Շարժման մեջ

editor
storiesfromarmenia
Published in
10 min readMar 26, 2018

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

Երկրի ամենասրատես ֆոտոլրագրողն արդեն տեղում էր։ Տոտալ խցանման ու իրարանցման պատճառով նույնիսկ նա էր դժվարությամբ տեղ հասել։ Վարորդը մի կերպ հասցրել էր Քոչար, այնտեղից արդեն բակերով ու բլուրներով՝ խցիկը ձեռքում, վազել-հասել էր այնտեղ, ուր մեքենաներ էին, ոստիկաններ ու աչքերը չռած անցորդներ։ Մի պահ ինքն էլ աչքերը բացեց աննախադեպ լայն՝ այսպիսի կադր հաճախ չես բռնացնի, նույնիսկ եթե դու ասրաչ ֆոտոլրագրող ես, ավելի շուտ կտեսնես հոլիվուդյան մարտաֆիլմերում։ Բայց զարմանալու ժամանակ չկար․ սկսեց տարբեր դիրքերից լուսանկարել դեպքի վայրը, ծանոթ ոստիկանների միջոցով մոտեցավ այնքան, որքան չէին կարողանա մյուս լրագրողները (որոնք, միևնույն է,՝ դեռ խցանումների մեջ էին)։ Պարբերաբար ականջին հասնում էին անցորդների զրույցներից հատվածներ, որոնցում հիշատակվում էին տասնամյակներ առաջվա դեպքը, երբ նորակառույց Մյասնիկյան պողոտայով անցնող ավտոբուսն էր շրջվել, իսկ Իսակովի պողոտայից լիճ էր ընկել տրոլեյբուսը։ Այս նոր դեպքը՝ «Բարեկամություն» հրապարակում, հաստատ կարող էր համալրել անհավանական երևանյան վթարների պատմական ցանկը։ Երբ լուսանկարների առաջին չափաբաժինն արդեն հաջողությամբ բեռնվել էր կայք ու արդեն կայծակնային արագությամբ տարածվում էր հայոց համացանցով մեկ, իսկ ամառային ցերեկվա արևն այլևս անտանելի այրում էր իր ճանապարհին ընկած ամեն բան և ամեն ոք, ֆոտոլրագրողն իջեցրեց խցիկը և մի անգամ էլ նայեց՝ 9 համարի տրոլեյբուսն էր, ուղիղ մեջտեղում՝ այնտեղ, ուր պետք է կոտոշները լինեին, խրված դեղին «սուզուկին»։ Փողոցի վերևով անցնող էստկադայի եզրին՝ ավերված ճաղերի միջև կանգնած ծխում էր սև «բրաբուսը»։

Լիլիթը

Առավոտը «Բիսեդկայում» խաղաղ էր և առայժմ սակավամարդ։ Քոուորքինգ-սփեյսի հիմնադիր հայր Արմանն իր սիրելի անկյունում համակարգչի մեջ կլանված ինչ-որ բան էր նայում (ենթադրելով նրա պարբերաբար հազիվ զսպվող հռհռոցից՝ «Մոնթի Փայթոնի» ոսկե ֆոնդի հոլովակները), խոհարար տիկին Արուսը անշտապ սենդվիչներն էր պատրաստում ու տեղադրում սառնարանում, լուսանկարիչ Բիայնան նոթբուքի հետ մի ամբողջություն դարձած, կարմրած աչքերն էկրանին հառած, արդեն մի ժամ էր, ինչ անդադար մկնիկով նյարդային գործողություններ էր կատարում՝ մերթ ընդ մերթ ֆռթացնելով սուրճի հսկայական գավաթից։ Ինչպես պատմել էր քիչ առաջ տնից ոտքով այստեղ եկած Լիլիթին՝ ամբողջ գիշեր մի հսկա ֆոտոշարք է մշակել, բայց չի հասցրել ավարտին, ստիպված եկել է էստեղ, որպեսզի կենտրոնանա։ «Հետո էլ գնամ քնե՜մ», — կես ժամ առաջ հուսահատ հառաչել էր Բիայնան՝ Լիլիթի լուսանկարիչ կոլեգան։

Գիշերը չքնած Բիայնայի հետ երկու բառ փոխանակելուց հետո Լիլիթը նստել էր իր սիրելի սեղանի մոտ՝ թեյ խմելու և քաղաքի ամսագրի թարմ համարը թերթելու համար։ Իսկ հետո պետք էր իջնել մետրո։

Լիլիթը սիրում էր քաղաքով տեղաշարժվել քաղաքի տակով։ Մետրոն թույլ էր տալիս չկանգնել տեղում։ Հասնել գրողի ծոցում գտնվող Չարբախից կենտրոն հանգիստ ու արագ։ Իսկ ամառները՝ նաև զովության մեջ։ Լինում էր՝ շոգ ամառներին կենտրոնից տուն գալուց առաջ նստում էր «Երիտասարդականի» զով կառամատույցի նստարանին ու մի քանի գնացք բաց թողնելու գնով հովանում ու գիրք կարդում։ Կիսաժանգոտ կապույտ վագոնները ճռճռալով տանում էին ուղևորներին, իրենցից հետո թողնելով գծերի միջև կուտակված պղտոր ջուրը։ Նաև հիշում էր՝ ինչպես էր տարիներ առաջ պապիկը պատմում, թե ինչպես էր 70-ականներին մասնակցում մետրոյի շինարարության գործին որպես բանվոր։ «Չարբախն» արդեն առանց իրեն էին կառուցել ու բացել՝ անկախացումից մի քանի տարի անց։

Եվ այսպես, ազատ տեղաշարժման սիրահար Լիլիթը նորից «Չարբախի» բացօթյա կառամատույցում էր։ Մինչ մտքում գցում-բռնում էր՝ կհասցնի՞ այսօր երեկոյան գնալ միլոնգայի և վերհիշել տանգոյի մի քանի ամիս տևած դասերի սովորածը, գնացքը ժամանեց։ Արդեն ոչ թե իր մանկության կապույտ ժեշտի կտորները, այլ զգալի թարմացված, զվարթ նարնջագույն վագոնների մեջ էին լցվում մարդիկ։ Նայեց ժամին՝ տեսնես Արմենն արդեն հասե՞լ է տեղ։

Արմենը

Արմենը տեղ չէր հասել։ Արմենը ուշանում էր։ Արմենը տառապում էր։ Արմենը շտապում էր, բայց չէր կարողանում տեղից շարժվել։ Ներսում նա սլանում էր Նոր Նորքից դեպի կենտրոն, որտեղ պետք է հանդիպեր Լիլիթին, բայց իր մարմինն այս պահին 9 համարի տրոլեյբուսի պատանդն էր։ Իսկ տրոլեյբուսը Գայի պողոտայի անծայրածիր խցանման զոհն էր։ Ամենացավալին անկարողությունն էր որևէ բան փոխելու։ Տրոլեյբուսի ներքին հարդարանքը՝ լուսամուտների վերևում և առաստաղից կախված արհեստական կարմիր վարդերն ավելի էին նյարդայնացնում։ «Որովհետև ինքդ ես մեղավոր, ո՞վ ա էս դարում տռոլիկից օգտվում», — ինքն իրեն մեղադրական ներկայացրեց Արմենը, բայց հետո ինքն էլ առարկեց․ «Այ որովհետև ոչ մեկ չի օգտվում, հիմա գոնե ստեղ նստելու տեղ կա, թե չէ տաքսիներն ու մարշրուտկեքը նույն խցանման մեջ էին մնալու, ոչ մի տարբերություն»։

Արմենը շոգում էր ու լսում իր ետևում նստած երկու պապիկների խոսակցությունը։ Նրանց զույգը կազմում էր էլեկտրատրանսպորտի ուղևորներին հալալ կեսը։

- Ժամանակին ուզում էին սաղ քաղաքով մետրո սարքեին, — կորցրած հարստության մասին ափսոսանքը դեմքին ասում էր ճաղատ պապիկը, — հիմա ժամերով չէինք տապակվի էս անտեր տրելեբուզի մեջ։

Զրույցն ընդմիջվեց ազդանշանների և տարբեր փոխադրամիջոցների վարորդների փոխհայհոյաձգությամբ։

- Չնայած ինչ իմանաս, կարող ա մի օր սարքեն էլի․․․

- Հա բա, կսարքեն, — քամահրական մռթմռթաց ճաղատը, — մենք որ հաստատ չենք տեսնի։

- Բայց օրինակ փոքր տղես Վլադիվոստոկից հետ եկավ մի քանի ամիս առաջ, — շարունակեց ալեհեր ծերուկը՝ հովհարի տեղ օգտագործելով տրանսպորտից անվճար օգտվելու կտրոնը, — արդեն ուզում էր հետ գնար, էն էլ պարզվեց մետրոյի վարորդների համար դասընթացներ-բաներ են բացել, նորմալ պայմաններով սովորցնում են։ Տենց, գնաց սովորեց, մի քանի օրից պիտի գործի անցնի։

- Լավ ա դասավորվել, գոնե հովի մեջ կլինի, — ճակատի քրտինքը սրբելով՝ արձագանքեց երկրորդ ծերունին։

Երբ խոսակցությունն աստիճանաբար անցավ «Արարատ-73»-ի և Կիևի «Դինամոյի» սկզբունքային հակամարտության ամենալարված գոլային պահերի քննարկմանը, իսկ տրոլեյբուսն արդեն զարմանալիորեն հայտնվել էր Զեյթունում, Արմենը հասկացավ, որ եթե չտեղափոխվի՝ ինքնասպան կլինի․ նույնիսկ փլեյեր չուներ, որպեսզի երաժշտությամբ զբաղեցնի ուղեղը։ Վեր կացավ տեղից ու գնաց տրոլեյբուսի ամենավերջը, այնտեղ, ուր վերջին՝ չորրորդ ուղևորն էր հանգրվանել։ Չորրորդ ուղևորը մինչև ուսերը սև մազերով (որոնց տակից երևում էր պարանոցի նուրբ մարմարե մաշկը) աղջիկն էր։ Կողքով անցնելիս տեսավ, որ նուրբ դիմագծերով այդ էակը՝ ուսանող կլիներ, ամենայն համերաշխ հայացքով հառել էր ձեռքում բռնած գրքին, պարբերաբար հազիվ նկատելի շարժելով գլուխը՝ ականջակալներից հոսող երաժշտությանը համահունչ։

Զավենը

Զավենը, ի հակառակ Արմենի, սլանում էր մայրուղով և նրան ոչինչ չէր խանգարում։ Ղեկին մի քանի ամիս առաջ Եվրոպայից Հայաստան վերադարձած հայրն էր։ Մոտ մեկ ժամ առաջ հատել էին Վրաստանի սահմանը։ Հովհաննես Ասատրյանը նորից վերադառնում էր։ Բայց այս անգամ բնավ ոչ արտագաղթից։ Ընդամենը գործ էր սկսել։ Եվ այդ գործն արդեն միջազգային ծավալներ էր ստանում, քանի որ գործընկերը Թբիլիսիում էր։ Զավենն էլ խոստացել էր հոր նոր սկսած գործում օգնել նրան։ Եվ քանի որ այս ճամփորդությունը վաղուց էր պլանավորված, Լիլիթին ու Արմենին ասել էր, որ իրենց ընկերական հավաքին, որի վերջում պետք է իրենց մյուս ընկերոջ ծննդյան երեկույթին գնային, չի հասցնի։ Այս պահին Վանաձորում էր։ Կանգնեցին սուրճ խմելու և մի փոքր շունչ քաշելու։ Զավենը նայեց ժամին և ասաց․

- Այ քեզ բան։ Եթե իմանայի՝ էսքան շուտ կհասնենք, երեխեքին չէի ասի, որ չեմ հասցնում։ Ինչի՞ էր ինձ թվում, որ անհնար կլինի։

- Ես էլ հույս չունեի, — սուրճից ֆռթացնելով խոստովանեց Հովհաննեսը, — բայց փաստորեն Բագրատաշենի անցակետը էնպես են թարմացրել, որ սահման անցնելը րոպեական բան ա դարձել։ Էն ժամանակ չես պատկերացնում՝ ինչ ահավոր էր։ Սահմանի երկու կողմում ոնց որ տարբեր տասնամյակներ լինեին։

- Գիտեմ, պապ, մի քանի անգամ ընկերներիս հետ գնացել եմ Թիֆլիս։

Հովհաննեսը հիշեց, որ մի քանի տարի տղայի կողքին չի եղել, նայեց դատարկվող սուրճի գավաթին։ Մեղքի զգացումը դեռ պարբերաբար խեղդում էր։ Բարեբախտաբար անհարմար պահը Զավենն էլ խախտեց․

- Լսի, իսկ էն վինիլների խանութի գաղափարիս մասին ի՞նչ ես կարծում, փորձե՞մ։ Գրանցե՞մ արդեն բիզնեսը, — մի քանի ամիս առաջ՝ Եվրոպայից վերադառնալիս, Հովհաննեսը Զավենին վինիլային ձայնարկիչ էր նվեր բերել, որից հետո ուսանող որդու մոտ մասամբ պայծառ գաղափար էր ծագել՝ Երևանում բացել 21-րդ դարի առաջին վինիլային սկավառակների խանութը։

- Գրանցելը կհասցնես՝ e-register.am կմտնես, հայտդ կլրացնես, տասը րոպեում ընկերությունդ կգրանցես, — վստահեցրեց հայրը, — դու մնացածի մասին մտածի։ Տես՝ իմաստ ունի՞, շուկային պետք ա՞։ Մինչև էդ քայլին գնալը արի իմ մի քանի ընկերների հետ հանդիպենք՝ մեր սերնդում վինիլների գազան հավաքողներ կային՝ Խանջյանը, Դիսկ Տիկոն․․․

Քիչ անց հայր և որդի Ասատրյանները սլանում էին Երևան իրենց հնամաշ, բայց հավատարիմ դեղին «սուզուկիով», որին Զավենը քնքշորեն կոչում էր «Դեղին սուզանավ»։

Լիլիթը

«Մարշալ Բաղրամյանում» դուրս գալը ոչ միայն պրակտիկ նշանակություն ուներ․ այդ կայարանում գնացքը լքելը նման էր դեմարշի, մոխրագույն հոսանքին հակառակ գնալու ժեստի։ Մարդկանց մեծ մասը դուրս էր թափվելու «Երիտասարդականում» կամ «Հրապարակում», իսկ ահա նա՝ երիտասարդ ու անկախ լուսանկարիչ աղջիկը, գնում է բոլորին հակառակ ու դուրս գալիս մշտապես դատարկ ու այդ պատճառով էլ ավելի հաճելի «Մարշալ Բաղրամյանում»։ Հեռացող գնացքին հակառակ ուղղությամբ՝ դեպի շարժասանդուղքը քայլելիս հանկարծ հայացք նետեց թունելին։ Ի հակառակ իր մանկության հուշերից ուղեղի մեջ դաջված տպավորության, այն չոր էր՝ ջրի ոչ մի հետք այլևս։ Արդեն շարժասանդուղքով վերև բարձրանալիս հասցրեց գուգլել ու պարզել, որ դա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրամիության գործունեության արդյունքն է․ իր պապիկի ձեռքերով (այդ թվում) կառուցված երևանյան մետրոն միլիոնավոր եվրոների աջակցության շնորհիվ ահագին կարգի էր բերվել։ Վագոնները վերանորոգվել ու ավելի հարմարավետ էին դարձել, ջրահեռացման նոր համակարգն էլ կանխում էր խոնավության պատճառած հնարավոր լուրջ վնասները։ «Այ տենց, իսկ դուք շարունակեք հոտել խցանումների մեջ լռված մարշրուտկաներում», — անհայտ ուղղությամբ իր միտքն ուղարկեց Լիլիթը։

Արմենը

Անցավ ևս տասնհինգ րոպե։ Արմենի մտքով արդեն անցնում էր առաջին իսկ կանգառում պարզապես դուրս ցատկել տրոլեյբուսից ու ոտքով գնալ։ Բայց մտքերին խանգարում էր դիմացի ընթերցասեր աղջկա ականջակալից լսվող դռդռոցը։ Ոչ այնքան աղմուկն էր ջղայնացնում, այլ այն, որ երգը բավարար բարձր ձայնով չէր, որպեսզի գոնե հասկացվի, թե որ երգն է։ Արմենը չդիմացավ, մաքրեց կոկորդը և կռացավ առաջ․ նախ ձեռքով թեթև դիպավ ուղևորուհու ձախ ուսին, ապա գլուխն անցկացրեց դիմացի երկու նստարանների հենակների վրայով։

- Ես ներողություն եմ խնդրում, բայց սա կենաց և մահու հարց ա, խնդրում եմ՝ մի մերժեք և օգնեք, — հուսահատությամբ ասաց նա, երբ աղջիկը հանեց ականջակալը և զարմացած նայեց նրան։

- Ըմ․․․ լավ, — արտաբերեց աղջիկը։

- Ես խելագարվում եմ, որովհետև ուշանում եմ ամեն ինչից, շոգից մեռնում եմ ու դրան գումարած՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ երգ եք լսում, — Արմենը բազմանշանակ նայեց նուրբ մատների մեջ բռնած սպիտակ ականջակալին։

- Օ՜հ, ահա թե ինչ․․․ Կներեք, եթե խանգարում էր, — մի փոքր շփոթվեց աղջիկը։

- Չէ չէ, էդ ոչինչ, ուղղակի էս պահին ընկճախտից ինձ կարող ա փրկել մենակ տեղեկությունը։ Կասե՞ք ինչ երգ ա։

Աղջիկը մի քանի վայրկյան մտածեց, հետո խորամանկ ժպտալով ասաց․

- Չեմ ասի՝ գուշակեք։

Արմենը լարվեց, ծամածռեց դեմքը, ավելի առաջ կռացավ՝ փորձելով մոտենալ մատներում բռնած ականջակալին։

- Հուշում՝ գիրք կարդալուն զուգահեռ միայն ինստրումենտալ եմ լսում, որ չշեղվեմ, — ասաց աղջիկը։

Ահա՜ թե ինչ։ Ուրեմն դաշնամուրային մեղեդին ոչ թե բալլադ էր, կամ երկար մի որևէ գործի բացում, այլ․․․ ահա, կարճ դադարից հետո երաժշտությունը վերսկսվում է աշխույժ ակորդեոնով։ Այլևս կասկած չկա։

- Օ՜, մի՞թե Յանի Տիրսեն․․․

Աղջկա դեմքն արտահայտեց զարմանք։ Գլխով «այո» արեց։

- «Ամելիի» չքնաղ սաունդտրեկը, հա՞ — շարունակեց Արմենը, — Էս ալբոմը էնքան լավն ա, որ կարելի ա առանց ֆիլմի էլ լսել ու ապրել։ Ճի՞շտ եմ։

Արմենը հույսով լի հայացքով նայեց աղջկան։ Ի պատասխան աղջիկը ականջակալը պարզեց Արմենին։ Հաջորդ կատարումը լսում էին երկուսով՝ ամեն մեկը մի ականջակալով։ Արմենը ձեռքով օդի մեջ կարծես նկարում էր ակորդեոնի անտեսանելի հյուսվածքները։

- Սա ոնց որ թե էն կտորն ա, որի տակ ամենավերջում Ամելին ու էն տղան մոպեդին նստած սավառնում են Փարիզի փողոցներով։ Ազատության մեջ վարում ու ուրախանում են, իսկ մենք անշարժացել ենք էս տարօրինակ մեքենայի մեջ, որտեղ ոնց որ թե նույնիսկ սիրտս ա ալարում աշխատի, — զառանցանքի պես արտաբերեց Արմենը։

Արմենը շոգից ու իրավիճակի տարօրինակ, կիսաերազային ռոմանտիկայից ջնջված այնքան խիզախացավ, որ առանց շտապելու իր ձեռքով վերցրեց աղջկա ձեռքը և մոտեցրեց իր կրծքին, որպեսզի աղջիկը զգա իր սրտի բաբախյունը։ Աղջիկը թեև բավական ապշած էր տրոլեյբուսային ճամփորդության նման ընթացքից, բայց կարծես չառարկեց։ Եվ իրոք՝ զգաց։ Անիրական պահն ընդհատվեց մոռացության մատնված գրքի՝ գետնին ընկնելով։ Դրը՜խկ։ Արմենը թողեց ձեռքը, մի կերպ շրջանցեց դիմացի նստարանը և վազեց դեպի գիրքը։

Զավենը

«Դեղին սուզանավը» սլանում էր Երևան տանող ճանապարհով։ Հայր և որդի Ասատրյանները, իհարկե, քաջ գիտակցում էին, որ ազատ տեղաշարժվելու նրանց իրավունքը կտրուկ կոտնահարվի քաղաքամայր մտնելուց շատ չանցած։ Եվ իրոք, հաջորդ քսանհինգ րոպեն անցան մղձավանջային խցանումների մեջ, բայց երկուսն էլ ոչ մի վայրկյան չհրաժարվեցին ամրագոտիների օգտագործումից (քիչ անց դա պետք է երկուսի համար էլ կենսական նշանակություն ունենար)։ Բայց այլ ճար չկար՝ Հովհաննեսի գրասենյակը Բաղրամյանի սկզբում էր, Զավենն էլ ոչ հեռու պատրաստվում էր հանդիպել Լիլիթին ու Արմենին։

Կասյանից Բաղրամյան ընթացող հատվածն անսպասելի ազատ էր, այնպես որ Ասատրյաններն ու իրենց փոխադրամիջոցը, կարծես, նորից զգացին, թե ինչպես են տեղաշարժվում։ Նման մի զգացողություն էլ ունեցել էր, հավանաբար, այն անհամբեր երիտասարդը, որն իր «բրաբուսով» սլանում էր հակառակ ուղղությամբ՝ Բաղրամյանից Կասյան։ Եվ այդ երիտասարդն էր, որ հանկարծ, արդեն էստակադայի վրա, 88 կմ/ժ արագության ժամանակ ծխելու խոր պահանջ էր զգացել, ուշադրություն չդարձնելով ճանապարհին՝ կռացել ծխախոտի տուփի ետևից, հետո ձեռքից գցել ծխախոտը ու առանց երկար բարակ մտածելու՝ կռացել դրա ետևից, թողել ղեկը, կորցրել մեքենայի հետ հոգևոր և ֆիզիկական կապը, մտել հանդիպակաց գոտի։ Ասատրյանների «սուզուկին» այդ պահին ուներ միայն մեկ տարբերակ՝ պահել հնարավորինս աջ և հուսալ, որ ծխող Շումախերը, այդուհանդերձ, կուղղվի ու կվերադառնա իր գոտի։ Ավաղ, այդպես տեղի չունեցավ․ «բրաբուսն» անկանոն շարժումներ կատարելով (երանելի գլանակը, հավանաբար, արդեն գտնվել էր) հարվածեց «սուզուկիին»։ «Սուզուկին» ինքն իր վրա զարմացած ցատկեց էստակադայից վար։ Այն ինչ պատահեց հետո, ցնցեց համացանցը։

Արմենը

«Հրեշների վալսն» ավարտվեց այն պահին, երբ Արմենը պպզեց նստարանների երկու շարքերի միջև, արագ վերցրեց գետնին տապալված գիրքը (Քնյութ Համսուն, «Սով») և պարզեց վերև՝ աղջկան։ Երբ վերջինս՝ դեռ սրտի բաբախյունի զգացումից շփոթված ասաց «մերսի», Արմենը զսպեց իր մեջ «որտե՞ղ մերսեմ, ուսե՞րը» պատասխանը, և դրա փոխարեն՝ նայելով աղջկա ուղիղ աչքերին, ամենայն լրջությամբ առաջարկեց․

- Արի գնանք Փարիզ ու Պոնտ Նեֆի մեջտեղը վալս պարենք։

Աղջիկը սկսեց ծիծաղել։ Բայց ոչ թե ծաղրել, այլ զվարթ ու բարի, այնպես, որ Արմենը կասկած չուներ՝ համաձայնվելու էր։ Բայց «Իհարկե՜, հենց վաղը»-ի փոխարեն լսվեց ահավոր դդմբոց, ճռռոց, փշրվող ապակիների խշշոց ու մարդկային աղաղակներ։

Մի քանի վայրկյան անց, երբ փոշին նստեց, ու Արմենը վերջապես պատրաստ եղավ բացել աչքերը, նա հայտնաբերեց Յան Տիրսեն լսող աղջկան իր գրկում՝ պատուհանին կից նստարանին։ Աղջկա գլուխը դրված էր նրա ուսին, մազերի մեջ՝ ապակու փշրանքներ։ Արմենը ուզում էր ձայն տալ աղջկան, հարցն էլ՝ «ո՞նց ես, ոչ մի տեղ չի ցավու՞մ», բայց մի տեսակ կորցրեց խոսելու ունակությունը, երբ հնամյա տրոլեյբուսի սալոնի կենտրոնում տեսավ գլխիվայր՝ թեքության տակ կանգնած, այնպես, որ հետույքը դուրսն էր մնացել, իրեն կասկածելի ծանոթ դեղին «սուզուկին»՝ իր ընկերոջ սիրելի «Դեղին սուզանավը»։ Նրա զարմանքը բնավ չպակասեց, երբ ծռմռված մեքենայի դիմացի դուռը բացվեց և այնտեղից մի կերպ կաղալով դուրս եկան նախ Զավենը, ապա նրա հայրիկը։ Զավենն ապշած նայեց շուրջը։

- Զավ, ո՞նց ես, ոչինչ չես ջարդե՞լ, — անհանգիստ հարցրեց Հովհաննես Ասատրյանը։

- Չէ չէ, նորմալ ա․․․ — վստահեցրեց Զավենը։

- Էդ հիմա՞րը որտեղից բուսնեց, այ մարդ, — Հովհաննեսը հիշեց պատահարի պատճառ դարձած հիմարին, հետո հազաց, — հլը տես՝ ստեղ հո ոչ մեկին չե՞նք վնասել․․․

- Ա՞րմ, դու ե՞ս, — Զավենը կկոցած աչքերով նայեց դեպի տրոլեյբուսի հետևի հատվածը, որտեղ ինչ-որ աղջկա հետ կուչ էր եկած իր ընկերը, որի հետ նա պետք է հանդիպեր տասնհինգ րոպեից Բաղրամյան պողոտայում։

- Իսկ դու Թիֆլիսում չէի՞ր, — իր հերթին զարմացավ Արմենը։

- Դե, եթե իմանայի սենց ա լինելու՝ կմնայի Թիֆլիսում․․․

Տրոլեյբուսակործան մեքենայի մյուս կողմից լսվեցին մյուս ուղևորների ձայները։ Թոշակառուներից մեկը, գործի դնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերված իր ողջ հայհոյարանը, պնդում էր, որ «Մեր վախտերով սենց բան չէր լինի», իսկ երկրորդը, որ «ուղղակի պետք ա մետրոն կարգի բերել»։

- Ի՞նչ ա կատարվում, — լսվեց աղջկա ձայնը, — սաղ ե՞նք։

- Հա, ոնց որ թե սաղ ենք, — մի փոքր անվստահ հավաստիացրեց Արմենը՝ մի ձեռքով դեռ գրկելով աղջկան, մյուսով՝ նրա մազերից սրբելով ապակու փշրանքները, — ծանոթացի, ընկերս ա՝ Զավենը։ Զավ՝ իմ փրկիչն ա, միասին գնալու ենք Կոլայդերին նայելու։

- Շատ հաճելի ա։

- Ինձ էլ․․․

Երևի կշարունակեին այդպես մտերմիկ ընկերական զրուցել խոցված էլեկտրական հանրային փոխադրամիջոցի սալոնում, եթե չզնգար Արմենի հեռախոսը։ Սխալմամբ սեղմեց բարձրախոսի կոճակին, որի արդյունքում դեպքի վայրում լսվեց Լիլիթի ձայնը․

- Ա՜րմ, ու՞ր ես, յա․․․

- Լսի․․․ խառն եմ, բայց մի քիչ հետո Զավենի ու մեկ այլ հրաշալի մարդու հետ կգանք։

- Զավենը Թիֆլիսում չէ՞ր։

- Չէ, չէ, ստեղ ա, կողքս ա։

- Լավ, լավ, ես սուրճ եմ պատվիրում, դուք եկեք։

Լիլիթը

Քիչ անց Լիլիթը մտավ ֆեյսբուք և մի քանի սքռոլ անց նկատեց ապշեցուցիչ լուսանկարները Բարեկամությունից և դրանցում ճանաչեց նաև իր ընկերներին։ Զարմանքից ձեռքից գցեց սուրճի տանովի թղթե բաժակը ու նորից շտապ իջավ գետնի տակ։ Մի քանի րոպե անց արդեն «Բարեկամությունում» էր։ Օրը նույնիսկ չէր հասցրել վերջանալ, երբ Զավենը, Արմենը և Անին՝ Համսուն կարդացող աղջիկը, Լիլիթի հետ հասան «Բիսեդկա» ու վերջապես նորմալ պատմեցին պատահածի մասին։ Լսելով բոլոր մանրամասները՝ Լիլիթը միայն մտքում արձանագրեց, որ ինչ լավ է, երբ կարող ես երթևեկել մետրոյով ու որ ոչ մի մի սուզանավ չի կարող անսպասելի վայրէջք կատարել քո նարնջագույն վագոնին։

--

--