրջաններ: Հաճախ հիշատակվող այլ տարածաշրջաններից են Հյուսիսային Աֆրիկան ու Սահելը, Կորեայի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետությունը, Իրանը, Թուրքիան ու Չինաստանը։

Այս բոլոր ռազմավարությունները միասին՝ աշխարհը պատկերում են որպես սպառնալիքներով պարուրված մի վայր, որոնցից մենք պետք է պաշտպանվենք և որտեղ առավելագույն զգոնությունն անգամ բավարար չէ: Բայց արդյոք ռազմական կառույցներն օգտակա՞ր են այս սպառնալիքներին դիմակայելու համար: Կոնկրետ ինչի՞ց պետք է պաշտպանվել: Միայն միջազգային ահաբեչկության պարագայում, որը վերջին տարիներին օգտագործվել է բազմաթիվ արտաքին ռազմական միջամտություններ արդարացնելու համար՝ մասնավորապես, ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմն ընդլայնելով, տեսնում ենք, որ ռազմական միջամտությունների միջոցով այս սպառնալիքը ո՛չ նվազել է, ո՛չ է վերացել: Ընդհակառակը, ամեն բան, որ արվել է, ավելի է վատթարացրել իրավիճակը: Ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմը, որն սկսվեց Աֆղանստանում 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո Ալ Քաիդայի ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար, շարունակվեց Իրաքում 2003 թ.-ին և դեռևս շարունակվում է Սահելում: Ահաբեկչությունը վերացնելու փոխարեն այս պատերազմներն է՛լ ավելի մեծ զարկ են տվել ահաբեկչությանը՝ ISIS-ի/Դաեշի կողմից, որը շարունակում է ակտիվ մնալ վերջին տարիներին տեղի ունեցող բռնի համակարտությունների օջախների մեծ մասում:

Մյուս սպառնալիքների և ռիսկերի պարագայում ռազմական արձագանքները լուսանցքային ազդեցություն ունեն, քանի որ այդ ռիսկերն առավել պատշաճ կարգավորում են ստանում դիվանագիտության, բնապահպանական քաղաքականությունների, հումանիտար գործողությունների, միջազգային զարգացման համագործակցության, սոցիալական ծառայությունների, տնտեսական միջոցառումների, առողջապահական ու կրթական քաղաքականությունների, ոստիկանության, արդարադատության համակարգի և այլ միջոցներով: (30)

Անվտանգության վերլուծությունները երբեք բարոյապես կամ քաղաքականապես չեզոք չեն լինում, քանի որ այս հարցը օբյեկտիվորեն չափել հնարավոր չէ և բաց է բազմաթիվ սուբյեկտիվ մեկնաբանությունների համար:(31) Այնուամենայնիվ, հասարակությունում գործող իշխանական կառուցվածքների պատճառով անվտանգության շուրջ մեկնաբանությունները խիստ շեղված են կառավարությունների և էլիտաների շահերը սպասարկելու ուղղությամբ: Ավելին, զենքի առևտրում ներգրավված կորպորացիաները չափազանց շահագրգռված են ռազմական միջամտություններ ջատագովելու ցանկացած հարցում, որն ինչ-որ կերպ կարելի է որակել իբրև ռիսկ կամ սպառնալիք, քանի որ դրանից է կախված իրենց բիզնեսը: Իրենց շահույթները երկարաժամկետ կտրվածքով պահպանելու համար նրանց պատկերացրած լավագույն սցենարն է՝ ռազմական արդյունաբերությունը դարձնել հասարակության առջև ծառացող անվտանգային հարցերի բոլոր լուծումների աղբյուրը: Որոշ երկրներում նրանք կարողանում են ուղղակիորեն հասնել այս նպատակին՝ նվիրատվություններ անելով թեկնածուներին ու քաղաքական կուսակցություններին: 2020 թվականի ԱՄՆ-ի ընտրություններում նրանք $30 միլիոն դոլար (32) նվիրաբերեցին թե՛ դեմոկրատներին և թե՛ հանրապետականներին․ խոշորագույն նվիրատուների շարքում էին Northrop Grumman-ը, Boeing-ը, Lockheed Martin-ը, General Dynamics-ն ու Raytheon-ը: Նրանք կարողանում են իրենց նպատակին հասնել նաև անուղղակիորեն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտի լոբբիստների և արդյունաբերողների խմբերի միջոցով, որոք ստեղծվում և ֆինանսավորվում են հենց կորպորացիաների կողմից: Եվրոպական լոբբիստներից Եվրոպայի տիեզերագնացության և պաշտպանության արդյունաբերությունների ասոցիացիան (AeroSpace and Defence Industries Association of Europe (ASD)) և Անվտանգության եվրոպական կազմակերպությունը (European Organisation for Security (EOS)) սրա լավ օրինակներն են:

Հետ յուրացնել պատերազմելը, զինաթափել անվտանգության ոլորտը

ՅՈՒՆԵՍԿՈ-յի կանոնադրությունը սահմանում է, որ «քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, ապա խաղաղության պաշտպանությունը նույնպես պետք է կառուցվի մարդկանց մտքերում»: Յոթանասուն տարի է անցել այս հավաստումից առ այն, որ պատերազմը պետք է վերացվի մարդկանց մտքերից, սակայն անվտանգության սպառնալիքների արձագանքները շարունակում են գերազանցապես ռազմական մնալ, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ իրականությունը ցույց է տվել դրանց հակադարձ արդյունավետությունը: Ռազմական բյուջեները, սպառազինություններ արտադրողների շահույթները, սպառազինությունների արտահանումն ու զինված հակամարտությունները շարունակում են ավելանալ ու ընդլայնվել, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ անվտանգության հարցում դրանց դրական ներդրումն ավելի ու ավելի շատ է կասկածի տակ դրվում: Կարիք կա, որ մենք արմատախիլ անենք այն համոզմունքները, որոնք ծառայում են պատերազմը նորմալացնելուն, դրա համար անհրաժեշտ սպառազինություններին ու դրանք ստեղծող բիզնեսին: Հասարակությունների և միջազգային հարաբերությունների ռազմականացումը հավերժացնում է այսօրվա պատերազմները և պարարտ հող է ստեղծում ապագայի պատերազմների համար:

* * * * * * * * * * * * * *

Ծանոթ. փակագծյալ նշումների ևաղբյուրների համար տեսնել այստեղ, էջ 17.

Ջորդի Կալվո Ռուֆանջեսը Միջազգային խաղաղության բյուրոյի փոխնախագահն է, Ռազմական ծախսերի վերաբերյալ համաշխային արշավի համակարգողը, դասախոսում է զինված հակամարտությունների, պաշտպանության տնտեսության և միջազգային հարաբերությունների դասախոս և հետազոտող է Խաղաղության ուսումնասիրությունների Դելաս կենտրոնում (Բարսելոնա, Իսպանիա): Նա «Ռազմական ծախսեր և գլոբալ անվտանգություն. հումանիտար և բնապահպանական հեռանկարներ» հրապարակման խմբագիրն է (Routledge, 2021): Twitter: @CentreDelas

* * * * * * * * * * * * * *

Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--