«Ամարաս» բարեգործական միություն

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
15 min readDec 4, 2019

Սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիները այրում էին հայերի տները, իսկ Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ չմտնող, բայց ամբողջովին հայերով բնակեցված Շահումյանի շրջանում, խորհրդային բանակի զինվորները բռնի ուժով գյուղացիներին նստեցնում էին ավտոբուսներ և արտաքսում Լեռնային Ղարաբաղ: Իշխանությունները նպատակային և անթաքույց փոխում էին շրջանի բնակչության ազգային կազմը: Ժամանակին հայկական որոշ գյուղեր միտումնավոր չէին միացրել հայկական ինքնավարությանը, որ դրանք համարվեն ադրբեջանական, իսկ հիմա տեղահանելով բնիկներին, այդ գյուղերը արհեստականորեն մաքրում էին: Այդպիսով հայերը կորցնում էին իրենց հողերն ու տիրոջ իրավունքները: Շատ հմուտ էր ծրագրված: Նախ այդ հողերը ինքնավարության մեջ չէին մտնում, երկրորդը՝ այնտեղ արդեն հայեր չկային: Քաղաքականության մեջ սա նորություն չէր, բայց հիմա դրան նպաստում էր բանակը: Հազիվ թե համարձակվեր այդ քայլն անել գնդի կամ դիվիզիայի հրամանատարը: Նման հրաման, թեկուզ բանավոր, կարող էր տալ միայն մոսկովյան բարձրագույն ղեկավարությունը:

Աղդամի, Ֆիզուլու, Միրբաշիրի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ճանապարհները փակել էին, փախստականի համար Ղարաբաղ կամ Հայաստան հասնելը դարձել էր գրեթե անհնար: Այդպիսով, ադրբեջանաբնակ հայերին մեկուսացրել էին, աշխարհից կտրված, նրանք կարող էին հույսները դնել միայն Կրեմլի վրա, իսկ Կրեմլը չէր շտապում միջամտել:

88-ի ապրիլն էր: Փախստականների մի մասը ինչ-որ կերպ հասավ Ղարաբաղ, մյուս մասը հասավ Հայաստան, մնացածը գնացին Ռուսաստան: Հարկավոր էր հոգալ բոլորի համար: Հայաստանում, Արցախում ու Ռուսաստանում ստեղծվեցին օգնությունն ու օժանդակությունը համակարգող շտաբեր:

Համախոհների խմբով կարճ ժամանակում մենք ստեղծեցինք Արցախյան «Ամարաս» բարեգործական միությունը, որ օգնենք կարիքավորներին, նախ և առաջ՝ փախստականներին: Միության նախագահ ընտրեցին իմաստուն, բարի և Արցախում ու Հայաստանում քաջ հայտնի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Բորիս Վարդանի Դադամյանին: Դե, իսկ առաջին տեղակալ և գործադիր տնօրեն ընտրեցին ինձ՝ որպես կազմակերպության հիմնադիր: Արցախի հայկական բարեգործական միության՝ (ԱՀԲՄ ) «Ամարասի» վարչության կազմում ընդգրկվեցին երևելի դեմքեր Արցախից, Հայաստանից ու սփյուռքից: Հայաստանը ներկայացնում էին Գուրգեն Մելիքյանը, Սուրեն Զոլյանը, Ծովակ Մինասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, բանկիր Բագրատ Ասատրյանը, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ եպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, բանվորուհի Ամալյա Աղաջանյանը, դերասանուհի Ժաննա Գալստյանը, Արմեն Աբգարյանը (հետագայում՝ ԼՂՀ Պաշտպանության նախարարի տեղակալ), Վլադիմիր Արզումանյանը (զոհվել է), քաղխորհրդի պատգամավոր Պավել Սաղյանը, Արթուր Մկրտչյանը (հետագայում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ), Վիգեն Շիրինյանը (հետագայում՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր), Շահեն Մեղրյանը (հետագայում՝ Հայաստանի ԳԽ պատգամավոր, հետմահու՝ Արցախի հերոս), Մարատ Հակոբջանյանը (հետագայում՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր):

Վարչության կազմում ընդգրկվեցին արտասահմանցի մեր հայրենակիցներ Հրանտ Ղուլյանը, Հրաչ Գաբրիելյանը, Անդրեաս Ռուբյանը, Էնդրյու Շահինյանը, Վազգեն Սեդրակյանը ԱՄՆ-ից, Վանիկ Հակոբյանը Գերմանիայից, Վարդան Սըրմաքեշը Շվեյցարիայից, Վետա Ավթանդիլյանը Ռուսաստանից, Սամվել Վարդանյանն Ուկրաինայից, Շառլ Ազնավուրը և Վերոնիկան Ֆրանսիայից, Արամայիսը Կանադայից, Անդրանիկ Ղարիբյանը Ավստրալիայից: Մի խոսքով, Ղարաբաղի մեջքին միաձույլ պատի պես կանգնած էր ամբողջ հայ ժողովուրդը, ներառյալ սփյուռքը:

Ամենադժվարը հիմնադիր համագումարում նորաստեղծ կազմակերպության անվանում ընտրելն էր: Տարբերակները թափվում էին մեկը մյուսի ետևից: Սկսվեց երկար քննարկում, երկու օր անցավ ապարդյուն վեճերով: Ամենահաջողը թվաց քրոջս՝ Ադելաիդայի առաջարկածը: Նա մանկավարժականի երկրորդ կուրսի ուսանողուհի էր, նույնպես համագումարի պատվիրակ: Հենց նա էլ շշնջաց ականջիս. «Թող Ամարաս լինի: Ի՞նչ վատ է: Հոյակապ եկեղեցի է: Ու ոչ միայն ճարտարապետական կոթող է, այլև իսկական խորհրդանիշ՝ ազգային պատմության, ազգային մշակույթի»: Կեցցես, քույրիկ, մտածեցի ես: Ամարասը հայկական հնագույն եկեղեցիներից մեկն է, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում: Հարյուր տարի անց Մեսրոպ Մաշտոցը, իր մեծագույն հայտնագործությամբ վերադառնալով Հայաստան, այստեղ բացեց առաջին դպրոցներից մեկը, որտեղ սկսեց ուսուցանել հայկական գրերը: Դրանք սկսեցին տարածվել հենց այդտեղից: Դարերի ընթացքում այս վանական համալիրը վերակառուցվեց, մեծացավ, բայց միշտ մնաց կրոնական ու մշակութային կենտրոն: Դե, իսկ խորհրդային իշխանության օրոք, երբ 30-ականներին Ղարաբաղում միանգամից փակեցին բոլոր եկեղեցիները, իշխանությունները Ամարասի համար գտան առավել գործնական կիրառություն. դարձրին այն պահեստ ու գոմ: Փառք աստծո, որ չավերեցին: «Քեզ դո՞ւր է գալիս»,- հարցրեց քույրս: «Վեր կաց և առաջարկիր»,- հորդորեցի: Նա ամաչկոտ ոտքի ելավ: Տպավորությունն այն էր, ասես բոլորը Ադելաիդայի խոսքին էին սպասում: Վեճերն անմիջապես դադարեցին, և միաձայն որոշում ընդունվեց միությունն անվանակոչել ղարաբաղյան նշանավոր եկեղեցու անունով:

Ինձ շատ ուրախացրեց նաև այն, որ Բորիս Դադամյանը համաձայնեց դառնալ միության նախագահ: Բացի այն, որ նա քաղաքում հարգանք և հեղինակություն էր վայելում, ի հայտ եկավ նաև հավելյալ կռվան: 1989 թվականի սկզբին խորհրդային պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի մասնակի ազատ և այլընտրանքային ընտրություններում Դադամյանը ընտրվեց ժողովրդական պատգամավոր: Դա նշանակում էր, որ նա ստացավ պատգամավորական անձեռնմխելիություն: Բաց և գնալով ավելի սրվող հակամարտության պայմաններում Բորիս Դադամյանը արժանապատվորեն պաշտպանում և ներկայացնում էր հայկական շահերը տարբեր ատյաններում: Առանց նրա մենք կարող էինք բազմիցս խճճվել բյուրոկրատական լաբիրինթոսներում:

Փողը միշտ չէր հերիքում և մշտական հարց էր, թե որտեղից փող ճարենք: Բորիս Դադամյանն այստեղ էլ անփոխարինելի էր: Օգնության համար նա դիմում էր ձեռնարկությունների ղեկավարներին, մինիստրներին, բարեգործական ֆոնդերին: Եվ դա զարմանալիորեն հաջողվում էր նրան: Շատ կարևոր էր, որ նա փող էր խնդրում ոչ թե իր անունից (իսկ նրա անունը, ղարաբաղյան չափանիշներով շատ հնչեղ էր), այլ «Ամարաս» բարեգործական միության անունից: Այդպիսով նա բազմապատկում էր մեր նորաստեղծ կազմակերպության թե՛ հռչակը, թե՛ կշիռը: Դադամյանի անբիծ հեղինակության շնորհիվ նրան հազվադեպ էին մերժում: Հայթայթված միջոցները նա փոխանցում էր ինձ՝ որպես գործադիր տնօրենի, ես էլ, իմ հերթին, հաշվետու էի նրանց առջև, թե որտեղ, ինչպես և ինչ կարիքների համար եմ ծախսել այդ միջոցները: Ամբողջ հաշվապահությունը ես խնամքով պահում եմ առ այսօր:

Իհարկե, պատգամավորական անձեռնմխելիությունը խորհրդային երկրում հարաբերական էր, իսկ Խորհրդային Ադրբեջանում՝ ավելի հարաբերական: Մի անգամ, վայրէջք կատարելով Ստեփանակերտում, Դադամյանը ձերբակալվում է ադրբեջանական ՕՄՕՆ-ականների կողմից, որոնց մեջ առանձնանում էր մի փոխգնդապետ, անկասկած՝ ռուս: Պատգամավորին նստեցնում են առանց համարանիշի մեքենա և տանում անհայտ ուղղությամբ: Մենք օգնության խնդրանքով դիմեցինք զինվորականներին: Նրանց որոնումները տևեցին մի ամբողջ օր, Դադամյանին գտան Աղդամում, ընդ որում, նրանից խլել էին անձնագիրն ու պատգամավորի վկայականը: Նրան, բնականաբար, բաց թողեցին, բայց բացահայտ ապօրինի կալանման պատճառը այդպես էլ չներկայացրին: Այդ համեստ և իմաստուն մարդը երբեք գլուխ չի գովել իր արածների համար: Մինչդեռ այն, ինչ արել է Բորիս Դադամյանը Արցախի և, մասնավորապես, «Ամարաս» ԱՀԲՄ համար, սխրանք էր, նա ազգի իսկական հերոս էր, թեև այդ կոչմանն էլ չարժանացավ: Ափսոս, որ նա կյանքից հեռացավ չգնահատված, ընդ որում, չգնահատեցին նրան մեր իսկ պետության՝ ԼՂՀ ղեկավարները, որոնց նա շատ է օգնել:

Ձևավորելով աշխատանքային խումբը, մենք սկսեցինք իրագործել ծրագրային դրույթները: Մենք՝ Բորիս Դադամյանը և իր երկու տեղակալները, գաղտնի, կանխիկ ֆինանսավորում էինք Ղարաբաղյան շարժման «Միացում» կոմիտեի քաղաքական շտաբը, որը ղեկավարում էին Ռոբերտ Քոչարյանն ու նրա տեղակալ Սերժ Սարգսյանը: «Միացում» կոմիտեն կազմակերպում էր քաղաքական ակցիաներ և բանակցություններ էր վարում Մոսկվայի ներկայացուցիչների հետ, դրա հետ մեկտեղ ամբողջ Արցախում ձևավորում էր ընդհատակյա կամավորական զինված ջոկատներ, որոնք պետք է պաշտպանեին մեր սահմանամերձ գյուղերը, նրանց անասուններն ու արոտավայրերը, բերքը և հանդերը: Բացի այդ, գյուղացիներին մենք օգնում էինք փողով, սերմացուով, տեխնիկայով, վառելիքով, աջակցում էին նաև բերքը աճեցնելուն, վարելահողերը մշակելուն և բերքն ու բարիքը իրացնելուն: Այդ ամենի նպատակը գյուղացիներին հարազատ հողում պահելն էր, որ սահմանամերձ գյուղերը անմարդաբնակ չդառնան:

Մեր հաջորդ կարևոր խնդիրը Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից և Ադրբեջանի մյուս շրջաններից վտարված փախստականներրին օգնելն էր: Ադրբեջանի ողջ, երբեմնի ինտերնացիոնալ տարածքում, սկսվել էր հայերի որս և շատ հաճախ այդ որոգայթի մեջ էին ընկնում նաև ռուսներ, ուկրաինացիներ և այլոք: Ոչ ոք չէր կարող իրեն անվտանգ զգալ:

Ադրբեջանի սանձազերծած չհայտարարված պատերազմի ծանրագույն օրերին, «Ամարասի» նյութական միջոցները չափազանց սուղ էին: Իհարկե Հայաստանն ու սփյուռքը օգնում էին մեզ: Բայց պահել 150 հազարանոց Ղարաբաղի բնակչությունը, որից, որքան հիշում եմ, 15 հազարը մարտական կամավորներ էին, մեզ համար գրեթե անհնար էր: Ըստ էության, ինքնավար մարզի պաշտոնական ղեկավարությունը մատնված էր անգործության, տնտեսությունը չէր աշխատում, հարկերը չէին հավաքվում, բյուջեն դատարկ էր: Եվ փաստացի «Ամարասի» միջոցները դարձան Արցախի բյուջեն: «Ամարասն» էր հատկացնում անհրաժեշտ միջոցներ նորաստեղծ Արցախի Հանրապետության կենսագործունեությունը և պաշտպանությունը ապահովելու համար: Բացի աշխարհի հայության աջակցությունից, մեզ ֆինանսավորում էր Հայրենիքը՝ Հայաստանը: Այդ օգնությունը քիչ է անվանել անգնահատելի. այն բառիս բուն իմաստով փրկություն էր: Բացի սուղ պետբյուջեից, իրենց ռեսուրսներով, ֆինանսներով, սննդամթերքով, վառելիքաքսայուղային նյութերով մեզ հետ կիսվում էին հարյուրավոր ձեռնարկություններ և գյուղեր: Բացի այդ դեղորայք, բժիշկներ, օդային բեռնափոխադրումներ: Այդ օրերին մենք նույնիսկ Արցախում համերգներ էինք կազմակերպում, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ հանրահայտ մարդկանց մասնակցությամբ, ընդ որում՝ ոչ միայն հայերի: Գլխավորը, որ մարդիկ տեսնեին, որ չեն մատնվել բախտի քմահաճույքին, ունեն տանիք, մի կտոր հաց և բարեկամներ, որոնց կարելի է դիմել ու կիսել հոգսերը:

«Ամարասը» կապեր հաստատեց մի շարք երկրների հայկական համայնքների, կուսակցությունների և ժողովրդավարական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ նաև նախկին խորհրդային և սոցիալիստական պետությունների: Մենք ֆինանսավորում էինք մեր պատգամավորների և պատվիրակների կապերը արտաքին աշխարհի հետ: Եվ չէինք սխալվում: Համագործակցությունը արդյունքներ տվեց: Մենք ունեցանք հեղինակավոր, հավատարիմ կողմնակիցներ տարբեր երկրներում, թեկուզ միայն ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն:

Իր կարևորագույն խնդիրն «Ամարասը» համարում էր այն, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Արցախում բացեր հոգևոր կենտրոն և առաքելական եկեղեցու լիարժեք թեմ: Մենք հասկանում էինք, որ դեպի Արցախ սողացող պատերազմում վճռորոշ դեր պիտի խաղա ժողովրդի հոգևոր ուժը: Տասնամյակներ շարունակ մենք զրկված էինք հավատի այնպիսի անգնահատելի ակունքից, որն էր եկեղեցին, որի ազդեցությունը Հայաստանում չնչին էր, իսկ Արցախում իսպառ արմատախիլ էր արված: Նորին սրբություն Վազգեն կաթողիկոսին և եպիսկոպոս, այժմ՝ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանին ծանոթանալուց հետո ես հասկացա, որ հարկավոր է անհապաղ բացել 30-ական թվականներին Ղարաբաղում փակված եկեղեցիները:

Պարգև սրբազանին անհապաղ հատկացրինք ինչ-որ գումարներ, մի քանի մեքենա և բնակարան, և ջանում էինք ամեն կերպ օգնել նրան: Սրբազանն ինքն էլ շատ արագ հայթայթեց մի քանի հազար դոլար, բացի այդ, բավականին օգնեց նաև Նորին սրբություն Վազգեն վեհափառը: Այդ միջոցներով հաջողվեց վերականգնել Գանձասարն ու Ամարասը, երկու Սուրբ Աստվածածին եկեղեցիներ Խնածախ և Ներքին Հոռաթաղ գյուղերում: Ֆինանսական նվիրատվությունները դարձան Արցախյան թեմի վերածննդի հիմքը: Մինչև պատերազմի սկիզբը այն արդեն գործում էր, ժողովուրդը զանգվածաբար մկրտվում էր, գուցե և ակամա, փորձության շեմին կոփում էր ոգին: Մկրվում էին նաև չմկրտված վրիժառուները: Բոլոր քաղաքական, հասարակական, պետական, ռազմական, մշակութային միջոցառումների մասնակիցն էր Սրբազանն՝ իր օրհնությամբ: Ես էլ, մնալով «Ամարաս» միության գործադիր տնօրեն, դարձա մեր թեմի գործերի կառավարիչը, բառիս բուն իմաստով՝ Պարգև սրբազանի աջ ձեռքը: Աշխատել էր պետք, աշխատել առանց դադարի, օրեկան 24 ժամ: Այլապես ոչինչ չէր ստացվի, չէին կարգավորվի մեկը մյուսի երևից ծագող նախապատերազմյան շրջանի բազմաթիվ ու բազմապիսի պրոբլեմները:

«Ամարաս» միության ծրագրի հատուկ գաղտնի կետն էր Ղարաբաղի սահմանները և սահմանամերձ բնակավայրերը պաշտպանող զինված ջոկատների համար զենք զինամթերքի ձեռքբերումը Ռուսաստամօց. Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից: Սրա իրագործումը հանձնարարված էր անձամբ ինձ: Դա ամենավտանգավոր և անշնորհակալ գործն էր, որը ես երբևէ կատարել եմ: Քանի որ ՊԱԿ-ը անընդհատ հետևում էր ինձ և իմ ակտիվիստներին: Արդյունքում ինձ ձերբակալեցին, կես տարի պահեցին Շուշիի բերդում, մինչև որ փոխանակեցին մի քանի գեներալի ու ծովակալի հետ: Ձերբակալել էին նաև իմ մի քանի ակտիվիստ-գնորդներին, իսկ նրանց, ով ընկնում էր ադրբեջանցիների ձեռքը, գնդակահարում էին տեղում: Մյուս կողմից, ամեն կոպեկը հաշված էր, ու երբ մեզ կոպիտ ասած «քցում» էին առևտրի ժամանակ, իսկ այդպես պատահում էր, կարմրողն ու պատասխանատուն ես էի:

Զենքը գնելուց հետո իսկական մյղձավանջ էր դրա տեղափոխումը: Բայց Աստծու օգնությամբ մեզ հաջողվում էր ժամանակին ու առանց էական ձախողումների ուղղաթիռներով հասցնել զենքը Արցախի և Շահումյանի շրջանի մեր գաղտնի պահեստները:

Իմ օգնականների հետ անդադար այստեղ-այնտեղ էի թռչում, մեկ այս էի բերում, մեկ այն, ոչ քնել ունեի, ոչ շունչ քաշել: Օգնականներս (Տիգրան Պետրոսյան, Լոլո, Արմեն, էլի երկու-երեք հոգի) ուտում ու քնում էին մեքենայի կամ ուղղաթիռի մեջ: Մի անգամ պետք էր Շահումյան տեղափոխել զենքի մի մեծ խմբաքանակ: Տիգրանը Լոլոյի և Արմենի հետ նստած էին ուղղաթիռի սրահում, իսկ ես զրուցում էի օդաչուների հետ խցիկում, որը լավ տեսանելիության համար ամբողջովին ապակեպատ է: Զրուցում էինք անձնակազմի հրամանատար Ստեփանի հետ՝ դատարկ բաներից: Հանկարծ Ստեփանը լրջացավ ու ասեց.

-Մենք կարևոր առաջադրանք ենք կատարում, բայց ոչնչով պաշտպանված չենք:

Ես հարցնում եմ.

-Էս ի՞նչ ես խոսում:

Ստյոպան ապակեպատ պատուհանից ցույց է տալիս խցիկի տակ.

-Եթե ինչ-որ մեկը,- ասում է,- ներքևից կրակի այս պատուհանին, ապա որևէ մեկիս անպայման կդիպչի: Իսկ էդ ժամանակ լավ չի լինի. կառավարումը կկորցնենք ու վթարի կենթարկվենք:

Ես լուռ վեր եմ կենում տեղիցս:

-Բան էլ չի լինի:- Զգուշորեն մի կողմ եմ հրում ռադիստին, նստում եմ հատակի պատուհանին, տեղավորվում ավելի հարմար ու ինքնագոհ ասում եմ:- Հիմա դուք հուսալիորեն պաշտպանված եք, հանգիստ թռեք ձեզ համար:

-Այ ախպեր ջան, քամակը վահան չի, վտանգավոր է, ախր:

-Դե լավ, ինչ վտանգավոր բան կա,- ծիծաղելով ասում եմ:- Թռեք, աղավնյակներս, ես ձեզ քամակով էլ կպաշտպանեմ:

Կատակը՝ կատակ, բայց մենք այդպիսին ենք: Երբեմն պատրաստ ենք կրծքով, թիկունքով, թեկուզ քամակով պաշտպանել յուրայիններին:

Ամենատհաճը շարունակ փող խնդրելն էր ծանոթ ցեխավիկներից (այդպես էին նախկինում կոչում բիզնեսմեններին) և ընկերներից, կուսակցություններից և եկեղեցականներից. ավելի հաճախ խնդրում էինք Վազգեն կաթողիկոսից, լույս նրա հոգուն: Ու՝ գլխավորը. խնդրում էինք մեկից, հաշվետու լինում շտաբի առաջ: Ու եթե ծայրը ծայրին չէր հասնում, քանի որ ինչ-որ մեկն ինձ «քաշել էր», տապալել էի հանձնարարությունը կամ ծախսել ինչ-որ գումար ոչ ըստ նշանակության, ապա կշտամբանքները թափվում էին գլխիս՝ դու փափուկ ես, դու ցրված ես, կամազուրկ ես և այլն:

Երբեմն սիրտս ուզում էր բոլորին ուղարկել գրողի ծոցը, բայց մենք բոլորս ընդհանուր գործ էինք անում հանուն անկախության ու հաղթանակի, և ես, սեղմելով ատամներս ու փնթփնթալով, շուռ էի գալիս ու չքվում: Ահա այն հերոսները, որ առանձնահատուկ աչքի են ընկել՝ մատակարարելով Արցախի մեր կամավորական ջոկատներին. Արկադի Կարապետյան, Աշոտ Ղուլյան՝ Բեկոր մականունով, Արմեն Աբգարյան, Վլադիմիր Արզումանյան, Պավել Սաղյան, Աբրահամ Հարությունյան: Իսկ Հայաստանում մենք ամեն ինչ անում էինք հիմնականում Դավիթ Շահնազարյանի հետ, որը Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ էր և անձամբ էր համակարգում բոլոր հասարակական-քաղաքական իրադարձությունները և ելույթները Ղարաբաղում: Մեզ օգնում էին շատ կամավորներ՝ Ռազմիկ Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Լորենց Առուշանյանը, Շուշան Ղազարյանը, Սմբատ Հակոբյանը, Վոժդ Միշիկը, Հայէլեկտրոյի Սեյրանը, Գրիգորն ու նրա որդի Արմեն Գևորգյանը և, իհարկե, շտաբի անդամներ Ռաֆիկ Ավանեսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալլան, Լուիզան, Արմինեն…

Այդպես մենք զինեցինք մեր առաջին ջոկատները, որոնք անկախանալուց հետո դարձան ԼՂՀ պաշտպանության բանակի կորիզը: Հենց նրանք՝ մոտավորապես 1200 մարդ, հետագայում դարձան հրամանատարներ, սպաներ, պրապորշչիկներ, այսինքն՝ պրոֆեսիոնալ զինվորականներ: Նրանք էին, որ մեր ժողովրդին նվիրեցին երկար սպասված հաղթանակը, ազատագրելով Շուշին ու Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլու, Ջաբրայիլի շրջանները, Արցախը հյուսիսից ու արևմուտքից միացնելով Հայաստանին: Փառք ու պատիվ այդ տղաներին և խոնարհում բոլոր զոհերի ու վիրավորների հիշատակին:

Ղարաբաղյան շարժման ղեկավարությունը ևս բազմիցս դիմել է «Ամարասին»՝ երկարատև գործադուլների ֆինանսավորման, զոհերի հուղարկավորության ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու հարցերով: Բնականաբար, նման խնդրանքներին աջակցելը մեր պարտքն էր: Ավելին. Ստեփանակերտում ու Արցախի բոլոր հինգ շրջաններում մենք բացեցինք անվճար ճաշարաններ, որտեղ ամեն օր կերակրում էինք կարիքավորներին ու գործազուրկներին, ընդհանուր թվով հազար հոգու:

Մի խոսքով, լիքը գործ կար անելու: Մեր ազգի առջև դրված նպատակները ամեն ժամ նոր լուծումներ էին պահանջում և մենք՝ գործընկերներով, հավատացեք գտնում էինք այդ լուծումները: Թեկուզ և կրկնում եմ, բայց մեկ էլ ասեմ մի որոշ շրջան «Ամարաս» միությունը կատարում էր Լեռնային Ղարաբաղի կառավարության գործառույթները, քանի մարզը չէր ֆինանսավորվում ոչ Մոսկվայից, ոչ Բաքվից: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂՀ-ն դեռ չէր հռչակել անկախություն, գտնվում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Ղարաբաղը ապրում էր շատ թե քիչ չափավոր ու պատրաստվում էր պատերազմի: Չեմ կարող իմ խորին շնորհակալությունը չհայտնել հայ ժողովրդին, սփյուռքին ու անձամբ Վազգեն կաթողիկոսին և Պարգև արքեպիսկոպոսին, որ մեզ համար ծանրագույն ժամին անհողդողդ կանգնեցին մեր թիկունքին: 88-ից մինչև 91-ը ներառյալ Ղարաբաղի ողջ ժողովուրդը հաղթահարել է Կրեմլի և Ադրբեջանի նենգություններն ու դավադրությունները:

Մարդիկ աշխատում էին մեծ էնտուզիազմով: Բորիս Դադամյանին ու ինձ անընդհատ հետապնդում էին ՊԱԿ-ն ու միլիցիան: Չնայած այս ամենին, մենք գործում էինք: Մի դեպք եմ ուզում պատմել:

1989 թվականն էր: Ես Երևանում էի: Ստեփանակերտից զանգահարեց Ռոբերտ Քոչարյանը՝ շարժման առաջնորդն Արցախում և ասաց հարկավոր է շտապ զենք ճարել: Իրավիճակն օրեցօր վատանում էր, և օդի պես թեկուզ տասը միավոր զենք էր պետք: Նախօրեին սահմանամերձ գյուղից ադրբեջանցիք գողացել էին անասունների մի ամբողջ հոտ, իսկ հովվին սպանել: Ես խոստացա անել այն, ինչ հնարավոր է: Անմիջապես զանգահարեցի մեր զինակից Սամվել Պետրոսյանին, որը ղեկավարում էր Ջավախքի շարժումը և կրկնեցի Ռոբերտի խոսքերը: Խնդրեցի կապել ինձ տեղի զորամասի որևէ սպայի հետ: Նա ասաց՝ արի, մի բան կմտածենք: Գնացի, ծանոթացրեց սպայի հետ և պայմանավորվեցինք: Ստուգելով ավտոմատները ու վճարելով, նույն օրը վերադարձա Երևան:

Երևանում զանգահարեցի «Էրեբունի» օդանավակայնի բեռնափոխադրումների բաժնի պետ Սերգեյ Վանցյանին, պայմանավորվեցի, որ բեռը ուղարկվի հաջորդ առավոտյան: Սիրտս թեթևացավ: Բայց երեկոյան լուր ստացա, որ Ստեփանակերտի օդանավակայան է ներխուժել ՕՄՕՆ-ը և մանրազնին ստուգում է բոլոր բեռներն՝ առանց բացառության: Առանց հապաղելու զանգահարում եմ Բորիս Դադամյանին: Պարզվեց, որ Երևանում է: Բորիս Վարդանովիչը խոստացավ օգնել:

Երեկոյան տղերքի հետ կոկիկ փաթեթավորեցինք մեր զինանոցը՝ մոտ 20 ավտոմատ և ուղարկեցինք օդանավակայանի պահեստ: Առավոտյան հանդիպեցինք երեքով, Դադամյանի ու Սերգեյ Վանցյանի հետ և սկսեցինք խելքներիս զոռ տալ, թե ոնց անվտանգ բեռը ադրբեջանցի ՕՄՕՆ-ականների քթի տակից փախցնենք օդանավակայանից: Վանցյանը առաջարկեց Ստեփանակերտ թռցնել մի ուղղաթիռ, որ օդաչուները տեղում հասկանան՝ ինչն ինչոց է ու զեկուցեն: Դրանից հետո զենքերն ապահով կուղարկենք Արցախ: Ես համաձայնեցի, Վանցյանը անձնակազմին հրահանգեց թռչել: Ու հանկարծ Բորիս Դադամյանը հայտարարեց, որ ինքն էլ է թռչում, ու առարկություն չհանդուրժող ձայնով հրահանգեց բարձել զինամերքը: Ես շշմած նայեցի նրան, բայց նա աչքով արեց, հասկացնելով, որ ամեն ինչ լավ կլինի: Փորձեցի առարկել, բայց նա, սովորության համաձայն՝ մի քիչ գոռգոռալով բացատրեց (ասես մենք դա չգիտեինք), որ պատգամավորի անձեռնմխելիություն ունի, և վախենալու պատճառ չկա: Ինձ էլ ասաց, որ քիթս քիչ խոթեմ Արցախ, քանի դեռ ՕՄՕՆ-ը թրև է գալիս օդանավակայանում: Եվ քայլեց դեպի ուղղաթիռը, որն արդեն պատրաստ էր թռիչքի: Ուղղաթիռի մոտ շրջվեց դեպի ինձ և բացականչեց. ամեն ինչ լավ կլինի, խելքդ գլուխդ հավաքի:

Ստեփանակերտում հազիվ վայրէջք կատարած՝ Դադամյանը սկանդալ է սարքում, սկսում է գոռգոռալ ՕՄՕՆ-ականների վրա, սպառնում, որ նրանց ապօրինությունները էժան չեն նստելու, ինքն անհապաղ կզանգահարի Գորբաչովին ու կզեկուցի: Օգտվելով ՕՄՕՆ-ականների շփոթմունքից, որոնք առերեսվել էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորին, Դադամյանը հրամայում է բերել ճամպրուկները (զենքերով) և դնել իր մեքենայի մեջ ու հեռանում օդանավակայանից: Սակայն տուն չի ուղևորվում, այլ ուղիղ Արկադի Վոլսկու մոտ, որը Հատուկ կառավարման կոմիտեի նախագահն էր՝ նշանակված Կրեմլից: Բողոքում է ՕՄՕՆ-ի կամայականությունների դեմ, պահանջում կարգուկանոն հաստատել օդանավակայանում և պատասխանատվության կանչել տեղական միլիցիան: Քանի դեռ Դադամյանը զրուցում էր Վոլսկու հետ, զենքով բեռնված մեքենան հանգիստ կանգնած էր նրա պահակախմբի և թիկնազորի քթի տակ: Ու միայն Մոսկվայի ներկայացուցչին ադրբեջանական ՕՄՕՆ-ի մասին սրտի ուզածն ասելուց հետո Բորիս Վարդանովիչը շարժվում է դեպի քողարկված բազան և հանձնում սպասված բեռը:

Դադամյանը վաթսունն անց էր, իր կերպարով նա հերոսական կամ մարտական տպավորություն չէր թողնում: Բայց նա մի ավելորդ անգամ ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա, եթե խելացի ես ու համարձակ: Նրա արարքը ինձ լավ միտք հուշեց: Ես հրավիրեցի ղարաբաղյան բոլոր պատգամավորներին և խնդրեցի հետայսու անձամբ ուղեկցել թանկարժեք բեռները, որ խուսափենք ՕՄՕՆ-ի ստուգումներից: Այդպես լուծվեց անլուծելի թվացող հարցը և ոչ մի պատգամավոր չհրաժարվեց, ընդհակառակը, բոլորը պատրաստակամությամբ և հպարտությամբ ստանձնեցին մեզ օգնելու գործը: Ծրագիրը գործում էր անվրեպ: Զենք-զինամթերքը մենք, բնականաբար, հնարավորինս խնամքով քողարկում էինք՝ թաքցնելով արգելված բեռը մեկ մանկասայլակներում, մեկ կանացի պայուսակներում, մեկ փաթեթավորված հեռուստացույցների կամ սառնարանների տուփերում, երբեմն էլ հատուկ այդ նպատակով գնված շինանյութի մեջ:

1988 թվականին սումգայիթյան կոտորածից ու հայերի զանգվածային ջարդերից հետո երկու ժողովուրդների թշնամությունը դուրս ելավ ջրի երես: Ադրբեջանցիները անթաքույց զինվում էին: Իշխանությունները դրան նայում էին մատների արանքով, բայց, ըստ էության, խրախուսում էին: Ավելին. նաև իրավապահ մարմինները՝ միլիցիան, ՕՄՕՆ-ը ՊԱԿ-ը, անգամ բանակային պարեկախումբը առիթ էին ման գալիս ձերբակալելու հայերին, ստուգում էին ու առգրավում ցանկացած զենք, անգամ հին որսորդական հրացան կամ պապական խանչալ: Շուտով սկսվեցին համատարած խուզարկությունները: Տակնուվրա էին անում ամեն տուն, բակի ամեն թուփ, առգրավում էին կացիններ, խոհանոցային դանակներ, այն ամենը, ինչը կարող էր ծառայել որպես զենք: Զգացողությունը, որ Ղարաբաղում նույնպես կոտորած է նախապատրաստվում, թևածում էր օդում:

Իրավիճակը սրվում էր աչքի առաջ: Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում հանրահավաքների ժամանակ նույնիսկ քաղխորհրդի որոշ պատգամավորներ մարդկանց կոչ էին անում զինվել: Հայերի խաղաղ գործողություններին իշխանությունների պատասխանը Սումգայիթի կոտորածն էր, հասկացնում էին, որ մեր հարցը ցույցերով ու հանրահավաքներով չի լուծվելու: Փաստորեն «Ամարասի» ստեղծման մասին միտքը փայլատակեց ճիշտ ժամանակին: Միությունը դարձավ գործիք, որը թույլ էր տալիս ղարաբաղցիների պայքարին ներգրավել հայրենակիցներին, որտեղ էլ որ նրանք լինեին: Միության մասնաճյուղերը, որ ստեղծվեցին մի քանի երկրներում ու Խորհրդային Միության հանրապետություններում, Ղարաբաղին հասցեագրված օգնությունը հավաքում էին և ուղարկում Հայաստան: Դա յուրօրինակ մի ցանց էր, որ միավորում էր հայկական առանձին-առանձին բջիջները: Դրամական, իրային, սննդամթերքային օգնությունը հավաքվում էր Երևանում, որտեղից իմ հսկողությամբ կազմակերպված ուղարկվում էր Ղարաբաղ: Այդ օգնության ինչ-որ մասը, բնականաբար, զենք և զինամթերք էր:

Իմ պարտականությունների բերումով ես շատ ժամանակ էի անցկացնում Երևանում: Ղարաբաղում իմ գլխավոր ներկայացուցիչ էի նշանակել Ստեփանակերտի քաղխորհրդի պատգամավոր Պավել Սաղյանին: Նա էր ընդունում օդային ճանապարհով ստացվող բեռները և ապահովում դրանց անվտանգությունը: Օգնությունը տեղաբաշխվում էր գաղտնի բազաներում ու պահեստներում, խնամքով թաքցվում էր: Վերջում Պավելը տեղեկացնում էր ընդհատակյա շտաբին, որը զինված ջոկատներ էր կազմավորում, ստացված իրերի, մթերքի, հագուստի մասին:

Պավելին ընտրեցի ոչ պատահաբար: Էական դեր խաղաց նրա պատգամավոր լինելը: Իհարկե, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր չէր, սակայն նույնիսկ քաղխորհրդի պատգամավորի վկայականը ինչ-որ առավելություններ ու հնարավորություններ, այնուամենայնիվ, տալիս էր: Նա բեռներն ընդունում էր ոչ միայն օդանավակայանում, այլև Ղարաբաղի ամեն շրջանում հատուկ պատրաստված գաղտնի բազաներում: Այդ բեռների տեղափոխումը գնալով դառնում էր վտանգավոր, ու որքան հեռու, այնքան ավելի: Ամենուր վխտում էին պահակախմբեր, ադրբեջանական ՕՄՕՆ-ը և Ռյազանի օդադեսանտային դիվիզիայի հատուկջոկատայինները: Ես ուղարկում էի բեռները միայն ուղղաթիռներով, որոնք կարող էին վայրէջք կատարել որտեղ պատահի: Մեր գաղտնի պահեստները կառուցել էինք անտառներում, դժվարամատչելի վայրերում, որտեղից բեռները բեռնակիր կենդանիներով՝ ձիերով, էշերով, տեղափոխում էին ուր որ հարկն էր:

Պավելն իր օգնականի՝ Լյովայի հետ օրուգիշեր գաղտի բազաներում էին: Նրանց համար հիմնական գլխացավանքը, հասկանալի է, զենքն էր: Արկղերը, որտեղ դրանք խնամքով թաքցվում էին, սովորաբար նշում էի խաչով: Ժամանակ առ ժամանակ զենք էի ուղարկում նաև Ստեփանակերտ, որտեղ դրա կարիքն զգացվում էր ոչ պակաս, քան շրջաններում: Գլխավորը վտանգավոր բեռը օդանավակայանից հանելն էր: Հիմնական խոչընդոտը հսկիչ անցակետն էր, որտեղ բեռները պարտադիր ստուգում էին: Տարբեր տեսակի զենքեր էին ուղարկվում, պատահում էր՝ մեծ քանակությամբ: Այդ օրերին անձամբ զանգահարում էի կապավորներին ու նախազգուշացնում. «Ուղարկվել է մակարոն, էսինչ տեղը կընդունեք»: Ու ամեն ինչ պարզ էր: Ղարաբաղում անհամբեր սպասում էին խաչ արած արկղերով մեքենային:

Առանց կեղծ համեստության ասեմ, որ ինձ այնուամենայնիվ հաջողվեց մարդկանց ներշնչել հավատ հաջողության ու հաղթանակի հանդեպ: Ես դեռ երիտասարդ էի, արտաքուստ այնքան էլ խոշոր չէի: Բայց ունեի մի առավելություն: Շատերը, որ առաջնորդ լինելու հավակնություն ունեին, միայն խոսում էին, քննադատում ու սովորեցնում: Ես ամենասկզբից չէի կասկածում, որ նպատակին կարելի է հասնել և անկախություն ապահովել միայն զենքի ուժով, ազգի միասնությամբ: Մնացածը բլեֆ է: Ու իմ գիծն առաջ էի տանում: Ժամանակն ապացուցեց, որ ես ճիշտ էի:

Շարժման սկզբում մարդիկ վախենում էին ձեռքները զենք վերցնել, նույնիսկ երբ նրանց սպառնում էր դատաստանը, նվաստացումն ու մահը: Դա լուրջ պրոբլեմ էր: Հոգեբանական այդ արգելքը հաղթահարելը դժվար էր: Շտաբի անդամները լավ էին հասկանում մարդկանց: Խաղաղ մարդուն դժվար է սովորեցնել այն մտքին, որ լինում են իրավիճակներ, երբ նա բարոյական իրավունք ունի և անգամ պարտավոր է ոչնչացնել մեկ ուրիշ մարդու: Հարկ էր լինում խնդրել, աղաչել ու համոզել, ախր այլապես դու չես պաշտպանի քո ընտանիքը, երեխաներին, ունեցվածքն ու տունը: Բայց կյանքն ավելի լավ է սովորեցնում, քան ամենախելացի խոսքերը: 89-ի ավարտին օդը հագեցած էր վտանգով, մարդիկ դա զգում էին իրենց կաշվի վրա և իրենք էին զենք խնդրում: Նրանք ի վերջո հասկացան, որ մեր անվտանգությունը մեր ձեռքերում է, ոչ մեկից պաշպանություն ակնկալել պետք չէ, միակ միջոցը՝ ինքդ քեզ և հարազատ Ղարաբաղը պաշտպանելու, ինքնապաշտպանության ջոկատներն են: Սա ևս կարելի է յուրօրինակ հաղթանակ համարել սարսափի և հիմնազուրկ հույսի նկատմամբ, հույսի, թե ամեն ինչ կանցնի: Այդ տխուր հաղթանակը տոնելու կարիք, սակայն, չկար:

Ափսոսում եմ, որ Ղարաբաղյան շարժումից ի վեր, երբ արդեն անցել է ավելի քան 30 տարի, անհասկանալի պատճառներով «Ամարաս» ԱՀԲՄ մասին ոչ մի տեղ ոչ մի առիթով չի հիշատակվում: Ընդ որում, լռության է մատնվում թե «Ամարասի» նշանակությունը, թե անգամ նրա լինելու փաստը: Լռում են նաև նրանց մասին, ովքեր անձնազոհաբար աշխատել են միությունում ու ի վերջո դարձել պատերազմի հերոսներ, պետական գործիչներ, գեներալներ, երևելի դեմքեր գիտության և մշակույթի մեջ: Ոչ ոք, ոչ մի բառ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը գրված է այնպես, ասես ղարաբաղցիները իրենք իրենց, առանց պայմանավորվելու, 1988 թվականի փետրվարի 13-ին դուրս եկան միտինգի ու պահանջեցին միացում Հայաստանի հետ, այնուհետև առանց որևէ նախապատրաստության կռվի բռնվեցին ադրբեջանցիների հետ ու հաղթեցին:

Ո՞ւմ է սա հարկավոր, ո՞վ է կանգնած այդ անհողդողդ լռության ետևում:

Տարօրինակ ժողովուրդ ենք…

Պարզ է միայն, որ սա պետք է նրանց, ում ձեռնտու չէ ճշմարտությունը:

Ովքեր են այդ մարդիկ:

Հենց սրա համար էլ ես ուզեցի պատմել Ղարաբաղյան շարժման ակունքների մասին և նշել նրա նախակարապետների անունները, որոնց հետ ես բախտ ունեցա ուս-ուսի գործել առաջին կազմակերպության հովանու տակ, որը բարեգործություն էր անում, փրկում էր, օգնում էր ապրել, զինում էր ու սովորեցնում պայքարել և հաղթել: Թող ներեն ինձ նրանք, ում անունը չկա այստեղ:

Թվարկեմ նրանց, ում մասին, ինչպես ինձ է թվում, անպայման պետք է ոսկե տառերով գրել Արցախի նորագույն պատմության մեջ.

Բորիս Դադամյան

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Ամալյա Աղաջանյան

Սերգեյ Շահվերդյան

Արթուր Մկրտչյան (Հադրութի շրջան)

Շահեն Մեղրյան (Շահումյանի շրջան)

Վիգեն Շիրինյան (Մարտակերտի շրջան)

Սլավիկ Առուշանյան (Մարտունու շրջան)

Մարատ Մուսայելյան (Ասկերանի շրջան)

Արմեն Աբգարյան

Ռաֆիկ Ավանեսյան

Վլադիմիր Արզումանյան

Աբրահամ Հարությունյան

Վերոնիկա (Ֆրանսիա)

Հրանտ Ղուլյան (ԱՄՆ)

Վետա Ավթանդիլյան (Ռուսաստան)

--

--