Ըսիգ իննովացիա է՜

editor
storiesfromarmenia
Published in
13 min readJul 18, 2018

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

Արմինեն գիտեր, որ բոլոր հնարավոր չափանիշներով իր հարաբերությունները Հակոբյանի հետ անտրամաբանական են և անհեռանկար։ Որ իրենց սիրավեպը (եթե այդպես կարելի է կոչել երեք շաբաթ շարունակվող պարբերական հանդիպումները երեկոյան՝ աշխատանքից հետո) ընկերուհիների համար կդիտվի նույնքան անհավանական ու, մեղմ ասած, տարօրինակ, որքան երկու ամսվա վաղեմության՝ Անահիտի որոշումը թողնել լավ աշխատանքը Երևանում ու մեկնել Գավառ՝ կանանց իրավունքների հարցերով զբաղվելու նպատակով։ Եվ ահա, նա Գյումրիում է, եկել է երեխաներին մեդիա-գրագիտություն սովորեցնելու, իսկ երեկոյան, բոլորից թաքուն, Հակոբյան Գրիշայի հետ դուրս է գալիս զբոսնելու հին քաղաքի հին փողոցներով։ Երբեմն՝ գնում կոստյումով գործի գնացող Հակոբյանի տուն։ Երբեմն հրավիրում իր ժամանակավոր կացարան՝ թեյ խմելու։ Եվ դա շատ տարօրինակ է, քանի որ նրանք այնքան տարբեր աշխարհներից են, այնքան տարբեր շրջապատ ու այնքան տարբեր անցած ուղիներ ունեն, որ իրենց կապող ոչինչ չպետք է լիներ։

Այս ամենի մասին Արմինեն հասցրեց մտածել այն հինգ վայրկյանների ընթացքում, երբ թափ էր հավաքում նրանց համբույրը՝ բազմաբնակարանի կիսամութ շքամուտքում։ Արմինեն հենված էր պատին, ու եթե ճիշտ է ինչ-որ եվրոպացի փիլիսփայի այն խոսքը, թե հոգիները հանդիպում են համբույրի ժամանակ սիրահարների շուրթերին, ապա իր և Հակոբյանի հոգիները ոչ միայն հանդիպել էին, այլև իրենք էին կրքոտ համբուրվում։ Արմինեն նորից մոռացավ ամեն բան, գլուխը ետ տարավ ու զգաց, թե ինչպես կոստյումավոր տղամարդու համբույրները տեղափոխվեցին պարանոցին, այնտեղ, ուր 19-րդ դարի հնաոճ օդապարիկի դաջվածքն էր։ Մատները սահեցրեց Հակոբյանի կարճ կտրած, զգալիորեն սպիտակած մազերի միջով։

«Գրողը տանի, էս ի՞նչ եմ ես անում»։

Հոգիների հանդիպումն ավարտվեց շատ կտրուկ։ Չեղարկման նախաձեռնողը Արմինեն էր։

- Լիքը գործ ունեմ, — ձեռքերով մեղմ հրելով հայտնեց Արմինեն, — քսանվեց հատ աշխատանք պիտի կարդամ մինչև առավոտ։

- Ամեն ինչ երեխեքի համա՜ր, հը բը ե՞ս, — կեղծ նեղացած ձայնով բողոքեց Հակոբյանը։ — Բայց ես մոտս գինի ունեմ, գիշերն էլ ահագին երկար ա․․․

- Չես կաշառի, — ժպտաց Արմինեն, թեև դեմ չէր լինի գինով շարունակել երեկոն։

- Պա՜հ, չկաշառվող մարդ չկա, հավատա, — իմացող տոնով հակաճառեց Հակոբյանը։

- Ես կպայքարեմ քո կաշառքների հետ՝ կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի շրջանակում, — պայուսակից դռան բանալին հանելով հայտնեց Արմինեն։

- Կոռուպցիայի դեմ պայքարը միֆ ա, որտև մարդու բնության դեմ հեչ չես կռնա պայքարես։

- Դուք չարաչար սխալվում եք, պարոն Հակոբյան, — տղամարդուն արագ համբուրելով ասաց Արմինեն, ապա մոտեցավ դռանը, — Վաղը կգրեմ։

***

Երբ օդապարիկի դաջվածքով զարմանալի երևանցի կինը կորավ դռան ետևում, Հակոբյան Գրիշան հոգոց հանեց ու կպցրեց ծխախոտը։ Գինու շիշը ցցված էր ուսից կախված պայուսակից։ Հակոբյանը նայեց փակված դռանը, հետո շշի ծայրին ու արձանագրեց․ «Ափսոս»։ Ու այդպես, ծխելով դուրս եկավ շքամուտքից։ Մի քանի քայլ այն կողմ մեքենան էր կայանած։ Բայց մի քանի քայլ իրականացնել չհաջողվեց՝ մթության միջից հանկարծ հայտնված ամուր ձեռքերը անսպասելիորեն բռնեցին նրա պիջակի օձիքից ու դեմ տվեցին (եթե ոչ ծեփեցին) շենքի պատին։ Մինչ Հակոբյանը կհասցներ հարցեր տալ, երրորդ ձեռքը՝ բռունցքի տեսքով, վայրէջք կատարեց նրա 43-ամյա այտին։ Ծխախոտը ընկավ գետնին ու մթության մեջ վերջին անգամ երևաց կարմիր բոցը։ Աչքերի դիմաց մթնեց, Հակոբյանը փորձեց շարժվել, ազատվել անծանոթներից, հասկանալ, թե ինչ է վերջապես կատարվում, բայց փոխարենը լսեց կոտրվող ապակու շրխկոցը, ապա, երբ բացեց աչքերը, կոկորդին զգաց իր իսկ պայուսակից հանված գինու շշի՝ սուր, կտրող ծայրերով կոտրված մնացորդը։ Լսեց․

- Ընկերներդ ուզում են մի անգամ էլ հիշացնեն, որ իրանք իրանց մասը վաղուց կատարել են, իսկ դու ինչ-որ շատ երկար ես ձգձգում ու շատ հաճախ ես անհասանելի լինում, երբ որ զանգում են։ Պըդի քիչըմ օյղամիշ էղնիս:

- Ծո՜, թողեք ու նորմալ բացատրեք․․․ — Հակոբյանը փորձեց վստահ ու զայրացած հնչել, բայց ստացվեց վախեցած ու անվստահ։

- Բացատրում ենք՝ քո ընկերներին քցել չի կարելի։ Թե չէ մյուս անգամ չենք սպասի, որ էն էրևանցի դասախոս ընգերուհուդ տուն ճամփես, նոր մոտենանք։ Կամ կարող ա միանգամից քրոջդ տուն մտնենք։

Հակոբյանը կատաղեց, փորձեց շարժվել։ Անհայտ ձեռքերը թողեցին նրան, ու արդեն մի քանի քայլ հեռվից լսվեց․

- Մի շաբաթվա մեջ պայմանագրերը լինեն սեղանին։ Կամ մինչև վերջին կոպեկը հետ կուդաս։

Հեռացող քայլերի քստքստոցի ներքո Հակոբյանը նստեց մայթեզրին ու երկու ձեռքով բռնեց գլուխը։

***

Զարթուցիչը սկսեց աղաղակել ժամը յոթն անց երեք րոպեին՝ ինչպես ամեն աշխատանքային օր։ Ինչպես ամեն աշխատանքային օր, Լուսինեն արդեն արթուն էր՝ նախքան զարթուցչի աղաղակելը։ Նախ՝ նա աչքերը փախցրեց հին փայտյա շրջանակով լուսամուտի և թափանցիկ վարագույրի միջով սողոսկած արևից, հետո ափով ճակատից հեռացրեց կարճ սև մազերի փունջը, ապա նույն ձեռքի արդեն ավտոմատացված շարժումով անջատեց հեռախոսի ձայնը։ Հոգոց հանեց, իջավ անկողնու դեր կատարող հյուրասենյակի բազմոցից ու գնաց լվացվելու։

Տասը րոպե անց, երբ սուրճը արդեն եռում էր հին գազօջախի վրա դրված ժեշտից սրճեփի մեջ, կանչեց տղային, որը քնած էր տան միակ ննջարանում։ Պատասխան չստացավ։ Փորձեց կրկին․

- Դավո՜, ոտքի՜։ Դպրոցից կուշանաս։ Դա՞վ։

Կես ժամ անց նախաճաշում էին՝ 34 տարեկան Լուսինեն ու 13 տարեկան Դավիթը։ Վերջինս երկու ձվով ձվածեղը շտապելով ուտում էր միանգամից թավայից՝ ժամանակ չկար։ Լուսինեն դանդաղ ֆռթացնում էր սև սուրճը՝ դառը («կյանքիս նման»՝ սիրում էր ասել), լավ եռացրած՝ առանց սերի։ Այս տեսարանը կրկնվում էր ամեն օր արդեն չորս տարի։ Չորս տարի առաջ Տոլյատիում Լուսինեի ամուսնուն սպանեցին վերջինիս կիսաքրեական գործընկերները («ասում էի՝ դրանց հետ ի՜նչ գործ ունես»), այդպիսով վերջ դնելով ռուսաստանյան խոպանում նրա կյանքի տարօրինակ էջին։ Վերցրեց Դավոյին ու առանց երկար մտածելու վերադարձավ Գյումրի, որտեղ չէր եղել տասը տարի։ Լավ էր՝ եղբայրն այստեղ էր, պաշտոն ուներ, սկզբի ժամանակներում օգնեց, որ ոտքի կանգնեն։

Այդ ընթացքում մահացել էր Լուսինեի մայրը՝ հորից մի քանի տարի անց։ Եվ ահա, հայրական տունը՝ 88-ին հրաշքով չվնասված, դարձավ նոր կյանքի նոր էջի գործողության վայր։ Երկրի մոլորակի երեսին երրորդ տասնամյակը բոլորելուն պես Լուսինեն որոշեց, որ ինքնախղճահարությամբ զբաղվելու ժամանակ չկա։ Մի գիշեր՝ գրեթե միայնակ, տխուր ու անհույս երեսունքից հետո, երբ Դավոն արդեն քնել էր, Լուսինեն դարդոտած նստեց խոհանոցում, վաղուց սառած սուրճից կում-կում խմելով։ Հետո տեսավ սեփական արտացոլանքը պողպատյա թեյնիկի փայլուն մարմնին ու խոստացավ այդ արտացոլանքին, որ այս պահից դադարում է խղճալ ինքն իրեն ու սկսում է ուղղակի ապրել՝ ոնց կստացվի։ «Բոլորը կռնան, դու չե՞ս կռնա», բավական մուննաթով լի ասաց նա արտացոլանքին։ Զայրացած թափեց անհամ սուրճը, գնաց քնելու, հաջորդ օրը արթնացավ առանց՝ սեփական անձի նկատմամբ խղճահարության։

- Մամ, էօսր ուշ կուգամ, Թումո ունեմ, — պայուսակը վերցնելով ու դեռ հացով ձվածեղը ծամելով հայտնեց Դավոն։

- Լավ։ Եթե Արմիշին տեսնիս՝ ասա, որ ընդմիջմանը սուրճով սպասի ինձ ներքևը։

Արդեն փակվող դռան արանքից լսվեց Դավոյի «լա՜վ»-ը։

Հինգ րոպեից տնից դուրս եկավ նաև Լուսինեն՝ 9-ին վարսավիրանոցում արդեն պայմանավորվածություն ուներ։ Ուշանալու դեպքում տհաճ զրույցներ էին սպասվելու․ գեղեցկության սրահի տեր (նույնիսկ՝ տիրակալ) Զուռնաչյանը արդեն վաղուց թարս էր նայում Լուսինեին։

Ճանապարհին զանգ ստացավ եղբորից։ Գրիշայի ձայնը կասկածելի լարված էր՝ սովորաբար նրանից կենսուրախ ու ինքնավստահ մարդ շատ դժվար է գտնել։ Նա ինչ-որ բաներ էր խոսում այն մասին, որ լավ կլինի Լուսինեն Դավոյի հետ որոշ ժամանակով գնա Երևան, որ նա իրենց համար ամեն ինչ կկազմակերպի, նույնիսկ ծանոթ վարսավիրանոցում տեղ կարող է ապահովել աշխատանքի համար։ Բայց Լուսինեն ասաց, որ հիմա խոսել չի կարող, ավելի լավ է երեկոյան հանգիստ նստեն։ Հեռախոսն անջատելուց հետո նորից զարմացավ եղբոր տարօրինակ պահվածքի վրա և մտքում նշեց, որ «էդ էր մնում, ինքը Գյումրուց գնա, այ քեզ բան»։

Աչքի ծայրով իրենց փողոցում՝ մուտքից ոչ հեռու, նկատեց կասկածելի հայացքով երկու տղամարդու, բայց առանձնապես ուշադրություն չդարձրեց։

***

Արմինեն՝ ազատ-անկախ՝ «կարևորը դու ես» ձևաչափի ջատագովը, երկու տարի էր, ինչ Թումոյում էր դասավանդում։ Իր նախկին՝ կիսակալանավոր, սևագործ լրագրողական գործից հետո սա իսկական հրաշք էր։ Եվ շատ հաճելի էր աշխատել երեխաների հետ, քանի որ ի տարբերություն տասնմեկ ու կես հոգի ընթերցող ունեցող լրատվականի, այստեղ նա իսկապես տեսնում էր իր աշխատանքի արդյունքը՝ վառվող աչքերով երեխաների։ Հատկապես հուզիչ ու ցայտուն էր այդ ամենը Երևանից դուրս՝ Ստեփանակերտի, Դիլիջանի ու Գյումրու մասնաճյուղերում, որովհետև Երևանից դուրս բոլորը, հատկապես երեխաները, շատ ավելի քիչ հնարավորություն ունեն առնչվելու հավես երևույթների հետ։ Եվ ահա, Արմինեն հերթական գործուղմանն էր եկել Գյումրի։ Անցել էր տասը օր, առջևում՝ ևս երեք շաբաթ։ Այ հիմա նա կավարտի թեյը, ինստագրամում կտեղադրի Գյումրիի աննկարագրելի գեղեցիկ ու գողտրիկ անկյունների՝ խիստ ինստագրամագենիկ լուսանկարները ու կշտապի Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որի վերևի հարկում նրան արդեն սպասում են վառվող աչքերով թինեյջերները։ Դրանց թվում էր 13-ամյա Դավոն։ Նախորդ շաբաթ հանձնարարված հոդվածը՝ «Գյումրվա կենդանի պատմություններ» թեմայով, նա գրել էր համալսարանական կոռուպցիայի մասին։

- Դավիթ, սպասի, բան պիտի ասեի։ Շատ լավն էր հոդվածդ, բայց․․․ ըմ․․․ կաշառակերության թեման մի քիչ․․․ Ինչի՞ ես որոշել պատմել համալսարանում կոռուպցիայի մասին։

- Հա՜, է՞դ։ Ճիշտն ասած, ստեղ անիմացիայի խմբակում կոռուպցիայի մասին խաղ ենք սարքում՝ Եվրամիությունն ա աջակցում, ես բովանդակության թիմում եմ։ Մտածեցի՝ մի քիչ թեմայի մեջ խորանամ։ Հետաքրքիր չէ՞ր։

Իրականում, շատ էլ հետաքրքիր էր։ Միայն թե Արմինեն ուներ կասկածներ, որ անանուն հերոսը, որը պատմել էր համալսարանում տիրող բարքերի և կոռուպցիոն սխեմաների մասին, Դավթի քեռին էր, որն աշխատում էր համալսարանում ու զբաղվում գնումներով և ընդհանրապես տեղյակ էր ամեն ինչից՝ ընդունելության գնացուցակից, մասնակիցներից, անվճար տեղերի հատկացման նրբություններից, կիսամյակային քննություններ ստանալու միջոցներից և այլն։ Նրա ենթադրությունները հիմնված էին Դավիթի քեռու հետ ունեցած իր մտերմության վրա։

- Հետաքրքիր էր, բայց քանի որ մեր շարքից շատ ա դուրս մնում, խնդրում եմ, մի ուրիշ հերոս գտի՝ ավելի դրական։ Օրինակ՝ մամային խոսացրու։

- Դե լավ․․․ Հա, մաման սպասում ա ձեզ մյուս ընդմիջմանը։

***

Լուսինեն կտրում էր արդեն երրորդ հաճախորդի մազերը։ Գեղեցկության սրահում նա ամենաքչախոսն էր՝ ոչ մի հարգանք ավանդույթների և կարծրատիպերի նկատմամբ։ Բայց շուխուրն այնքան շատ էր, որ նրա լռությունը չէր էլ նկատվում, իսկ հաճախորդը հանգիստ շփվում էր մյուսների հետ։ Լուսինեին հասնում էին մի քանի խաչված խոսակցությունների առանձին կտորներ։

- Ծո, աղջիկս կպել ա, թե բա՝ մագիստրատուրա եմ ուզում ընդունվեմ, ես էլ ասում եմ՝ աղչի, ավելի լավ չի՞ մի տղա երեխա ընդունվի, բանակի հարցը լուծվի, քեզ ինչի՞տ ա պետք․․․

- Ժողովուրդ, հարսանիքի պըդի երթամ երեկոյան՝ ի՞նչ ձևի սարքեմ մազերս․․․

- Միլիռովկայից արդեն քիչըմ հոգնել եմ․․․

- Ըսպես էլ մնա լավ ա, ապրում ենք էլի․․․

Կեսօրին մոտ վերջապես շունչ քաշելու հնարավորություն է ընձեռվում։ Լուսինեն արդեն վերցրել էր պայուսակը, որպեսզի դուրս գար գեղեցկության սրահից, երբ դիմացը փակեց Զուռնաչյանը։

- Էս ու՞ր, — հոնքերը կիտած հարցրեց տնօրենը։

- Էսօր կես օր եմ, տեղ ունեմ գնալու։ Ասել էի երեկ չէ առաջի օրը։

- Որ ասել էիր, ուրեմն պիտի կլիենտներին թողնես՝ գնա՞ս, ծո։

- Չորս հոգու սպասարկել եմ, — արդարացավ Լուսինեն, — էլ ոչ մեկի հետ պայմանավորված չեմ։ Դասի պըդի երթամ»»»

- Ի՞նչ դաս, այ մարդ, էս տարիքիդ նոր բան պդի սովորե՞ս։

- Դե փորձում եմ, ի՞նչ կլինի որ։

Զուռնաչյանը գնահատող հայացքով զննեց Լուսինեին ոտքից գլուխ։

- Անկապ ինքդ քեզ խաբում ես, խելոք էլ աղջիկ ես երևում։

Լուսինեն չպատասխանեց, միայն նայեց ժամացույցին, որպեսզի ցույց տա, որ արդեն ուշանում է։

- Թե որ վիզ ես դրել սովորես՝ գնա։ Բայց ինձ որ լսես․․․ — Զուռնաչյանը լռեց, կարծես շարունակության համար ճիշտ բառեր էր փնտրում, — վաղը արի մի տեղ գնանք քիչըմ խմենք, խոսանք՝ կբացատրեմ։ Հը՞ն։

- Պարոն Զուռնաչյան, ճիշտն ասած, ժամանակ չունեմ։ Գործը, դասը, տղաս․․․ Լավ, գնացի, ցտեսություն։

Զուռնաչյանը մնաց տեղում, Լուսինեն ոտքերին նայելով գնաց առաջ, շրջանցեց հետին մտքեր արտահայտած ղեկավարին ու դուրս եկավ սրահից։ Հաջորդ կայարանը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

Կես ժամ անց նրա մտքերից արդեն իսպառ վերացել էին բոլոր մկրատները, սանրերը, միլիռովկաներն ու վարսավիրանոցային իմաստությունները։ Այժմ Լուսինեն կլանված էր մի բանով՝ թվային տեխնոլոգիաներ։ Ավելի հստակ՝ կայքերի ստեղծում։ Մի քիչ էլ ավելի հստակ՝ PhP: Երեք տառ, որոնք միասին ընդհանրապես ոչինչ չէին կարող ասել Լուսինեին դեռ երեք շաբաթ առաջ, իսկ այսօր հույս են ներշնչում, որ ոչ հեռավոր ապագայում նա կունենա ժամանակակից, առաջադեմ ու պահանջված մասնագիտություն։ «Կմնա մնացածը»՝ կասեր Լուսինեն ինքն իր մտքերին ի պատասխան։

«Մնացածը», մինչդեռ, արդեն թակում էր դուռը․ Լուսինեն արդեն հինգ ամիս էր, ինչ ծրագրավորում էր սովորում՝ կայքերի ստեղծում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Բոլորովին անվճար։ Եվրամիությունն ու Մայքրսոֆթը որոշել էին օգնել Շիրակի մարզի կանանց նոր մասնագիտություն ձեռք բերել։ Լուսինեն էլ չէր հրաժարվել այդ օգնությունից։

Ընդմիջումներին Արմինեի հետ անցնում էր հրապարակի մյուս կողմը և առայժմ լքված դրամատիկական թատրոնի հին շենքի դիմացի այգում սրճում։ Պարբերաբար պատմում էր Երևանից մեկ ամսով եկած ընկերուհուն, թե ինչպես էր փոքր ժամանակ գալիս այստեղ ծնողների հետ։ Թատրոնում կարողանում էր մոռանալ ծանր կյանքի ու քանդված քաղաքի մասին։ Հիմա էլ մոտավորապես նույնը մոռանում էր համակարգչի մոտ, անվերջ կոդերի մեջ խրվելով։ Սովորում էր երեք այլ կանանց հետ մի խմբում՝ մեկը բժիշկ էր, մյուս երկուսը կյանքում չէին աշխատել։ Իսկ հիմա արդեն պլաններ էին գծում ապագայի համար՝ գուցե սեփական փոքր ընկերությունը բացեին, գրասենյակ վարձեին նույն այս շենքում ու կայքեր ստեղծեին։ Եվ Լուսինեն արդեն կկարողանար վերջնականապես ազատվել վարսավիրությունից։

Արմինեն ու Լուսինեն նստած էին թատրոնի մուտքի աստիճաններին՝ կամարի տակ։ Ամենքի ձեռքում սուրճի գավաթ էր։ Արմինեն նայում էր երկար կիսաշրջազգեստի տակից երևացող կեդերին ու մտածում՝ արժե՞ արդյոք վերջապես պատմել ընկերուհուն, որին ծանոթացել էր Գյումրու իր նախորդ գործուղման ժամանակ, որ կարծես թե լրջորեն հանդիպում է վերջինիս եղբոր հետ։ Բայց մինչ նա կմտածեր, թեման բացեց Լուսինեն։ Արմինեն նշեց մտքում, որ զայրացած չէր։ Ասում էր, որ ուրախ է երկուսի համար էլ, բայց նաև մի քիչ անհանգիստ է Արմինեի համար, քանի որ Հակոբյանը բաժանվելուց հետո երբևէ երկար ու լուրջ հարաբերություններ չի ունեցել։

- Դե․․․ եթե էդպես, ուրեմն թող լինի սիրուն, ավարտուն պատմություն՝ սիրուն քաղաքում, — ավելի շատ ինքն իրեն, քան ընկերուհուն ասաց Արմինեն։

- Նաև, չիդեմ ինչ ա եղել, բայց ինչ-որ խնդիրներ ունի Գրիշը, — արդեն մի փոքր լարված արտաբերեց Լուսինեն, — ինքն էլ էսքան տարի էնպիսի մարդկանց հետ ա գործ անում, որ վաղ թե ուշ չի կռնա պրոբլեմներ չունենա։

Արմինեն ուզեց փոխել թեման․

- Իսկ քո դասերը լավ ե՞ն, արդեն այթիշնիկ դառել ե՞ս։

- Չիդեմ գիտելիքներս իրականում ոնց են, բայց ներսից զգում եմ, որ հա, պատրաստ եմ խորանալու։ Ըսպես հավես զգացում ա՝ Գյումրիից դուրս չես գալիս, բայց աշխարհի հետ հավասար պայմանների վրա ես խոսում։ Եթե չլիներ էս հնարավորությունը, երևի գնայի Եվրոպա։ Էն էլ Եվրոպան նենց արեց, որ չգնամ։

Երկուսով ծիծաղեցին։ Արմինեն ստուգեց հեռախոսը՝ Հակոբյանը չէր պատասխանել վերջին մի քանի հաղորդագրություններին և զանգերին։ Երևի իսկապես խառն էր գործերով, ենթադրեց նա և հիշեց, որ մի շաբաթից արդեն պետք է վերադառնա Երևան։

***

Հակոբյանը նստած էր գրասենյակում։ Սառած աչքերով նայում էր առաստաղին, մոխրամանի մեջ մոխրանում հերթական սիգարետը։ Ամեն ինչ կործանվում էր։ Նրա տարիների աշխատանքը դառնում էր անիմաստ։ Հիմա նա կկորցնի ամեն ինչ։ Հակոբյանը համեստ մարդ էր, միշտ իրեն համեստ էր պահում։ Կաշա՞ռք։ Դե․․․ Այո, երբեմն։ Ոչ այնքան իր համար, այլ մի որևէ լավ, քաղաքին օգտակար գործ առաջ տանելու համար։ Եթե դրանից օգտվում էին նաև որոշ այլ մարդիկ, ինչու՞ ոչ։ Իրեն էլ տակը մի բան մնում էր։ Կարևորը՝ չափը չանցնել, աչքի չընկնել, գործը իրականացնել, ոչ թե ոմանց պես՝ մսխել մինչև վերջին կոպեկը և նույնիսկ գործ անելու ձև չանել։

Բայց այս անգամ ինչ-որ բան սխալ գնաց։ Ինչ-որ մի քանի բան։ Ներդրումը անողը լրիվ վայրենի դուրս եկավ։ Այն մարմինները, որոնք պետք է գործը առաջ բրդեին՝ այլևս այն չեն։ Բայց դա դեռ ամենամեծ խնդիրը չէր։ Հակոբյանը խաղում էր։ Մինչև վերջերս՝ կարողանում էր վերահսկել պոռթկումները։ Բայց անցյալ ամիս․․․ Ինչ-որ բան սխալ գնաց։ Ու ամեն ինչ տապալվեց։ Պայմանագիրն առաջ տանողներն էլ իրենց հերթին քցեցին։

Ու էս ամեն ինչի ֆոնին մի քանի օր առաջ քրոջ տղան ուրախ-ուրախ հայտնում է քեռուն, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խաղ է ստեղծում Թումոյի իր դասերին՝ վհուկներ, արկածներ, եսիմինչեր։ «Պա՜հ, խեղճ երեխեն գիտի թե խաղ ա էդ ամեն ինչ»։ Չզլացավ, ծիծաղելով Դավոյին ասաց նույնը, ինչ նախորդ երեկոյան Արմինեին (և նորից Թումոյից)՝ կոռուպցիան չես հաղթի, որովհետև չես կարող հաղթել մարդու էությունը։

- Դու ուղղակի արդարացնում ես քո արածները, պատասխանատվությունը դնում ես մարդկության վրա, — ապշած, զայրացած, մոլորված՝ այդ ամենը միախառնված, բացականչում էր Լուսինեն նույն օրվա երեկոյան, երբ Գրիշան բացատրեց, թե ինչու ճիշտ կլինի, որ քույրն ու քրոջ տղան որոշ ժամանակով գնան Երևան։

- Գիտես ուրիշները ո՞նց են անում, կամ հետո եկածները ո՞նց են անելու, — շարունակում էր Հակոբյանը, թեև արդեն ոչ այդքան վստահ։ Նա նստած էր խոհանոցի սեղանի մոտ, Լուսինեն լարված այս ու այն կողմ էր քայլում։

- Ուրիշները կապ չունեն, մի թեքի խոսակցությունը․․․

- Լավ, ի՞նչ կլինի՝ մի երկու երեք ամիս, գնացեք, մինչև ես ստեղ հարցերը կլուծեմ։ Ես միշտ հարցերը լուծում եմ։

- Գրիշ, չէ, ես եկել եմ Գյումրի ու մնալու եմ Գյուրիում։ Գյումրիում ժամանակիս կեսը նվիրել եմ նորմալ մասնագիտություն սովորելուն, որ մնամ Գյումրիում աշխատեմ ու ապրեմ, ու աչքս անընդհատ չլինի Երևան-Ռաստով-Լոս Անջելեսներին, ու որ չմտածեմ՝ տղայիս երբ եմ ստեղից ուղարկից մի հեռու տեղ։ Ոչ։ Հերիք եղավ։

Գրիշան միայն գլուխը ճոճեց ու հուսահատությունից հեռախոսում բացեց հավելվածների խանութը, որպեսզի գտնի կոռուպցիայի դեմ պայքարի մասին խաղը։

- Էն խաղի անունը ո՞նց էր, Դավոյենց, — հայացքն առանց հեռախոսից պոկելու հարցրեց նա։

- «Նետոյի առասպելը», — Լուսինեն մի պահ նայեց եղբորը, — իրոք, քաշի, խաղա, կարող ա քիչըմ հասկընաս, թե ինչի ա դա շատ վատ, ոչ թե մարդու էության մասը… Ինչքա՞ն փող ա պետք վերադարձնել, — հարցրեց եղբորը։

- Լուս․․․

- Ինչքա՞ն։

Հակոբյանը մեղավոր երեխայի պես նայում էր գետնին։ Լուսինեն շարունակեց հարցաքննումը․

- Մեքենան պիտի ծախե՞ս։

- Արդեն։

- Աստված իմ․․․ Ի՞նչն ա մնում։

Ձայն չկա։

- Գրիշ, ի՞նչ ես անելու․․․

- Մի ձև կլուծեմ հարցը․․․

- Ո՞նց։

Լռություն։

- Էս տունն ա մնացել, չէ՞։ Միակ ունեցվածքդ մեր ծնողների տունն ա, հա՞։

Խոհանոցի սեղանին դրված համակարգչին ծլնգոց լսեց։ Եթե Լուսինեն նայեր էկրանին, ապա կտեսներ, որ նոր եկած էլեկտրոնային նամակի վերնագրի դաշտում գրված է «Համագործակցության առաջարկ»։ Չորս շիրակցի կանանց դեռ վերջնականապես չկազմավորված ՏՏ ընկերությունը ստանում էր առաջին իրական պատվերը։ Այլ պայմաններում դա կլիներ հիանալի լուր։ Բայց այս պահին Լուսինեն սպասում էր եղբոր արձագանքին։

- Պիտի ծախե՞նք, — շշնջաց ապագա այթիշնիկը։

Պատասխան չստացավ։

***

Արմինեն մտավ շքամուտք՝ վերադառնում էր երեկոյան դասից, երբ անսպասելիորեն մթությունից տղամարդու ֆիգուր երևանց։ Արմինեն շունչը պահած հետ քայլեց, բայց ակնթարթ անց ուսերին զգաց երկու ամուր ձեռքեր։

- Ես եմ, ես եմ․․․ սպասում էի, չգիտեի՝ երբ ես հետ գալու․․․

Հակոբյանի ձայնը դողում էր, վերջապես մի փոքր լուսավորված դեմքը՝ հուսահատ։ Արմինեն, այդուհանդերձ, հանգիստ արտաշնչեց և գրկեց նրան։

- Վախեցա, — խոստովանեց նա, — արի մի հատ թեյ խմենք, ոնց որ վաղուց ես էստեղ։

- Իրերդ հավաքած ե՞ն, — հանկարծ հարցրեց Հակոբյանը, երբ ներս մտան։

- Չէ, ինչի՞։ Մյուս շաբաթ եմ գնալու Երևան, դեռ չեմ սկսել․․․

- Հավաքվի, միասին գնանք, — Հակոբյանը նայեց զարմացած Արմինեին փայլող, մի քիչ խելագար աչքերով, — Մոսկվա, կամ Փարիզ։ Կարանք՝ Նյու Յորք, կուզեիր, չէ՞, Նյու Յորքում նորմալ մեդիայում աշխատեիր․․․ Չնայած, վիզայի հարց կա, հաստատը Մոսկվան ա։ Կամ Բուենոս-Այրեսը․․․

- Գրիշ, խնդրում եմ, նստի իմ հետ թեյ խմի, հետո նորմալ բացատրի՝ ինչ ա պատահել։ Որովհետև ես ոչինչ չեմ հասկանում։

Արմինեն քնքշորեն հրելով նստեցրեց Հակոբյանին բազկաթոռին։

- Ոչ մի բան չի պատահել․․․ առանձնապես, — Հակոբյանը փախցրեց հայացքը Արմինեից, ձայնում զգալիորեն պակասեց ոգևորությունը, — ուղղակի ես պետք ա գնամ, շատ շտապ, մտածեցի՝ երկուսով գնանք։ Ի՞նչ կլիներ։

- Իսկ ինչու՞ պիտի շատ շտապ գնաս, — համբերատար հետաքրքրվեց Արմինեն։

- Որովհետև մասնակցել եմ կոռուպցիոն սխեմաների, հետո խաղացել եմ փողով, հայտնվել եմ փոսի մեջ, ու հիմա պետք ա ուղղակի վեր կենամ գնամ։ Հա, նաև վաճառել եմ ծնողներիս տունը, որ պարտքերը փակեմ, բայց մտածում եմ՝ ավելի լավ ա քո հետ մի տեղ նոր կյանք սկսեմ։

Արմինեն դանդաղ նստեց մյուս բազկաթոռին՝ չկարողանալ փակել զարմանքից բացված բերանը։ Իսկ Հակոբյանը նորից ոգևորվեց, գործնական կանգնեց տեղից։

- Լուրջ, սենց հնարավորություն կյանքում մի անգամ ա լինում։ Արի իմ հետ։ Տոմսերը արդեն ամրագրել եմ։ Համ Մոսկվա, համ Նյու Յորք, որ հանգիստ ընտրես։

- Չէ, գնացինք խոհանոց՝ թեյը դնեմ։ Էս գիշեր ահագին բան ունենք քո հետ խոսելու, — Արմինեն նույնպես կանգնեց՝ նրա բարդագույն առաքելությունը ընկերոջը խելքի բերելն էր։

Նստեցին մինչև առավոտվա վեցը։ Հակոբյանը երեք անգամ սպառնում էր դուրս գալ ու մեկնել առաջին պատահած ուղղությամբ, մի անգամ նյարդերը տեղի տվեցին ու նա բռունցքով հարվածեց խոհանոցի պահարանին, մոտ երկու ժամ բացատրում էր, որ նա չէ մեղավորը, այլ երկիրն է իրեն ստիպել գնալ այսպիսի քայլերի։ Գիշերվա չորսի կողմերը հանկարծ հիշատակեց «Նետոյի առասպելը», նշելով, որ շատ գրավիչ խաղ է, «երեխեքը լավ կլինի, որ խաղան ու սովորեն»։ Ժամը հինգին՝ լուսաբացից առաջ ամենամութ ժամին, Հակոբյանը վերջապես համաձայնվեց Արմինեի հետ, որ այս իրավիճակից չես փախչի և պետք է լուծումը տալ այստեղ և հիմա։ Ժամը վեցին շշնջաց․ «Պարտքերս կփակեմ ու կգնամ ոստիկանություն»։ Արմինեն երկու ձեռքով քնքշորեն գրկեց Հակոբյանի գլուխը և ասաց․ «Արի մի երկու ժամ քնենք, հետո անցի գործի»։

Այդ նույն առավոտը Լուսինեի համար սկսվեց լուսամուտի կոտրվող ապակու ձայնից։ Երբ նա ներս վազեց խոհանոց, տեսավ գետնին ընկած մի մեծ աղյուս, լուսամուտի տեղում դատարկություն էր։ Երեկոյան նա եղբորը գտավ հիվանդանոցում՝ մի քանի կոտրվածքով ու կապտուկներով՝ բռնացրել էին Արմիենի բնակարանից դուրս գալիս։ Լուսինեն ստիպված եղավ հետաձգել սկայպ-կոնֆերանսը ամերիկացի հաճախորդների հետ և սեփական ստարտ-ափի գրանցումը։ Հաջորդ օրերին քաոս ու խառնաշփոթ էր։ Այնքան, որ Լուսինեն չհասցրեց նաև Արմինեին հաջող անել վերջինիս՝ Երևան վերադարձից առաջ։

Արմինեն Գյումրի-Երևան ճանապարհին հաղորդագրություն ուղարկեց ընկերուհուն․ «Պինդ եղեք, դեռ ամեն ինչ լավ կլինի»։

***

Չորս ամիս անց Արմինեն հերթական մեկ ամսով ժամանեց Գյումրի։ Առաջին աշխատանքային օրը, նախքան Թումոյի հարկ բարձրանալը, տեխնոլոգիական կենտրոնի երկրորդ հարկում գտավ WoG Tech ցուցանակով դուռը և թակելով ներս մտավ։ Լուսինեն հասցրել էր անցած ամիսների ընթացքում գրանցել ընկերությունը, վարձել տարածքը, իսկական ստարթափային մթնոլորտ ստեղծել։ Հինգ սեղաններին նստած աշխատանքի մեջ էին ընկղմված նորաթուխ վեբ-դեվելոփերները` նախկին բժիշկ-վարսավիր-գործազուրկ կանայք աշխատում էին առաջին մեծ նախագծի վրա (գրատախտակի վրայի նշումներից ելնելով, Արմինեն ենթադրեց, որ մանկական հագուստի արտադրողի համար են կայք պատրաստում)։ Լուսինեն վեր թռավ տեղից և գրկախառնվեց ընկերուհուն։ Մի քանի րոպեից արդեն սրճում էին թատրոնի այգում։

- Դե, պատմի, — սուրճից ֆրթացնելով ասաց Արմինեն։

- Նոր կյանքի մեջ եմ՝ իրա բոլորով հաջող ու անհաջող տարրերով, — ժպտալով խոստովանեց Լուսինեն, — դժվար ա, պատասխանատու ա, մեկ-մեկ՝ վախենալու, բայց էն անկախությունը որ ունեմ․․․ որ ունենք թիմով, ամեն ինչ արժի։

- Շատ հավես ա, որ չկանգնեցիր ու հասար, ապրես։ Դավոն գոհ ա՞ կյանքից։ Աչքովս չընկավ էսօր։

- Հա, շատ, ամեն ինչով հետաքրքրվում ա, «Նետոյից» հետո էլ չգիտի՝ խաղերի դեվելոփմենթով զբաղվի՞, թե հետախուզական ժուռնալիստիկայով, որ կոռուպցիայի մասին բացահայտումներ անի։

- Իսկ․․․ — Արմինեն պահի տակ կասեցրեց սեփական խոսքը, հետո շարունակեց, — Գրիշը՞։

- Տան գումարով մի կերպ փակեց պարտքերը, հետո դուրս եկավ էդ բոլոր գործերից․․․ Աշխատանք ա փնտրում, մտածում եմ իրան էլ բերեմ տեխնոլոգիաների ոլորտ։

Որոշ ժամանակ լռեցին, հետո Լուսինեն եզրափակեց․

- Հիմա վարձով ենք ապրում, բայց ես իմ վաղվա օրվա համար հանգիստ եմ։ Մնացածը լուծելի հարցեր են։ Ըսպես էլի՜:

Արմինեն պետք է վազեր հաջորդ դասին, Լուսինեն սկայպազրույց ուներ գերմանացի պատվիրատուի հետ։ Քայլեցին հետ։

--

--