Դժոխք՝ դրախտում

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
7 min readDec 18, 2019

1993 թվականի հունվարի 21-ի ցուրտ առավոտյան երևանցի ընկերոջս հետ ես գնացի Քարվաճառի շրջանի Յանշակ գյուղ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչների հետ հանդիպելու:

Նրանց անունները ես չեմ տա, քանի որ պատերազմից հետո նրանք բարձր պաշտոններ զբաղեցրին, զինվորական շատ բարձր կոչումներ ստացան, արժանացան մարտական պարգևների, բայց, ամենակարևորը՝ նրանք ընտանիքներ, երեխաներ, թոռներ, հասարակության մեջ հարգված ընկերներ ունեն: Երկու օր առաջ Վազգեն Սարգսյանի խնդրանքով ես արդեն հանդիպել էի նրանց և խոստացել էի համագործակցել: Նրանք մտադիր էին օպերացիա անցկացնել և ետ շպրտել հակառակորդին Օմարի լեռնանցքի դիրքերից, որոնք ավելի վաղ զիջել էին: Նկատի ունեին այն բարձունքները, որ մի քանի ամիս առաջ գրավել էին տեղի՝ Մորուք Ռաֆոյի և Խալաստոյ Ագոյի գումարտակները: Բարձունքներն անցել էին մեզ, և պաշտպանությունն իրականացնում էին NN ստորաբաժանումները: Սակայն ադրբեջանական ուժերի ինտենսիվ ճնշման տակ մերոնք չկարողացան պահել, և, թողնելով, իջան Յանշակ գյուղ: Վազգենը խնդրել էր օգնել նրանց՝ հանձնած դիրքերը վերադարձնելու: Ես համաձայնեցի հատկացնել երկու գումարտակ և աջակցել հրետանիով:

Վերադառնալով 5-րդ պաշտպանական շրջանի շտաբ, ես, որպես գնդի հրամանատարի տեղակալ, զեկուցեցի իմ հրամանատար Աշոտ Առուշանյանին ստեղծված իրավիճակի մասին: Մերժել օգնության խնդրանքը՝ կնշանակեր թույլ տալ, որ հակառակորդը նորից սկսի նեղել մեզ հյուսիսից ու արևելքից: Ես հանձն առա գնալ այնտեղ երկու գումարտակով և կազմակերպել օպերացիան: «Խնդիր չկա,- ասաց Աշոտը,- վերցրու ում ուզում ես ու գնա»: Չառարկեց նաև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը: Ես վերցրի Մորուք Ռաֆոյի ու Իլյիչի մեր լավագույն գումարտակները, հայտարարեցի մարտական հավաք, և երկու ժամից շարժվեցինք: Ես ռացիայով կանչ ուղարկեցի նրանց, ում որ օգնելու էի գնում, բայց նրանք չարձագանքեցին: Էլի փորձեցի ու էլի՝ ոչ մի պատասխան: Ես սկսեցի անհանգստանալ և մի կես ժամ անց որոշեցի առաջ ընկնել իմ ստորաբաժանումից: Վանիկ Թորոսյանի հետ էինք: Ինձ տագնապեցնում էր մեր ճանապարհի կասկածելի լռությունը: Մարդ չկար. Ոչ ոք: Տագնապս մեղմացնում էի մեզ շրջապատող գեղեցկությունը: Ես ու Վանիկը երբեմն տարվում էինք այդ գեղեցկությամբ: Իսկապես դժվար է անտարբեր մնալ Քարվաճառի գեղեցկությունը տեսնելիս: Ես պատմում էի Վանիկին, թե ինչպես ենք ազատագրել այդ դրախտային անկյունը, և ինչ նշանակություն ունի այն Արցախի ու Հայաստանի համար:

Քարվաճառը իսկական դրախտ է, իմ երբևէ տեսած ամենաչքնաղ վայրը: Կիրճեր, քարանձավներ, դեպի երկինք ձգվող ժայռեր, եղևնու անտառներ, ակնաղբյուրներ, առվակներ ու գետակներ՝ ջրի մեջ արտացոլվող ամպերով: Իսկ ինչ բերրի է զարմանալի համատարած շոկոլադագույն այս հողը: Ինչ բերք ու բարիք ասես, որ չի աճում: Մարգագետնային բույսերը՝ այստեղ-այնտեղ երևացող կարմիր, կապույտ, դեղին ծաղիկների բծերով, այնքան գեղեցիկ է, որ թվում է, թե դիմացդ ոչ թե մարգագետին է, այլ հմտորեն հյուսած բարձրաճաշակ գորգ: Եթե գլուխդ վեր բարձրացնես ու նայես երկինք, այն կթվա այնքան մոտիկ, որ ձեռքդ մեկնես՝ կհասնի: Պարզ գիշերով երկինքն այնքան խիտ է՝ խոշոր ու մանր, վառ ու աղոտ աստղերով հյուսված, որ նրա կապտասև գործվածքը չի երևում: Գույնզգույն քարերի առատոթյունից անգամ հողն է թվում բազմագույն: Զարմանալի է միայն, որ այդ քարերը ամենևին էլ թանկարժեք չեն: Ուր նայում ես՝ յոթներանգ ծիածաններ են: Ինձ թվում է՝ Քարվաճառը ներկապնակի բոլոր հայտնի ու տակավին անհայտ գույների անսպառ գանձատուն է:

Ղամշլու գյուղի բլրին՝ լեռան ստորոտում, ծառերի մեջ վեր է խոյանում Դադիվանքի վեհաշուք վանական համալիրը: Վանքը կառուցվել է 9-րդ դարում սուրբ Դադիի գերեզմանի վրա, որը վաղ շրջանում Հայաստանում քրիստոնեության քարոզիչներից Թադեոս առաքյալի աշակերտներից մեկն է: 2007 թվականին, գլխավոր եկեղեցում պեղումներ արվեցին և խորանի մատույցներում հայտնաբերեցին սրբի մասունքները: Բայց սա տեղի ունեցավ մեր օրերում: Իսկ մինչ այդ վանքը թե՛ ավերել են, և թե՛ դարձյալ վերականգնել: Խորհրդային իշխանությունն այստեղ լիակատար ամայություն ու ավեր է բերել: Սրբատեղին ադրբեջանցիները դարձրել էին գոմ և, չնայած յոթանասունամյա ադրբեջանական գերությանը, վանքը չասեմ պահպանվել է, բայց մի կերպ փրկվել է: Ու ինձ պատիվ վիճակվեց առաջինը ոտք դնել միջնադարյան այդ մենաստանի շեմին, որը վաղուց սպասում էր մեզ՝ իր ազատարարներին: Դադիվանքը դարձավ մի կենտրոն, որտեղից Աստծո օրհնությունը դարձյալ տարածվեց Քարվաճառի դրախտային եզերքում: Երբ սկսվեց Քարվաճառի ազատագրման օպերացիան, ղարաբաղյան հրետանու հրամանատար Ժորա Գասպարյանը թույլ տվեց ինձ հակառակորդի դիրքերի վրա պարպել «Գրադ» կայանքի առաջին համազարկը: Մտնելով ազատագրված Ղամշլու, մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ երեք եկեղեցիներից և ոչ մեկի՝ ոչ զանգակատան, ոչ վանական համալիրի կառույցների վրա ինչ որ հրաշքով ոչ մի արկ չի ընկել: Մինչդեռ դրանց արանքներում ու շրջակայքում տասնյակ դիակներ էին փռված, քիչ այն կողմ էլ կանգնած էր մի «Ուրալ», որի թափքում, ավտոմատները ոտքերի արանքում, նստած էին մի դյուժին կիսաածխացած ադրբեջանցիներ… Էպիկական պատկեր էր…

Բայց վերադառնամ իմ պատմությանը: Թունելի մոտ մեզ կանգնեցրեց դիրքապահը, ներկայացավ ու նախազգուշացրեց, որ առաջ գնալ չի կարելի, այնտեղ հակառակորդն է: Մի րոպեից մոտ վազեց Էջմիածնի շրջանի ջոկատի հրամանատար՝ մայոր Սերժ Կարապետյանը: Նրա զեկույցը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում մեզ համար: Պարզվեց, որ Հայաստանի զորամիավորումը, որին ես պետք է օգնեի, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների (անունները չեմ տա) գլխավորությամբ, հանդիպելով թշնամուն, ծլկել է տուն: Նրանք բախտի քմահաճույքին էին թողել թունելի մոտի դիրքը, որտեղ երեք տասնյակի չափ անփորձ նորակոչիկներ էին, որոնց հրամանատարն էլ հենց մայոր Կարապետյանն էր: Նախարարության վայ-կռվողները ինձ հետ դարձյալ կապի մեջ չմտան: Կենտրոնի հետ նույնպես կապ չկար, այնպես որ, մնում էր միակ տարբերակը՝ ինքնուրույն որոշել հետագա գործողությունները: Եթե հակառակորդը դարձյալ գրավի Յանշակը, նրան ետ մղելը շատ ու շատ դժվար կլինի: Բացի այդ, ամբողջ Քարվաճառի շրջանը նորից կհայտնվի բռնազավթման վտանգի տակ:

Ճշտելով, որ Մորուքի ու Իլյիչի գումարտակները արդեն մոտենում են, ես որոշեցի Սերժ Կարապետյանի ջոկատի հետ շարժվել դեպի Ղամշլու և այնտեղ սպասել մերոնց: Հետախույզներ ուղարկելով՝ մենք նրանց ետևից մարտական կարգով մոտեցանք գյուղին: Նրա մատույցներում՝ լայն ճանապարհին աճել էր բարձր, սաղարթախիտ թխկի, որի մոտ աղբյուր կար և որտեղ Հայրենական մեծ պատերազմի վետերանների գերեզմանոցն էր:

Այդտեղ ես վեցերորդ զգայարանով զգացի, որ ինչ-որ բան այն չէ, հրամայեցի կանգնել ու, քանի դեռ հետախուզությունը չի պարզել իրավիճակը, պաշտպանական դիրք զբաղեցնել: Ես կապվեցի ռացիայով դիրքերի հետ և նրանց ցուցումներ տալով՝ անզգուշաբար թափահարեցի ռացիայի երկար արծաթագույն անտենան: Հետախուզությունը զեկուցեց՝ Դադիվանքի մերձակա բլուրներին մի քանի դիպուկահարների են նկատել:

Մենք չէինք հասցրել խրամատավորվել , երբ սկսվեց ականանետային հրետակոծությունը: Կասկած չկար, որ կրակում են հենց մեզ վրա: Մի ակնթարթում Քարվաճառի օրհնված դրախտը վերածվեց դժոխքի: Շուրջը ամեն ինչ պատառոտվում էր, հողի գուղձերը թռչում էին վեր, կապույտ երկինքը միանգամից սևացավ, և գետինը դարձավ բոսորագույն: Բացի պայթյուններից, որևէ բան տեսնել հնարավոր չէր: Բեկորներից ու հարվածային ալիքներից խուսափելու համար, ես պտտվում էի ծառի շուրջը՝ սեղմվելով թխկենու հաստ բնին: Բայց գրողի տարած ականանետը միևնույնն է գտնում էր ինձ: Ծառից համարյա ոչինչ չմնաց: Նրա չոր ճյուղերը կրակի բաժին դարձան: Միայն այդ պահին գլխի ընկա, որ կրակն ուղղորդողները նկատել են արծաթագույն անտենայի փայլը: Փաստորեն հենց ես՝ հրամանատարն էի փորձանքի մեջ գցել վառոդի հոտ չառած պատանիներին: Ադրբեջանցիներն էլ, ինչպես և մենք, տեխնիկական լավ հետախուզություն ունեին: Նրանք գիտեին շատ հրամանատարների ազդականչերը և ամեն պատեհ առիթով գաղտնալսում էին մեզ: Ոլոր-մոլոր, անընդհատ փոխելով ուղղությունս, ոչ այն է վազքով, ոչ այն է ցատկով, ինձ գցեցի գյուղական գերեզմանատուն՝ փորձելով շեղել կրակը էջմիածինցի նորակոչիկներից: Մայոր Կարապետյանին հրամայեցի նահանջել ճանապարհի վերջին ոլորան, իսկ հետախուզությանը՝ չեզոքացնել կրակն ուղղորդողներին: Եվ այդ պահին մոտակայքում, պայթեց մի քանի արկ, 120 և 82 միլիմետրանոց: Ինձ կպավ առնվազն մի տասը բեկոր՝ մեջքիս, ոտքիս, աջ ուսիս, կրծքիս ու գլխիս: Վիրավորվեց նաև ընկերս՝ Վանիկը, որը վազում էր իմ ետևից, փոքր-ինչ աջ: Եվ այն ակնթարթը, երբ ես, շպրտվելով պայթյունի ալիքից, բառացիորեն սավառնում էի օդում, չի ավարտվել գիտակցությանս մեջ մինչ այժմ՝ քառորդ դար: Այդ անվերջանալի ակնթարթը ինձ համար դարձավ հավերժություն: Նրա մեջ առանց չափազանցության տեղավորվեց իմ ամբողջ կյանքը: Ես ընկալեցի այն որպես դժոխքից ազդանշան և կհիշեմ այն ընդմիշտ: Այդ պահին կատաղի արագությամբ, բայց լիովին հստակ, առկայծեցին մանկությանս, պատանեկությանս, սովխոզի բանջարանոցի, ջազային համերգների, տանկային կրակոցների, ստորագրահավաքների, բանտային արթնության, մի խոսքով, ապրածս կյանքի բոլոր դրվագները: Հետևելով այդ տարօրինակ ֆիլմին, ես սաստիկ վշտացա՝ մտածելով, որ ֆիլմի շարունակությունը կարող է և չլինել: Արյունաքամ լինելով, ես պառկած էի թխկենու տակ, աղբյուրի մոտ և, լարելով ուղեղս, փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել Սերժի ջոկատին: Քիչ հեռու ընկած էր իմ ռացիան, որն անընդհատ կանչում էր ինձ. Արթուր, պատասխանիր Հայկազին, Արթուր, Հայկազին, Արթուր, Հայկազին… Ես քեզ տեսնում եմ, դիմացիր, ես դուրս կբերեմ քեզ, ամեն ինչ լավ կլինի, Անդո, պատասխանիր Հայկազին, Անդո, դու տեսնո՞ւմ ես Ամարասին: Հա, շեֆ, տեսնում եմ: Դու մոտ ես նրան, դե շուտ, վազիր մոտը, դուրս բեր էդտեղից: Հասկացա, վազում եմ:

Իմ մշուշված գիտակցությունը տեսողությանս ազդանշան է ուղարկում, և աչքերիս դեմ փռված շղարշի միջով ես աղոտ տեսնում եմ՝ ինչ-որ մեկը վազում է ինձ մոտ: Հայկազ՝ Անդոյին:

-Հարյուր մետրանոց վազքի չես ստադիոնում, թաքնվի՛ր: Անդո՛, Անդո՛, ո՞ղջ ես: Անդո՛, պատասխանի՛ր: Ո՞վ է գերեզմանի մոտ, պատասխանե՛ք:

-Արոն է, շե՛ֆ:

-Արո՛, վազիր Անդոյի մոտ: Տես ո՞ղջ է: Հետո թռի Ամարասի մոտ ու դուրս բեր նրան:

-Վազում եմ, շեֆ:

-Պատասխանեք Հայկազին: Ո՞րտեղից կրակեցին Անդոյի վրա, ո՞վ է նկատել:

-Շեֆ, ես Վարդանն եմ, արդեն աշխատում ենք:

-Հասկացա: Հայկազ, Արո, լսում եմ:

-Շեֆ, Անդոն մեռած է, վազում եմ առաջ:

-Արագ, հարազատ: Արո՛, Արո՛ ո՞նց ես… ձեր մերը, վերացրե՛ք էդ անտեր սնայպերին… Վարդան, ո՞ւր ես: Չե՞ք տեսնում, նա մեկը մյուսի ետևից թխկացնում ա մերոնց:

Ինձ վրա է գալիս փոշու մի հսկայական ամպ… Զգում եմ, որ կորցնում եմ գիտակցությունս, բայց շուրթերս արյունոտելու չափ կծելով, ջանում եմ դիմադրել: Ի վերջո կորցնում եմ վերահսկողությունս շուրջս կատարվողի վրա: Ուր է Վանիկը: Ուր են Սերժը և նրա տղաները, ինչ է պատահել նրանց, ինչու ինձ չեն հանում այստեղից: Էս ինչ ամպ է մոտենում ինձ: Մի ակնթարթ, ու էդ ամպը ամբողջովին պատեց ինձ: Ինչ-որ մեկը բռնեց օձիքս ու աջ ոտքս և, կտրելով գետնից, շպրտեց ինչ-որ տեղ: Որտե՞ղ: Այստեղ ես կորցրի գիտակցությունս և հայտնվեցի սպիտակ-սպիտակ դաշտում, շուրջս սպիտակ անտառ էր, ծառերի արանքից առկայծում էր սպիտակ մարգագետինը: Ամեն ինչ սպիտակ էր, հեռվում սպիտակ քաղաքների ուրվագծեր էին երևում՝ սպիտակ հուշարձաններով, սպիտակ հրապարակներում: Չլինի ձմե՞ռ է: Բացարձակապես. ոչ ձմեռ է, ոչ էլ ձյուն կա: Պարզապես ամեն ինչ ճեփ- ճերմակ է, անշարժ ու մեռած: Միայն ինչ-որ տեղ՝ հեռվում, շողում է արևը և կուրացնում աչքերս, էդ պատճառով չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ և որտեղ եմ:

-Հը, ո՞նց ես:

Աչքերս բացում եմ ու տեսնում՝ Հայկազն է:

-Որտե՞ղ եմ,- հարցնում եմ,- ո՞ւր են տղերքը:

-Քեզ դուրս բերելիս Անդոն ու Արոն զոհվեցին,- ասաց Հայկազը:- Դու Գետավանում ես, հոսպիտալում: Ներիր, ես պետք է վազեմ, ինձ սպասում են: Առողջացիր:

-Մի րոպե, Հայկազ, ո՞վ հանեց ինձ:

-Ես մոտեցա «Ուազիկ»-ով, քեզ ու Վանիկին վերցրի, հանեցի գնդակոծության տակից: Քեզ ու Վանիկին նույն արկը վիրավորեց, իմ աչքով տեսա:

-Բա Սերժն ու իր տղերքը:

-Նրանք լավ են, բայց երկու զոհ էլ այնտեղ կա… Ադրբեջանցիք լավ կրակ ուղղորդող ունեին, դրա համար էլ էդքան կորուստ ունեցանք: Բայց վերջը մենք երկուսին վերացրինք, էդ ուղղորդողին ու Անդոյին ու Արոյին խփած դիպուկահարին: Դե լավ մնա, Արթ, ամեն ինչ լավ կլինի: Ես թռա:

-Ավտոմատս ո՞ւր է,- գոռացի նրա ետևից:

-Ու՞մ ավտոմատը:

-Ի՛մ ավտոմատը, էլ ումը: Ու ռացիան:

-Դու, ախպերս, ցնդել ես,- Հայկազը արտահայտիչ պտտեցրեց մատը քունքի մոտ:- Ես ձեզ մի կերպ դժոխքից եմ հանել, իսկ դու ինձ ավտոմատից ես հարցնում:

-Գտիր, խնդրում եմ, այն շատ թանկ է ինձ համար…

-Գնա է, գիժ,- Հայկազը դարձավ բժշկին, որը մեծ հետաքրքրությամբ լսում էր մեր զրույցը:- Բժիշկ, ձեռի հետ սրա ուղեղն էլ բուժեք: Թե չէ որ լավացավ, փիս օյին կդնի գլխներիս:

--

--