Պատում առաջին. Էներգետիկ ճգնաժամ
Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում
Տանգոյի դահլիճում ոչ մի կերպ չէր ստացվում կենտրոնանալ պարի վրա։ Սովորաբար Լիլիթը մոռանում էր արտաքին աշխարհի մասին այստեղ գալուց երեքից չորս րոպե անց, իսկ երբ սկսվում էր զույգերով առաջին պարը, նա մոռանում էր նաև սեփական անունը։ Այս անգամ՝ ոչ մի նման զգացողություն։ Նույնիսկ երբ տղաների մեջ ամենալավ պարող Վազգենը (Լիլիթը չէր ցանկանում ինքն իրեն խոստովանել, բայց երկու տարի առաջ հենց նրա հետևից եկավ այստեղ՝ «ի՞նչ կլինի որ, տանգոյի համար էլ ժամանակ կգտնեմ») հրավիրեց նրան հաջորդ պարին և նրանք ընդունեցին«մոտ գրկախառնություն» դիրքը։ Վազգենը միլիմետրական ճշգրտությամբ տեղավորեց աջ ձեռքը Լիլիթի գոտկատեղին, ձախ ձեռքով ընդունեց նրա աջ ափը, նրանք, ինչպես ասում էր դասատուն, ձգտեցին միմյանց արևային հանգույցներով, Վազգենը ժպտաց, իսկ Լիլիթին թվաց, թե այդ ժպիտի հետևում Վազգենը մտածում էր, թե նա էներգիան հազար ուղղություններով անիմաստ ծախսողի մեկն է, սովորական միջակություն հազար ոլորտներում։ Զարմանալի չէր, որ ընդամենը մի քանի շարժում անց Լիլիթը վերջնականապես կորցրեց կապը Վազգենի հետ, օչոյի ժամանակ լրիվ ուրիշ բան արեց, և զուգընկերն այդ սխալի պատճառով ցավացրեց նրա անպաշտպան ճկույթը։ Լիլիթին տիրեց ցավը, իսկ Վազգենը հայտնվեց հիմար դրության մեջ, ինչի հետևանքով ողջ դասի ընթացքում այլևս չհրավիրեց Լիլիթին ու դադարեց ժպտալ:

Հանդերձարանում Լիլիթը հիշեց հայրիկի առավոտվա տարօրինակ զայրույթը: Հայրիկին նա ընդհանրապես ուրախ չէր հիշում, բայց երեկ երեկոյան, երբ գազի ու էլեկտրաէներգիայի վճարման հերթական վերջնաժամկետը լրացավ, նրա լուռ զայրույթը կարելի էր նկատել ամեն մի շարժման մեջ։ Առավոտյան այդ զայրույթն արդեն բնավ լուռ չէր։ Թափահարելով գազի տեսուչի և լույսի մարդու բերված արդեն որերորդ գրավոր զգուշացումները՝ հայրիկը դեպի Լիլիթն ուղղեց վաղուց կուտակված զայրույթը։ Լիլիթը, որ նոր էր վերադարձել առավոտյան վազքից, միայն գլուխը կախ հայտնեց, որ կուշանա սիրիահայ փախստականների գործերով զբաղվող ՀԿ-ի ժողովից ու դուրս վազեց։
Արմեն Ասատրյանը բռի մեջ ճմռթեց զարհուրելի զգուշացումները, դուրս եկավ Չարբախի իր սեփական տան բակը, նստեց հնամաշ նստարանին ու սկսեց մտածել: Փորձեց հասկանալ, թե էդ ինչպես ստացվեց, որ ցուրտումութ տարիներին ապագան ավելի պայծառ էր թվում, քան այսօր: Ինչու՞ այս տունը, որ հոր ու եղբոր հետ սեփական ձեռքերով էր կառուցել անկախացումից մի տարի առաջ, հանկարծ հիմա՝գրողի տարած երրորդ հազարամյակում, այն ժամանակ, երբ առաջին տուրիստներն արդեն հերթ են կանգնել տիեզերք մեկնելու համար, նրա համար անլուծելի խնդիր են անտեր գազն ու էլեկտրաէներգիան: Գուցե ինչ-որ բան սխա՞լ է արվում: Գուցե իր սեփական էներգիա՞ն է սխալ ուղղորդում: Այո´, նա իր 47 տարեկանում հպարտությամբ կարող է ասել, որ ոչ մի օր գլուխ չի պահել, անընդհատ ձիու պես աշխատել է և հաճույք ստացել դրանից, երբեք չի բողոքել: Բայց, ինչպես երևաց, դա բավարար չէ 2017 թվականի ձմռանը էներգիայի հարցերը լուծելու համար: Վաճառե՞լ այս տունը: Արտագաղթե՞լ: Գուցե միանգամից թու՞յն խմել: Գոնե աղջիկը խելքը գլուխը հավաքի, չկրկնի իր սխալները…
Լիլիթն այն մարդկանցից էր, ում փոքր ժամանակ ծնողները, ծանոթները, թաղի բնակիչները և պատահական անցորդները բնութագրում էին «շատ աշխույժ երեխայ ա» դիպուկ բառերով։ Երրորդ դասարանում ակնոցավոր գերազանցիկ Վահագը խոստացավ Լիլիթին. «Ես կդառնամ գիտնական ու քո օրգանիզմի հիման վրա կստեղծեմ պերպետուում մոբիլեն»։
Նա չէր կարողանում նստել տեղում, անդադար վազվզում էր, խաղում էր, երգում էր, ներկայացումներ էր կազմակերպում։ Երբ մի քիչ մեծացավ, սկսեց զբաղվել հնարավոր ամեն ինչով։ Երրորդ կուրսի դրությամբ նա հասցրել էր գնալ լողի, սուսերամարտի, բատիկի նկարչության, կիթառի, լուսանկարչության, տանգոյի, ամեն օր վազում էր, գրում էր բանաստեղծություններ, մասնակցում համալսարանական բանավեճի ակումբին և ընկերների հետ բացած ՀԿ-ի օգնությամբ օգնում սիրիահայ փախստականներին Հայաստանում հարմարվելու անհարմար գործում։ Վարձատրվող գործերը (օրինակ` մեկումեջ վճարով ֆոտոնկարահանումները) հերիքում էին միայն այդ բազմաթիվ նորանոր հոբբիները ապահովելու համար: Բայց եթե 16–17 տարեկանում այդ ամենը միայն հիացմունքի պատճառ էր դառնում, ապա քսաներեքում արդեն մի տեսակ էր։ Որովհետև Լիլիթը ոչ մի կերպ չէր կարողանում նվիրել իրեն մի բանին ամբողջությամբ։ Այդ մասին նա արդեն հասցրել էր ակնարկներ լսել ընկերներից, հիմնականում կես-կատակ ձևափաչով։ Բայց այսօր առավոտյան հայրիկն ասաց ամեն ինչ ուղղակիորեն։ Չորս րոպեանոց գոռգոռոց մենախոսության ամենասուր կտորն այսպես էր հնչում․ «Էդ էներգիադ վերջապես կոնկրետ մի ուղղությամբ ուղղորդի, թե չէ հազար բանով զբաղվում ես ու արդյունքում ոչ մի բան չես անում»։
Անհաջող հկ-ական ժողովից, որտեղ այսօր անողոքաբար մերժում էին իր բոլոր առաջարկները, և տապալված տանգոյից հետո լուսանկարչությունն էր․ այգիներից մեկում բարեգործական համերգ էր լինելու։ Լիլիթին խնդրել էին լուսանկարներ անել արխիվի համար։ Սովորաբար Լիլիթը մեծ հաճույքով էր անում նման գործերը: Ֆոտո խմբակի ղեկավար պարոն Սուրենը և մյուս մասնակիցները նրան գովում էին.խցիկը ձեռքում նա իրեն շատ վստահ էր զգում։ Բայց այսօր բոլոր մնացած լուսանկարիչների հայացքներում նա կարդում էր քամահրական «մեծ կամեռա ունի, գիտի, թե ինքը ֆոտոգրաֆ ա, գնա քո գործով զբաղվի»։ Իսկ գուցե ոչ թե կոլեգաների հայացքու՞մ էր այդ ամենը, այլ սեփական գլխու՞մ։ Մի կերպ դիմանալով մինչև համերգի ավարտը (դեռ առավոտյան նա որոշել էր վերջում բարձրանալ բեմ և խմբի հետ մի գործ նվագել որպես հարվածային, բայց հիմա ուզում էր պարզապես փախչել ու մոռանալ թմբուկների տեսքը), Լիլիթը հրաժարվեց գնալ աֆթերփարթիին, նույնիսկ երբ կազմակերպիչներից մեկը` Հակոբը, ասաց, որ խոսելու բան ունի հետը: Լիլիթը չէր ուզում ոչ ոքի հետ շփվել: Այնպես որ խոստացավ, որ լուսանկարները կուղարկի վաղը և գնաց միայնակ թափառելու։
Քառասուն րոպե աննպատակ թափառումներից հետո նստեց առաջին պատահած նստարանին ու շարունակեց դարդոտել: Երևի արդեն կսկսեր լաց լինել (առաջին անգամ` ութերորդ դասարանում տեղի ունեցած անպատասխան սիրո զգացումից ի վեր), եթե չզրնգար հեռախոսը. ընկերուհի Հասմիկն էր: Լիլիթի կիսալսելի «Այոյին» հետևեց Նվարդի «Ու՞ր ես»-ը: «Էներգետիկ ճգնաժամի մեջ», — պատասխանեց Լիլիթը: «Իսկ կուզե՞ս վերջապես հայտնվես գործի մեջ», — հարցրեց Հասմիկը, պատմելով, որ նա պատրաստվում է Erasmus+ ծրագրով մեկնել «եվրոպաներ սովորելու», ինչի շնորհիվ այն գրասենյակում, ուր նա երկու տարի աշխատում էր որպես օֆիս-մենեջեր, իրեն փոխարինող են փնտրում: Առաջարկեց դիմել հաստիքին: Լիլիթը անհասկանալի հառաչեց, հետո ասաց, որ ատում է գրասենյակային տաղտկալի աշխատանքն ու աշխարհում մնացած ամեն ինչը: Հասմիկը բերեց վերջին արգումենտը. «Քեզ դա հիմա պետք ա»: Հետո հավելեց. «Ի դեպ, ես հիմա Նվարդի մոտ սրճում եմ, ու Նվարդը տարակուսած հարցնում ա, թե ինչու դու մինչև հիմա էստեղ չես»:
Նվարդը դիզայներ էր: Լիլիթը գալիս էր իր մոտ, կողքից հետևում աշխատանքին և փորձում սովորել ու հեռանկարում զբաղվել նաև դիզայնով: Այսօր նա բնավ վստահ չէր, որ ցանկանում է շարունակել: Բայց ընկերուհու կողքին ուղղակի նստելը ավելի հաճելի պետք է լիներ, քան ցրտին փողոցում մնալը կամ տուն վերադառնալը: Կես ժամ անց այնտեղ` Նվարդի արվեստանոցում, Լիլիթը կարծես թե գտավ անսպասելի լուծում: Համենայն դեպս, հայրիկի համար: Նվարդը ավարտին էր հասցնում սեփական տներում հատուկ էներգածախսը կրճատելու համար նախատեսված վերանորոգման ծրագրի մասին բուկլետը: «Էս ի՞նչ ա», — հետաքրքրվեց Լիլիթը` մոտենալով համակարգչի էկրանին: «Այմակ Պրո», — հայտնեց Նվարդը, հետո միայն, վախենալով կատակների տրամադրություն չունեցող ընկերուհու զայրացած հայացքից, պատասխանեց ավելի լուրջ. «հատուկ վարկ են տալիս տունը վերանորոգելու համար, որ էներգիայի ծախսը շատ լուրջ նվազի: Սկզբում մի քիչ ծախս ես անում, որ հետո ծախսը քչանա: Եվրոպական միության ծրագրերից ա, տպագրական նյութերն էլ մենք ենք պատրաստում», — ի մի բերեց Նվարդը: Լիլիթը մտածկոտ նայեց էկրանին: «Դու էսօր ինձ օգնելու ե՞ս», — հարցրեց Նվարդը: «Չէ, էսօրվանից որոշել եմ ուժերսավելի ուղղորդված օգտագործել: Կներես: Կտպե՞ս էս բուկլետը»:
Արմենը Չարբախի տան բակում կացնով փայտ էր կոտրատրում: Տան ներսում ոչ մի լույս միացված չէր, գազն էլ էր անջատած, լույսի միակ աղբյուրը բակի կենտրոնում սյան վրա ամրացված փոշոտ լամպն էր: Զայրույթն ու հուսահատությունն անցել էին, մնացել էր բութ անտարբերությունը: Երբ աղջիկը հայտնվեց տեսադաշտում, գրեթե ուշադրություն չդարձրեց նրան: Բայց Լիլիթը կանգնեց մոտակայքում և համառորեն սպասեց: Վերջապես, մի քանի կացնահարված անց, Արմենը վայր դրեց գործիքն ու շրջվեց դեպի Լիլիթը: «Պա´պ, ես լուծում ունեմ», — ասաց Լիլիթը: Արմենը միայն կախեց գլուխն ու ճոճեց այն`ամեն կերպ ցույց տալով, որ լուծում արդեն չի կարելի գտնել: Վերցրեց ևս մեկ գերան, դրեց կոճղին: «Լուրջ: Էսօր առավոտը որ ասեցիր…»: Հարված գերանին: «…էներգիան պետք ա խնայողաբար ծախսել…»: Դրըխկ: «…էդպես ավելի արդյունավետ կլինի տանն էլ, կյանքում էլ…»: Արմենը դադարեց փայտ կոտրատել: «Շատ լավ ա, որ հասկացար, բայց տան հետ կապված չգիտեմ, թե ինչ…», Լիլիթը զգալի ուրախացած ընդհատեց հորը` առաջ պարզելով Նվարդի մոտ տպած բուկլետը. «Ես գիտեմ, գիտեմ, տարբերակ կա~: Մենակ թե արի մտնենք տուն, ստեղ ցուրտ ա»: Արմենը ժպտաց. Լիլիթի էներգիան կարող էր ժպտացնել նրան նույնիսկ այս իրավիճակում: «Ներսն էլ շատ տաք չի, բայց արի գնանք, լավ»:
Հաջորդ առավոտյան` վազքի ընթացքում, Լիլիթը նորից մտահոգված էր: Դեռ մի քանի ժամ առաջ լուծումը կարծես գտնված էր, բայց ինչպես պարզվեց, այն դեռ պետք է իրագործել: Մի պահ շեղվեց անցորդ տղամարդու «այ աղջիկ ջան, ի՞նչ ես մայկատռուսիկով վազում, բանու գործ չունե՞ս» քամահրական հայացքից: Սովորաբար չարբախցիների տարակուսած հայացքներն ու ռեպլիկները նրան ընդհանրապես չէին անհանգստացում, բայց հիմա շատ լարված էր: Խոր շունչ, արտաշունչ… Լիլիթը փակում է աչքերը, բարձրացնում ականջակալից հնչող երաժշտությունը (Arcade Fire, “Wake up”` այո՜, զարթնի՜ր, ոտքի՜) ու արագացնում վազքը, կարծես այդպես` ամեն կատարած քայլով, իրենց քառորդ դարյա տունն ավելի էներգաարդյունավետ կդառնա: Այդ եզրույթը երեկվանից կլանել էր Լիլիթի մտքերի զգալի մասը: Երեկ Նվարդի մոտից բերված բուկլետից և այսօր վազքից առաջ կատարված զանգից պարզվեց, որ Եվրոպայում արդեն վաղուց են էներգաարդյունավետ կյանքով ապրում.արևային պանելներ են դնում, որպեսզի օգտագործեն անվճար արևի անգին ճառագայթները, բարձրորակ նյութերով ծածկում են տան պատերը, որպեսզի անմիտ չկորչի կուտակված ջերմությունը կամ զովությունը… Լիլիթը մոտ էր սլացող մեքենայի տակ հայտնվելուն.չէր նկատել կարմիր լույսը: Ուներ քսան վայրկյան տեղում վազելու համար և նորից վերհիշելու երեկվա ուսումնասիրության արդյունքները: Ինչպես պատմեց հեռախոսագծի մյուս կողմում նստած հաճելի ձայնով տիկինը, մարդիկ նախoրոք մի փոքր ծախս են անում, որպեսզի հետո չանիծեն գազի, լույսի և այլ ջղային մարդկանց: Լիլիթը վազելով անցավ փողոցը, տհաճությամբ ֆիքսեց ծխախոտի մնացորդը թփերի մեջ նետող երիտասարդին (վերջինս էլ տհաճությամբ ֆիքսեց Լիլիթին)… Արդյունավետության հետ կապված այդ ամենը շատ հետաքրքիր է և օգտակար, դրանում կասկած չկար, բայց ինչպե՞ս անցնել այդ առաջին փուլը, ինչպե՞ս վերազինել սեփական տունը: «Պիտի վարկ վերցնենք», — երեկ ասաց նա հորը` ցույց տալով բուկլետը, որտեղ պատմվում էր հատուկ վարկային ծրագրի մասին: Արմենը մեծ հույսեր չէր փայփայում. «Բանկին ինչո՞վ պիտի համոզենք` մեզ վարկ տա, իմ գործը սևով ա, դու էլ…»: Կարելի էր հորեղբորից օգնություն խնդրել, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես են ընթանում նրա գործերը Գերմանիայում: նա շատ չի պատմում, բայց շատ հավանական է, որ ոչ այնքան նախանձելի: Բայց ամեն դեպքում` «Ստաբիլ եկամուտ ա անհրաժեշտ», — ասաց երեկ հայրիկը: Ասել է թե` տունը վերազինելուց առաջ Լիլիթը պետք է վերազիներ ինքն իրեն:
Մոտեցավ պուլպուլակին: Չնայած ցրտին` հաճույքով կլանեց սառը ջուրը: Այսօր նա պետք է աշխատանք գտնի` ամեն գնով: Հայրիկն առավոտը ասաց. «Հիմա շատ բարդ ա, բայց մի քանի տարով մտնել վարկի տա՞կ»: Բայց Լիլիթն արդեն ուներ պլան` հրաժարվել իր ժամանակն ու եռանդը կլանող զբաղմունքների զգալի մասից, ընդունվել աշխատանքի Հասմիկի փոխարեն, ստաբիլ գումար վաստակել, ու ոչինչ, որ դա պետք էր անել ատելի գրասենյակային միջավայրում.այս պահին կարևորը դա էր: Շարունակում է վազել: Այ հիմա կվազի, կգնա ՀԿ-ի ժողովին, կվերադառնա, լուսանկարները կմշակի ու կուղարկի Հակոբին, հետո կզանգի Հասմիկին, իսկ վաղը կգնա աշխատանքի ու շուտով կկարողանա բանկին ներկայացնել անհրաժեշտ թղթերը… Չէ´, ժամանակ չկա: Հիմա: Կանգնում է: Հանում է հեռախոսը: Գտնում է Հասմիկի անունը ցանկում: Մի պահ հապաղում է` իսկ արժե՞ հրաժարվել ստեղծագործ ու այդքան հաճույք պատճառող զբաղմունքներից ու դառնալ գրասենյակային պլանկտոն: 9-ին տեղում, մեկին` լանչ, վեցին` փախուստ, անտանելի դրեսկոդ ու միանման դեմքեր ամենուր… Հիշում է գազի ու էլեկտրականության հաշիվներն ու հոր հուսահատությունը: Արժե: Ինչ արած: Բայց էկրանին անսպասելիորեն այլ անուն է հայտնվում` «Հակոբ»: Այս վաղ ժամի՞ն: Մի փոքր տատանվում է, բայց այդուհանդերձ պատասխանում. «Հակոբ ջան, բարի լույս, օրվա մեջ կմշակեմ ֆոտոները…»: Բայց Հակոբը բոլորովին այլ բանի համար է զանգել. «Երեկ չեկար, բայց հիմա պետք ա գաս.շատ հավես պրոյեկտ ենք սկսում ու մեզ պետք ա լուսանկարիչ` ստեղծագործ ու եռանդուն: Փորձը ընթացքում կհավաքես: Եթե հետաքրքրված ես, կես ժամից Կասկադ` սուրճի»: Լիլիթն անսպասելիությունից բարձրաձայնում է մտքին առաջին եկածը. «Բայց ես արդեն որոշել եմ գրասենյակում հոտել մինչև կյանքիս վերջը»: Լսվում է Հակոբի տարակուսած «Ի~՞նչ»-ը: «Հեչ, հեչ, մենակ թե… սպիտակ աշխատավարձո՞վ»: «Էնքան սպիտակ, որ աչքերդ կցավան»:
Լիլիթը վազեց տուն` ՀԿ-ն կդիմանա: Հայրիկը հենց նոր էր խոսել հորեղբոր հետ` վաղը գումար կուղարկի կոմունալները վճարելու համար: «Ասաց, որ պարտքով չի, բայց դե պետք ա վերադարձնել», — ասաց հայրիկը: Լիլիթը սեղանի վրայից վերցրեց բուկլետը. «Պապ, ես գնում եմ գործի ընդունվեմ, սպասի զանգիս, որ գնանք բանկ»: Փոխվեց, վերցրեց խցիկն ու վազեց:
Գարունը եկավ, և անվերջ թվացող ձմեռային ցուրտը, զարմանալիորեն նահանջեց: Այդ ընթացքում Լիլիթին հաջողվեց ամրապնդվել Հակոբի նոր մեդիա նախագծում, իսկ հորեղբայրը վճարեց վարկի համար նախատեսված կանխավճարը: Ժամը մեկն է: Մեկ ժամով պոկվել է նկարահանումներից և հայրիկի հետ եկել է բանկ: Վերցնում է գրիչը, գտնում ստորագրելու տեղն իր անվան դիմաց և… «Շնորհավորում եմ», — ասում է բանկի աշխատակիցը:

