Մեսենջերները` նոր սերնդի սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերի հետ կապված զարգացման վերջին միտումները կարելի է ամփոփել մեկ բառակապակցությամբ՝ հետաքրքրության անկում։ Եվ այս միտումը, դեռևս, միայն նախնական փուլում է։ Այսօրվա խոշորագույն սոցիալական ցանցերից՝ Twitter-ը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի կարողանում կանգնեցնել ակտիվ օգտատերերի քանակի և եկամուտների անկումը։ Մի պահ պատկերացնենք, թե ինչպե՞ս և ինչքա՞ն կօգտագործեինք Facebook-ը առանց Messenger հավելվածի։ Կարծում եմ՝ պատկերը պարզ է։

Այսօր, հատկապես 12–20 տարեկան օգտատերերը (թինեյջերներ, ովքեր ամենաակտիվ և շահութաբեր օգտատերերն են), նվազեցրել են ակտիվությունը սոցիալական ցանցերում և նախընտրում են օգտվել հաղորդակցման հավելվածներից։ Օգտատերերի ներգրավվածության ժամանակը Whatsapp-ում, Viber-ում, Zangi-ում շարունակաբար աճում է՝ ստիպելով հավելվածներ ստեղծողներին նորանոր գործիքներով և հատկություններով զինել դրանք։ Ժամանակակից մեսենջերը իր մեջ ներառում է հաղորդակցման բոլոր տեսակները՝ ձայնային զանգեր, տեսազանգեր, տեքստային հաղորդագրություններ, խմբային չաթեր, ժամանցի միջոցներ, ֆայլերի և կորդինատների փոխանակում և այլն։ Վերջին շրջանում սրանց է միացել և արագորեն զարգանում է բաց չաթը (public channel), որը որոշ երկրներում դարձել է Facebook-ի լիարժեք փոխարինողը։

Իսկ ինչու՞մն է կայանում մեսենջերների կարևորությունը: Մեսենջերները ունեն մի շարք կարևոր առավելություններ. նրանք ավելի ինտերակտիվ են, դինամիկ ու ճկուն, հարմար են օգտագործել շփման ընթացքում, հեշթեգերի միջոցով կոնկրետացնում են թեմաները և այլն։ Այս առավելությունները արդեն ստեղծել են գլոբալ թրենդ։ Այսօր շատ հավելվածներ ի սկզբանե ստեղծվում են մեսենջերի հիմքով (messenger engine)։ Վառ օրինակ է Slack-ը, որը թիմային հաղորդակցության և համագործակցության համակարգ է․ ստեղծվել է մեսենջերի սկզբունքով` ավելացնելով կառավարման հատկություններ ստացել է ոլորտի ամենահաջողված լուծումներից մեկը։ Slack-ի կապիտալիզացիան մոտ 8 միլիարդ դոլլար է։ Մյուս ամենահաջողված հավելվածը դա Snapchat-ն է, որի կապիտալիզացիան մոտենում է 40 միլիարդ դոլլարի։ Snapchat-ը ներկայանում է որպես նկարների և տեսանյութերի ուղղվածությամբ հավելված, բայց ստեղծվել է նույնպես՝ մեսենջերի հիմքով։

Հաջորդ հետաքրքիր թրենդն այն է, որ տարբեր սոցիալական խմբեր, կորպորատիվ միավորներ ցանկանում են ունենալ իրենց սեփական փակ մեսենջերը` նախատեսված ներքին օգտագործման համար: Օրինակ՝ Զանգի-ն ունի <<փակ մեսենջեր>> համակարգեր ստեղծելու հայտեր այնպիսի ոլորտներից ինչպիսիք են սուպերմարկետների ցանցերը, ֆուտբոլային ակումբները, աֆրիկայում ապրող ցեղերը և այլն։

Այսպիսի դինամիկ և թիրախավորված հաղորդակցման գործիքն արդյունավետությամբ գերազանցում է այսօրվա սոցիալական ցանցերին, քանի որ վերջիններում տեղեկատվության հոսքը չափազանց մեծ է և արագ՝ դարձնելով հաղորդակցությունը շատ մարդկանց հետ դժվար թիրախավորվող և վերահսկվող։ Ավելին՝ 2016թ. ամռանը Facebook-ի փոփոխությունների արդյունքում ընկերությունների էջերի տեղեկատվության տեսանելիությունը զիջել է մարդկանց տարածած տեղեկատվությանը։ Սա նշանակում է, որ Facebook-ը` որպես մարդկանց, համայնքների և այլ խմբերի հետ կապ պահելու գործիք, հարմար և նույնիսկ ձեռնտու չէ։

Show your support

Clapping shows how much you appreciated Vahram Martirosyan’s story.