Ընտանեկան հոգսեր

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
4 min readDec 3, 2019
Ելենա բաբոն, ես և զարմիկս՝ Մովսեսը

Ես ծնվել եմ Սովետական Միությունում: Կարող է թվալ՝ ինչ մի հիշատակելու բան է: Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր իմ այս տողերը գրելու պահին երեսունն անց են, կարող են նույնն ասել: Մինչդեռ սա շատ կարևոր փաստ է: Հենց սա թույլ չի տալիս ժամանակակից երիտասարդությանը հասկանալ այսօրվա շատ դժբախտությունների, խառնաշփոթի և անգամ ողբերգությունների պատճառները: Մարդկանց, որոնք չեն ապրել խորհրդային կայսրությունում, դժվար, երբեմն էլ անհնար է լինում բացատրել ամենապարզ բաները: Օրինակ, ես ծնվել եմ Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաքում: Մարզը կոչվում էր ինքնավար, քանի որ նրա բնակչության երեք քառորդը հայ էր, մինչդեռ այն գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Բնական հարց է ծագում. իսկ ինչո՞ւ տարածաշրջանը, որը բնակեցված էր հայերով և գտնվում էր Հայաստանի կողքին, պատկանում էր Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին: Ինչո՞ւ այդ մարզը անմիջական սահման չուներ Հայաստանի հետ, ինչպե՞ս է առաջացել նեղ, ընդամենը մի քանի կիլոմետրանոց «պարանոցը», որը բաժանում էր հայկական մարզը մայր Հայաստանից: Այս՝ միաժամանակ պարզ ու կնճռոտ հարցերին չես պատասխանի, մինչև չիմանաս, թե ինչ էր ներկայացնում իրենից Խորհրդային Միությունը: Այնպես որ, իմաստ ունի ասել, որ ես լույս աշխարհ եմ եկել մի երկրում, որն արդեն չկա:

Եվ այսպես, իմ փոքր հայրենիքը Ստեփանակերտն է: Այդ փոքրիկ գավառական քաղաքը չնայած պաշտոնապես պատկանում էր Ադրբեջանին, հրաշալիորեն պահպանել էր հայկական ավանդույթները: Կարճ ասած, մենք մեծացել էինք որպես հայեր: Ընտանիքում հինգ երեխա էինք, չորսս՝ տղա: Ես մեծն էի: Ինձնից հետո ծնվել էին Ալեքսեյը, Արամը, Անաստասը և քույրս՝ Ադելաիդան: Հայրիկիս անունը Հարություն էր, մայրիկինս՝ Ռաիսա: Մենք՝ Ալեքսանյաններս, մեծ գերդաստան էինք: Բավական է ասել, որ հայրս ուներ երեք եղբայր ու երկու քույր: Խոսքը ողջ մնացածների մասին է՝ նրա եղբայրներից ևս հինգը զոհվել էին Հայրենական մեծ պատերազմում: Սա հորս կողմն էր: Բայց նաև մայրս էր մեծացել բազմանդամ ընտանիքում. ուներ երեք եղբայր ու երեք քույր, ու նա էլ երեք եղբայր էր կորցրել Մեծ հայրենականում: Մի խոսքով, զարմիկներով հանդերձ՝ մենք քառասունհինգ հոգի էինք:

Ծնողներս գիշեր- ցերեկ աշխատում էին, ինչպես ասում են, առանց ձեռքերը ծալելու, որ ապահովեին իրենց երեխաների՝ մեր հանապազօրյա հացը: Ու թեև դժվար էինք ապրում, մենք միշտ կուշտ էինք, մեր շորն ու կոշիկը տեղն էր: Այդպիսի բազմություն կերակրելը դժվար էր, մանավանդ որ հայրս երկրորդ կարգի հաշմանդամ էր: Վաղ հասակում ընկել էր ինքնաշեն ճոճանակից ու կոտրել ողնաշարը. նրա թիկունքին մեծ սապատ էր գոյացել: Ընտանիքում մեծանում էին մեկը մյուսից փոքր տասներկու երեխա: Նրանք մատնված էին ինքնահոսի, մեծերից ոչ մեկը չէր հետևում նրանց: Այստեղից էլ՝ դժբախտությունը. ճոճանակին զվարճացող փոքրիկը կորցրել էր հավասարակշռությունը և ընկել… Տատս պատմում էր, որ կյանքը հազիվ փրկեցին: Ողջ մնաց, բայց ամբողջ կյանքում մնաց հաշմանդամ:

Ծանր ժամանակներ էին՝ նախապատերազմյան, պատերազմական: Կյանքում արժանի տեղ գտնելու համար հայրս մի ճանապարհ ուներ՝ սովորել և ինքնակատարելագործվել: Հասակակիցներին նա զիջում էր ֆիզիկապես, և դրա հետ հարկավոր էր հաշտվել: Հետևաբար մտավոր զարգացման մեջ նա պարզապես իրավունք չուներ զիջել որևէ մեկին: Ընդհակառակը. պիտի տարբերվեր նրանցից միայն դրականորեն: Այս կերպ մտածելով, նա կոփեց ուժեղ բնավորություն, կամք, նպատակասլացություն: Նախ պետք էր հուսալի, պիտանի մասնագիտություն ձեռք բերել: Հայրս սովորեց հաշվապահություն, որպես բարձր կարգի մասնագետ՝ արժանացավ հարգանքի, պահանջված էր և տարբեր ժամանակներում ծառայել է բանկերում ու պետական հաստատություններում: Նա խելացի էր և ուներ լավ հիշողություն: Փոքր ժամանակ ես հատկապես հպարտանում էի, երբ մեր քաղաքում տոնական կամ սգո միջոցառումներին հրավիրում էին նրան և ընտրում թամադա: Իսկ մեր փողոցում ամեն տարի նրան նշանակում էին տնային կոմիտեի նախագահ, ինչը թե՛ ինքը, թե՛ ամենքը համարում էին մեծ պատիվ:

Հասկանալի պատճառներով հայրս դժվարությամբ էր կատարում տան հետ կապված գործերը, և եղբորս՝ Ալիկի հետ, տասը-տասներկու տարեկանից փորձում էինք օգնել նրան. դույլերով ջուր էինք բերում աղբյուրից, հատակն էինք լվանում, վառելափայտ էինք ջարդում ձմռան համար, վարում ու փխրեցնում էինք բանջարանոցի հողը: Շատ գործ կար մեր տանը, որին դեռ անմատչելի էր քաղաքի համար սովորական հարմարավետությունը, ուր չկար էլեկտրականություն, ջրամատակարարում ու ջրահեռացում, գազ, հեռախոս և անգամ ռադիո… Մենք պիտի կարգի բերեինք մեր տնտեսությունը՝ կարկատեինք տանիքը, փակեինք անցքերը, ներկեինք դարպասը, ամրացնեինք խոզանոցի ու հավաբնի ցանկապատները, կեր տայինք հավուճիվին: Ու քանի որ ես էի երեխաներից մեծը, իմ ուսերին էր այդ և այլ կենցաղային հոգսերի մեծ մասը: Բացի այդ ես պատասխանատու էի տան մաքրության համար, օգնում էի եղբայրներիս ու քրոջս՝ տնային առաջադրանքները պատրաստելիս, մայրիկին էլ՝ խոհանոցում ու ճաշ պատրաստելիս: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես այն աստիճանի էի հոգնում, որ դասերի ժամանակ երբեմն ննջում էի, որի հետևանքով ձեռք բերեցի քնկոտի տխուր համբավ:

Մի խոսքով, իմ մանկության տարիները լի էին ընտանեկան անվերջանալի հոգսերով, այնպես որ, դրանք անհոգ անվանել դժվար է: Առանց այն էլ հոգսաշատ ու բազմաթիվ պարտավորություններով գերհագեցած մանկությունս էլ ավելի էր դառնացնում գրեթե ծնվածս օրվանից ինձ ուղեկցող տարօրինակ մի հիվանդություն: Բժշկական լեզվով այն կոչվում է պարբերական կամ միջերկրածովյան հիվանդություն, իսկ առօրյայում՝ հայ-հրեական, որովհետև ավելի հաճախ դրանից տառապում են այդ երկու հնագույն ազգերի ներկայացուցիչները, իսկ, օրինակ, Ռուսաստանում այդ հիվանդության մասին գրեթե չգիտեն: Երբ ցավն անտանելի էր դառնում, ինձ սովորաբար տանում էին հիվանդանոց: Ընդ որում, բուժում էին է՛լ ռևմատիզմ, է՛լ սրտի արատ, անգամ, ապահովության համար, մի անգամ վիրահատեցին ստամոքսս, բայց ոչինչ չհայտնաբերելով՝ համենայն դեպս հեռացրին միանգամայն առողջ կույր աղիքս, իբր՝ թարախակալած էր, ու կարեցին: Ղարաբաղում այդ հիվանդությունը ոչ ոք չէր կարողանում ախտորոշել: Բանն այն է, որ մեր բժիշկների մեծ մասը, որոնք հիմնականում տեղացի էին, սովորել էին Բաքվի կամ Մոսկվայի բուհերում, ոչ թե Երևանում, որտեղ ուսանողներին այդ հիվանդության մասին գոնե պատկերացում տալիս էին: Էլի մի առիթ՝ հիշելու Սովետական Միությունը… Երևանյան բուհերի շրջանավարտներին, եթե անգամ երրորդ սերնդի ղարաբաղցիներ էին, հարազատ վայրեր, գրեթե, չէին գործուղում: Այդ իսկ պատճառով Ստեփանակերտի բժիշկները, որոնց ուսուցման լեզուն թե դպրոցում և թե բժշկական ինստիտուտում ռուսերենն էր, գաղափար չունեին այն հիվանդությունից, որը կոչվում է հայ-հրեական կամ պարզապես երևանյան:

Եվ առհասարակ մի բան եմ նկատել: Հայի անողորմ ճակատագիրը, այն, որ վաղնջական ժամանակներից ձախորդությումը մեզանից անպակաս է, այն, որ շարունակ զրկանքների և ազգային ատելության հողի վրա հալածանքների ենք ենթարկվել, այն, որ մեզ անընդհատ փորձել են կտրել մեր ավանդույթներից ու մշակույթից, այն, որ թե նախնիների կրոնի՝ քորիստոնեության, և թե հայ քրիստոնյայի հանդեպ խորացել է այլոց անհանդուրժողականությունը, այդ դառը ճակատագրի մի բաժին կրողն էլ ես եմ:

--

--