Գլխավոր դուռը

editor
storiesfromarmenia
Published in
10 min readDec 22, 2017

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:

8:07
Շիրակի փողոցի ասֆալտապատ մայթեզրը գրեթե ամբողջությամբ պատած դեղին տերևները հաճելի խշխշում էին Արմանի ոտքերի տակ: Մինչև իր կյանքի գլխավոր դռան շեմին հասնելը դեռ մի քանի րոպե կար: Անցավ մետրո «Չարբախի» մոտով, նայեց ժամացույցին՝ առավոտվա ութը հազիվ էր անցել: Արմանը հոգոց հանեց ու գլուխը տարուբերեց, քանի որ մինչև հիմա չէր պատկերացնում, թե ինչպես իր կյանքը փոխվեց այնպես, որ նա ժամը ութին ոչ թե պառկում է քնելու աշխատանքային ստեղծագործական գիշերվանից հետո, այլ արդեն քայլում է դեպի իր աշխատավայրը: Թեև աշխատավայր բառը շատ դիպուկ չէր. այդպես ավելի հարմար է կոչել այն հիմնարկները, որտեղ մարդ վարձու աշխատող է: Իսկ սա բառացիորեն իր երկրորդ տունն էր:

— Ներեցեք, պատվավոր բարեկամ, կարո՞ղ է մի հարյուր դրամով օգնեիք նվաստիս, — երկրորդ տան դռանից մի քանի քայլ առաջ Արմանի ճանապարհը փակեց փողոցի այցեքարտ-մուրացկան Վլադիմիրը, — կամ գոնե մի գլանակ ծխախո՞տ հյուրասիրեիք:

Արմանը, որը երբևէ չէր շռայլում գրպանի մանրը փողոցում հանդիպող մուրացկաններին, Վլադիմիրին, այդուհանդերձ, մի մանրադրամ հանձնեց:

— Երախտապարտ եմ ի խորոց սրտոյ, — ասաց Վլադիմիրը, ով երեք սենյականոց բնակարան ուներ Չարբախում՝ երկու խաչմերուկ այն կողմ, բայց տարիներ առաջ որոշել էր այլևս չաշխատել:

Ինչ-որ առումով Վլադիմիրի այդ ռադիկալ որոշումը նման էր նաև Արմանի բռնած ճանապարհին: Այնքանով, որ նա էլ որոշել էր չաշխատել ուրիշի մոտ մի քանի տարի առաջ: Դրանից հետո տրվել ֆրիլանսերի քաոսային, անկախ, բայց բավական անհեռանկար կենսակերպին: Բայց այդ փուլի նույնիսկ ամենաբարդ պահերին, հիշեց Արմանը, անհնար էր համակերպվել գրասենյակային մթնոլորտ վերադառնալու գաղափարին: Հիշեց, ինչպես էր քննարկում այդ վիճակը իր ֆրիլանս բախտակից ընկեր դիզայներ Սերգեյի հետ, որը ասում էր՝ «Սուրճ, արև, Կասկադ, Սարյան, հանդիպումներ: Ո՞նց կարող ես փոխես էդ ստից երևանյան երջանկությունը»… Սերգեյն էր, որ այդպիսի երջանկաշատ ռեժիմով մշակել էր «Բիսեդկա» քոուորքինգ-սփեյսի բրենդինգը և դրա շնորհիվ ուներ այդ սրճարան-աշխատարանի պատվավոր անդամի քարտ։ Ու գալիս էր այստեղ իր երևելի Սարյան-Պուշկին-Կասկադից՝ լավ է, մետրոյով դա այդքան էլ դժվար չէր:

Արմանը նկատեց սրճարանի դռան մոտ կանգնած Արտակին: Չնայած, որ երիտասարդ ծրագրավորողը նորաբաց սրճարանի մշտական հաճախորդներից էր, Արմանը դեռ այսքան շուտ նրան այստեղ չէր տեսել:

— Մտի, բայց մի քիչ պիտի սպասես, մինչև միացնեմ սուրճի մեքենան, — ասաց Արմանը, — թեյք-ըվեյ, չէ՞:

— Չէ, չէ, էսօր գործի չեմ գնում, Erasmus-ի համար մի հատ մոտիվացիոն նամակ ունեմ գրելու՝ մինչև չվերջացնեմ, չեմ գնա, — վստահ հայտնեց Արտակը:

— Գժական: Եթե դրական պատասխան ստանաս՝ կգաս մեր մոտ էլ նշենք, — ժպտալով առաջարկեց Արմանը և պտտեցրեց բանալին:

Ակնթարթ անց նա նորից ոտք դրեց իր նոր կյանքի մեջ: Հետաքրքիր է, այս զգացողությունը երկա՞ր կմնա, մտածեց նա, շտապելով դեպի կանգնակը, երբ ամեն անգամը առաջին անգամվա պես է թվում:

Մինչ Արտակը տեղավորվում էր իր սիրելի սեղանին՝ հեռավոր անկյունում՝ յուրօրինակ բեմահարթակին, մեծ լուսամուտի կողքին, Արմանը միացնում էր սուրճի մեքենան և առավոտյան փլեյ-լիսթը։ Երբ բարձրախոսներից լսվեց երգչախումբի ուրախ Another day of sun բացականչությունը, երևանյան աշնան արևի ճառագայթները ձգվեցին, սրճարանի լուսամուտից հասան Արմանին։ Այո, ևս մեկ արևային օր, որը, սակայն նախորդ նմանատիպ օրերից տարբերվում էր իր կարևորությամբ․ այսօր երեկոյան «Բիսեդկան» կարևոր հյուրեր ուներ։ Նրանց տպավորությունից մեծապես կախված էր սրճարանի ապագան։

10:23
Արդեն քսան րոպե էր, ինչ կանգնակի հետևում տեղակայված բաց խոհանոցում բուռն գործունեություն էր ծավալում տիկին Արուսը՝ Երևանի ամենահամեղ փենքեյքաբլիթների և լոլիկով ձվածեղի հեղինակը: Արմանը հպարտությամբ ամեն անգամ իր սև «Մոլեսկինի» մեջ նշում էր, երբ լսում էր այդ մասին հաճախորդներից և շատ հպարտանում Արուսի հետ համագործակցությամբ:

— Արուս, հիշում ես չէ՞՝ երեկոյան պետք ա ձվածեղի խնդիր չառաջանա, էսօր ամենակարևոր օրն ա, — շփոթված հիշեցրեց Արմանը։

Արուսը միայն ժպտաց և որոշեց չնշել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արմանը միայն այսօրվա երեկոյի ձվածեղների մասին է խոսում։

Այս ժամին «Բիսեդկան» արդեն վերածվում էր լիարժեք քոուորքինգ սփեյսի: Հաճախորդներից շատերը, ինչպես բոլորովին վերջերս ինքը Արմանը, փնտրում էին նոր ուղիներ ու նոր դռներ դեպի սեփական, քարքարոտ, բայց պայծառ ապագան: Հպարտ նոր բիզնեսմենները: Ստարտափներ գեներացնող ջահելությունը:

Փայտապատ սրահի կենտրոնական՝ երկար սեղանի մոտ հավաքված ծրագրավորող ուսանողները հինգ հոգով բուռն քննարկումների մեջ էին։ Այնքան բուռն, որ Արմանը նույնիսկ մտածում էր նկատողություն անելու մասին, բայց մի պահ վարանեց, և որոշեց չխանգարել գաղափարները զարգացմանը՝ ի վերջո, հենց նման պահերի համար էլ բացվել էր սրճարանը։

— Երեխեք, ախր պուլպուլակը իրոք Երևանի ամենաունիկալ սիմվոլներից ա։ Էդպիսի բան աշխարհի էլ ոչ մի քաղաք չունի։ Ու մինչև հիմա պուլպուլակներին նվիրված ոչ մի ափլիքեյշն չկա՜, — Արմանը լսեց կարճ, համարյա տղայական սանրվածքով սևաչյա աղջկա հիմանվորում։

— Հաս, ախր դրա մասին ոչ ոք չի վիճում է, — սթափեցրեց գանգրահեր տղան սեղանի հակառակ կողմից, — ես էլ եմ շատ սիրում պուլպուլակներ, ասեմ ավելին, հենց հիմա ասում եմ՝ եթե հետս մի բան պատահի, մեր բակում անպայման մի հատ կկանգնացնեք իմ պատվին․․․ — տղան ստիպված ընդմիջեց, մինչև ընկերները կծիծաղեն, — ուղղակի ստարտափի համար ամենակործանիչ բանը գիտե՞ք որն ա։ Լոկալությունը։ Պուլպուլակները հենց ունիկալության պատճառով շատ նեղ հետաքրքրություն կառաջացնեն։

Մի պահ բրեյն-սթորմինգը հանդարտվում է, գորշ ամպերը մաքրվում են, բայց կապույտ երկինքը այս դեպքում ոչ թե լավ է, այլ հակառակը․․․

— Առաջարկում եմ օնլայն հիշատակի պուրակ, որտեղ ամեն հայ իրա ընկերոջ հիշատակին վիրտուալ պուլպուլակ կտեղադրի, — փայլող աչքերով առաջարկեց տղան, որին Գագո էին դիմում, — Պատկերացրի՞ք։ Ասենք, Հովոն գնում ա Ամերիկա, ապրում, ծլում, ծաղկում ա, հետո մահանում ա, ու իրա ամերիկացի ընկերը մեր ափում Հովոյի հիշատակին պուլպուլակ ա կանգնացնում․․․

— Ու պուլպուլկաները տիպային կլինեն՝ երևանյան հայտնի պուլպուլակների դիզայնո՜վ, — զարգացնում է միտքը Հասմիկը, — իսկ եթե որոշեն ունիկալ դիզայն ստանալ, դա արդեն դառնում ա ին-ափ փըրչեյս՜։

Արմանը չլսեց բրեյն-սթորմինգի ավարտը, քանի որ դռան մոտ երևաց ներկված նարնջագույն մազերով և ծաղկավոր խալաթով վաթսունն անց կինը՝ երկրորդ հարկի հարևանը։ “Միայն թե ոչ այսօր”, մտածեց Արմանն ու շտապեց կնոջն ընդառաջ։

— Ես ձեզ չասեցի՞՝ էս ձեր գիշերային ակումբը իմ տան տակից հանեք վերացրեք, — առանց ողջույնի սկսեց տիկինը։

— Ախր բայց․․․

— Ոչ մի բայց։ Սաղ օրը դըմբ-դըմբ, տեխնիկայի խշշոցն էլ վրայից․․․

— Տիկին Չոքեքչյան ջան, ես ախր ձեզ անցյալ շաբաթ ասեցի, որ մենք գիշերային ակումբ չենք, երբեք բարձր երաժշտություն չենք միացնում, խոհանոցը բոլոր հնարավոր սարքավորումներով լրացրել ենք․․․

— Ուզում եք ասեք ես ե՞մ գժվել։ Երաժշտությունը անջատում ենք հենց ես իջնում եմ՝ հետևում եք ինձ հաստատ։

Արմանը չգիտի՝ ինչ պատասխանել։

— Եթե ցերեկն էլ շարունակվեց՝ հենց էսօր ոստիկանություն եմ կանչում, թող օրենքով ձեր հարցերը լուծեն․․․

Տիկին հարևանուհին զզվանքով նայում է սրահի տարբեր անկյուններում աշխատող ջահելությանը, ինչ-որ հայհոյանք շշնջում ու դուռը շրխկացնելով լքում տարածքը։

— Ա՜րմ, այ Արմ, — ձայն է տալիս Արտակը, — լսի, քո կարծիքով, եթե մոտիվացիոն նամակս մի քիչ ազատ ոճով գրեմ ու, ասենք, իմ սիրո պատմությունը մեջը նկարագրեմ, կընդունե՞ն։

Արմանը հիմա էլ չգիտի ինչ պատասխանել մշտական հաճախորդին։

— Իրականում երևի էդպես ավելի աչքի ընկնող ու օրիգինալ կլինի, գրի հաստատ։ Հեչ որ չէ՝ նոր լավ պատվածք կունենաս։

Արմանը շտապում է սրճարանի հետնասենյակ՝ պետք է զանգահարել ավելի փորձառու սրճարանատերերին և խորհուրդ հարցնել։ Այլապես ամեն ինչ կարող է հարամվել։

11։44
— Էն օրը զարթնեցի ու սիրտս մի այլ կարգի ճիշտ, հայկական, դառը սուրճ ուզեց։ Գնացի առաջին պատահած կաֆեն, ասում եմ՝ հայկական սուրճ։ Գիտե՞ս ինչ ասեցին՝ մեր մոտ մենակ էսպրեսոյ ա։ Ախր ո՞նց, ո՞նց կարելի ա չունենալ հայկական սուրճ Երևանում, — կանգնակի մոտ իր ճիշտ հայկական սուրճին սպասելիս տարակուսում էր Սերգեյը, որն առաջին անգամ վերջապես որոշեց օգտվել իր հատուկ քարտից, — ասածս էն ա, որ եթե դու չունենայիր՝ կարելի էր միանգամից փակել օբեկտը։

— Եթե սենց շարունակվի՝ հայկական սուրճն էլ չի փրկի փակվելուց, — սրճեփի պարունակությունը գավաթի մեջ դատարկելով ասաց Արմանը, — էնքան բան կա, որ մտքովս չէր էլ անցել՝ չես պատկերացնում։

— Հաստատ հարևանները, չէ՞։

Արմանը գլխով է անում։

— Հա, տարածված խնդիր ա, — ֆռթացնելով ասում է Սերգեյը, — բայց դե քո դեպքում գոնե գիշերվա կեսին հարբած հիփսթերներ չկան, մի քիչ կնվնվան՝ կանցնի։

— Ուղղակի էսօր պիտի EU4business-ի SMEDA ծրագրից մի երկու հոգի գա՝ տեսնեն ոնց ա գնում ամեն ինչ, ոնց եմ դասընթացներից գաղափարը զարգացնում, իմ ասածները եղել են, թե չէ, ու էդ տպավորություններով որոշեն՝ շարունակում են աջակցությունը, թե չէ։

Արուսը պատրաստում էր լանչի սենդվիչները՝ կեսօրից մոտ կես ժամ անց գալու էին սոված աշխատավորները։ Սերգեյը մոտեցավ մեծ լուսամուտի երկայանքով տեղադրված բարձր սեղանին և դեմքով դեպի Փարպեցու անցորդները՝ սուրճը ֆրթացնելով սկսեց նկարել նոթատետրում։ Այնտեղ արդեն նստած էր կինոքննադատ Դիանան՝ նոթբուքի մեջ խորացած տեքստ էր շարում։ Արտակը դեռ պրպտում էր իր մոթիվեյշնի վրա՝ կես ժամը մեկ դուրս գալով դռան մոտ ծխելու։

15։00
Մինչ «Բիսեդկայի» հաճախորդները սուրճի զուգակցությամբ ծամում էին տիկին Արուսի հրաշագեղ սենդվիչները, Արմանը քաղաքապետարանում էր։ Գիտեր, որ հեշտ չի լինելու, որ չինովնիկական բյուրոկրատիան կարող է թաղել բիզնեսով զբաղվելու ցանկացած հավես, բայց նա իրեն չէր ների, եթե չլուծեր սրճարանի մոտքի մոտ, դրսում, բացօթյան գոնե երկու սեղանիկ չունենար այս հրաշալի եղանակին։ Եվ ահա, ուղիղ երեքին, դուռը բացվեց և նա ներս մտավ՝ ձեռքում թափահարելով բաղձալի թույլտվությունը։ Այնպիսի հաղթական տեսք ուներ, կարծես հենց նոր ստորագրել է համաշխարհային անժամկետ և երաշխավորված խաղաղության պայմանագիրը։

— Տղեք, կօգնե՞ք երկու սեղան դուրս բերենք, — դիմեց նա Արշակին ու Միկային, որոնք, ի տարբերություն շատերի, այստեղ գալիս էին պարզապես սրճելու կամ լանչելու, իսկ աշխատել սիրում էին իրենց խմբագրությունում։

— Կօգնենք, բայց մի պայմանով՝ վաղը մեր ամսագիրը բերում ենք ստեղ, որ մարդիկ մեկ-մեկ կարդան առանց գադջեթների։

Տաս րոպե անց երկու փայտաշեն սեղանիկներն ու նմանատիպ աթոռները հանգրվանեցին Շիրակի փողոցի մայթեզրին՝ երկրորդ հարկից դժգոհ ներքև նայող տիկին Չոքեքչյանի զայրացած հայացքի ներքո։ Եվս մեկ հաղթանակ, մտածեց Արմանը։

16։33
Հաղթանակին հետևեց ցավալի պարտությունը։ Չասենք պարտություն՝ հարվածը, որը սպառնում էր հանգեցնելու պարտություն։ Տիկին Չոքեքչյանը ուներ փաստաբան բարեկամ, որը ուներ ժամանակ, որպեսզի մուննաթ տիպի հայացքով զինված այցելեր «Բիսեդկա»։ Երբ նա մտավ, նայեց շուրջը, ապա դանդաղ, սպառնալից քայլվածքով մոտեցավ կանգնակին և հարցրեց «օբեկտի տերը ու՞ր ա», երկարավուն սեղանից արդեն հեռանում էին պուլպուլակահեն ստարտափի հեղինակները։ Արմանը հասցրել էր պարզել, որ երիտասարդների թիմը արդեն վաղը պետք է մասնակցի եվրոպական մի տեխնոլոգիական գրանտային ծրագրի փիթչինգին, իսկ հավելվածը կլինի նվիրված ոչ միայն պուլպուլակներին, այլ տարբեր քաղաքների ունիկալ երևույթներին։

— Սենց ասենք՝ եթե էսօրվա ընթացքում աղմուկի հարցը չլուծեք՝ լրիվ ուրիշ ինստանցիաներ կգան ձեզնով զբաղվելու, — անթաքույց սպառնալիք հնչեցրեց փաստաբան Ավոյանը «Բիսեդկայի» հեռավոր անմարդաշատ անկյունում նստած Արմանին, ապա դեպի դրսի դուռը նայելով ավելացրեց, — ես նույնիսկ խիստ կասկածում եմ, որ էն դրսի սեղանների թույլտվությունը ունեք…

— Չէ, չէ, մի րոպե, — Արմանը սկսում էր լարվածությունից կոտրատել մատները, որոնք դրված էին փաստաթղթերի մի կույտի վրա, — հենց նոր դա էի ձեզ ասում՝ էս տարածքի ոչ մի միլիմետր անհիմն չի արված, ամեն ինչ մտածել ենք, որ ոչ մեկին…

— Գիտեմ էդ թղթերը ոնց են ստանում, — քմծիծաղով ասաց փաստաբանը և ոտքի կանգնեց, — շատ հեռու չեմ գնում, երկրորդ հարկում եմ լինելու: Որ հետևեմ:

Արմանը կրկին չգտավ պատասխան, միայն ոտքի կանգնեց և Ավոյանի հետևից քայլեց դեպի ելքը: Վերջինս դուռը բացելուց առաջ նայեց շուրջը:

— Վատ տեղ չի, ափսոս կլինի փակել տալ, — ասաց նա:

Այդ պահին տեղի ունեցավ անհավատալին՝ լույսերը տարան: Այլ կերպ ասած՝ «Բիսեդկան» հոսանքազրկվեց: Լսվեց մոտիվացիոն նամակ գրող Արտակի հուսահատ բացականչությունը՝ «Չհասցրեցի ուղարկե՜մ»: Արմանի մեջ ցանկություն ծնվեց պարզապես գոռալու:

17:40
«Բիսեդկայում» մութ էր: Տիկին Արուսը՝ ռոմանտիկ մթնոլորտը պահպանելու համար մեծ սրահի առավել մութ անկյուններում մոմեր էր վառում, իսկ Արմանը արդեն տասնհինգ րոպե փորձում էր պարզել պատկան մարմիններից, թե որն է հոսանքի բացակայության պատճառը:

— Հարգելի բաժանորդ, հասկանում ենք ձեր վրդովմունքը, — անվրդովվ, ռոբոտային ձայնով բացատրում էր կանացի ձայնը խոսափողի մյուս կողմից, — ձեր տեղամասում աշխատանքներ են տարվում, վստահեցնում ենք, որ քառասուն րոպեի ընթացքում հոսանքը կվերականգվի…

— Բայց արդեն մի ժամ ա դա եք ասում, իսկ իմ գործը կանգնած ա՜…

— Կարող եք գրավոր բողոք գրել և ներկայացնել մեր գրասենյակներից որևէ մեկը…

Արմանը անջատեց խոսափողը (ափսոս որ բջջային էր, և հնարավոր չէր հին ու բարի սկավառակավոր հեռախոսների պես շրխկացնելով ավարտել զրույցը) և որոշեց նյարդերը հանգստացնել ծխախոտով՝ խնդրեց Արտակի ունեցածից, քանի որ ինքը վաղուց թարգել էր:

— Հը, մի բան ստացվե՞ց, — հարցրեց Արտակին:

— Հա, վերջացրեցի, send-ն էլ սեղմեցի, բայց չիմացա, տեղ հասավ թե չէ:

Հանկարծ մուտքի մոտ հայտնվեց 6–7 հոգի: Նրանց մեջ Արմանը ճանաչեց ֆոտոխցիկով աղջկան՝ լուսանկարիչ Լիլիթն էր:

— Վայ, էս լույս չկա՞, — սարսափած նկատեց բազմության ներկայացուցիչներից մեկը:

— Բա ո՞նց ենք անելու, — լսվեց մեկ այլ արձագանք:

Արմանը հիշեց՝ այսօր երեկոյան «Բիսեդկայի» սրահում պետք է սեմինար տեղի ունենար նորարար բիզնեսների զարգացման և առաջղխաղացման հմտությունների մասին: Իսկ նա ուղղակի մոռացել էր, քանի որ գլուխն աննախադեպ խառն էր:

Բարևեց Լիլիթին՝ իր չարբախյան հարևանն էր, եկել էր լուսանկարելու միջոցառումը, և հիշեց, թե ինչպես մի քանի ամիս առաջ ինքն էլ մի քանի նմանատիպ միջոցառումներին գնալով, հետո SMEDA-ի բիզնեսի զարգացման մասնագետների հետ շփվելով մշակեց իր կյանքի գործը: Սկզբում սրճարան էր ուզում կենտրոնում: Հետո հասկացավ, որ նոր բան է պետք՝ գուցե քո-վորքի՞նգ: Կոնցեպտ մշակեց, Սերգեյի հետ դիզայնը ստացավ, աշխարհում նմանատիպ սփեյսերի նրբությունները ուսումնասիրեց: Ճիշտ է, այդ ընթացքում մոտ էր հուսահատությանը, նույնիսկ մի պահ քիչ էր մնում վերադառնար գրասենյակային աշխատանքի, բայց վճռական պահին չհանձվեց: Որոշեց ներդնել ողջ ունեցվածքը: Բայց ո՞րտեղ բացել: Երկար պրպտումներից հետո գցեց-բռնեց ու որոշեց՝ հոգնել ենք Կենտրոնից, թող մի լավ բան էլ լինի իմ հայրենի Չարբախում: Այդպես ծնվեց «Բիսեդկան»: Որտեղ մինչև հիմա լույս չկա՜ր…

20:00
Լույսերը տվեցին յոթի կողմերը: Սեմինարի կազմակերպիչներն ու մասնակիցները համբերատար սպասեցին ու քննարկման մի մասն անցկացերցին պարզապես զրուցելով՝ գրեթե ավարտվող մոմերի լույսի ներքո: Հուսահատված Արմանն այդ ընթացքում որոշեց մի անգամ էլ զրուցել վերևի հարևանուհու հետ: Զանգահարելու կամ բարձրանալու կարիք չեղավ՝ տիկին Չոքեքչյաննը ինքը ներկայացավ: Երբ ներս մտավ, նորից զայրացած էր:

— Ես ձեզ չասեցի՞… — սկսեց նա, բայց հանկարծ շուրջը նայելով՝ գիտակցեց, որ եթե չկար էլեկտրականություն, ուրեմն չէր կարող լինել երաժշտության և տեխնիկայի աղմուկ:

Հաջորդ քառասուն րոպեն նա՝ «Բիսեդկայի» փոքր սրահում, որպեսզի չխանգարեն սեմինարին, Արմանին պատմում էր, թե որքան բարդ է ապրել մենակ, որքան հոգնել է փողոցի աղմուկից և որքան բարդ է արդեն մարդկանց վստահելը: Ու որ իրեն խանգարող աղմուկի աղբյուրը, հավանաբար, վերևի հարկի երիտասարդներն են, ոչ թե «Բիսեդկան»: Փորձեց սուրճն ու տիկին Արուսի պատրաստած կրուասանները՝ գովեց, ժպտաց: Երբ լույսը տվեցին, հաջողություն մաղթեց «ձեր էս գործում» ու վեր կացավ: Արմանը ասաց, որ տիկին Չոքեքչյանին այստեղ միշտ ուրախ կլինեն՝ «համեցեք առավոտը սուրճի կամ թեյի, համ էլ լավ գրքեր ունենք էստեղ, մի քիչ կցրվեք»:

Անհավատալի էր, բայց այս հարցն էլ լուծվեց: Հիմա մնում էր սպասել կարևոր մարդկանց տպավորություններին: Բայց ու՞ր են: Զարմանալի են, որ դեռ չեն եկել: Թե՞…

23:40
Մի քանի րոպեից կավարտվի այսօրվա վերջին իրադարձությունը՝ ավանդական հինգշաբթի օրվա կինոդիտումը: Ուղիղ կեսգիշերին բոլորը կլքեն «Բիսեդկան»՝ Արմանը կկողպի իր կյանքի կարևորագույն դուռը ու կգնա տուն:

Երկարավուն բարձր սեղանի մոտ նստած՝ նայելով կեսգիշերային, արդեն դատարկված փողոցին մեկ անգամ էլ կարդաց քիչ առաջ եկած էլեկտրոնային նամակը: Կարևոր մարդկանցից մեկն էր գրել. «Սիրելի Արման, այսօր եկաք «Բիսեդկա», ուզում էինք քեզ հետ էլ շփվել, բայց տեսանք, որ րոպե չունես հանգիստ նստելու՝ զբաղված ես քո կյանքի գործի մանր ու մեծ հարցերով: Հենց դա էլ ուզում էինք տեսնել, այլ ոչ թե չոր հաշվետվություններ ու հաշվարկներ: Կարևորը քո նվիրվածությունն էր ու բոլոր եկող-գնացողների ուրախությունը ու ոգևորվածությունը: Վստահ ենք՝ Չարբախն ու Երևանը արդեն մի փոքր դեպի լավն են փոխվել շնորհիվ «Բիսեդկայի», շարունակիր նույն կերպ: Հ.Գ. Ձվածեղն անմահակա՜ն էր»:

Ուղիղ կեսգիշերին Արմանն անջատեց համակարգիչը, ստուգեց անվտանգության համակարգը, ուղղեց աթոռները, ներս բերեց դրսի երկու սեղանիկները, կողփեց դուպը ու քայլեց դեպի տուն: Վաղը առավոտյան նորից գալու էր իր երկրորդ տուն:

--

--