Խնձորեսկի գանձերը

editor
storiesfromarmenia
Published in
11 min readAug 16, 2018

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

«Բարեկամության» էստակադայում տեղի ունեցած անհավանական վթարից, հետո Զավենի սիրելի «Դեղին սուզանավը»՝ 2004 թվականի «սուզուկին», շատերի կարծիքով պետք է տեղափոխվեր պատմության և Սովետաշենի աղբանոց՝ քիչ մեխանիմզներ կդիմանային էստակադայի վրայից ներքևի փողոցով ընթացքող տրոլեյբուսի վրա կատարված վայրէջքից։ Բայց Զավենը ցուցաբերեց աննախադեպ պնդաճակատություն և պահանջեց վերակենդանացնել մեքենան։ Հայրը ասաց՝ «վերցրու, ինքդ խելքի բեր ու ինքդ էլ կարող ես օգտվել, իսկ ես ինձ համար ապահովագրությամբ նոր մեքենա կվերցնեմ»։ Եվ ահա, չորս ամիս անց, «սուզանավը» նորից սլանում էր Հայաստանի ճամփեքով։ Զավենի հորեղբոր աղջիկ Լիլիթը խնդրել էր մի քանի օրով բազմաչարչար փոխադրամիջոցը՝ իր նոր նախագծի համար։ Ինչպես ինքը, Լիլիթն էր բնութագրում՝ «համ հավես գործ ա, համ էլ Հայաստանը ճանաչելու լավ ձև ա»։ Գործը հետևյալն էր՝ Եվրամիության հատուկ ծրագրի աջակցությամբ մասնագետների ու կամավորների օգնությամբ զննել Գորիսից Կապան ընկած ճանապարհը, հավաքել զբոսաշրջիկներին հետաքրքիր ամենատարբեր տեղեկությունները, քարտեզագրել բոլոր հետաքրքիր վայրերը և բացել աշխարհի առաջ այդ հրաշալի հողերը։

Լիլիթը, իհարկե, չէր կարող զբաղվել սրանով պարզապես, որովհետև «հավես» էր․ մի քանի ամիս առաջ նա ընդունվել էր իր առաջին լուրջ աշխատանքին, քանի որ հոր հետ Չարբախի իրենց տան էներգախնայող վերանորոգման վարկ էր վերցրել, և սա իր իրական աշխատանքի մի մասն էր։ Գործը երկուսով էին անում՝ Լիլիթը և տասներկու տարվա փորձ ունեցող զբոսավար Կարենը։ Կարենը ներգնա տուրիզմի ռահվիրաներից էր․ գիտեր բոլորին, եղել էր Հայաստանի բոլոր ծակուծուկերում և պազրապես պաշտում էր իր գործը, քանի որ «դրանից էլ հաճելի բա՞ն՝ դրսի մարդկանց ցույց տաս քո տունը, հետները վայելես, ու դեռ տուն պահես դրանով», ասաց նա Լիլիթի հետ ծանոթության առաջին օրը։ Նա նաև գիտեր այն Տաթև գյուղի փոքրիկ հյուրատան տիրոջը, որից երկու սենյակ էին վարձել երեկ երեկոյան։

- Տիկին Սուսանի նման դեմքեր եթե ավելի շատ լինեն, հայաստանյան տուրիզմին հասնող չի լինի, — ասել էր Կարենը, երբ նոր էին ներս մտել։

Հյուրատան վերածված այս առանձնատանը կար չորս սենյակ, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ տարբեր ազգության զբոսաշրջիկների էին ընդունում։ Կարենը նույնպես պարբերաբար իր հաճախորդներին բերում էր այստեղ, եթե Սյունիքում գիշերելու ծրագիր էր առաջանում։ Բնականաբար, այս կոկիկ հյուրատունը չէր կարող չընդգրկվել կամզվող ուղեցույցում։

Նախորդ օրերը շատ հագեցած էին՝ Լիլիթին ու Կարենը հասցրել էին գնալ Քարահունջ, լսել տեղացիների պատմությունները խորհրդավոր հուշարձանի մասին, իհարկե խմել տեղական թթի օղին (և հատուկ տեղ տրամադրել դրան ապագա ուղեցույցում), գորիսեցի ուսանողների հետ ուսումնասիրել էին Տաթևի վանքի ամեն մի սանտիմետրը, հյուրընկալվել այս կողմերի բոլոր մասնավոր հյուրատներում, հավաքել Գորիսի քաղաքային պատումները։ Լիլիթն այդ ամենը լուսանկարել էր, իսկ Կարենը նաև նշել իր քարտեզում այն տեսարժան վայրերը, որոնց հարկավոր էին ոչ թե ժանգոտած ու անըթեռնելի ցուցանակներ, այլ էլեկտրոնային էկրաններ, նույնիսկ՝ լրացված իրականության տարրեր․ «21-րդ դարն է վերջիվերջո՜», անդընհատ կրկնում էր իր գործի մեծ գիտակ և մեծ սիրահար Կարենը։

Եվ ահա, այսօր՝ Խնձորեսկ։ Ավելի ճիշտ՝ Հին Խնձորեսկ, խորհրդավոր ժայռաքաղաքը, որի ուրվականը դեռ սպասում է բոլոր ճամփորդներին անանցանելի, բայց միևնույն ժամանակ՝ հյուրընկալ կիրճում։ Մնում էր այդ տեղն էլ ուսումնասիրել, այդ ամենը գրի առնել և նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հասցնել զբոսաշրջիկներին։

Այգում առավոտվա սուրճի հետ մի քանի բառ փոխանակեցին տիկին Սուսանի հետ, որը ոգևորվեց, երբ պարզեց, որ Լիլիթն ու Կարենն այսօր մեկնում են Խնձորեսկ։

- Հին Խնձորեսկի համար ու՜շքս գնում ա, — հայտնեց նա և հիշեց մանկությունը․ — փոքր ժամանակ՝ դե Հին Խնձորեսկը էն ժամանակ արդեն դատարկվել էր, երեխեքով համարյա ամեն օր վազում գնում էինք ձորը։ Երեխեքը ասում էին՝ մի տեղ ոսկիներ էլ կան թաղված, բայց դե սուտ էր էլի։ Իսկ բնությունը՝ էդ ի՜նչ հրաշք ա․․․

- Տուրիստներին դուր կգա, չէ՞, — հարցրեց Լիլիթը։

- Վա՜հ, բա ո՜նց։ Ինչի սենց բան աշխարհում ուրիշ տեղ կա՞՝ ժայռերի մեջ քանդակած տներ, որտեղ մարդիկ դարերով ապրել ե՜ն։ Հեն ա՝ Կարենի տուրիստները երջանկությունից տակն են անում, չէ՞։

Տիկին Սուսանը՝ հիսունն անց ալեհեր, բայց պայծառ կինը, լիաթոք ծիծաղեց՝ հավանաբար պատկերացնելով, թե ինչպես են տուրիստները երջանկությունից տակն անում։

- Հա, էն էլ ո՜նց, — հաստատեց Կարենը, — ուղղակի հիմա ուզում ենք էնպիսի ուղեցույց սարքենք, որ ես լինեմ՝ չլինեմ, բոլոր ցանկացողները կարողան գալ ու, որ ոչ մի հետաքրքիր տեղ բաց չթողնեն։ Հեռախոսը բացեն՝ տեսնեն, էս-էս տեղը, էս-էս լեգենդը, էս-էս հյուրանոցը։ 21-րդ դարն ա վերջիվերջո՜։

Քիչ անց Կարենն արդեն վարում էր մեքենան ու պատմում Լիլիթին, թե ինչպես էր գլուխ հանում արտասհմանցի զբոսաշրջիկների խմբի ժամանցը թավշյա հեղափոխության օրերին։ Նա հասել էր այն պահին, երբ ոգևորված այցելուները պահանջել էին զբոսավարից իրենց համար էլ մի քանի վուվուզել ճարել և միանալ ցուցարարներին՝ ցանկալի էր փողոց փակելու ծառայությունն ընդգրկած, երբ դատարկ, խաղաղ ճանապարհին նշմարվեց միայնակ անցորդի բարձրահասակ ֆիգուրը։ Երբ «Դեղին սուզանավը» մոտեցավ նրան, անցորդ հասցրեց գլուխը թեքել և բարձրացնել ձեռքը։ Կարենն արգելակեց մի քանի մետր անց և քիչ անց մեքենային մոտեցավ երկար՝ ուսերից ներքև մազերով ու գրեթե նույնքան երկար մորուքով երիտասարդը։ Ճամփորդական կոշիկներից և ուսապարկից կարելի էր ենթադրել, որ հիպպիի հիշեցնող մարդը ավտոստոպի սիրահար է։ Լիլիթը նույնիսկ մտածեց, որ արտասահմանցի է՝ ավտոստոպը Հայաստանում հազվադեպ հանդիպող երևույթ է։

Բայց ոչ։

- Բարև՜ ձեզ, ինձ էլ ձեր հետ կտանե՞ք, — ժպտալով ու մաքուր հայերենով հարցրեց ճամփորդը։

- Հաճույքո՜վ, — արձագանքեց Կարենը, — բայց քեզ ո՞րտեղ ա պետք հասնել։

- Ճիշտն ասած, Խնձորեսկ պիտի հասնեմ, բայց հենդիս նստած ա, ցուցանկաներն էլ կամ չկան, կամ սխալ բան են ցույց տալիս՝ գաղափար չունեմ հիմա որտեղ եմ։ Եթե դուք ուրիշ տեղ եք գնում, ուղղությունն էլ հուշեք․․․

Լիլիթը ուշադրություն դարձրեց անծանոթ երկարամորուսի խոսքին՝ մաքուր արևելահայերեն էր խոսում, բայց նկատելի ակցենտով, կարծես մանկուց գիտի լեզուն, բայց շատ պրակտիկա չի ունեցել: Եվ այդ տարօրինակ բառը՝ «հենդի», «ձեռքի հեռախոս», այսինքն:

- Կարևոր չի՝ որտեղ ես, կարևորը՝ մենք էլ ենք գնում Խնձորե՜սկ։

- Օհո՜, — հետևի դուռը բացելով ուրախ հայտնեց նոր ուղևորը։

- Ես Կարենն եմ, այս հրաշալի աղջիկը՝ ֆոտոխցիկի հետև թաքնված, Լիլիթն ա, — ներկայացավ Կարենը, երբ մեքենան արդեն նորից սլանում էր առաջ, — մենք զբոսաշրջիկների համար նոր հարմար ուղեցույց ենք հավաքում էս թաղերի մասին։

- Մխո, շատ հաճելի է է — ասաց ավտոստոպահարը։

- Իսկ քե՞զ ինչն ա բերել հասցրել Սյունիք, — հարցրեց Լիլիթը։

- Դժվար ա ասել, — խորհրդավոր պատասխանեց Մխոն, — մի օր նստած էի Համբուրգի իմ գրասենյակում, ու հանկարծ ահավոր մեծ ցանկություն առաջացավ դուրս գալու էդ տաղտկալի միջավայրից ու քայլել ճանապարհով։ Ու դե նորմալ ապրել վերջապես։ Ճանապարհից ավելի ճիշտ տեղ չի լինում։ Եկա Հայաստան, սկսեցի չափչփել, մարդկանց հետ ծանոթանալ։ Ու վերջապես հիմա հասնում եմ Խնձորեսկ։

- Ինչու՞ վերջապես։

- Կարելի է ասել՝ մեծ գանձ ունեմ էնտեղ գտնելու, — ժպտալով ասաց Մխոն, ապա՝ զգալով ճանապարհակիցների զարմանքը, ավելացրեց, — Իրականում, ուղղակի փոքր ժամանակ տատիկս Հայաստանի մասին պատմելուց, միշտ ասում էր, որ այ սենց տեղ կա մեր երկրում՝ աշխարհում ուրիշ նմանը չունեցող։ Որոշել էի ճամփորդության վերջում թողնել։

Այս պատասխանը կարծես արդեն իրականին նման էր, բայց որոշ ժամանակ անց Լիլիթը դիմացի հայելու մեջ նկատեց, թե ինչպես է Մխոն գրպանից հանում չորս տակ ծալված մի քրքրված, դեղնած թղթի կտոր, ուշադիր նայում դրան և արագ ծալելով նորից դնում գրպանը․ լուսանկարչուհու գլխից դուրս չէր գալիս այն միտքը, որ այդպես կարող էր անել այն մարդը, որ իսկապես եկել է գանձեր որոնելու, իսկ դա իր գանձերի քարտեզն էր։ Այդ պահին իհարկե չէր կարող ասել Կարենին, բայց մտածեց՝ ի՜նչ հրաշալի նյութ կստացվի ուղեցույցի համար, եթե Մխոն այսօր իսկապես՝ իր հինավուրձ քարտեզի օգնությամբ Խնձորեսկում թանկարժեք մի բան գտնի․․․

Ահա, կանգնած են կիրճի եզրին՝ դեղին մեքենան, փորձառու Կարենը, ամեն ինչ լուսանկարող Լիլիթը, քչախոս ու խորհրդավոր Մխոն: Զարմացած նայում են կիրճի զմխրուխտե անտառներից վեր ցցված սուր ժայռերին։ Կարենը բացում է նոթատետրը և տարբեր տեղերից հավաքած տեղեկություններ հայտնում ճանապարհակիցներին:

- Ուրեմն, այս դժվարանցանելի վայրերը բնակեցված են եղել համարյա մի ամբողջ հազարամյակ, ու էդպես մինչև անցյալ տարի վաթսունական թվականները, — Լիլիթը չխկացնում է ձեռքը դեպի կիրճը պարզած Կարենին, — մինչև լքվելը Հին Խնձորեսկում ապրել է 1800 ընտանիք։

- Հետաքրքիր ա՝ ինչու՞ հանկարծ որոշեցին թողնել էս տեղը, եթե էդքան ապրել էին, — հարցնում է Լիլիթը և նկատում, թե ինչպես է Մխոն լարվում ու ուշադիր նայում Կարենին, կարծես այս պատասխանից կախված է նրա ապագան։

- Եթե ամեն ճիշտ եմ հասկանում, — Կարենը նորից հայացքով խրվեց նոթատետրի մեջ, — որովհետև կիրճը հարմար ա, երբ վախենում ես ավազակներից ու թշնամիներից՝ բարեբախտաբար, աղբյուրների պակաս էլ չկար, բայց մի պահ եկավ, որ դրա կարիքն արդեն չկար։ Համ էլ մարդիկ սկսեցին սովորական հարմարությունների։ Էդպես, թողեցին ու տեղափոխվեցին Նոր Խնձորեսկ… Ամեն անգամ տեսնում եմ ու ամեն անգամ նույն կերպ զարմանում եմ։

Մոտենում են ժայռի մեջ կտրված սիմետրիկ կամարով ու հայտնվում քարի մեջ փորված մի «բազմաբնակարան» տարածքում։ Դուռ, երթիկ, հարթացված պատեր, պատի մեջ փորված երկար նստարաններ՝ այն ամենը, ինչ դարեր շարունակ անհրաժեշտ էր տեղացիներին։ Երեքն էլ հետաքրքրությամբ զննում են տարածքը, թեև Կարենն այստեղ բազմիցս եղել են։ Լիլիթը աչքի տակով հետևում է Մխոյին։ Նկատում է, որ վերջինս այնպես է շուրջը նայում, կարծես ինչ-որ բան է փնտրում, այլ ոչ թե պարզապես ուսումնասիրում։ «Լիլի՜թ, խելքդ թռցրել ես, ի՞նչ գանձեր», ինքն իրեն մտքում սաստում է աղջիկը։

- Ինտերնետ լիներ, երևի կտեղափոխվեի էստեղ՝ շուխուռից ու ղալմաղալից հեռու, — զարմանալի հանգստություն զգալով խոստովանեց Լիլիթը՝ ավելի շուտ սեփական մտքերի ուղղությունը փոխելու համար, այլ ոչ թե զրույց սկսելու։

- Տո առանց ինտերնետ էլ արժի տեղափոխվել, Լիլիթ ջան, — նստարանին տեղավորվելով հոգոց հանեց Կարենը, — մենակ ստեղի բնությունը ամեն ինչ արժի։

Բնակարանից բնակարան տեղափոխվելով, իջնելով ներքևի հարկեր, խումբը հասնում է կիրճի ստորին մասին ու հայտնվում է վայրի պտղատու ծառերի ու թփերի ջունգլիներում՝ թուզ, վայրի տանձ, մոշ՝ ինչ կուզես։ Ուսապարկերի մեջ տեղավորված լանչը (տիկին Սուսանի պատրաստած համեղ բրդուճները) այդպես էլ մնում է տուփում՝ կիրճն ինքն է կերակրում ճամփորդներին։

Թփերի հետևից խշխշոց է լսվում և քիչ անց կանաչի միջից հայտնվում է ձիավոր ծերունին՝ կարծես Խնձորեսկի ուրվականը լինի։ Տեսքից՝ յոթանասունն անց կլինի, դեմքը կնճռոտած է և արևից վառված, հայացքը՝ խաղաղ, խոր։

- Բարով եք եկել, — լսվում է նրա խռպոտ ձայնը։

- Բարև, ուստա՜, — արձագանքում է Կարենը։

- Ո՞նց եք, ինչո՞վ օգնեմ, — հարցնում է՝ ձիուն արգելակելով։ Լիլիթն արդեն անմահացնում է պահն իր խցիկով։

- Տարածքն ենք ուսումնասիրում՝ ապագա հյուրերի համար, մեր համար էլ։

- Լավ եք անում, — հավանություն է տալիս տղամարդը, — դե որ տենց՝ եկեք Մխիթար Սպարապետի գերեզմանը ցույց տամ։ Մենակ թե գլուխը չկա, մենակ մարմինն ա թաղած էդտեղ։

Մոտենում են մամռակալած, բայց դեռ վեհությունը չկորցած ուղղանկյուն տապանաքարին։ Դրա մի կողմում պատկերված են զինված ձիավորներ՝ Մխիթար Սպարապետի զինակիցները։ Իսկ քարի տակ, ինչպես պնդում է արդեն ձիուց վար իջաց ծերունին, Սպարապետի գլխատված աճյունն է․

- Պարսիկները բռնեցին, սպանեցին, գլուխն էլ կդրել տվեցին, որ հայերը չիմանան, չապստամբեն։ Ու տենց էլ թաղեցին հենց էս հողի մեջ։

- Մխո, կանգնի՝ քո անվանակցի հետ միասին չխկացնեմ, — առաջարկում է Լիլիթը։

- Կանգնեմ, ինձ հենց իրա անունով են անվանել։ Ուղղակի զինվոր չդարձա։

- Է զինվորը խոմ զենքով թշնամու վրա գնացողը չի, այ բալամ, սաղս էլ զինվոր ենք՝ ամենքս մեր ձևով, — մխիթարեց իմաստուն ծերունին։

- Բա դու՞ք էստեղ ինչ էիք անում, — հարցնում է Կարենը, — գյուղը հիմա վերևում ա, չէ՞։

- Գյուղը վերևում ա, իսկ իմ այգին՝ ներքևում։ Եկել էի ջրեի, մի քիչ էլ էս խախանդության մեջ հանգստանայի։ Ես Հին Խնձորեսկում եմ է ապրել, փոքր էի, երբ որ գեղացիքի հետ գնացինք, բայց դեռ հիշում եմ։

- Վերջին մնացողները ովքե՞ր էին, կհիշե՞ք, — հարցրեց Կարենը՝ նստելով քարին, մինչ Լիլիթն ուսումնասիրում է սպարապետի հարևան տապանաքարը, որին՝ ի հակառակ զինվորականների, պատկերված էր քեֆ անող մարդիկ, — երևի տարեցները, որոնք չէին ուզում իրանց տունը թողնեի՞ն։

- Չէ, հակառակը։

- Էդ ո՞նց։

- Շատ հետաքրքիր պատմություն ա, հիշի՝ քո էդ տուռիստներին կպատմես։ Ուրեմն, արդեն մարդիկ քիչ-քիչ գնում էին, երևի քսան-երեսուն տուն էր մնացել, դրանք էլ սպասում էին, որ վերևը տուն տան։ Մենք էդ թվում էինք։ Ու երբ որ մենք մյուսների հետ արդեն տեղափոխվում էինք, պարզվեց, որ մեր հարևան Թագուհին սիրահարվել ա Ղազարենց Թորգոմին։ Թաքուն սրանք հանդիպել են․․․

- Երևի հենց էս գերեզմանի մոտ, չէ՞, — հանկարծ հարցրեց Մխոն։

- Հա, — զարմացած ասաց ծերունին, — էդ ո՞նց իմացար։

- Տատս էս գյուղից է եղել, մի քիչ պատմել է։

«Ուրեմն հաստատ մի բան գիտի գանձերի մասի՜ն», — շարունակեց նույն ուղղությամբ աշխատել Լիլիթ արկածասեր ուղեղը։

- Պա՜հ, — ոգևորվեց ծերունին, — տատդ, ուրեմն, կհիշի, որ երկուսի ծնողներն էլ դեմ էին՝ չէին սիրում էդ ընտանիքները իրար, ինչ-որ բան չէին կիսալ իրար մեջ ու հեչ չէին ուզում, որ երեխեքը իրար հետ ապրեն։ Հլը մի բան էլ ավել՝ Թորգոմի համար Տաթևի գեղից արդեն աղջիկ էին ուզել։ Մի խոսքով, սաղ գեղը դարտկվեց, իսկ էս մեր աղունիկները գիշերով փախան ու հետ եկան ստեղ՝ ժայռերում սկսեցին մենակ ապրել։ Գեղը` դատարկ, իրանք երկուսով` երջանիկ։ Բայց որ աղջիկը հղիացավ, ծնողքը վերջը խելքները գլուխները հավաքեցին, ասեցին՝ դե լավ, եկեք մեր հոտ նորմալ ապրեք, որ տենց իրար սիրում եք։ Ու էդպես, վերջին բնակիչները թողեցին Խնձորեսկը։

- Իսկ կարող ա՞ գնալուց ստեղ ոսկի կամ թանկարժեք իրեր են թողե՞լ, — քննիչի լրջությամբ հարցրեց Լիլիթը, — էդպիսի պատմություն լսել ե՞ք։

Ծերունին ծիծաղեց և ժպտալով պատասխանեց․

- Է, աղջիկ ջան, գեղացիքին որ լսես՝ ամեն մի ձորում մի-մի տոննա ոսկի ա թաղված։ Դե, մեր Խնձորեսկի մասին էլ են ասել։ Ասում էին՝ Թորգոմը փլված եկեղեցում ոսկի ա գտել ու իբր դրա համար ա կնգա հետ ստեղ մնացել երկար ժամանակ։ Հետո էլ մի մասը հետը վերցրել ա, մի մասը՝ թողել ժայռերում։ Բայց թե էդպես լիներ՝ հիսուն տարում ոնց էլ լիներ՝ գեղացիք գտած կլինեին։

Կարենը խնդրեց ոչ ոքի չշարժվել և հեռախոսը վեր պարզած սկսեց տեղում պտտվել։ Ծերունին հոնքերը վեր բարձրացրեց, հավանաբար ենթադրեց, որ քաղաքից եկած երիտասարդը մի փոքր խենթացել է։

- 360 աստիճանով ֆոտո եմ անում, — պտույտն ավարտելիս բացատրեց Կարենը, — Գուգլի քարտեզների վրա եմ ավելացնում, թե չէ Հայաստանը շատ քիչ ա ներկայացված։ Տեխնոլոգիաները պետք ա օգնեն մեզ պատմել էս հրաշքների մասի՜ն։

Ծերունու հայացքն ընկավ քիչ այն կողմ քարին նստած Մխոյին։ Լիլիթը նորից նկատեց նրա ձեռքում ենթադրյալ գանձաքարտեզը։ Մորուքավոր ճամփորդը մերթ նայում էր թղթին, մերթ՝ ժայռերի մեջ փորագրված թաղամասին։ Լիլիթը փորձեց աննկատ՝ կարծես լուսանկարելու համար հարմար դիրք գտնելու նպատակով, թիկունքից մոտենալ Մխոյին։

- Իսկ էդ ջահելները, — ծերունուն մոտենալով խոսեց Կարենը, — հիմա նոր գյուղում ե՞ն ապրում։ Երջանիկ կյանք ունեցա՞ն։ Հավես կլիներ՝ հետները շփվեինք․․․

Եվ այդ պահին Լիլիթը տեսավ քարտեզը․ քրքրված թղթին մատիտով պատկերված էր ժայռաքաղաքի գծագիծը՝ այն, ինչ նրանք հիմա տեսնում էին կիրճի խորքից։ Թղթին պատկերված կամար-անցնքերից մեկն ընդգծված էր խաչով։ «Աստված իմ, լրիվ «Գանձերի կղզու» նմա՜ն», հոգոցը հազիվ զսպելով մտածեց Լիլիթը։ «Իսկ ինչու՞ իջնելիս չմտավ այդ նշված խուցը․․․ Ա՜, որովհետև ճիշտ խուցը գտնելու համար պետք է ներքևից նայել և համեմատել քարտեզի հետ։ Ահա թե ինչ․․․»

- Հը-ը, վաղուց գյուղում չեն, — ասաց ծերունին, — սկի չգիտեմ էլ՝ ուր գնացին, ինչ արեցին։ Թորգոմը հլը Սովետի ժամանակ ինչ-որ պաշտոն ստացավ, գնացին Եվրոպա ինչ-որ տեղ, կարծեմ Գերմանիա, հետո բաժանվեցին․․․

- Երեխա ունեցան, բաժանվեցին, իրար հետ էլ չխոսացին, միակ թոռանը հերթով էին նայում, որ հանկարծ չհանդիպեն, — հանկարծ շարունակեց Մխոն՝ հայացքը կլոր արկղին հառված, — հետո Թորգոմը մահացավ, իսկ Թագուհին հետո սաղ կյանքը հիշում էր Հին Խնձորեսկում անցկացրած ամենաերջանիկ շաբաթները, երբ մենակ երկուսով էին ու հին քաղաքը։ Ու էդ ամեն ինչի մասին պատմում էր Համբուրգում ծնված մեծացած թոռանը։ Ասում էր՝ անպայման մի օր կգնաս, կտեսնես՝ ինչ հրաշք ա, ինձ էլ հին գերեզմանոցում կթաղես, լիբե։

Մխոն դանդաղ շարժումով ուսապարկից հանեց երեք լիտրանոց բանկայի մոտավոր չափեր ունեցող պլաստիկ, կլոր տուփը։ Դրեց ծնկներին, հետո ամուր սեղմեց կրծքին։

Որոշ ժամանակ լռելուց հետո ծերունին կասկածանքով հարցրեց Մխոյին․

- Ապեր, տատդ որ ստեղ ա ապրել, անունը ինչ է՞ր․․․

Լիլիթ այլ բան էր հետաքրքրում․

- Մխո, հիմա իրո՞ք գանձերի հետևից ես եկել։ Տատդ ու պապդ էստեղ ոսկի՞ են թողել, — շփոթված հարցրեց նա։

Մխոն քմծիծաղ տվեց և խոստացավ ամեն ինչ պատմել։

Արևը մայր էր մտնում։ Ծերունին՝ նախքան գնալը, խորհուրդ տվեց կիրճում երկար չմնալ՝ մթնելուց հետո վերադառնալը դժվար կլիներ։ Այնպես որ նույն ճանապարհով վերև գնացին։ Բարձունքին չհասած կանգ առան ժայռաբնակարանների վերևի «հարկերից» մեկում։ Հասան ընդգծված խուց-բնակարանը։ Ահա այդտեղ Մխոն պատմեց, որ քարտեզը նկարել է դեռ մանուկ հասակում՝ տատիկի պատմածների հիման վրա։ Եվ որ դա այն բնակարանն էր, ուր տատիկն ու պապիկը ապրել էին երիտասարդ ժամանակ՝ փախչելով ջղային ծնողներից։

- Գանձեր իսկապես կան։ Կամ եղել են… Թորգոմի ու Թագուհու ապրած երջանիկ օրերը էստեղ։ Իրանք հետո երջանիկ էդպես էլ չապրեցին, բայց էս խցում անցկացրած օրերը՝ երկուսի ամենամեծ գանձն էին։ Թագուհին միշտ երազում էր, որ գոնե կյանքի վերջում մի անգամ էլ էստեղ գա։ Դե, ստացվեց կյանքից հետո։

Մինչ Մխոն քամուն էր տալիս տատի աճյունը, որպեսզի նա իր հանգիստ առնի իր կյանքի ամենաերջանիկ օրերը տեսած լքված, խորհրդավոր ժայռագյուղում, Լիլիթն ու Կարենը շշուկով ամփոփում էիրն օրը։

- Ի՞նչ ես կարծում, էս պատմությունը հետաքրքր կլինի՞ տուրիստներին, — հարցրեց Լիլիթը։

- Բա ո՜նց, լրիվ կինոյի պատմություն ա՝ ինչպես տասնամյակներ անց Հին Խնձորեսկի վերջին բնակիչը վերադարձավ ու ընդմիշտ կապվեց իր հայրենի գյուղին՝ այսինքն վերագտավ այս լեռների անգին գանձերը․․․ Չնայած, էսօրվա մեր ապրումները չեն ունենա, բայց ամեն դեպքում՝ սենց դեպքերն են կենդանի դարձնում ճամփորդությունը։ Ու, դե, նորագույն տեխնոլոգիաների խելացի կիրառումը։

Վերևում կանգ առան Եվրոպական միության և Հայաստանի բարեկամական կապերն ազդարարող մեծ ցուցանակի մոտ: Կարենը նկատեց, որ սիմվոլիկ կլինի, եթե շատ շուտով հենց էս տեղում ավելանա ևս մեկ ցուցանակ, այն մասին, թե ինչպես Եվրամիությունը օգնեց մարդկանց հեշտորեն անցնել այս հրաշալի, գանձաշատ ուղիներով:

- Դեռ լիքը բան ունենք անելու միասին, — հոգոց հանելով եզրափակեց տուրիզմի մասնագետը:

Կարենը ևս մեկ 360-աստիճանի լուսանկար արեց և տեղում վերբեռնեց Գուգլի քարտեզներում․ Հայաստանի գեղեցկությունը պետք է ճիշտ ներկայացնել։ Հետո միայն երեքով չուզելով սկսեցին տեղավորվել «դեղին սուզանավի» մեջ։

--

--