Ծաղիկներ Սպիրիդոնի համար

Նախարարության բաժնի պետի օրագիր

editor
storiesfromarmenia
9 min readNov 30, 2018

--

Հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Պատկերազարդող՝ Վիլյամ Կարապետյան
Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

Փետրվար 18

Լավ, ուրեմն, սկսում եմ էս իմ օրագիրը: Ճիշտն ասած, ֆեյսբուքում կատաղած ստատուս էի ուզում գրել, բայց մեր բաժնի Գագիկ Գուրգենիչը խորհուրդ տվեց նման դեպքերում օրագիր վարել: Ասում եմ՝ ի՞նչ օրագիր, ես հո դպրոցական չե՞մ, ասեց՝ էսպես համ ասելիքդ ասում ես, համ էլ ավելորդ աղմուկ չես հանում: Դե ուրեմն, գրում եմ էս 200 դրամանոց տետրի մեջ, տեսնեմ՝ կօգնի՞:

***

Եվ ուրեմն, սիրելի և հարգելի օրագիր ջան, առավոտս բուռն էր: Նախ՝ դարձա 38 տարեկան: Հետո եկա գործի, որ անցնեմ նոր պաշտոնիս: Ժողովից հետո վարչության պետը կանչեց, ասեց՝ գնում ես Գերմանիա վերապատրաստման: Չհասցրի զարմանամ (թե ի՞նչ վերապատրաստում, ի՞նչ բան, ի՞նչ նոր բան պիտի սովորեմ էս տարիքիս), գնացի սուրճ վերցնելու ավտոմատից, մեկ էլ եկա՜ն: Երեք, այսպես ասած, «լրագրող», հենց չակերտներով: Մեկը՝ պոչիկով տղա (չեմ կարողանում լուրջ ընդունել պոչիկով տղաներին, չգիտեմ, չի ստացվում ու վերջ), երկուսն էլ կին արմատ… իրանցից գոհ-գոհ, հարձակվեցին վրաս, թե բա՝ իսկ ձեր կարծիքով ինչու՞ եք հենց դուք ստացել բաժնի պետի պաշտոնը: Ասում եմ՝ թողեք սուրճս խմեմ, հիմա հարցազրույցների ժամանակը չի… Պոկ չեկան, էլի են նույնը հարցնում: Էն պոչիկովն էլ, թե բա՝ կարո՞ղ ա ձեր նշանակումը կապված է խոշոր գործարար Զուռնաչյանի բաջանաղը լինելու հետ: Ասում եմ՝ այ տղա ջան, ես տասերկու տարի ա համակարգում եմ, գլուխս կախ աշխատել եմ տարիներ շարունակ՝ հին Հայաստանում, նոր Հայաստանում՝ կապ չունի, միշտ աշխատել եմ: Ու չեն էլ լսում՜ ինչ եմ ասում: «Մի՞թե կոռուպցիոն ռիսկերը ակնհայտ չեն, պարոն Սպիրիդոնյան»՝ աղջիկներից մեկն ա ասում: Չդիմացա, սկսեցի գոռգռալ, ինչ-որ ասեցի Սորոսի ու դրսի պատվերի մասին…

Ախր վատն էլ էն ա, որ ես ի՜նչ գործ ունեմ էդ թեմաների հետ, ուղղակի էնքան գլուխս կերան, որ ավտոմատ ասեցի: Հետո մտածեցի՝ ավելի լավ ա ստեղից ցվրվել: Համարյա վազեցի մուտքի մոտ ու աստիճանի վրա ոտքս սոթ տվեց՝ տեղում փռվեցի, ծունկս լավ վնասեցի: Լուսանկարեցին իհարկե… Էդ պահին վարչության պետը դուրս եկավ, ու ինձ վերջապես թողեցին հարձակվեցին իրա վրա: Բայց դե երեկոյան իմ մասին էլ գրեցին մի երկու բան իրանց կեղտոտ թերթերում, նկարն էլ տպեցին:

Ծնունդս հարամ արեցին: Էս աղմուկից հետո Գերմանիա էլ երևի չգնամ:

Փետրվարի 21

Շարունակում եմ գրել ստեղ, երևի օգտակար ա:

Էն օրվա լրագրողական դեպքից երկու օր հետո պետը կանչեց մոտը: Մտածեցի՝ նկատողություն ա անելու: Բայց չէ, ասեց, որ վաղուց պիտի սովորեի ու չնեղվեի էդպիսի բաներից: Ու որ վերապատրաստման ծրագիրը ուժի մեջ ա: Եվրամիությունը հատուկ Հայաստանի պետական համակարգի աշխատողներին ուղարկում ա վերապատրաստման ու փորձի փոխանակման: Դե, որ էդպես է, գնամ, վերապատրաստվեմ:

Փետրվարի 28

Սպիրիդոնը կծեց մատս: Քիչ էր մնում տայի սատկացնեի: Չեմ հասկանում՝ խամյակ (գերմանամու՞կ, պիտի ստուգեմ բառարանով) պահելու հաճույքը որն ա, էն էլ խոտի տեղը ծաղիկ ուտող: Մեզ ենք հազիվ պահում, այ մարդ: Հայ ընտանիքում չպիտի տենց բաներ լինեն: Բայց դե Հասմիկին հո չե՞մ ասելու՝ տար դուրս շպրտի դրան, շատ ա կապվել հետը: Էն էլ 14 տարեկան ա արդեն: Աստված իմ, աղջիկս ե՞րբ էսքան մեծացավ…

Ճամպրուկն էի հավաքում, մոտեցավ, ասեց՝ պապ, ինձ կարող ես ոչինչ չբերել, բայց Սպիրիդոնին մի հատ հավես գերմանական ծաղիկ բեր, թող ուտի: Կենդանու մասին ավելի շատ ա մատծո՜ւմ, ավազակս:

Ծունկս դեռ ցավում ա:

Վերջ, Գագիկը զանգեց, եկել ա ինձ տանի: Ի՜նչ լավ ա վարորդ ունենալը:

Մարտի 1

Ի՞նչ ասեմ քեզ, օրագիր ջան: Գարունը դիմավորում եմ ինքնաթիռում: Մի քանի ժամ պիտի թռչեմ, նստած տեղում քնել չեմ կարողանում, բան ու գործ չունեմ անելու: Հետևիս շարքում էլ փոքր երեխայի հետ ընտանիք ա նստած, ու էդ երեխան պարբերբար ոտքով խփում ա նստարանիս մեջքին: Իսկ կողքինս դասական խոպանչի ա: Կոշիկները հանել ա, աչքերը փակել ա խռմփացնում ա: Քնելուց առաջ դարդոտած ասեց, որ Ֆրանկֆուրտում չվաճառված ապրանք ունի, դա էլ իրացնելու ա ու հետ գա Հայաստան, վերջնական: Լավ կլինի, որ բոլորն էլ էդպես անեն:

Բայց ամենաշատը վատացա նրանից, որ Հայաստանից աղջիկների ֆուտբոլի թիմ ա թռնում Բեռլին ինչ-որ մրցումների: Ջահել, սիրուն, ուսանող աղջիկնե՜ր: Ի՜նչ գործ ունեն գնդակ են տշում: Մարդ ապշում ա: Մարզիչն էլ՝ իրանից գոհ, իտալացի հայ, ախպար, խոսացինք մի երկու բարեն անձնագրային մասում, խաղի տոմսն էլ տվեց, ասեց՝ արի աջակցի մերոնց: Չի հասկանում, որ մի երկրի բարքերը հեչ պարտադիր չի, որ լավ լինեն մի ուրիշ երկրի համար: Չգիտեմ, չգիտեմ, ծերացել եմ երևի էս կարգի նոր բաների համար:

Մարտի 3

Երեկ առաջին ժողովն ունեցանք: Հավաքվեցինք, ուրեմն, Բեռլինում կառավարական ինչ-որ շենքում: Հեչից երկու հարյուր տարվա շենք էր՝ հին, անհարմար, ճռճռացող հատակով: Ասեցին, որ դեռ Առաջին համաշխարհայինից առաջ են դրել պարկետը, դրա համար չեն փոխում, բայց դե ես հենց դրա համար էլ փոխել կտայի, թե չէ ի՞նչ իմաստ կա անցյալին էդպես կառչելու:

Մի խոսքով, հավաքեցին, նստացրեցին ամբիոնում՝ ես էի, ու էլի մի քանի հոգի Արևելյան Եվրոպայից, մարդ ա իրա երկրի պետական համակարգի աշխատող: Ժողովի ղեկավարը՝ Կլառան, հարցրեց, ով ինչից ա հատկապես նեղվում: Ձեռս բարձրացրեցի, ասեցի՝ անհամ լրագրողներից ու ժամանակ սպանող ժողովներից: Ոնց որ թե անգլերենս հերիքեց, ուրախացա: Կողքիս նստածները խնդացին, երևում ա՝ բոլորի մոտ էլ կա էդ խնդիրը: Էս Կլառան էլ առաջարկեց էսօր խոսել հենց դրա մասին: Մի կես ժամ պատմում էր, թե ինչ կարևոր ա մեր նման պետական աշխատողների համար հանրության հետ շփվելը: Վրացի մասնակիցը ասեց, բայց հանրությունը մի բան ա, կեղտոտ լրագրողները՝ ուրիշ (ու ճիշտ էլ ասեց): Իսկ Կլառան առարկեց. «Հանրության հետ շփվելու համար մեզ բոլորիս անհրաժեշտ են լրագրողներ, դրա համար բոլորի հետ պետք ա խոսել համբերատար, չփախչել սուր հարցերից, լինել բաց»: Ասեցի՝ իսկ եթե ոչ էլ լսում են պատասխաննե՞րս, էդ դեպքու՞մ ինչ անենք: Պատասխան՝ «Միևնույն ա, եղեք համբերատար, կառուցեք հարաբերությունները լրագրողների հետ, վաղ թե ուշ լեզու կգտնեք»: Պահո՜: Հեչ չեն պատկերացնում մեր իրականությունը:

Մարտի 4

Օրագրիս ասեմ՝ էսօր էլի մշակութային շոկ եմ ապրել: Ավտոբուսով պիտի հասնեի հյուրանոց: Ու ի՞նչ: Պարզվում էստեղի տրանսպորտում տոմս ստուգող չկա՜: Կարող ես անընդհատ առանց տոմսի նստես իջնես, վարորդը չի ընկնի հետևիցդ: Այսինքն, մարդիկ իրար վստահում են: Ո՞նց կարող ա էդպես լինել: Պատկերացրեցի մեր մոտ մարշրուտկաները էդպես աշխատեն, վարորդներն էլ չծխեն: Վատ միտք չի, ավագանու ընկերներիս պատմեմ, թող մի բան անեն, կամ թող իրանք էլ գան վերապատրաստվեն:

Ի՜նչ լավ ա ծառայողական մեքենա ունենալը՜:

Մարտի 6

Երեկոյան որոշեցի մի քիչ քայլել՝ ի վերջո առաջին անգամ եմ Հայաստանից էսքան հեռու, տեսնեմ ինչով են ապրում, ինչ անում: Ու ի՞նչ: Մի մարդկային աջափ-սանդալ՝ տուրիստներ, տեղացիներ, սիրուն աղջիկներ, գեշ աղջիկներ, սևեր, սպիտակներ, դեղիններ, կարմիր-կապույտ-կանաչ մազերով, աղջկանման տղաներ, տղայանման աղջիկներ: Ու էնքան իրանց համար սովորական ա, որ հեչ իրար չեն էլ նայում: Ես եմ այլ մոլորակից եկածի նման աքչերս չռել: Մեկ ասեցի՝ չէ, էս վերապատրաստումը իմ համար չի: Ես չեմ պատկերացնում՝ էս Եվրամիությունը ոնց ա սենց ապրում: Չեմ պատկերացնում՝ մենք ստեղ ինչ գործ ունենք:

Բայց հետո էլ մտածեցի՝ բայց երևի պետք ա այ սենց գաս, տեսնես, զգաս, փորձես հասկանաս: Կլառան էսօրվա դասի ժամանակ իզուր չէր էդքան ասում՝ «Ձեր գործի բնույթից ելնելով դուք հաճախ եք շփվում ամեն տեսակի մարդկանց հետ, որոնց կարծիքով դուք համարյա գերբնական ուժեր ունեք, դուք պետության ներկայացուցիչ եք, դուք իրանց հարցերը լուծողն եք: Քաղաքացիները երբեմն չեն հասկանում, թե ինչ բարդ կարող ա լինել ձեր աշխատանքը: Բայց դուք էլ պիտի հասկանաք, թե մարդիկ ինչ բարդ իրադրության մեջ կարող են լինել, երբ դիմում են ձեզ իրենց հարցերով»: Քմծիծաղ տվեցի էդ պահին, ասեցի՝ էս ի՞նչ ես սովորացնում, ինչի մենք չգիտե՞նք: Ինչի դուք ու՞ր էիք, որ Հայքում թատրոն ու գրականություն կար: Հետո հիշեցի, թե հիմա ով ում մոտ ա վերապատրաստվում ու մտքումս ինքս ինձ նկատողություն արեցի…

Մի խոսքով, սխալ ա սեփական չորս պատերի մեջ փակվելը ու մյուս սենյակներով չհետաքրքրվելը: Դրա համար ուշադիր ուսումնասիրում եմ շուրջս ամեն ինչ: Մի պահ էդպես իմ մտքերով նստած նայում էի Բեռլինի պատի մնացորդներին, մեկ էլ տեսնեմ մի քսան-երեսուն հոգի ջահելություն քայլում են ու անցորդներին ծաղիկներ բաժանում: Առիթը չիմացա, երևի ինչ-որ տոն էր, կամ գուցե տոնական տրամադրության համար իրենց հատուկ տոն պետք չի՞: Էդպես, դաշտային ծաղիկների մի փոքր փունջ էլ ինձ հասավ:

Կարելի ա պահել, տանել Սպիրիդոնին, թող մի օր էլ գերմանական ծաղիկներ ծամի ընթրիքին:

Մարտի 7

Նախավերջին օրը մեծ պտույտ տվեցինք էստեղի նախարարություններում: Էդ ի՜նչ կազմակերպված ա ամեն ինչ: Աշխատողները՝ լիքը, տարբեր հարցերով գնացող-եկող քաղաքացիները՝ լիքը, գործեր են արվում ամեն վայրկյան: Բայց հանգիստ, կազմակերպված, առանց ղալմաղալի, առանց կռիվների: Ցույց տվեցին ներքին էլեկտրոնային համակարգը, ոնց են տարբեր շենքերում տարբեր բաժիններ իրար հետ վայրկյանական շփվում ու հարցեր լուծում: Հիշեցի, ոնց եմ ես ամեն անգամ կողքի բաժնի քարտուղար Ալվարդ տոտային ժամերով փնտրում, հետո գտնում կանֆետ ու մրգով կոֆե խմելիս մեր բաժնի Ջուլիկ տոտայի մոտ, ու ոնց ա, որ քսան րոպեյվա գործը արվում ա չորս օրում, քաղաքացիներն էլ մեզ դրա համար չեն սիրում:

Դրա մասին որ ասեցի, էս գերմանացի պաշտոնյան ժպտաց, ասեց՝ «գիտեք մեզ շա՞տ են սիրում: Ուղղակի գիտեն, թե ինչ պիտի պահանջեն, մենք էլ գիտենք մեր պարտականությունները»: Ինչ-որ բան էի ուզում հարցնել, բայց մոռացա ինչ, որովհետև տեսա սենյակի մյուս անկյունում մի ուրիշ կին-պաշտոնյա մի ձեռքով պահել էր նորածին երեխային ու օրորում էր, մյուսով համակարգչի մուկն էր բռնել: Ու էդպես գործ էր անում: Ավելի լավ չէ՞ր նորմալ էդ երեխային տանը մեծացներ, գործը չէ՞ր սպասի: Թե՞ ես ինչ-որ բան ճիշտ չեմ հասկանում: Հը՞ն, դե մի բան ասա, այ օրագիր: Է՜հ:

Մարտի 8

Ուզում էի մերոնց համար խանութից նվերներ առնեի, էն էլ պազվեց շաբաթ-կիրակի բաց խանութ չես գտնի: Զարմացա, հարցուփորձ արեցի, պարզվում ա՝ օրենք ա: Հանգստյան օրերը բոլորի համար են հանգստյան: Մնացածն էլ համակերպվում են: Ոչինչ չառա, բայց մեր վերապատրաստման ծրագրի մնացած ժողովրդի հետ գնացինք գարեջուր խմելու:

Նստած կենացներ էինք ասում, մարդ ա իրա երկիրն էր հրավիրում մնացածին (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս…), մեկ էլ հիշեցի, որ էսօր էն մեր ֆուտբոլիստ աղջիկների խաղն ա լինելու: Նայեցի ժամի՝ դեռ ժամանակ կար: Բոլորին կանչեցի հետս, հավաքվեցինք ու՝ հայդե մարզադաշտ: Էն էլ ի՜նչ մարզադաշտ՝ համարյա Չեմպիոնների Լիգայի մակարդակի ու չափերի: Եվրամիության Արևելյան համագործակցության երկրների աղջիկների թիմերի միջազգային մրցաշար էր, լիքը լրագրողներով, երկրպագուներով, հայտնի դեմքերով (մեզանից մի քանի նստարան էն կողմ Կլինսմանն ու Կյոպկեն էին նստած, քիչ էր մնում վազեի հետները նկարվելու, բայց ամաչեցի):

Ու հանկարծ էնպիսի հպարտություն զգացի: Զարմացա էլ ինքնաթիռում մոտս եղած զգացողությունների վրա: Օդի՞ց էր, միջավայրի՞ց էր, էս քանի օրը տեսած-լսածի՞ցս, բայց հեչ զարմանալի չէին գնդակ տշող ու հավեսով, խաղի մեջ սուզված երեխեքի պատկերը: Ճիշտ ա, պարտվեցին, բայց մեկ ա՝ մինչև վերջ պայքարեցին, իրանց չխնայեցին ու լավ էլ խաղացին, ասեմ օրագրիս: Համենայն դեպս, Ջիբրալթարին հաստատ չէին պարտվի որոշ տղամարդկանց պես:

***

Մի քիչ առաջ զանգեցի տուն՝ մերոնց տոնը շնորհավորելու: Աղջկաս հարցեցի՝ կարող ա՞ հանկարծ ֆուտբոլի գնալու ցանկություն ունի… Ծիծաղեց, ասեց՝ «Որ ուզենայի կասեի վաղուց», բայց հաճույքով կգնար կապոեյրա սովորելու: Մեջս մի ձայն ասեց՝ «աղջիկ-կառատեիստն էր քեզ պակա՜ս», մյուսն էլ ընդվզեց՝ «Նոր Հայաստանում բոլորը ազա՜տ են»: Ասեցի՝ եթե ուզում ես, ինչու ոչ:

Մարտի 9

Վերջին օրն էր էսօր: Առավոտվա ժողովի ժամանակ Կլառան հանկարծ շնորհավորեց ինձ երեկվա խաղի կապակցությամբ: Մի պահ չհասկացա՝ ինչ ա ասում, հետո ասեց, որ շատ լավ տպավորություն թողեցին մեր աղջիկները՝ բոլորը հիացած են, ու շատ ուրախ ա, որ Հայաստանում աղջիկներն էսպիսի բարձունքների են հասնում: Փաստորեն, էնքան լուրջ միջոցառում ա եղել, որ էս պաշտոնյա կինն էր նույնիսկ տեղյա՜կ: Դե, ես էլ իրանց հավաքականին հաջողություն մաղթեցի Եվրոպայի մյուս առաջնությունում:

Չվերթից մի քանի ժամ առաջ գնացինք Ռայխսթագ: Ով կմտածեր: Քոչարի չպարեցի՝ անհամություն կլիներ: Մենակ հիշեցի պապիկիս պատերազմական ֆոտոները ու մտածեցի՝ ինչ հետաքրքիր բան ա ժամանակը, ինչքան բան կարող ա փոխել: Էս մի քանի օրը ինձ աննկատ, թաքուն փոխեցին: Երևի ավելի լավ ա էդպես, քան քարացած մնալ նույն ձևի:

Վերցրեցի Սպիրիդոնի համար պահած ծաղիկները (գերմանածաղիկներ գերմանամկան համար)՝ մի քանի օր սիրուն ջրել, պահել էի, վերջում էլ փաթաթեցի թղթի մեջ, ու գնացի օդակայան: Տոմսը ավտոմատից տպեցի, ավտոբուսում դաջեցի, մտածեցի՝ եթե ինձ վստահում ա էս պետությունը, ես էլ իր վստահությունը գետնով չտամ: Ճիշտ ժամանակին հասա տեղ՝ էստեղ ամեն ինչ արվում ա ճիշտ ժամանակին, ու դա ուղղակի հեքիաթային զգացողություն ա առաջացնում:

Հիմա ինքնաթիռում եմ: Վերապատրաստված, փորձ փոխանակած գնում եմ Հայաստան:

Մարտի 10

Սպիրիդոնին դուր եկան բեռլինյան ծաղիկները: Մեկը ծամեց, կրծեց, մյուսով զարդարեց բույնը: Եվրոպամետ կենդանի՜ ա:

Հասմիկն էլ շատ ուրախացավ, որ Բեռլինի պատի գրաֆիտիների մասին պատմող մեծ ալբոմ հասցրեցի առնել վերջին պահին: Աղջկաս մայրիկի (նույն ինքը՝ կյանքիս ընկեր և սիրելի տիկին) հետ էլ շնապսը վայելեցինք: Որոշեցինք մյուս տարի երեքով մի տեղ գնալ վերջապես:

Մարտի 13

Էսօր հայտարարեցին, որ վերապատրաստման ծրագիրը շարունակվելու ա ու մյուս բաժիններից էլի մարդ են ուղարկելու եվրոպական երկրներ: Շատ կարևոր լուր՝ բոլորս պիտի սովորենք ու փոխվենք, որ կարողանանք փոխել ու Հայաստանը իսկապես նորացնենք:

Նախարարությունից դուրս գալիս մուտքից քիչ հեռու տեսա պոչիկով լրագրողին: Հոգնած ծխում էր. երևում էր, որ օրը անիմաստ անցկացրել ա մուտքի մոտ ու ոչ մի հետաքրքիր նյութ չի հավաքել: Մտածեցի, որ հենց հիմա դիալոգ սկսելու ժամանակն ա: Հիշեցի Կլառայի պատմածները՝ «համբերատար, առանց սուր հարցերից խուսափելու կառուցեք ձեր հարաբերությունները»: Մովսիսյանին հաջող արեցի, մոտեցա, առաջարկեցի գնալ մի տեղ սրճելու: Զարմացած նայեց ինձ, մի քիչ նույնիսկ՝ վախեցած: Մտածեց, ասեց՝ ի՞նչ կապակցությամբ: Ասեցի, որ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Բայց եթե հարցեր լինեն, ոչ թե մեղադրանքներ: Մտածելով մուխ քաշեց ու գլխով «հա» արեց:

Երևի երկու ժամ նստեցինք մոտակա սրճարանում, ամեն ինչի մասին խոսեցինք: Բոլոր հարցերին պատասխանեցի, մի քանիսին՝ մի քանի անգամ, մինչև որ ասածներս ամբողջությամբ պատկերացնի: Վերջում (խեղճի մոտ էլ սիգարետ չէր մնացել) ասեց՝ «բա որ կարող եք էսպես մարդավարի խոսել, ինչի՞ չեք խոսում, ինչի՞ մարդկանց ոչինչ չեք պատմում»: Ասեցի, որ ես ինձնից կախվածն արդեն անում եմ, մնացածն էլ, վստահ եմ, կանեն իրենց հասանելիքը:

Իրար ձեռք սեղմեցինք ու գնացինք մեր գործերով: Մի քիչ ինձ ավելի հանգիստ ու համերաշխ եմ զգում:

Այ էսպիսի բաներ, հարգարժան օրագիր ջան: Քեզ էլ շնորհակալություն օգնության համար:

--

--