Գանձասարի վանքը

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
2 min readDec 18, 2019

Ղարաբաղյան շարժումը և Ադրբեջանի դեմ պատերազմը հսկայական դեր խաղացին ԽՍՀՄ փլուզման և նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Այդ պայքարի նշանակությունը ոչ միայն քաղաքական էր, այլ բարոյական ու հոգևոր: Ղարաբաղը, ժամացույցի փոքրիկ մեխանիզմի պես, շարժման մեջ դրեց շատ ավելի խոշոր հասարակական, համակարգային «ատամնանիվներ», ինչպես նաև քաղաքական թվատախտակի սլաքները: Շատ կարճ, բայց դարակազմիկ ժամանակահատվածում այդ հսկայական մեխանիզմի էներգիայի աղբյուրն ու լարող զսպանակը դարձավ Գանձասար վանքը՝ տագնապի իր զանգերով:

Վեհապանծ այդ վանքը կանգնած է բլրի կատարին, Ստեփանակերտից հիսուն կիլոմետր դեպի հյուսիս: Բլուրի ներքևում, որտեղից ոլորապտույտ ճանապարհն իջնում է դեպի Վանք գյուղ, հոսում է արագահոս Խաչեն գետը:

Գանձասարը Լեռնային Ղարաբաղի ամենահոյակերտ վայրերից է: Ստեփանակերտից մինչև վանք մեկ ժամից էլ պակաս գեղատեսիլ ճանապարհ է: Վանքի գմբեթները տեսանելի են բոլոր կողմերից: Շրջակա լեռնաշղթաները, ասես սահմանապահ ուղեկալներ, պաշտպանում են Գանձասարը, իսկ դիմացից, Հաթերքի կիրճով, որպես հսկիչ պահակախումբ, ձգվում է Մռավի հզոր լեռնաշղթան, որը շարունակվում է դեպի արևելք, նվազելով ու վերածվելով լեռնաթմբերի, երիզելով ծաղկուն հովիտը, որտեղ գտնվում է Մարտակերտի շրջանը:

Պատերազմի ժամանակ ես խնդրեցի Պարգև սրբազանին, որ վանական զանգերը օրը մի քանի անգամ ղողանջեն տագնապով, իրազեկելով մարզին վերահաս աղետի մասին: Եվ նրանք անդադար իրազեկում էին քրիստոնյա աշխարհին Գանձասարի գլխին կախված վտանգի մասին: Եկեղեցական զանգերի ղողանջներում ինչ-որ սրբազան ուժ կա, դրանք միատեղում են մարդու մեջ բանականությունն ու ոգին և մարտիկի մեջ ներարկում են անհաղթ ուժ: Կարծում եմ, մեր խիզախությունից բացի, թշնամու՝ հատկապես ջիհադականների, իսլամիստների ու մոջահեդների վրա ազդեց նաև Գանձասարի վանքի զանգերի սրբազան ղողանջը: Իզուր չէր մարտից առաջ հակառակորդը շարունակ գնդակոծում ու ավիահարվածներ հասցնում վանքին, սակայն տասնյակ ռումբերից ոչ մեկը եկեղեցին չվնասեց, թեև բոլոր հարակից շինությունները հիմնահատակ ավերվել էին: Մինչև հիմա Պարգև արքեպիսկոպոսը թույլ չի տալիս վերանորոգել եկեղեցու արտաքին պատերի փոքր ճեղքերը, արկերի ու ռումբերի հետքերը: Ասեմ ավելին. մարտերի ժամանակ վանական համալիրի տարածքում (դա մոտավորապես 7000 քառակուսի մետր է) չի զոհվել ու չի վիրավորվել ոչ մի եկեղեցական ու զինվոր:

Ոչ ոք այս բառերը չի արտասանել, բայց պատերազմը հանուն հավատի էր, հանուն մեր ազգային ինքնության պահպանման: Հարցը սուր էր դրված. եթե թշնամին գրավի Գանձասարը, նրանցը կլինի Արցախը, Հայաստանը, գուցե և՝ ամբողջ Կովկասը և անգամ Ռուսաստանը: Դա կլիներ առաջին քայլը դեպի Մեծ Թուրան, Կովկասի ու Ռուսաստանի Հարավի ամբողջական իսլամացում և ելք դեպի Միջին Ասիա:

Այնպես որ, Ղարաբաղյան պատերազմը նաև կրոնական էր, եթե կուզեք՝ պատերազմ հանուն կյանքի՝ մահից հետո: Այո, այո, մենք կռվում էինք մահից հետո ապրելու համար: Քանզի մենք հավատում ենք Աստծուն և Հարությանը, ուրեմն մենք՝ քրիստոնյաներս և մուսուլմանները, կռվում էինք հետմահու կյանքի համար:

1993 թվականի ամռանը Վաղուհաս գյուղի համար դաժան մարտերը և Հաթերքի կիրճի լիակատար ազատագրումը Ղարաբաղյան պատերազմի շրջադարձային պահն էր: Այդ ճակատամարտը ռազմական հակամարտության ծավալով ու մակարդակով գերազանցեց մյուս բոլոր ճակատամարտերը, որ տեղի են ունեցել ղարաբաղաադրբեջանական և հետխորհրդային մյուս բոլոր հակամարտությունների ընթացքում՝ մերձդնեստրյան, վրաց-աբխազական, վրաց-հարավօսական, մոլդավա-գագաուզական, Տաջիկստանի քաղաքացիական, Ուկրաինայի արևելքի, չեչենական պատերազմներում, 1999–2000թթ. Ուզբեկստանի իսլամական շարժման վարձկանների հետ Ղրղըզստանի ու Ուզբեկստանի զորքերի բախումների, Վրաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և այլն:

--

--