Պրոգրեսիվ հարկում՝ հանուն արդարության և երջանկության

Arpine Galfayan
Սեւ Բիբար (Sev Bibar)
3 min readOct 15, 2018
2017թ. մայիսի 1, երթ Երևանում (լուսանկարը՝ Օլյա Ազատյանի)

Արդարության մասին պատկերացումներն, իհարկե, տարբեր են, բայց մի հանրությունում, որտեղ սոցիալական արդարությունն ամրագրված է սահմանադրության մեջ և որտեղ 2018թ. կառավարության ծրագրով նպատակ է սահմանվել «քաղաքացիների արժանապատվության ու երջանկության համար նպաստավոր պայմանների ստեղծումը», կարծում էի՝ պրոգրեսիվ հարկման համակարգից անցումը համահարթ համակարգի անգամ չէր էլ կարող օրակարգ մտնել: Ինչո՞ւ:

Փաստ է, որ ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինում իրենց եկամտի հիմնական մասնաբաժինը ծախսել առաջին անհրաժեշտության կամ գոյատևման ծախսերի համար՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, տան վարձակալության վճար տալ, գնել սնունդ և հիգիենայի պարագաներ, եթե տանը կան երեխաներ կամ ոչ աշխատունակ անձինք, ապա հոգալ նաև նրանց սննդի, հագուստի, ուսման հետ կապված ծախսերը… հնարավոր առողջապահական ծախսերի մասին նույնիսկ չխոսենք, քանի որ ցածր եկամուտ ունեցողներից շատերը նաև լուրջ առողջական խնդիրներ են ունենում, որոնց բուժման հնարավորություն հաճախ երբեք էլ չեն ունենում: Եթե ցածր եկամուտ ստացողի համար առաջնային անհրաժեշտության ծախսերը կարող են կազմել ամբողջ եկամտի 70–100%-ը, ապա բարձր եկամուտ ունեցողների համար այս ծախսերը կարող են կազմել, ասենք 5%, 15% կամ 30%: Ակնհայտ է, որ ամսական 100.000 դրամ եկամուտ ունեցողը 20.000 դրամ վճարելու պարագայում ավելի շատ բան է կորցնում, քան ամսական 1 միլիոն դրամ եկամուտ ունեցողը նույնիսկ 500.000 դրամ հարկվելու դեպքում. վերջինը ամեն պարագայում կունենա գոյության համար անհրաժեշտ նվազագույնից բազմակի ավելին:

Պրոգրեսիվ հարկման համակարգ ընդունելով՝ կառավարություններն ու հանրությունները գոնե հաստատում են իրենց մտադրությունն առ այն, որ ձգտում են իրենց առավել խոցելի անդամներին հնարավորություն տալ ոչ միայն հոգալու գոյատևման ծախսերը, այլև, օրինակ, օգտվելու մշակութային, առողջապահական, կրթական, հանգստի և այլ իրավունքներից: Բարձր եկամուտ ունեցողները գուցե չորս մեքենա ունենալու փոխարեն երեքը կարողանան գնել, կամ Կուբայում արձակուրդ անցկացնելու փոխարեն ստիպված լինեն Հունաստան գնալ, բայց սրանք համեմատելի չեն տունը ջեռուցելու, հագուստի կամ սննդի կարիքների հետ: Հայաստանի բնակչության գրեթե 30%-ն ապրում է աղքատության շեմից ներքև, իսկ մնացած բնակչության գերակշխիռ մասն էլ ապրում է այս շեմից ոչ շատ վերև… Հայաստանում եկամուտների անհավասարությունը ցույց տվող Ջինիի գործակիցը շատ բարձր է, այսինքն հարուստների ու աղքատների միջև եկամուտների տարբերությունը շատ մեծ է և անկախության գրեթե 30 տարիների ընթացքում շարունակաբար մեծացել է… ուրեմն պարզ է, թե ում շահերից է բխում համահարթ հարկման համակարգի ներդրումը. այն հարուստների, ովքեր պատրաստվում են ավելի հարստանալ աղքատացող աղքատների հաշվին:

Ոմանք պնդում են նաև, որ մարդիկ հարստանում են իրենց ծանր աշխատանքի և կրթության մեջ կատարած ներդրման հաշվին, ուստի նրանք չպետք է սոլիդար լինեն հանրության մյուս անդամների հետ ու վճարեն նրանց համար: Սակայն սա ճիշտ չէ. մեր ստացած եկամուտների չափը գրեթե բոլոր դեպքերում կապված է ոչ թե մեր արդար քրտինքի կամ աշխատասիրության, այլ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետ՝ թե ինչ ընտանիքում ենք ծնվել, երբ ու որտեղ ենք ծնվել, ինչ սեռի ենք ծնվել, ինչ ֆիզիկական ու մտավոր կարողություններով և այլն… դրանից ելնելով՝ ինչ տեխնոլոգիական նվաճումներից ենք կարողացել օգտվել, ինչ կրթություն ենք կարողացել ստանալ, խաղաղ պայմաններում ենք ապրել թե, օրինակ, պատերազմական տարածքից կամ էթնիկ զտումներից փախստական ենք և այլ: Լրիվ նույն աշխատանքի համար, լրիվ նույն որակավորումն ունենալով՝ Հայաստանում կանայք ստանում են շուրջ 40%-ով ավելի պակաս աշխատավարձ. միմիայն սեռով ու դրա հետ կապված կարծրատիպերով պայմանավորված: 1970–80-ականներից առաջ ծնվածներն ավելի դժվարությամբ են տիրապետում համակարգչային հմտություններին, ավելի քիչ գիտեն այսօր պահանջվող լեզուներն ու մասնագիտությունները… ուղղակի որովհետև ուրիշ ժամանակներում են ծնվել: Բանվորը, մատուցողը, դասախոսը, գիտաշխատողը, արվեստագետը, խաղողագործը վճարվում են բազմակի ավելի քիչ, քան, ասենք, ծրագրավորողը կամ բանկային ոլորտի աշխատողը, ուղղակի որովհետև «շուկայում գներն այդպիսին են»:

Ցածր եկամուտ ունեցողներին քիչ հարկելը և անգամ ընդհանրապես չհարկելը բխում է մարդկանց երջանկությանը նպաստելու ձգտումից, սիրո և համերաշխության սկզբունքներից, որոնք հռչակվել են նոր կառավարության կողմից: Պրոգրեսիվ հարկման համակարգը գոնե ցույց կտա, որ կառավարությունը մտադիր է հարգել իր իսկ հռչակած արժեքները:

--

--