ՏՏ ոլորտին աջակցող օրենքի մասին

SFL
SFL Newsroom
Published in
4 min readApr 4, 2019

--

Աղբյուր

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման ալիք ստեղծվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Կցանկանայի անդրադառնալ այդ թեմային և փորձել գործնական առաջարկ անել։

Կարևորի մասին

Շատ դրական եմ գնահատում այն, որ կառավարությունը ուղիներ է փնտրում ՏՏ ոլորտի զարգացմանը աջակցելու համար։ Լիովին հասկանալի է, որ Հայաստանը պետք է գրավիչ դարձնել հնարավորինս մեծ թվով օտարերկրյա մեծ և փոքր ՏՏ կազմակերպությունների, հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են հետազոտական աշխատանքով և նորարար տեխնոլոգիաներով։ Հասկանալի է նաև, որ այդ կազմակերպությունները Հայաստան բերելու համար անհրաժեշտ է համապատասխան գործիքակազմ և «մեսիջ»։ Սակայն կարծում եմ, որ սա իրագործելը չպետք է ուղղակի աղերսներ ունենա Եկամտային հարկի դրույքաչափի հետ։ Վերջինս հանդիսանում է օրենքի նախագծի հիմնական քննարկվող կետերից մեկը։

Այսպիսով, առաջարկում եմ դիտարկել լուծման այլընտրանքային տարբերակներ։

1. Ի սկզբանե, վերոնշյալ օրենքը նպատակաուղղված էր խրախուսելու նորաստեղծ սթարթափներին և աջակցելու նրանց։ Եթե չեմ սխալվում, համաձայն օրենքի, կազմակերպությունները ստանում էին հարկային հետևյալ արտոնությունները՝

  • 0% Շահութահարկ, 20%-ի փոխարեն
  • 10% Եկամտային հարկ, 28%-ի փոխարեն (ավելի ճիշտ՝ ըստ պրոգրեսիվ սանդղակի)

Նկատենք, որ արտոնություններն ի սկզբանե տրամադրվում էին կազմակերպություններին, և եթե Շահութահարկի ու ԱԱՀ-ի հետ կապված խնդիրներ չեն առաջանում, ապա Եկամտային հարկի հետ կապված խնդիր կա, քանի որ այն Կազմակերպության հարկատեսակ չէ, այլ իր բնույթով հիմնականում աշխատողի (ֆիզ. անձի) համար նախատեսված հարկատեսակ է։ Իրականում, դա աշխատակցի աշխատավարձի մաս է և հենց այս փաստն է բերում խնդրահարույց իրավիճակի, քանի որ ստացվում է, որ պետությունն անուղղակիորեն արտոնություն է տրամադրում ոչ թե ընկերությանը, այլ ընկերության աշխատակցին (եկեք ասենք, որ այն տրամադրում է միաժամանակ և՛ կազմակերպությանը, և՛ աշխատակցին և դրանով իսկ պետությունը միջամտում է գործատու-աշխատակից հարաբերություններին)։

Գործատուն հանդիսանում է հարկային գործակալ, որն ուղղակի հավաքագրում է հարկը աշխատակցի անունից: Ավելին, Եկամտային հարկը աշխատակցի կողմից կարող է օգտագործվել այլ նպատակներով։ Օրինակ՝ Եկամտային հարկի միջոցով նա կարող է մարել հիպոթեքային վարկի տոկոսները: Նմանատիպ խնդրի կարելի է բախվել նաև կուտակային կենսաթոշակը հաշվարկելիս։ Կարճ ասած՝ պետք է սահմանել բոլորի համար Եկամտային հարկի նույն դրույքաչափը (ու, կարծես թե, շուտով անգամ այդ թիվը նվազելու է, ինչն ինքնին շատ ողջունելի է)։

Նկատեմ նաև, որ Եկամտային հարկի դրույքաչափին վերաբերող արտոնությունը որպես «մեսիջ» այնքան էլ գրավիչ չէ։ Առաջարկում եմ չեղարկել Եկամտային հարկի հետ կապված առկա բոլոր արտոնությունները և չներդնել նորերը ո՛չ տեղական, ո՛չ օտարերկրյա, ո՛չ հին, ո՛չ նոր, ո՛չ մասնաճյուղ ո՛չ գլխամաս, ո՛չ մեծ, ո՛չ փոքր և այլն… որևէ կազմակերպության համար։ Փոխարենը, առաջարկում եմ ներդնել «Նորարարության հարկի նվազեցում կամ հարկի վերադարձ» (շատ երկիրներում հայտնի է որեպես “R&D and Innovation tax rebate”)։

2. «Նորարարության հարկի նվազեցում կամ վերադարձ» ինքնին ավելի տեղին «մեսիջ» կարող է լինել, քանի որ հարկի նվազեցումը կամ վերադարձը ուղղակիորեն առնչվում է կազմակերպությանը, ոչ թե ֆիզիկական անձին (աշխատակցին) և այդպիսով կարող է օգնել խրախուսել հետազոտական աշխատանքն ու նորարարությունը։ Սա նոր միտք չէ, նմանատիպ մոտեցում կա նաև այլ երկրներում, ինչպիսիք են՝ Նիդերլանդները, ԱՄՆ-ը, Իսրայելը։

3. Տվյալ առաջարկը բյուջեի տեսանկյունից չի նախատեսում ֆինանսական բեռի ավելացում կամ նվազեցում, քանի որ եկամտային հարկի արտոնության պարագայում այդ գումարները այսպես թե այնպես չէին հավաքագրվում։ Պարզապես պետք է հաշվարկել այդ արտոնությանը համարժեք գումարը և վերադարձնել (կամ նվազեցնել) հարկատուին տարվա/եռամսյակի վերջում։ Կարծում եմ՝ սա ֆինանսական տեսանկյունից պետության համար անգամ ավելի հարմար կլինի, քանի որ այդ գումարները տարվա ընթացքում մուտք կգործեն բյուջե։ Ուշադրություն դարձրեք, որ այս դեպքում շահառուն դառնում է հենց կազմակերպությունը, որը հետազոտական և նորարար գործունեություն է իրականացնում։

4. Տվյալ պարագայում «մեսիջն» ու գործիքակազմը դառնում են ավելի հստակ և նպատակաուղղված։ Երկրորդական է դառնում անգամ աշխատակիցների քանակը, քանի որ դա ուղղակի կարող է օգնել հարկի նվազեցման չափը որոշելիս։ 5 թե 50՝ կորոշի կառավարությունը։ Ավելին, օտարերկրյա կորպորացիաներին դժվար թե հետաքրքրի 5–10 աշխատակիցների համար նոր շուկա մտնելը (որն ինքնին քննարկման առանձին թեմա է. այդ կորպորացիաները վաղուց արդեն մեր երկրում մասնաճյուղեր կունենային, եթե մենք կարողանայինք տաղանդավոր աշխատակիցների համապատասխան քանակ ապահովել)։

Այս պարագայում մեր «մեսիջը» կլինի այն, որ պետությունը պատրաստ է համաֆինանսավորել հետազոտական աշխատանքը և նորարարությունները՝ հարկի նվազեցման կամ վերադարձի ճանապարհով։ Սա ավելի հնչեղ և հասկանալի առաջարկ է օտարերկրյա ընկերությունների համար։

Իմիջիայլոց, հաշվարկը կարող է և չկենտրոնանալ միայն մարդկանց քանակի վրա, քանզի հարկային բեռի նվազեցման չափը կարելի է հաշվարկել նաև այլ կերպ։ Սակայն, այս պահին դյուրինության համար առաջարկում եմ արտոնության չափը և կազմակերպությունների ընտրության կարգը թողնել այնպես ինչպես հարմար է կառավարությանը։

5. Կազմակերպությունը ինքնուրույն կարող է տնօրինել հետազոտական աշխատանքի և ինովացիաների համար իրեն տրամադրված գումարը։ Օրինակ՝ կարող է այն փոխանցել իր

աշխատակիցներին որպես հավելավճար, գնել նոր հաստոցներ կամ ներդնել անձնակազմի վերապատրաստման ծրագրերի մեջ և այլն։ Կարևորն այն է, որ դա կլինի հենց կազմակերպության որոշումը։

6. Այլ հարկատեսակներին (Շահութահարկ) վերաբերող արտոնությունները կարող են մնալ անփոփոխ, քանի որ վերջիններս ուղղակիորեն առնչվում են կազմակերպությանը։

7. Վերոնշյալի իրականացման պարագայում կսահմանվեն բոլորի համար հավասար խաղի կանոններ։ Տեղական կազմակերպությունների տեսանկյունից սա ևս արդար կլինի։

Ասյտեղ հարկ եմ համարում մի նկատառում կատարել ՏՏ նախարարի ասածիվերաբերյալ։

100 հոգանոց կազմակերպության մեջ կարող են լինել 10–20 հոգի, որոնք, այո, այդ կազմակերպության հիմնասյուներն են։ Եվ, այո, եթե ընկերությունը կորցնի 10 աշխատակից, ապա այդ կորուստը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ողջ ընկերության համար։ Ուստի խնդիրն այստեղ ոչ միայն քանակի, այլև որակի մեջ է։

8. Վերոնշյալ մոտեցումն ավելի համակարգված է և կիրառելի ինչպես օտարերկրյա մեծ ընկերություններ ներգրավելու, այնպես էլ՝ նոր սթարթափների ստեղծմանը նպաստելու համար (որոնց համար այն ի սկզբանե նախատեսված էր)։

Օրինակ՝ նույն տրամաբանությամբ կարելի է սթարթափին ասել. «Ներգրավի՛ր XYZ գումար ինստիտուցիոնալ ներդրողից և կառավարությունը կօժանդակի քեզ ABC գումարի չափով՝ հարկի նվազեցման կամ վերադարձի տեսքով»։ Ինստիտուցիոնալ ներդրողները կարող են լինել և ՛հայկական (Granatus Ventures, HIVE, SmartGateVC և այլն), և՛ օտարերկրյա հայտնի ներդրումային ֆոնդեր: Այս լուծումը կարող է բարենպաստ լինել բոլոր կողմերի համար։ Այն ևս լայնորեն կիրառվում է շատ երկրներում, ինչպիսիք են՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Գերմանիան (եթե չեմ սխալվում՝ նմանատիպ ծրագիր նախաձեռնել էր նաև Սփյուռքի նախարարությունը)։

Ի վերջո, որքան պարզ լինի լուծումը, այնքան ավելի հեշտ կլինի այն կիրառել և ավելի հնչեղ կլինի որպես «մեսիջ»։ Քաջ գիտակցում եմ, որ բոլորիս ցանկությունն է աջակցել Հայաստանում ՏՏ ոլորտի և նորարարության զարգացմանը և հույս ունեմ, որ այս մտքերը կարող են օգտակար լինել։

Հեղինակի մասին՝ Արսեն Գևորգյանը «Էսէֆէլ» ծրագրային ապահովման մշակման ընկերության համահիմնադիրը և տնօրենն է։

--

--