Հորքուր Հայաստան

editor
storiesfromarmenia
Published in
9 min readMay 16, 2018

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

- Քուր ջան, ընչի՞ ես էտատե տխուր նստուկ, էնա թոնգարանը մտի ֆռֆռա, մինչև ավտոբուզը գա։ Կոլոտ Հայրապետի մասին կպոտմեն, մի նոր բան կիմանաս քյավառցիքի մասին։

Գեղարքունիքի մարզի մարզկենտրոնի գլխավոր հրապարակի հատուկենտ նստարաններից մեկին նստած քինդլով գիրք կարդացող Անահիտը բավական ուշ հասկացավ, որ երեք օրվա թրաշով քառասունն անց տղամարդն իր հետ է խոսում։ Երբ հասկացավ, պատասխանեց, որ Կոլոտ Հայրապետի մասին առանց այդ էլ ահագին բան գիտի՝ փոքր ժամանակ պապիկը պարբերաբար պատմում էր իրական և ոչ այնքան իրական դեպքեր այդ լեգենդար քյավառա մեծահարուստի մասին։ Հիմա Գավառում մեծահարուստներ չկային՝ ավելի ճիշտ կային, բայց ապրում էին Գավառից շատ հեռու, օրինակ՝ Տոլյատիում կամ Ֆրանֆկուրտում։ Պարզապես հարուստներ էլ չկային՝ ով մոտ էր այդ կարգավիճակին, հաստատ արդեն լավագույն դեպքում Երևանում էր, և երևի թե մտածում էր Տոլյատի կամ Ֆրանկֆուրտ արտագաղթելու մասին։ Գավառում մնացած գավառցիներից շատերին Անահիտը տեսել էր վերջին երկու օրվա ընթացքում։ Իրականում նա կարող էր գալ մի քանի ժամով, բայց որոշեց օգտագործել աշխատանքային հարցազրույցը որպես առիթ՝ նախապապերի գյուղը (իրականում վաղուց արդեն՝ մարզկենտրոնի թաղը) վերադառնալու համար։ Լավ է, որ կարող էր այդ երկու օրը մնալ տատիկ-պապիկի վաղուց դատարկ ու չօգտագործվող երկհարկանի տանը։

Բարոյահոգեբանական մեծ ներքին խնդիրներ ունեցող «գազելը» ծուլորեն կանգ առավ Երևան գնացող տրանսպորտի համար նախատեսված կանգառում։ Անահիտը տեղավորվեց վարորդի հետևի նստարանին և շարունակեց կարդալ՝ մինչ շարժվելը դեռ կես ժամ կար։ Ու մինչև Երևան հասնելը արժեր մտածել, թե ինչպես է բացատրելու իր որոշումը Արմենին։

***

Երևան հասնելուց ընդամենը երկու ժամ անց ընկերուհիների հետ նստած էր Սարյանի գինետներից մեկում (թվով արդեն երրորդում, քանի որ ընկերուհիները սիրում էին մի երեկոյի ընթացքում մի քանի նստավայր փոխել)։ Ուրբաթ երեկոյի ավանդական աղջկական զրույցները պետք է օգնեին, որպեսզի մի քիչ ցրվեր Արմենի հետ լուրջ զրույցից առաջ։

- Չէ, ամեն ինչ շատ ավելի հեշտ ա, — Արմինեն շարունակում էր դեռ նախորդ ռեստորանում սկիզբ առած վեճը՝ մեկ անգամ տրվող կյանքի և ժամանակի ճիշտ օգտագործման մասին, — անում ես մենակ էն, ինչ որ քեզ դուր ա գալիս ու շփվում ես մենակ էն մարդկանց հետ, ովքեր քեզ դուր են գալիս։ Ես յոթ տարի ա արդեն էդպես եմ ապրում ու ափսոսում եմ, որ շուտ չէի ֆայմել։

- Լավ ա հնչում, բայց չի աշխատում, — ԱՄՆ նախագահին ցիտեց Լիլիթը՝ կծելով սեղանին դրված տապաներից մեկը, — ինչ ուզում ես արա՝ լրիվ անկախ չես լինի։

- Ի՜, — Արմինեն համաձայն չէր Լիլիթի անհամաձայնության հետ, — նայի ինձ ու սովորի, — ու կում արեց սպիտակ գինու գավաթից։

- Ուրեմն պիտի գործի էլ չգնաս, որ գլխիդ ոչ մեկ չլինի, — Լիլիթը չէր հանձնվում, — ու բարեկամներիդ հետ չշփվես․․․

- Ոչ, ուղղակի գործը ընտրում ես էնպես, որ քեզ բացի աշխատավարձից հաճույք էլ բերի, կամ ընդհանրապես՝ քո գործն ես սկսում, որ քո գլխի տերը լինես։ Իսկ բարեկամների հարցը ավելի բարդ ա, բայց՝ լուծելի․․․ Ա՞ն։ Անահի՜տ, ստեղ ե՞ս, կես ժամ ա՝ ձենդ չի գալիս։

- Հա, հա, ստեղ եմ՝ ուշադիր լսում եմ, որ գոնե մի բան սովորեմ ձեր ինտելեկտուալ բանավեճից, — բացատրեց Անահիտը։

- Ոչ, իրականում Անահիտը չգիտի ոնց բացատրի մարդկությանը, որ որոշել ա տեղափոխվել․․․ — Լիլիթը մատներով սեղանին թմբկահարեց՝ ինչպես անում են կարևոր բան հայտարարելուց առաջ, — Քյավաաաա՜ռ։

Արմինեի գավաթը կանգնեց օդում կես ճանապարհին՝ չհասնելով նրա բերանին։ Հետո լսվեց նրա զարմացած «Իիիի՞՜նչ»-ը։ Անահիտը ոլորեց աչքերը ու պայուսակից հանեց ծխախոտի տուփը։

- Այո, մենք կորցնում ենք նրան, — շարունակեց Լիլիթը, — փոքրիկ Անուլիկը լսեց հայրենի հողի կանչը և վերադառնում է պապերի հող։

- Պապերի բոստան։

- Պապերիս բոստանին բան չասեք, — ավելի շատ լուրջ, քան կատակով հայտարարեց Անահիտը՝ կպցնելով երկար բարակ «Վինսթոնը»։

- Լավ, լավ, չխփես, — բաց ափերը վեր պարզելով հաշտության պայմանագիր առաջարկեց Արմինեն, — եթե քեզ էս պահին էդ ա պետք, ուրեմն ամեն ինչ ճիշտ ես անում։ Իմ նման արա, ու ոչ մեկին մի լսի։

Անահիտը օդային համբույր ուղարկեց ազատատենչ ընկերուհուն։

- Բայց, Ան, լուրջ, Քյավա՞ռ․․․

Անահիտը օդային ապտակ ուղարկեց ազատատենչ ընկերուհուն։

- Նենց ես ասում, ոնց որ գնալու եմ կարտոլ աճացնեմ։ Լուրջ գործ եմ անելու՝ կանանց իրավունքների մասին լսել ե՞ս։ Իսկ Երևանից դուրս մարդկանց թվում ա, որ դա, մեղմ ասած, ուշունց ա։

- Երևանում էլ նենց ոչինչ, — նկատեց Լիլիթը։ — Արի նկարեմ քեզ, հերո’սս, Վանդեռ-վումընս, Ժաննա դ’Արկս, Քյավառի կանանց հույսն ու ապավենը։

Լիլիթը վերցրեց սեղանից ֆոտոխցիկն ու անմահացրեց ընկերուհու կիսաջղայն-կիսամտահոգ դեմքը և ծխի ոլորապտույտ քուլաները, որոնք խճճվում էին Անահիտի՝ արևի ճառագայթների պես այսուայն կողմ տարածվող սև խուճուճների հետ։

- Իսկ ավելի հստա՞կ, ի՞նչ ես անելու, — հետաքրքրվեց Արմինեն։

- Եվրամիության ծրագիր կա մի հատ՝ կանանց թեմայով։ Իմաստը էն ա, որ օգնում են շրջանների հկ-ներին, որ կանանց ներգրավեն սոցիալական ու տնտեսական ծրագրերում, ու ընդհանրապես՝ մի քիչ ուժ տան։ Օրինակ՝ որ իրանց գործը սկսեն առանց արտագաղթելու։

- Հա՜, լսել եմ․ Գյումրիում մի հատ ծանոթ աղջիկ ստարտափ էր սկսել, ոնց որ թե էլի Եվրամիության ինչ-որ ծրագրով։

- Ըհը, Women in business and IT, — հաստատեց Անահիտը։ — Բայց դե մենակ ՏՏ չի․ Վանաձորում օգնել են, որ մի կին հենդ-մեյդ հուշանվերների գործ սկսի, մյուսին՝ գեսթ-հաուս Ալավերդիում, ու տենց տարբեր։ Հիմա Քյավառա կանանց ենք աշխուժացնելու։

- Շատ լավ ա։ Հենց իմ ասածն ա՝ մարդ պիտի անկախ լինի ու իրա համար ապրի, — նկատեց Արմինեն։ — Բա ինչի՞ ես էդքան մտահոգ։

- Դե․․․

- Ես ասե՞մ, ես ասե՞մ, — երրորդ դասարանցու պես ձեռք բարձրացեց Լիլիթը, և չսպասելով ուսուցչի հրահանգին ասեց, — որովհետև դեռ չգիտի, թե ինչ ռեակցիա կտա Արմենը։

- Օհ․․․

- Ըհը․․․

Որոշ ժամանակով լռություն տիրեց։ Հետո բարձրախոսներից լսվեց «Ամելիի» վալսը և Անահիտը հիշեց Արմենի հետ յուրահատուկ ծանոթությունը՝ վթարի ենթարկված տրոլեյբուսի մեջ, որը նույնպես տեղի էր ունենում հենց այս մեղեդու սյուռեալիստական զուգակցությամբ։ Եվ մեղավոր զգաց իրեն։

- Երևի պետք ա հետը խոսայի, հետո որոշեի․․․ — ավելի շատ ինքն իրեն, քան ընկերուհիներին ասաց Անահիտը։

- Սպասի, մի լացի, — վրա տվեց Արմինեն, — խոսալը իհարկե անհրաժեշտ ա, թաքուն չես տեղափոխվելու Քյավառ։ Բայց եթե քեզ իրոք էդ գործը ու պապական հայրենիքը պետք են, Արմենը կհասկանա։ — Հետո ավելացրեց ավելի սպառնալից, — Լավ կլինի հասկանա, ի դեպ։

- Իսկ եթե Քյավառում «Բիսեդկայի» մասնաճյուղ բացվի, կարանք բոլորովս տեղափոխվենք, — առաջարկեց Լիլիթը։

Հաջորդած մեկուկես ժամի ընթացքում թեման այլևս չքննարկվեց, քանի որ Արմինեն կարգադրեց․ «քնի, զարթնի, թարմ գլխով մտածի, հիմա ադեկվատ չես»։ Հաջորդ օրը Արմենի հետ ժամադրությունն էր։

***

Արմենն ու Անահիտը հանդիպեցին «Բիսեդկայում», սկսեցին սովորական, աննշան իրադարձությունների քննարկումից։ Անահիտը կարող էր պատմել, թե ինչպես ավտոբուսում լսել է մի երգ, որ վերջին անգամ յոթ տարեկանում էր լսել, իսկ Արմենը՝ ինչպես նախորդ երեկոյան «Գարեգին Նժդեհ» մետրոյի մոտակայքի աղբանոցներից մեկում տեսավ դեն նետված կիթառի դուրս ցցված գրիֆը ու մինչև հիմա դարդ է անում լքված գործիքի ու գործիքի տիրոջ տապալված հույսերի համար։ Այդ մանրուքների մասին իրար պատմելը Անահիտի համար աշխարհի ամենաինտիմ ու մտերմիկ մթնոլորտն էր ստեղծում երկուսի միջև։ Նրանց համար «Բիսեդկայի» շենքի պատին հայտնված «հոգնել եմ» գրաֆիտին և մի քանի օր անց դրա տակ մարկերով ավելացված «չդնես, լավ ա լինելու» գրությունն ավելի կարևոր էին, քան գլոբալ տաքացումը, Իսլամական պետությունըև կարագի գնի թանկացումը։ Որովհետև այդ ամենը միայն իրենց երկուսինն էր։

- Առավոտը գնացել էի հացի, հերթում կին էր կանգնած՝ 8–9 տարեկան տղայի հետ, — սուրճից ֆռթացնելով պատմում էր Արմենը, — էս երեխան գլուխը կիսակախ օդում թմբուկ էր նվագու՜մ։ Էնքան տարվա՜ծ էր․․․ Մեկ էլ պահի տակ կանգնում էր, գլուխը թեթև թափ էր տալիս ու նորից էր սկսում։ Երևի նախորդ օրը պարապունք ուներ, իսկ էսօր կրկնում էր։

Անահիտը զգաց պատմության ջերմությունը։ Եվ պատասխանեց իր պատմությամբ․

- Տատիկիս տան գրադարանն էի երեկ քչփորում, «Հեղնար աղբյուրի» Նոյի թվի հրատարակություն ձեռս ընկավ։ Բացեցի, տեսնեմ ֆորզացի վրա կիսալղոզված թանաքով գրված ա․ «Ամալիկի համար՝ Երևանից, «Սասուցնի Դավիթ» կինոյի գրախանութից, 1947 թիվ»։ Ենթադրում էր, որ պապիկս էր բերել Երևանից։

Անահիտի տատիկը պատանեկության ժամանակ երազում էր գնալ քաղաք (այսինքն՝ Երևան) ու իրավաբան դառնալ, բայց տանը թույլ չտվեցին, ասեցին՝ ամոթ ա, Ամալ, ամուսնացի, տանդ տիրություն արա։ Ամուսնացավ ու տանը տիրություն արեց։ Տիրություն անելու ընթացքում հարյուրավոր հատորների գրադարան հավաքեց։ Անահիտը մանկուց կարդում էր այդ գրքերը ու մանկուց տխրում էր տատիկի չիրականացված երազանքների համար, չնայած, որ պապիկի հետ շատ երջանիկ ու համերաշխ էին։

- Հուզի՜չ, — հաստատեց Արմենը, — բայց տանել չեմ կարողանում էդ գիրքը, ոնց որ վատ հայկական սերիալ լինի․․․ Սպասի, տատիկիդ գրադարանը Քյավառում չէ՞ր։

- Հա․․․ — ահա և բացվում է նախորդ օրվա ճանապարհորդության մասին խոսակցությունը, — երեկ գնացել էի Քյավառ․․․

- Հա՞, — զարմացավ Արմենը, — ինչ լավ ա, պապական տունը մենակ չի կարելի թողնել։

- Ու դրա հետ կապված մի բան էլ պիտի ասեի, — Անահիտը հայացքը թեքեց, բայց նույն պահին զգաց Արմենի ափերի ջերմությունն իր ձեռքերին։

- Սպասի, ես էլ եմ բան ունեմ ասելու, բայց ստեղ չէ էլի։ Գնանք «Արագիլում» նստենք։

- Որտե՞ղ․․․

Արմենը բռնեց Անահիտի ձեռքը ու գրեթե վազելով դուրս տարավ նրան։ «Բիսեդկայի» մուտքի մոտ երկնագույն «Վեսպա» էր կանգնած՝ այդպիսի մի սկուտերով Հռոմի փողոցներում էին շրջում Գրեգորի Փեքն ու Օդրի Հեփբըրնը։

- Վարկով եմ վերցրել, տեսա ու չդիմացա, — ականջից ականջ ծավալվող ժպիտը դեմքին հայտարարեց Արմենը։ — Նստեցինք։

Հաջորդ կես ժամը երկնագույն «Վեսպան» շրջում էր Չարբախի զուսպ փողոցներով։ Եվս քառասուն րոպե անց Արմենի նոր փոխադրամիջոցը կանգ առավ «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։

- Մենակ թե չասես՝ գնում ենք կարուսել նստենք, — անհանգստացավ Անահիտը։

- Չէ չէ, ոչ մի կարուսել, արի։

Տրոլեյբուսում ծանոթացած սիրահարները տասնամյակների վաղեմություն ունեցող կարուսելներից օգտվող բազմության միջով անցան աջ արահետով, հետո նորից աջ, թփերի միջով վաղուց լքված արահետով ձախ, մի քանի աստիճան ներքև ու․․․ հայտնվեցին Երևանի հետ դեմ դիմաց։ Երևանը, Անահիտը, Արմենը։ Բայց՝ Մայր Հայաստանի աչալուրջ հսկողության տակ։ «Արագիլ» սրճարանի լքված հարթակն էր։

- Փոքր ժամանակ վախենում էի էս Մայր Հայաստանից, — որոշ ժամանակ քաղաքի համայնապատկերին լուռ նայելուց հետո ասաց Արմենը, — մտածում էի՝ եթե մեր բակի կամ դասարանի աղջիկներին կամ մամայիս նեղացնեմ, կգա ինձ թրով կծեծի։ Նենց էլ ջղայն ա նայում․․․

- Ահա, կինը կամ պիտի տան գործերը անի, կամ թուրը վերցնի՝ տղամարդու հետ գնա կռվելու, — հեգնանքով ասաց Անահիտը, — ես երբեք չէի սիրում էս արձանը, որովհետև ոչ մի կանացիություն չկա։

- Օհո, կանանց իրավունքների համար պայքարի տարրեր եմ զգում ձայնիդ մեջ․․․

- Չէ բայց լուրջ, նայի՝ էդքան ասում են, որ Հայաստանում կինը սրբություն ա, ֆլան-ֆստան, բայց մեծարում են մենակ եթե զինվոր ա դառնում կամ զինվոր ա ծնում։ Իսկ նորմալ մարդու պես ապրելը մինչև հիմա արտակարգ իրավիճակ ա։

- Հեյ, հեյ, լավ, կռիվ մի արա, — ձեռքը դնելով Անահիտի ուսին փորձեց մեղմել Արմենը, բայց Անահիտը շարունակեց։

- Մենք ստեղ մեր փուչիկի մեջ նստած ենք, իսկ Հայոց աշխարհում համարյա բան չի փոխվել։ Գիտե՞ս անցյալ շաբաթ Քյավառում ինչ դատ էր գնում։ Մի ջահել աղջիկ, երևի իմ տարիքի, 17 տարեկանում պսակել էին, երկու երեխա արդեն ունի։ Որոշել էր գործի ընդունվել, մի քիչ իրան պիտանի էր ուզում զգար։ Մարդն ու սկսեսուրը որ իմացել էին՝ գնացել ա գործ ա գտել, էնքան էին ծեծել՝ երկու ողը ջարդել էին։ Ու փակել էին տան մեջ։ Պատկերացնում ե՞ս։ Իսկ հետո որ էդ աղջիկը չէր հանձնվել, դատի էր տվել, գյուղի կեսը դուրս էր եկել ու պաշտպանում էր ամուսնուն։

- Լավ չի, — անկեղծ մտահոգություն արտահայտեց Արմենը, — բայց լավ ա, որ մենք մեր փուչիկի մեջ ենք։ Ի դեպ, մեր փուչիկի մասին։ Էն որ ասեցի՝ բան ունեմ ասելու։ Ասում էի՝ արի տեղափոխվենք ու միասին ապրենք Չարբախի մեր դատարկ տանը։ Մի քիչ, իհարկե, պետք ա դզել-փչել, կարգի բերել, բայց ինձ թվում ա մենք յոլա կգնանք։

Արմենը պայծառ աչքերով նայեց Անահիտին։ Անահիտի աչքերը նույնպես փայլեցին, քանի որ Արմենի հետ դրանք միշտ էլ փայլում էին։ Բայց նույն պահին հիշեց Գավառում աշխատանքի մասին։ Եվ նա գիտեր, որ չի ների իրեն, եթե գոնե իր հնարավորության չափով մասնակցություն չունենա փուչիկից դուրս գոյատևող կանանց կյանքի բարելավման գործում։

- Արմ, ես մի տարով Քյավառում աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Ավելի ճիշտ, ես էի դիմել, որովհետև զգացի, որ կարևոր գործ ա ու մեր գյուղում հենց ես պիտի դրանով զբաղվեմ։ Դիմեցի, ու ստացա առաջարկ։ Մի շաբաթից սպասում են։

- Օհ, — Արմենը զարմացած հետ քաշվեց, — պապական հողու՞մ․․․

- Խնդրում եմ, բանջարաբոստանային կուլտուրաների մասին հումոր չանես։

- Չէ, չէ, ոչ մի հումոր, բայց․․․

- Կներես, որ քեզ նախօրոք չասացի, ուղղակի վստահ չէի էդքան էլ։ Բայց երեկ գնացի ու հասկացա, որ պետք ա մի բան անեմ։

Արմենը խորասուզվեց մտքերի մեջ։ Մայր Հայաստանը պատրաստել էր քսան մետրանոց թուրը, որ Անահիտին նեղացնելու դեպքում, ստանա արժանի պատիժ։

- Ու վերադառնալով քո առաջարկին՝ ես հենց էսօր կհավաքվեի ու կգայի քո հետ Չարբախի քեռուդ չօգտագործվող տունը, լուրջ։ Բայց մի քանի օրից կփոշմանեի, որ Քյավառում չեմ ու էն ջարդած կողերով աղջկան չեմ օգնում, որ ինքը առանց վախենալու գնա աշխատանքի ու իրան զգա տնտեսապես անկախ ու ինքն իրան կայացած զգա։ Ու դու կապրեիր թթված ու ջղային ու իրանց դժգոհ Անահիտի հետ։ Արմ․․․

Անահիտը ձեռքը դրեց Արմենի ձեռքին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում վերջինիս ներսում։ Արմենը հանկած նայեց Անահիտին։

- Իսկ եթե ես իմ «Վեսպայով» գամ պապական գյուղդ, ինձ շատ թարս կնայե՞ն։

Անահիտը այդքան էլ չհասկացավ հարցի իմաստը։ Արմենը շարունակեց․

- Ես իմ գործը կարող եմ ամեն տեղից անել։ Իսկ պապիկիդ տունը առանձնապես չի տարբերվում մեր տնից։ Ու համ էլ տատակիդ գրադարանը կա։ Չէ՞։

Անահիտը չհավատաց լսածին, մտածեց Արմենը հեգնում է։ Ուշադիր նայեց սիրելիի աչքերի մեջ և մի որոշ ժամանակ անց միայն վստահ եղավ։ Հաջորդ ակնթարթում երկուսով գրկախառնված պտտվում էին «Արագիլի» լքված բացօթյա հարթակում, իսկ Մայր Հայաստանը հազիվ նկատելի ժպտում էր։

Մեկ շաբաթ անց Արմենի երկնագույն «Վեսպան» մտավ Գավառի կենտրոնական հրապարակ և կանգ առավ Կոլոտ Հայրապետի սև արձանի մոտ։

- Օհո, էս ո՞վ ա, — հետաքրքրվեց Արմենը, — պատմական սելեբրիթի ա՞։

- Հա, Կոլոտ Հայրապետը։ Արի գնանք տունը ցույց տամ, հետո գանք թանգարանը՝ մի նոր բան կիմանաս մեր գյուղի մասին։

- Ոնց օսես, քե մատաղ։

--

--